Գրիգոր Զոհրապ

Ճոկո

Ա


Ճոկո. ինչո՞ւ համար Ճոկո. իմ անունս Սարգիս Ուղուրլյան է. կարելի չէ ինծի, որքան ալ մեծ ըլլա ձեզի հաճելի ըլլալու փափագս, այդ անունը ձգե. հորս, Կարապետ Ուղուրլյանի, հարուստ վաճառա¬կանին զավակն եմ և չեմ կրնար վերջին պահուն անոր զավակը ըլլալե դադրիլ. մանավանդ թե մեծ ժառանգության մը ակնկալությունը ունիմ։

«Ի՞նչ պետք ունիք այդպես ուշադիր նայելու երեսս և զիս շիկնեց¬նելու. այո´, շիկնեցնելու, վասն զի այդ գեղեցիկ կապույտ աչքերուն առջև անսովոր ջերմություն մը կզգամ այտերուս վրա, մի´ խնդաք, կ'աղաչեմ. շա՞տ ծաղրելի եմ արդյոք ձեր աչքին։ ճոկո, դարձյա՞լ»։

- Միշտ,- ըսավ աղջիկը, ժպտելով։

- Կ'երևա թե կատակը կսիրեք. ձեզ նեղացնել չեմ ուզեր, դրե´ք ինչ անուն որ կ'ուզեք ինծի. կբավե որ այդ անուշ նայվածքնիդ չհեռաց¬նեք ինձմե

- Ճոկոն, Ճոկոն է,- կ'ըսեր աղջիկը, ինքնիրեն խոսելով։

Բ


ճերմկոտիկ, վարդի թերթին վրա փակած շուշանի մը ճերմկությամբ, նրբահասակ աղջիկ մըն էր. մազերը իրենց անսովոր ու ծայ¬րահեղ դեղինի մը սաստկությանը մեջ, գլխուն վրա ամփոփված, ինքն իր վրա գալարված ոսկեձույլ օձի մը մորթին շլացումը կուտային. այդ ոսկիի դեղինը կշարունակվեր դեմքին վրա, կցանցնվեր հոն ալ։

Աչքին կապույտը այն կապույտն էր, որ անուն չունի, հալած, մա¬րած լրջություն մը խորունկ, թափանցիկ ու վճիտ խավերով։ Նիհար, նրբավարտ մատնեքեն, որ դաշնակի ձայնաշարին իշխելու կոչումը կհայտնեին, դաստակը մսոտ՝ հետզհետե գիրնալով լեցուն ու հիանալի գիծով մը ուսին կմիանար։

Մոտայի ծովեզերքին վրա չորցած տերևներե ու գոսացած ոստերե ձևացած հովանիի մը տակ հավաքված աղջիկներեն մեկն էր աս, որոնց մեջեն ծանոթ մը կանչեր էր Սարդիս Ուղուրլյանը, երբ կանցներ քովերնուն։

Այդ կատակասերներեն՝ ամենեն լրջախոհը կթվեր այս գեղուհին, որ զինքը կգիտեր հիմա, իբրև թե մտացածին բաղդատություն մը ըներ իրեն ու բացակա մեկու մը մեջ, ու հանկարծ գոչեր էր երեսն ի վեր, համարձակ, առանց քաշվելու առաջին տեսակցության պարտք դրած զգուշութենեն.

- Ա՜հ, Ճոկոն է, Ճոկոն է, կ'ըսեմ ձեզի։

Մյուսները համակարծիք կթվեին իրեն. այո´, ճիշտ ան էր. ի՞նչ¬պես խորհած չէին մինչև հիմա. թե որ միտքերնին գար, շատոնց Սարգիսը ճանչցուցած պիտի ըլլային իրենց բարեկամուհիին։

Գարեջուրի գավաթներուն շուրջը կխոսեին այսպես, խնդալով այս գյուտին վրա, թող չտարավ որ երիտասարդը հեռանա.

- Կեցի´ր, Ճոկո:

Գ


- Չեք գիտեր որքա՜ն կսիրեմ ձեզի հետ տեսնվիլ,- կ'ըսեր աղ¬ջիկը, երբ օր մը նորեն պատահեցան իրարու.- ինչո՞ւ չեք անցնիր եր¬բեմն մեր տանը առջևեն. եթե պատեհություն չունիմ խոսերու հետերնիդ, գոնե հեռվեն տեսնեմ ձեզ։ Գիտեմ, ճամփանիդ պիտի երկարի քիչ մը, բայց չե՞ք ուզեր հաճույք մը պատճառել ինծի, զիս երջանիկ ընել գրեթե։

Սարդիս Ուղուրլյանը կշվարեր. իրա՞վ. ո՞ւրկե կու գար իրեն այս անակնունելի համակրությունը, ինքը՝ կյանքը տալու պատրաստ էր այս աղջիկին, և ան էր ահա որ իրմե առաջ, մեկդի ընելով պայմանագրա¬կան վեհերոտության մը կանոնները, սիրտը կբանար, միամիտ պար¬զությամբ, ատեն չձգելով իրեն հայտնելու թե ինքն ալ խենթենալու չափ կսիրեր այս աղջիկը:

Այդ օրը անճառ երանության օր մը եղավ երկուքին համար ալ։ Բաժնվեցան, ակամա, նորեն իրար գտնելու առաջադրությամբ։

Զմայլած կ'երթար երիտասարդը, չհավատալով դեռ լսածին ու տեսածին, հուշիկ քայլերով կ'երթար, խիստ շարժում մը չընելու երկյուղով, վախնալով որ վաղանցիկ երազի դյութական շենքը հանկարծ չքայքայի։

Դ


Այս աղջիկը ալ մտքի սևեռում մը եղավ իրեն. նորամուտ և անհրաժեշտ պայման մը իր գոյության մեջ. մինակը լուծեց ու վերլուծեց այս անակնկալ պարգևը, այս մտերիմ ու բարի սիրտը՝ որ իրեն անձ¬նատուր կ'ըլլար։ Ո չ, տեղ մը չէր գտած այն տրտում ու քաղցր նայվածքը որ իրեն կ'ուղղեին ամեն հեղ, երբ մոտը ըլլար այս աղջկան, որ զինքը լուռ պաշտումի մը ակնածոտ գուրգուրանքովը կշրջապատեր։ Ինքը որ ուրիշ ամեն տեղ ձեռներեց ու զբոսասեր մեկն էր, կխռովեր այս աղջկան մտածած պահուն. անոր ոսկեգիսակ ու ծանրակիր մազե¬րում արձակած շողերեն կշլանար. մինչև այդ ժամուն մարդու չէր հարցներ աղջկան մը հետ խոսելու կերպը. և ահա իր համարձակությունը կկորսընցներ հոս։

Այս սերը, տարօրինակ եղանակով մը սկսած, տանջանք մը կ'ըլ¬լար, կչարչարեր զինքը. կտառապեր, առանց պատճառը գիտնալու. մինչդեռ աղջիկը ավելի կմոտենար իրեն, հեշտաբոց շունչովը, որ տաք ու վրդովիչ հովի մը պես կզարներ երեսին ու քծնելով կ'ըսեր։

- Չխոսի՞ս, Ճոկո։

Իրա՞վ. ինչո՞ւ չէր խոսեր. ինչո՞ւ հուսահատ մարդու ձևը կ'առներ, երբ ամեն ազատություն կտրվեր. և ինքզինքը քաջալերելու համար Սարգիս մտքեն կկրկներ անոր բառը.

- Չխոսի՞ս։

Ե


Իցիվ թե չխոսեր։

- Ոչ,- ըսավ աղջիկը,- մի´ ըսեք որ կսիրեք զիս, անխառն ուրախություն մը ձգեցեք ինծի. կխոստովանիմ, որ հիմար, անկարելի բան մըն է այն երազը, որ ձեր շնորհիվ զիս երջանիկ ըրավ. բայց մի ավրեք զայն։

Ու տեսնելով որ երիտասարդը կ'ընդմիջեր զինքը.

- Ճոկոն եք դուք, Ճոկոն մնացեք ինծի համար. ի՞նչ կ'ելլե ատկե. ձեր ծնողքին, ձեր սիրածներուն համար Սարգիսն եք միշտ. չի՞ բա¬վեր ձեզի. բայց, ինծի համար, գոհացեք պաշտվելով. ու պաշտելու մի ելլեք երբեք. ապա թե ոչ ամեն բան պիտի վերջանա մեր մեջ։ Իմ աչքիս՝ անգիտակից ներկայացուցիչ մըն եք սիրո մը զոր շատոնց կորսնցուցած եմ աշխարհիս վրա։ Ձայներնիդ, նայվածքնիդ, քալվածքնիդ, ամեն բան իմ կորսնցուցած անձս կհիշեցնե ինծի։ Առջի վայրկյանեն որ տեսա ձեզ, չկրցա ինքզինքս բռնել. առանց դարձվածքի ըսի որ կսի¬րեմ ձեզի։ Դուք կուռք մըն եք որ պաշտելի գաղափար մը կպատկերացնեք. ու երբոր կենդանության նշան տաք, վար պիտի իյնաք ձեր պատվանդանեն. անմիտները միայն կկարծեն որ մարդիկ կուռքերուն նյու¬թը պաշտած են ատենով. ես ալ ձեր անձին մեջ՝ անհավատալի սեպվելու չափ մեծ նմանություն մը, հիշատակ մը կպաշտեմ. այդ պատ¬րանքը չպիտի մնա թե որ զիս սիրելու ըլլաք։

«Քերականություն կարդացեր եք, այնպես չէ՞. գիտե՞ք ինչ է անդեմ բայ մը. ճիշտ այդ բայն եք դուք. Ճոկո ըսի ձեզի. այսինքն մար¬դու մը անուն տվի, որ երբեք չսիրեց զիս, որուն սակայն ես որոշած եմ հավատարիմ մնալ»։

Գլխու շարժումով մը կհաստատեր իր անդրդվելի կամքը։

Զ

Եվ այս չէ՞ միթե մեծ մասով բոլոր սերերու պատմությունն ալ. կպատահինք մեր դիմացինին անձին մեջ, իրոք այն մտացածին էակին զոր սրտերնուս ու հոգիներուս մեջ ստեղծած ենք. ո՞չ ապաքեն այդ երևակայական, այդ կատարյալ էակն է զոր գտնել կկարծենք, կպաշտենք։

Ո´չ. հափրացումները չպիտի գային երբեք, դառնությունները չպիտի խառնվեին մեր սիրույն, եթե ճշտիվ այն ըղձացված ու անկարելի կերպով կատարյալ արարածը ունենայինք դեմերնիս։ Ամեն մարդ իր Ճոկոն, իր ստեղծած ու չգտածը կսիրե միշտ, նույն իսկ ամենեն շատ պաշտել կարծած անձին վրա. ու ասոր համար է, որ, քիչ-քիչ մեր սխալը ճանչնալնուս հետ, վարագույրի մը բացվելուն պես՝ պատրանքը կփա¬րատի տակավ, ամենեն զորավոր ու անխախտ կարծված սերեն հիշա¬տակի փշրանքներ միայն ձգելով։

1893

Յատուկ Երաժշտություն
Ալ Այլուղս
Կոմիտաս

Ալ Այլուղս

Գեյշա. ճապոնուհի, 1900
Գեյշա. ճապոնուհի, 1900
Խաղա առցանց