Գրիգոր Զոհրապ
Մագդաղինե
Զարհուրելի կերպով շպարված ըլլալուն հակառակ՝ իր տասնյոթը տարու աղջկան շնորհը տակավին երեսին վրա էր: Իր ծարուրած աչքերը մռայլ ցոլացումով մը կփայլեին, այնպես որ ակնարկը զքեզ շոշափելուն՝ թավիշի կակուղ հպումին տպավորությունը կձգեր մարմնիդ վրա: Մազերը առատ ու շքեղ, դեղինի ներկված,ո՛վ գիտե՝ ատեն չունենալուն կամ ուրիշ պատճառով մը՝ հարդարված չէին: Արձակված թափված այսպես ուսին վրա՝ կարծես անոնց ծանրությամբ էր որ գլուխը դեպի ետ կծռեր քիչ մը:
Հոռի ճաշակով պոռչտող բան մըն էր արդուզարդը. կապույտ դիպակե փեշ մը, կարմիր մետաքսե վերիդիով մը ամբողջացած. ծանրագին կերպասներու սեր որ իր զրկված արարածի վրիժառությունն էր տիկիններու դեմ:
Պարարտ ու շնորհալի կազմը այս կնոջ՝ անպատկառ կերպով հոլանի կուրծքեն, շարունակ վար սահող սեւ գուլպաները շտկելու, տեղը բերելու համար ըրած հարատեւ ջանքեն կհայտնվեր: Ինքն ալ ցանկահարույց կեցվածքի մը հրապույրները կ'ավելցներ անոր վրա, գիտակից ու ջանադիր լրբությամբ մը:
Չորրորդ հարկի խցիկին կեսը կգրավեր իր անկողինը, լայն, խորունկ ու ընդարձակ, որ իր սավաններուն երկբայելի ճերմակությամբը՝ մտածելու կու տար հոն առաջնորդվողը: Այդ անկողնին վրա նետած նայվածքես գուշակելով իմ վարանքս՝ կհամոզեր զիս, վեր առնելով, մեկիկ-մեկիկ ցուցնելով վերմակը, բարձին երեսը դեռ նոր լվացած, կ'ըսեր ինծի, լեզու թափելով ապրանքը քշել ուզող վաճառականի մը պես: Ու բռնի նստեցնելով զիս անկյունին պզտիկ սետիրին վրա, խնդալով տղու մը պես, գրկելով գլուխս, կ'ավելցներ.
- Պագնեմ քեզի անգամ մը:
Նախահարձակը ինքը կ'ըլլար, պզտիկ ձգելով իմ պատանի մարդուս հավակնություններս:
Վարժ աղջիկ մըն էր, որ իմ անփորձ տղու վեհերոտությունս փարատել կջանար իր գգվանքներուն համոզիչ ու շքեղ փաստերը մեջտեղ նետելով:
Իր մարմնին բուրումը՝ չեմ գիտեր ինչ լլկող ու անուշ հոտ մը՝ մատուցումը կշեշտեր:
Այս տանը մեջ, կ'ըսեր ինծի, ամենեն պզտիկը ես եմ. զատկին տասնյոթս պիտի լմնցնեմ:
Ճիշտ քովս նստած էր, կատվի մը պես պզտիկնալով, գրեթե սեղմվելով կուրծքիս վրա:
Հինգ վայրկյանի մեջ արդեն մտերմացած հետս՝ կհարձափորձեր զիս. ով ըլլալս հասկնալ կուզեր:
Եվ առանց սպասելու որ իմ պատմությունս ընեմ՝ ինքը իրեն կզրուցեր ինծի, հինգ բառով պատմվելիք սովորական ու խավարային պատմությունը իրենպեսներուն:
- Երկու տարի առաջ մայրիկս մեռավ,- այս «իկս»-ին մեջ անհուն գորովանք մը ու թախիծ մը կա.- հայրս չեմ ճանչնար. ինե երկու տարու պզտիկ քույր մը ու ավելի պզտիկ եղբայր մը ունիմ. ասոնք են իմ բոլոր ազգականներս. քույրս ու եղբայրս դպրոց դրած եմ, ամենքը ես կպահեմ:
Այս վերջին բառին մեջ իր ընտանիքի տեր ու գլուխ եղող անձի պատասխանատվությունով լեցուն հպարտության շեշտը կդնե:
Ասկե դուրս իր քրոջը խոսքը հոս՝ ամոթով լեցուն այս մթնոլորտին մեջ՝ թող չիտար որ ըլլըվի. խստաբարո ու աչալուրջ մոր մը ձեւը կ'առնե դեմս. կծիծաղիմ քիչ մը վրան, բայց կտեսնեմ որ իսկույն կխոժոռի իր աղվոր ճակատը:
Հետո վախնալով որ զիս չսրդողցնե:
- Գոցենք այս խոսքերը,- կ'ըսե ինծի:
Իր շրթունքը նորեն կփակչին իմիններուս եւ իր մարմնին բոլոր բեռը վրաս կծանրանա պահ մը:
Այն օրը այսքան եղավ մեր բոլոր ճանչվորությունը. իմ թախանձանքներս ասկե ավելի գոհացում չստացան:
- Ի՞նչպես կրնա ըլլալ, ավագ շաբաթով,- կ'ըսեր զարմացած,- դուն քրիստոնյա չե՞ս:
Իրոք ավագ շաբաթվան մե՞ջն էինք:
Պահք կբռներ անիկա ու վերջին օրն ալ ծոմ պիտի պահեր: Իր ջերմեռանդ ու մեղավոր աղջկան համոզումներուն տարօրինակ գիրկընդխառնումը կպարզեր ինծի:
- Ո՞ր օր սրբություն պիտի առնես,- հարցուց հանկարծ:
- Չեմ գիտեր աղեկ մը, - պատասխանեցի.- դուն ո՞ր օր պիտի առնես:
Երեսս նայեցավ ապշած՝ կարծես ասանկ անհարկի հարցում մը ուղղելուս համար:
- Հիչ մեզի հաղորդություն կուտա՞ն:
- Ինչո՞ւ չտան:
Քահանայի մը չափ գիտեր անիկա բոլոր կարգը կանոնը ասանկ բաներուն, ու քահանայե մը ավելի խստապահանջ էր ինքզինքին համար:
-Չեմ կրնար հաղորդություն առնել, քանի որ վերջը դարձյալ մեղք պիտի գործեմ,- կբացատրեր ինծի:- Ինչո՞վ պիտի ապրիմ ես. քույրս, եղբայրս, ծեր յայաս պիտի ապրեցնեմ. զղջումս սուտ զղջում մը պիտի ըլլլա:
Այս պզտիկ սենյակին մեջ՝ արտասանված այս լուրջ խոսքերը ինծի մտածել կու տան:
Ամեն անոնց, կ'ըսեմ ինքնիրնես, որոնք իրենց ապրուստի բերմուքովը մեղք մը գործելու, սուտ մը խոսելու հարկին մեջ են, եթե եկեղեցին իր հաղորդությունը զլանար, ի՞նչ պիտի ըլլար ասոր վերջը, ո՞ր վաճառականը, ո՞ր խանութպանը, ո՞ր օրագրողը ու ո՞ր փաստաբանը, նույնիսկ ո՞ր եկեղեցականը հաղորդություն առնելու իրավունքը պիտի վայելեր. չէ՞ մի որ հետեւյալ օրը իրնց առօրյա կյանքին պիտի վերադառնան անոնք: Ոչ ոք սակայն մտքեն անցուցած է եկեղեցվո սուրբ խորհուրդներեն այս մարդիկը զրկել:
Աղջիկը կգրկեր, կհմբուրեր զիս անընդհատ:
-Քանի՞ տարու ես դուն,- կհարցնե ինծի:
-Քսան տարու:
Անձնատուր իր գգվանքներուն՝ մտքովս կշարունակեմ առարկություններուս երկար շարքը: Եկեղեցին՝ իր արդի ձեւին տակ իր զանազանություններուն ակներեւ անիրավությամբը, մարդկային քան թե երկնային հաստատություն մըն է. մարդոց բոլոր թյուր վճիռները հոն ալ կտիրապետեն ինչպես այլուր:
Աղջիկը վերջին համբյուր մը կու տա:
- Ես ժամ պիտի երթամ,- կ'ըսե ինծի.- զատկեն վերջը եկուր, բարեկամ ենք, չէ՞: Գալուդ պես հոս զիս հարցուր:
Ու պչրանքով մը, որ մեջերնիս հաստատված համակրության օծումն էր, կպահանջե.
- Ուրիշի հետ չպիտի տեսնվիս, խոսք տո՛ւր:
Խոսք կու տամ, քսան տարու երիտասարդի խոսքս:
Անկե վերջը տարիի մը չափ սիրեցինք իրար:
Անուս, ռամիկ, բայց սրտի տեր աղջիկ մըն էր. իր սիրողներուն թիվը չկար. ամեն ազգե, ամեն տարիքե ու դասակարգե մարդիկ մոլորած՝ կու գային հոս. ալեւորածները, ինչպես հազիվ պեխերը բուսած տղաքը, կու գային ամենքը իր սիրովը հափշտակված:
Բայց մանավանդ ստորին դասե մարդոց մեջ իր անունը, իր գեղեցկությունը նախճիրներ կգործեր:
Պատճառը այն էր գուցե, որ այս տարօրինակ աղջիկը ուղղամտություն մը ուներ իր վաճառիկ սիրույն մեջ ալ:
Իմ դեմս, երբոր քիչ մը ավելի մտերմացանք, իր տգիտությանը վրա կ'ամչնար, բայց երբե՛ք իր վիճակին համար: Անհուն խնամքով ու գորովով մը իր պզտիկ քրոջ ու եղբորը վրա կշարունակեր հսկել հեռվեն, ծախելով շարունակ իր մարմնին ճոխություները, առանց զոհողություն մը ըրած ըլլալու գաղափարը մտքեն մազի չափ անցընելու:
Բազմություն մը աղտոտ ու ստորին մարդոց կխռնվեր դրանը առջեւ գողեր, մարդասպաններ կային անոնց մեջ. ամենքը կհրմշտեին իրար, առաջ անցնելու ջանքով մը, կլեցվեին իրարու վրա՝ հետաքրքիր: Հետո ոստիկաններ եկան թուղթ ու կաղամար ձեռքներին, կատարված ոճիրը արձանագրելու համար:
Քովիններուս հարցուցի այս հավաքումին պատճառը:
- Աղջիկ մը զարկին սա տանը մեջ, - ըսին ինծի:
Նախազգացումս որ բնավ չի խաբեր, զիս դող հանեց, միջոց մը գտա ճեղքելու այս մարդերե ձեւացած պատնեշը: Վեր վազեցի իսկույն, մեր չորրորդ հարկի պզտիկ խուցը. տնեցիները հոն հավաքվեր էին. բժիշկ մը վերջին պահուն եկած, անկողնին վրա ծռած էր:
Հոդ, այդ անկողնին վրա տարածված տեսա զինքը վերջին անգամ: Իր սովորության հակառակ ամբողջ ճերմակներ հագած էր, ձյուաթույր ու շլացուցիչ. ու միայն լանջքին վրա ձախ կողմը շապիկը կարմրած էր պզտիկ բոլորակով մը, այդ անբծության վրա բացված վարդի մը պես:
Զիս տեսնելուն ժպիտ մը դժվարավ գծագրվեցավ իր դեմքին վրա: Բժիշկը անհույս վճռեց անոր վիճակը: Ինքը հաղորդություն առնելու փափագ հայտնեց ու մեկ երկու հոգի իսկույն եկեղեցի վազեցին, բայց տերտերը մերժեց գալ:
Հետո մահը վրա հասավ. դանդաղ, հանդիսավոր ու մռայլ բանը, վերարկուն՝ ուր նախախնամությունը հոգածու ձեռքով փաթթեց բոլորեց այս աղջիկը, որուն՝ մարդոց ճղճիմ հաշիվները ու սխալ դատաստանը ամեն սփոփանք զլացեր էին աստուծո անունով:
Իր պզտիկ քրոջմեն ու եղբորմեն զատ ոչ ոք անոր անունը տվավ մեյ մըն ալ:
Այս հին դեպքը պատմելուս, անցյալները՝ բարձրաստիճան եկեղեցական մը, աստվածաբան ու կենցաղագետ մարդ, մանրամասն հասկցուց ինծի կրոնական պատճառները այս զլացումին: Հրապուրված աղջկան ու պոռնիկին զանազանությունը ըրավ. սա պարագային մեջ եկեղեցին ասանկ կտնօրինե, ըսավ ինծի, սա մյուս պարագային մեջ ալ անանկ: Բացատրություններ տվավ՝ որոնք նուրբ թվացին ինծի. վկայություններ բերավ որոնց դեմ ըսելիք մը չգտա: Իր փաստերը՝ բարբարոս ու վավերական՝ չհամոզեցին զիս:
Ու միշտ աչքիս առջեւն է մահիճը լայն ու խորունկ, որ սենյակին կեսը կգրավեր, լայն ու խորունկ,որուն մեջ՝ կարմիր վարդ մը կուրծքին՝ այն աղվոր կինը կքնանար:
1902