Գրիգոր Զոհրապ

Կարծեմ թե

Ա.

Ծոծրակին վրա վազվզող ոսկի ճառագայթներեն ավելի, որոնք կրակի մեջ ինկող պզտիկ օձերու պես՝ գալարումներ, կծկումներ ունեին, մատղաշ ու արքենի հասակեն ավելի, որ քայլվածքին մեջ՝ զեփյուռեն օրորվող ոստի մը նազանքը կ’առներ, իր վճիտ ու հստակ աչքերուն համար պաշտեցի զինքը:

Կանացի աչքը անոր մեջ խորունկ նայողին համար, վիհի մը վրա բացվող լուսամուտի մը տպավորություն կ’ընե միշտ, և այնքա՛ն անստուգություններ, հեղակարծ անակնկալներ կ’ընդնշմարվին հոն, որ աննենգ և անխարդախ բանը, զոր կը տեսնեի դեմիս աչքերուն մեջ՝ զիս կը հափշտակեր:

Բացարձակ ու անգիտակից Անկեղծությունը ունեի դիմացս, որ կարծես թե ակամա ըլլալուն համար արժանիք մը ըլլալե կը դադրեր:

Ծովեր կան, որոնք թաքուն ցասումներ ու հրճվանքներ ունին միշտ իրենց կուրծքին մեջ զսպված. անոր համար է, որ անոնց շափյուղյա ճակտին պայծառությունը վայրկյանե վայրկյան հազար գույներով կրնա գունավորվիլ. իրենց հարափոփոխ ու հեղուկ կյանքին ճակատագիրն է աս:

Անգին ալ բյուրեղե կաթիլներ կան, որոնք իրենց մաքուր ցոլացումը կորսնցնելու կարող չեն, եթե ուզեն իսկ, և իրենց հավատարիմ անշարժությամբը քարացած կը թվին: Աննիկիս սիրտը այս ադամանդներեն էր:

Բ.

Ինծի թափած սիրո լեզուն գեղջուկ, գրեթե շինական բան մըն էր: Հոգի՛ս, հոգիս ու կյանքս ես դուն, հասկցա՞ր:

Մանուկներու կցկտուր ու սահմանափակ բարբառը ուներ. ո՛չ նոր պարբերություններ, ո՛չ չըսված բացատրություններ՝ իր միակերպ, միակտուր սիրույն համար, միևնույն խոսքերը, որոնք ինծի՝ տղայության մեջ սորված երգի մը պես՝ հանհունս կրկնվելով ավելի քաղցր կը թվեին:

Բայց այս պարզությունը զուրկ չէր կանացի բնազդիկ նրբություններե:

Երբ պատկերս տալ ուզեցի իրեն՝

Ո՛չ, ըսավ ինծի, իմ աչքերուս չեմ վստահիր քեզ, հոն չես դուն:

Եվ հարուստ ու շքեղ լանջքին վրա դնելով մատը.

Հո՛ս, հոս, սրտիս մեջն ես, գաղտնի, խորունկ, անհարկի աչքերե ծածուկ տեղն ես դուն, միս մինակդ ու բոլորովին իմս, հասկցա՞ր:

Ուրիշ ատեն՝

Գիտե՞ս, կ’սեր ինծի, որ դրան զանգակին զարնվածքեն, սանդուխին վրա քալվածքեդ կը ճանչնամ քեզ և ուրախության սարսուռ մը կը վազե ոտքես մինչև գլուխս:

Իմ պաշտումս ալ իրեն համար նույնքան բուռն էր. ես ալ զինքը՝ սրահին մեջ ձգած անուշ հոտեն, շրջապատող չնչին նյութերուն ազգականութենեն անմիջապես կը գուշակեի:

Հոս նստած էիր քիչ մը առաջ, կ’ըսեի իրեն, աթոռ մը ցույց տալով, երբ ներս կը մտնեի սրահեն:

Ճշմարիտ էր ըսածս, կ’ուրախանար, կը ժպտեր, կը շառագուներ:

Եվ ձեռքը ձեռքիս մեջ՝ երբոր կը սթափեր զինքը համակող անէացումի հեշտանքեն, ինծի կ’ուղղեր տրտում ու անձկությամբ լեցուն նայվածքը, կարծես պահանջելու համար.

Խոստացի՛ր, որ չպիտի մոռնաս զիս:

Գ․

Երբոր իմ մտերիմ բարեկամս, Ճամճյան Օննիկ Իզմիրեն Պոլիս եկավ ամուսնանալու համար, ես տարիե մը ի վեր Աննիկեն բաժնված էի, այն խոլ արշավին մեջ, զոր կը մղեի կնոջական զբոսանքներու համար, ավելի հետաքրքիր ուղևորի մը պես, քան թե ճշմարիտ վայելքի մը սիրույն:

Բայց անոր դեմքը՝ հատուկ պատվանդանի մը վրա դրած կը պահեի սրտիս խորը. մասնավոր խուց մը հատկացուցած էի անոր, բացառիկ ու անստգյուտ էակին. ամեն հեղ, որ կանացի պզտիկ դավերու, ստահոդ պչրանքներու հանդիսատեսը կ’ըլլայի, այդ դեմքին հաստատատիպ արտահայտությունը կ’ամոքեր զիս:

Եվ ունայնասեր՝ ինչպես կ’ըլլան իմ տարիքիս մարդերը, կ’երևակայեի այդ վճիտ ու հստակ սիրտը դեռ ինձմով լեցուն՝ թեև ես լքած ու ձգած ըլլայի զինքը շատոնցվընե ի վեր:

Աղեկ կը հիշեմ, որ շաբաթ առտու մըն էր:

Բարեկամս եկավ տեղեկություն առնելու ինե աղջկան մը վրա, որուն հետ միտք ուներ ամուսնանալու և որուն գովեստը ըրեր էին ամենքը. իմ ալ կարծիքս առնել կ’ուզեր որոշում մը տալե առաջ. ո՛վ ըլլալը հարցուցի. Աննիկն էր ան:

Չեմ ծածկեր, որ մեծ սրտնեղությամբ մը իմացա այս լուրը, ուրեմն այս աղջիկը մոռցեր էր, զիս, քանի որ ահա ուրիշի մը հետ կ’ամուսնանար՝ մինչդեռ ես անմխիթար կը կարծեի զինքը ինե զատվելուն համար:

Բարեկամս իմ դժկամությունս կարդաց երեսիս վրա. այնքա՜ն այս հետադարձ նախանձը սրտիս վրա խարանի ցավ մը ձգած էր. վախցավ, որ աննպաստ կարծիք մը ունիմ այս աղջկան վրա: Ո՛չ, ըսի իրեն, ընդհակառակը, շատ գեղեցիկ ու շատ ուսյալ աղջիկ մըն է. ճաշակի ու մանավանդ սրտի տեր մեկն է. գեթ այսպես կ’ըսեն զինքը ճանչցողները. ես հեռվանց միայն նշմարած եմ զինքը. երբեմն հոս հոն տեսած, բայց մոտեն չեմ ճանչցած բնավ. գիտեմ սակայն, որ ամենքը միաբերան զինքը կը գովեն:

Ես ալ այնպես լսեցի, ըսավ բարեկամս, ուրեմն որոշումս որոշում է. վայրկյան մը վախցուցիր զիս, գիտես. կարծեցի, որ անխելք բան մը ընելու վրա էի, Աննիկին հետ ամուսնանալովս. ուրեմն այս մասին ալ խնդիր չկա. վաղը միասին պիտի երթանք խոսք կապը տանելու:

Ի զուր մերժեցի, ընդդիմացա, փաստաբանեցի. իզմիրցիները համառ կ’ըլլան, և բարեկամս մինչև որ խոսք չառավ ինե հետևյալ օրը իրեն ընկերանալուս, չթողուց զիս. ձեռքեն ազատելու հնարը չեղավ. թող այդպես ըլլա ուրեմն:

Վաղը ես Աննիկին խոսք կապ պիտի տամ… ուրիշի մը համար, ինչ բախտի խաղ, աստված իմ:

Դ.

Սրահին մեջ՝ ծնողքը, ազգականները, բարեկամները. հանդիսավոր բան մըն է այս խոսք կապը, և մենք երկու երիտասարդ եկած ենք մինակուկնիս այս մեծ արարողության համար, ես՝ իմ բերեկամիս ազգականն եմ, եղբայրն եմ, ամեն ինչն եմ. անիկա իբրև նշանած չի կրնար խոսիլ, և ես անոր տեղը պիտի խոսիմ, շնորհավորեմ, ավանդական բարեմաղթությունները պիտի բաշխեմ:

Անուշ կը հրամցնեն մեզի. Աննիկ դեռ չերևաց. մտքովս կ’երևակայեմ, որ վերջին վայրկյանին զիս տեսնելով իր նշանածին քովը, առջի սերը պիտի վերարծարծի այնքա՜ն ավելի սաստկությամբ, որքան լուռ ու մունջ կեցեր էր մինչև հիմա. իմ դեմս ուրիշի մը խոսք տալու քաջությունը չպիտի ունենա. կ’երևակայեմ անլուր գայթակղությունը, հաջորդ օրը տուներուն մեջ ըսվելիք խոսքերը, երբոր հիմա ներս մտնելով ուղղակի ինծի գա, գիրկս նետվի ամենուն առջև ու պոռա.

Ես քուկդ եմ միայն և ուրիշինը չեմ ըլլար:

Մտքովս կը շարունակեմ երազը. ծնողքը ահա, որ կը միջամտե. բռնի կը բաժնեն զայն, կը հափշտակեն թևերուս մեջեն. մազերեն քաշելով, գետինները քսկռտելով կը տանին ոճրագործի մը պես, ով գիտե ո՛ր մութ սենյակին մեջ բանտարկելու համար:

Որչա՜փ կը զղջամ եկած ըլլալուս:

Աննիկ ներս մտավ. այս ժամին հանդիսավորությունը բնավ չի շփոթեցներ զինքը. վախս կը փարատի տակավ ու կը զմայլիմ իր անսեթևեթ ձևերուն վրա. գլխու թեթև ու շնորհալի խոնարհությամբ մը կը բարևե մեզ, օտարականներու, հյուրերու ուղղված պաշտոնական բարև մը, ոչ շատ մտերիմ, ոչ շատ ցուրտ. իր անձին վրա որչա՜փ մեծ իշխանություն ունեցող մեկն է այս աղջիկը. ոչ դող, ոչ հուզում կա իր անուշ դեմքին վրա. չի շիկնիր, չի շառագունիր:

Կ’ապշեմ ու կը նեղանամ միանգամայն. կը սպասեի, որ հանկարծակիի գար. կայծակե զարնվածի պես մնար զիս տեսնելուն, գույնը նետեր ու ծունկերը կթոտեին քիչ մը, ամենքը նշանտուքին առաջ բերած ջղային տագնապի մը վերագրեին իր թալուկը և ես միայն ասոր բուն պատճառը գիտնայի: Իր քաջառողջ անտարբերությունը զիս պզտիկ կը ձգե:

Կես ժամ վերջը խոսք կապի արարողությունը ավարտած է. աջին ձախին շնորհավորություններ, բարեմաղթություններ կը թոթովեմ:

Նորեն անուշ, նորեն սուրճ կը հրամցնեն ու ամենքը կը մտերմանան, կատակներ, զվարճություններ կ’ըլլան:

Բարեկամս, որ ժամանակ կորսնցնող չէ, իր նշանածին քովն է. կը խոսի, կը խնդա, պատուհանին քովը անկյուն մը կեցած ինծի նայելով բաներ մը կ’ըսեն իրարու, իմ վրաս կը խոսին. որքա՜ն հետաքրքիր եմ Աննիկին խոսքերը իմանալու. կրցա՞վ ինքզինքը զսպել, ծածկել իր առջի սերը. արդյոք Օննիկ բան մը գուշակե՞ց, ահա նշան կ’ընե, որ մոտենամ իրենց. չուզելով կ’երթամ քովերնին. ինչ ըսելիքս, ինչ ընելիքս չեմ գիտեր:

Աննի՛կ, կ’ըսե բարեկամս, քեզի կներկայացնեմ իմ խիստ, բայց խիստ մտերիմ ընկերս, դուք պոլսեցի եք, հարկավ իրար կը ճանչնաք քիչ մը, այնպես չէ՞:

Այս հարցումին, Աննիկ աղեկ մը իմ կողմս դարձավ. անանկ մը, որ պատուհանեն եկող լույսը զիս ողողե. աչքերը պզտիկցուց քիչ մը, ավելի մեծ ջանք մը ընելով իր հիշողությունը ամփոփելու համար. արագ և ուշադիր նայվածքով մը ոտքես գլուխս քննեց զիս. ես ալ կը հետևեի հիմա իր նայվածքին բոլոր ճիգերուն. անկեղծ, բայց բոլորովին անկեղծ ջանք մը կ’ըներ այդ նայվածքը զիս հիշելու համար ու չէր հաջողեր. այնքան, որ ես իսկ հավատալ կը սկսեի զինքը բնավ տեսած չըլլալուս, վասնզի աննենգ ու անխարդախ բան մը կար այս աշխատության մեջ, որով իր բոլոր կամքը կը դներ զիս ճանչնալու համար, այն անկեղծ ու անխարդախ բանը, զոր միշտ գտած էի ես այդ աչքերուն մեջ. և վերջապես, եզրակացության մը հանգելով, բայց կ’երևա չկրնալով բոլորովին հաստատ ու ապահով ըլլալ ըսածին, Աննիկ պատասխանեց բարեկամիս.

Կարծեմ թե տեղ մը տեսած ըլլալու եմ էֆենտին:

1898

Յատուկ Երաժշտություն
Սուսերով պար
Արամ Խաչատրյան

Սուսերով պար

Սասունցի Դավիթ
Սասունցի Դավիթ
Խաղա առցանց