Հուսիկ Արա

Թույլ մի տուր

Եթե չեմ կարող ապրել քեզ հետ,
թույլ մի տուր մեռնեմ քեզ համար:

Եկար
է՛ն հանկարծ քամու նման,
է՛ն չսպասված երկրաշարժի,
արհավիրքի նման եկար
է՛ն անակնկալ,
խառնեցիր, շփոթեցիր ու ցրվեցիր
ամեն կանոն ու հավասար.
խորտակեցիր իմ մեջ և ինձնից դուրս
ինչ իմն էր
ու լինելու էր իմը դեռ
և գնացիր առանց հավաքելու:

Հիմա՛
շփոթված, որ միայն ես եմ,
մնացել եմ քո և քո թողածի արանքում
և չեմ փորձում փշուրներս իմի բերել.
քո ցրվածի մեջ ավելի եմ հավասար,
քան իմ հավաքածի, որ քո ձեռքով չէ:

Ես խաղաղություն քեզ գիտեի,
պատերազմի նման դու եկար.
քո ավերն եմ ու ավարը,
որ սիրտս ու հոգիս
ափերիս մեջ վեր պարզած՝
հանձնվում եմ քո ահին ու ահեղին
և չեմ ասում՝ խնայիր ինձ:

Թույլ տուր մեռնեմ քեզ համար,
եթե չեմ կարող ապրել քեզ հետ:

Յատուկ Երաժշտություն
Կարս
Տիգրան Համասյան

Կարս