Հուսիկ Արա
Քաղաքի առավոտը
Առավոտ չի լինում
արվարձանի պաղ լճակի մեջ արևը թերխաշող մեր քաղաքում,
և օրվա առաջին ժամը շոգեբաղնիք կեսօրից է սկսվում.
հորանջում ենք ու փռշտում` մեր տեղերը բե՞մ, թե՞ դահլիճ ճշտելով:
Փողոցով ու այգիներում և ամենուր Աստծու որդին է շրջում,
մերթ հիվանդապահի կամ սանիտարի հագուստներով,
մերթ «Բժիշկներ առանց սահմանի» մարդասիրությամբ.
խաչակնքում ենք և օվսաննա կանչում, երբ անցնում է մեր կողքով:
Հերթական մանկան գլխին է ձեռքը դնում`
քաղաքի առավոտը նմանեցնելով նրան.
և արդեն զարմանալու չէ, որ նրա հաճախորդն են
անտերուդուրս մարդիկ` դեղակայուն ու անբուժելի,
հետնախորշերում ու դեսուդեն թափված:
Իսկ վերջում խոսք է ասում` նստած մոտիկ բլրին,
որտեղից տարին մեկ-երկու անգամ,
հատկապես ամռան գիշերներին, պորտաբաց քաղաքը ջազ է լսում:
Հետո կարմիր խաչով թևկապն ու դեղորայքը փոխանցում է սատանային,
որ Շուռտված մականունով է քաղաքում հայտնի,
և ասում` կհանդիպենք լուսաբացին, ու գնում է:
Իսկ մենք պարտադիր մեկ-երկու քաջալերող խոսք ենք նետում
այդ շուռտված շանորդուն,
և շուտ-շուտ ուտելուց զկրտալով` շտապեցնում.
հանկարծ չուշանաս, ուր որ է լույսը կբացվի:
Լուսաբացին հանդիպում են Աստծու որդին ու սատանան,
և ձեռք սեղմում ամբողջացած օրվա համար` մոտիկ բլրի վրա,
հետո մինչև կեսօր, առանց խաղի ու անկեղծ, համոզում են իրար.
«Երկրպագիր ինձ, և այս քաղաքը, որ տեսնում ես, քոնը կլինի»: