Հրանտ Մաթևոսյան

Խաղաղ բարի անձրև

Ինքը կդներ այս էպիտետներից միայն մեկը - կամ խաղաղ, կամ բարի։ Ինքը չէր գրի «կամ-կամ»։ Չէր գրի «միայն մեկը», կգրեր «մեկը»։ Զարմանալի պինդ նրա արձակը չի դյութում շեշտի օրորուն խաբկանքով։ Նրա «խնձոր» բառը խնձոր-միրգ է, «փշատենու բուրմունքը» փշատի ծառը պարուրում է ճիշտ բուրմունքի պես, այնինչ բանաստեղծության եղած-չեղած թուր-կեծակին դահլիճներ է զատում քեզանից, սոսկ «հայրենիք» հնչումը ընթերցող է կողոպտում քեզանից, վայելքի գովքն ընթերցող է հեռացնում քեզանից, այնինչ գրում է, առանց չափազանցության, ամբողջ աշխարհը և ամբողջ աշխարհն է լավ գրում, և որպեսզի «համերգի մեջ այս աշխարհի չհամրանաս, չհամրանաս»՝ ուզում ես պայթեցնել բառը, զգացումը, զգացմունքը, էպիտետի փոխարեն ուզում ես ռումբ դնել, ուզում ես ասել տիեզերք, միջմոլորակային... իսկ Զորյանի մարմանդ արձակում կացնահարվում է ընդամենը խնձորի այգի, հանդերում սատկելու է գնացել ընդամենը շուն, աղբյուր է քանդվել, ընդամենը ձյուն է գալիս, որդու բացակայությամբ՝ կռների ուժը կորցրել է ընդամենը մի մաճկալ. նրա «առավոտն» առավոտ է, «գինի»-ն՝ գինի, «հեծելազորը»՝ հեծելազոր։ Նրա մոտ չկան «սիրում եմ», «փիլիսոփայություն», «հայրենիք», «ատում եմ», «գեղեցիկ» բառերը, բայց նա սեր, փիլիսոփայություն, հայրենասիրություն, ատելություն ու գեղեցկություն է ամբողջությամբ։ «Երբ քաշում է դակտիլը - սանձի՛ր» խորհրդի միակ իրավասուն նա պիտի լիներ, որովհետև նրա բազմահատոր աշխատանքը, և երկար կյանքը նույնպես, «դակտիլը սանձիր» է։
Իսկ ինչքան գեղեցիկ է մարմրում կոճղը. նա ամիսներով իր մեջ կրակ է պահում։ Բոցի հրապուրանքից հմայիչը տաք մոխիրն է. անծուխ-անբոց նրա արձակը չի թողնում իրենից հեռանալ տաք մոխրի ջերմությամբ։ Իսկ ո՞րն է արտերի ուզած անձրևը։ Երբ կայծակները շատ են ճայթում՝ գյուղացի մարդիկ հաճախ ասում են. «գոռում է, գուցե անձրև չգա». հաճախ էլ տարբերում են քշող-տանող տեղատարափի կայծակները. և ժպտում են՝ երբ ամպը անձայն ամպին է գալիս, ամպերը ծանրանում են, իջնում, և փափուկ խշշոցով մաղում է արտերի ուզած անձրևը, հեռվի սարերից դենը երբեմն սուսուփուս հանգչում է փայլակը, որին լոռեցիները ծովիան են ասում, ապա փայլակը մի անգամ էլ է մարմրում, անձրևը դանդաղ քաշվում է վեր, դեպի ամպերը, և բացվում է մի կանաչ, լվացված, մաքուր արև-աշխարհ. դա խաղաղ, բարի, տենչված անձրև է։ Դա Զորյանն է։ Վերջին համագումարի ամբիոնից շարադրող-գրողների փոխարեն արվեստագետ-գրողներ ունենալու նրա իրապես մեծ պահանջը դարձյալ անաղմուկ հնչեց հավուր պատշաճի ասված խոսքերի արանքում և նրա վերջինը՝ «Վարազդատը», դարձյալ անաղմուկ մտավ մեր գրականություն, որի հերկվորը, սերմնացանը, ջրվորն ու հանդապահն էր ինքը։
Մենք կորցրել ենք քառասնամյա Չարենցին, երեսունութ տարեկան Բակունցին, հիսունչորս տարեկան Թումանյանին. Զորյանը բոլորում էր ութսուն տարին... Չէ, լավերը զուր են մեռնում։

Յատուկ Երաժշտություն
Սիմֆոնիա N3
Ավետ Տերտերյան

Սիմֆոնիա N3