Հրանտ Մաթևոսյան
Վազգենը
Վազգեն Սարգսյանի հետ իմ առաջին շփումները վերաբերում են իր 30-ամյա և իմ 55-ամյա հասակներին։ Երեսուն տարին տղամարդու ամենագեղեցիկ հասակն է, բայց և հիսունհինգը չի տգեղ, քանի որ չի մոռացել իր երեսնամյա հասակը, այլև անցած ճանապարհի կշռելի վաստակ ունի՝ որ ով գիտի, մարմնավոր ու մտավոր կառույցն ինչքան էլ հաջող և ընթացքը ինչքան էլ սլացիկ, ով գիտի ունենալո՞ւ է իր երիտասարդ ընկերը, ամե՞ն ոք է ունենում։
Շարժման ու բախման առաջամարտիկներից մեկի մասին խոսելիս, ուր պիտի որ մատնվելիս լիներ իմ կասկածոտ ու վերապահ վերաբերմունքը այդ մարդուն և այդ մարդու այդ տիպին, որ միայն իր խաղն է կարևորում և չի մտածում ծանր ու կործանիչ հետևանքների մասին, Վազգենը հանկարծ, իր նման միանգամից, մի տեսակ՝ ինձ թույլ չտալով նեղսիրտ ու նեղմիտ լինել և թույլ չտալով արատ տեսնել մարդու մեջ, իր նման արագ գլորեց.
- Գիտես ի՜նչ տղա էր... խաբել՝ վրացուն խոսող ոչխար էր ծախել՝ կրկեսի իբր թե կորած ոչխարը։ Գիտես ի՜նչ տղերք կան... Ձեռներիս վրա մեռավ, ական էր փորձարկում։
Ինձ մնում էր հիմա ծիծաղել «խոսող ոչխարի» վրա, հետ քաշվել այդ խոսակցությունից, լռել և հետո հասկանալ, որ ես և Վազգենը տարբեր մարդիկ ենք, որ մարդկային զանգվածի գլխին ինքը կանգնած է գրկաբաց ու թևերը պարզած և այդ զանգվածի մեջ յուրաքանչյուր անհատի ու անհատականության ինքը տեսնում և ընկալում է այնպես, ինչպես նրանք կան՝ մարդկային բոլոր արատներով ու առաքինություններով, իսկ ես՝ ընդհակառակը՝ խորշում, վախենում, ինձանից վանում եմ յուրաքանչյուրի, ով մարդու իմ իդեալից մի քիչ տարբեր է, և այդպես է, որովհետև Վազգենը իրեն ի զորու է տեսնում նրանց բոլորին գրկել, ընդգրկել, ենթարկել մի կամքի - նրանք Վազգենի համար կառավարելի են։ Կարճ՝ Վազգենը իշխանական, հրամանատարական կոփվածքի ու լիցքերի մարդ էր, և ես կարող էի նրա գնդի զինվորը լինել միայն, նրա աշխարհի օրինապահ բնակիչը, իմ ճակատագրի ընթերցումը նրան թողնել և ամենքի մեջ ու ամենքի հետ վստահ լինել, որ նրա հայացքի ուղղությունը լույսի և հույսի շավիղ է դառնում և նրա դրած քայլը՝ ճանապարհի սկիզբ, նրա պարզած ձեռքը թշնամուն բարեկամ է անում և սև ամայությանը նետված նրա հայացքը բարեկամների բազմություններ է հառնեցնում։
Նա այդ էր, նա սպարապետ էր։
Կովկասյան, համակովկասյան սև արջի նրա զորեղ անձն ու ընթացքը վաղվա օրով եթե չվերաճեց սպիտակ ձիավոր սուրբ Սարգիսի, նրա պայծառ լուսավոր ցոլացումը վաղվա օրով իր վրա եթե մի սև բիծ ունեցավ - մենք՝ նրա ժամանակակիցներս ենք մեղավոր՝ ես և դուք. վաղվա սերունդները իրենց անցյալում, որ մեր այսօրն է, եթե չունեցան այդ սպիտակ ձիավոր սուրբ զորավարին - նրանց երթը շաղվելու ու կանգ է առնելու, ինչպես որ ինքը Վազգենն ու մենք էինք շփոթ խուճապի տրվելու, եթե մեր երթի գլխին չունենայինք Վարդանի ու Նժդեհի լուսեղեն պատկերները։
Ցեղիդ պատմության իմացությունը իհարկե առաքինություն է, առավել ևս՝ եթե այդ վերուվարող հորձանուտների մեջ դու քեզ ես տեսնում ու քոնն ես համարում և խրոխտին ու համառին, և ընկրկողին ու չքվողին, և լուսամիտ եզակիներին՝ յուրաքանչյուրին, բայց մեծ առաքինությունը այսօրը պատմություն տեսնելն է, այսօրվա հերոսին պատմական զրույցներից հյուսված հերոսների չափ մեծ ու անարատ ու լուսավոր ու սիրելի տեսնելը։
Եվ ուրեմն այսօրվա մեր խոսքը՝ իմ և բոլորիս խոսքը օրհնանքի ու փառաբանության խոսք է լինելու... փա՜ռք Վազգենին, փառք նրան ծնող ու սնող և իր ծնած-սնածին հավատացող ու լուսեղենացնող այս հավատավոր ժողովրդին։
5 մարտի, 2001թ.