Հրանտ Մաթևոսյան
Պիոն Հակոբյան
Անփոխարինելի կորուստ տվինք. մեր գրական, գիտական մտքի ասպարեզից, մեր հոգևոր հայրենիքի սահմաններից, մեր խղճի ու բարոյականության վերին ոլորտներից հեռացավ մեր հոգևոր հայրենիքի ամենակայուն բնակիչներից մեկը՝ Պիոն Հակոբյանը։ Նրա բացակայությամբ մենք մեր գործի հանդեպ արդեն մի քիչ ավելի անփույթ ու անբարեխիղճ կլինենք՝ քան էինք նրա կենդանության, մեր ազգային անցյալի առջև մեր պատվախնդրությունը մի քիչ ավելի նվազ ու նվաստ, անկիրք ու անկյանք կլինի՝ քան էր այդ միատեղված մշակի ու կորովի մարտիկի կենդանությամբ։
Հավատավոր հոգի էր, իրեն Աբովյանով ու էլ հեռու նախնիներով ոգեկոչված փաղանգական էր տեսնում, և այդ հավատավոր հոգու, այդ բարեխիղճ ժողովողի շնչի ներքո հայրենիքի անցյալն իհարկե որպես կենդանի ներկա էր հառնելու, խնդալու, խայտալու, խրոխտանալու։ Նրա համար անցյալ չկար. անցածն ու անցածները մեռյալ անցյալ են միայն անզոր հայացքների, միայն տկար մտքերի առջև, այնինչ տոհմիկ մշակի ջանադիր աշխատանքը նրա միտքն օժտել, նրա հայացքը զորացրել էին հայրենիքի անցյալը բանասիրության պես մի զուտ գիտական, զուտ հետազոտական մարզում վերաճեցնելու կենդանի այսօրվա, որպես թե ոչ երեկ, այսօր ենք ասելու. «Էդ ո՞ւմ վրա եք սուր բարձրացնում»։
Մեզ մնում է հուսալ, թե ողջերս, դեռ ողջերս կարող ենք այն լինել՝ ինչ Պիոն Հակոբյանն էր և այնպես անել՝ ինչպես իր գործը նա էր անում, հուսալ, որովհետև մարդու և գիտնականի այդ տիպը այսօր մեզանում առավել քան անհրաժեշտություն է և որովհետև նույն մսից ու արյունից ենք շաղախված, և հայրենիքը նույնն է։