Հրանտ Մաթևոսյան

Պայքարի դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու

– Մեր ժողովրդի պատմության էջերը շարունակում են լցվել ճակատագրի դառը հեգնանքն արձանագրող փաստերով: Նորից կանգնած ենք Գողգոթայի ճանապարհին... Չէ՜, չե՛նք խաչվելու, ի հեճուկս Հուդայի, ի հեճուկս աշխարհի հիմքերը սասանող չարության ու դավաճանության՝ ապրելու և վայելելու ենք մեր արդար պայքարի քաղցր պտուղները:
Վերջին ժամանակներս մեզ համակած տագնապները հաճախ ստիպում են բոլորիս զրուցել, խոսել, ասել այն, ինչի մասին տարիներ շարունակ ցանկացել, բայց չենք կարողացել բարձրաձայն արտահայտվել:
Ու հիմա հերթը Ձերն է, պարոն Մաթևոսյան: Ի՞նչ մտորումների մեջ եք Դուք այս օրերին:
– Սկսեմ մի քիչ խորքից, որովհետև էսօրվա վիճակի քննությունը դա է պահանջում:
Էն հարձակումը, որ հանգամանքների բերումով Աֆղանստանի կողմից եղավ և ներքին Թուրքիայի գայթակղությամբ, ռուսական մութ ուժը հրավիրվեց հարավ, դեպի տաք ծովեր, շատ հնարավոր է, որ այդ հարձակումը խեղճ Պարսկաստանի վրա եղավ իսլամի սոված ժամանակները, նրա ջղագրգիռ և ագրեսիվ վիճակում, երբ կարծես իսլամը հակահարված էր ուզում և այդ հակահարվածը արևելյան միակ կենդանի ուժը պիտի տար, որ էր Խորհրդային Միությունը: Ինձ թվում է, արաբական աշխարհի հետ չինական կապը կտրելու համար Աֆղանստանից հարվածը տվեցին. հրապուրել էին, թե ընդամենը հինգ օրվա բան է՝ Աֆղանստանից Կասպից ծովի հարավով վար ենք իջնելու մինչև Պարսկաստան և՝ վերջ:
Պարսկաստանը կհաղթեր թե կպարտվեր, բոլոր դեպքերում արդյունքը Ադրբեջանի լիդերների համար պիտի շատ ձեռնտու լիներ: Կմիանային երկու ադրբեջանները, կվերանային սահմանները: Սա այսպե՛ս է: Մատնվա՛ծ ցանկություն է: Փաստերն իրենք են իրենց մատնում: Իրենց Չինգիզ Հուսեյնովը գեղարվեստական մակարդակով է այդ գաղափարը տարածում, իրենց մոսկովյան գործիչները ռեպլիկներով են դա մատնում, թուրք չոբանի մեջ էլ ուրիշ կերպ է դա արտահայտվում: Դա ուղղակի Ադրբեջանի գուրգուրվող պետականության քաղաքականությունն է, որով համակված են նրանց բոլոր բջիջները՝ չոբանից մինչև բարձրագույն լիդերները:
Հիմա այդ սահմանը քանդվեց: Չեմ էլ կարծում, թե նորից սարքելու են: Դեռ գուրգուրելու են խաղաղ երթ ու դարձով, տնտեսությունների միացմամբ. Ադրբեջանը պիտի միասնորեն ապրի, բայց ո՞ւմ հաշվին: Ճիշտն ասած, դա հարգելի բան է: Վերջ ի վերջո սահման ասածը զարհուրելի է: Սա իսկապես անբարոյականություն է: Լավ մի բան կա քանդվելու մեջ, բայց եթե մեզ չեն բացառում: Բացառո՛ւմ են: Եվ հնարավոր է, որ մեզ փրկելու ճիգի մեջ մենք հայտնվենք ամենառեակցիոն շրջանների բանակային շարքերում՝ պահանջելով սահմանը վերականգնել: Ամենածանր ուժերն էստեղ լինելու են ռուսական շովինիզմը և բուրժուական շովինիզմը: Կարող է սա ծիծաղելի հնչել, թե ահա տեսեք էն խեղճ թուրքմենին, իրենց հոտած, ցամաքած Արալը, Ամու-Դարյայից քաշված ջրանցքը, որ էկոլոգիական խեղճ կացության պատճառ դարձավ, ուզբեկական ռեկլամված աղքատությունը ու դեռ շովինի՞զմ: Բայց հո շովինիզմ ասածը միայն բյուրեղյա ջահերով լուսավորված դահլիճների կամ գեներալիտետի ու պալատական տիկինների մենաշնորհը չէ՞: Շովինիզմը կարող է համակել ամենավերջին չոբանին էլ, որը ոչինչ էլ չի շահելու, բայց կարող է դառնալ այդպիսի միավոր: Այդ երկու շովինիզմները կան: Մեկը ուղղակի պատմությամբ հակադրված է մեզ և հավերժորեն վանել է մեզ իրենից, և դաշինքի, բանակցության, երկխոսության մասին խոսելն ավելորդ է: Եվ քանի որ դա այդպես է, ուրեմն մեր կողքին մնում է մեր ավանդական բարեկամը: Ռուսաստանում մեզ չեն սպանել: Միշտ, ամենածանր ժամանակներում այն մեզ համար ապաստարան է եղել: Իհարկե, գնացածը կորել է, մանավանդ սոցիալիզմի պայմաններում: Թե չէ դրանից առաջ, երկու, երեք հարյուր տարվա ընթացքում ուծացումը գաղութի հազի՜վ եզրերն էր մաշում: Իսկ հիմա, քաղաքակրթության, սեփականազրկության այս պայմաններում, երբ դու չես կարող քո փրկության նախաձեռնողը լինել, քո երեխայի ու քո գլուխը պահել, կա արագացված ուծացման հարցը: Մեզ չեն սպանել: Ահա այս մեծ տարբերությունը նկատի առնելով էլ հենց մենք կարող ենք հայտնվել աշխարհի ամենառեակցիոն բանակային ճամբարում, և դա զարհուրելի վիճակ կլինի: Ահավոր հակասությունների աշխարհում ենք ապրում: Երկրագնդի մի կողմում կյանքը ծաղկում է՝ հանդուրժման քաղաքականության ու քաղաքակրթության պայմաններում, իսկ մենք դեռ միջնադարում ենք մնացել, դանակը դեռ գլխավոր հերոսն է, դեռ թալանի, կողոպուտի, սպանությունների ու արյունահեղությունների, աղքատության ստրուկն ենք: Երկու տարի առաջ Չամչյան էի կարդում, ու ամեն ինչ մղձավանջ էր թվում: Մտածում էի, թե իր գրաբարը լավ չեմ հասկանում, ու կարծում էի, թե խավարն իմ թերըմբռնումից է, չէի հավատում, թե այսպես է լինելու: Մի անգամ հորս մոտ անպատասխանատու լավատեսությամբ ասացի. պատերազմը էնքա՜ն հեռու է, ա՛յ հեր,– հիվանդ պառկած էր. մռնչաց, տնքաց,– կռի՛վ ա, կռի՜վ, ա՛յ տա, պատերա՛զմ ա: Գյուղացի մարդու խոր իմաստունությամբ ասաց: Թերթ չէր կարդում, հեռուստացույց չէր նայում, նայեր էլ՝ ռուսերեն չգիտեր. աշխարհի այսօրվա տագնապները նա ուրիշ, ուրիշ մի տեղից էր զգում: Կարող է էն տարի հարևանը հնձիչը անվարձ վերցրել ու գնացել հունձ էր արել, իսկ էդ տարի տեսել է ծերունի է, չի կարող իր համար հո՛ւնձ էլ անել, մտածել է. ուրեմն, էլ ինչիդ ա հնձիչը. չարությունը մեջը բարձրացել է՝ դե՛, սատկիր, ուրեմն, էլ պետք չի, որ դռանդ կով ունենաս, օջախդ ծխա, որ դու լինես: Այս մի փոքր արարքի, վերաբերմունքի մեջ նա կարող էր նկատել, որ միմյանց չարիք ենք ցանկանում, և պատերազմն սկսված է:
Շատ ցավում եմ, որ մեր օրերի դժվարությունները, այս անտանելի վիճակը ծանրացավ այսօրվա փուխր քաղաքի սրճարանային երիտասարդության ուսերին: Սա պիտի լիներ մի տասը-տասնհինգ տարի առաջ, իմ սերնդի ժամանակ. ավելի դիմացկուն, հետիոտն սերնդի, որը կարող էր սարերը ճղելով դուրս գալ: Իսկ հիմա, նորից եմ կրկնում, այդ ծանրությունն ուսել են գիտելիքներով մեզանից հետ, ագրեսիայով մեզանից առաջ քայլող ջահելները: Հաղթանակի հույսեր գուրգուրել էս դեպքում չենք կարող: Խելագարության մեջ ի՞նչ հաղթանակ:
– Կներեք, բայց այս հարցում Ձեր կարծիքը կիսել չեմ կարող: Ձեր ասած այդ նույն սրճարանային երիտասարդությո՞ւնը չի, որ պատրաստակամորեն նորօրյա ֆիդայի դարձած այսօր սարերն է բարձրացել՝ պաշտպանելու հայրենի անզեն ժողովրդին, վանելու կիսալուսնի դրոշի տակ ոռնացող սրբապիղծ մոլագարների ոհմակը:
– Ճիշտ է, ես փորձի՛ մասին ասացի: Ես կուզենայի իմ դիմացկուն սերնդի վրա ընկներ դա, որովհետև այսօր դրսևորվող այդ պատրաստակամության հետ էլ դիմացկունություն է պետք, փորձ ու համբերություն: Մենք կլինեինք այդպես կարող ու դիմացկուն՝ որպես գյուղի կոփված, ծեծված ձի:
– Գուցե մեծե՞րն են մեղավոր, որ Ձեր ասածի պես փուխր կաշվի մեջ մեծացան այսօրվա ջահելները, որ չսովորեցին դժվարությունները կանխազգալու և դրանց դիմագրավելու ռեալ ձևերը: Գուցե իսկապե՞ս ճիշտ չենք դաստիարակել նրանց:
– Ռուսների կառավարության մշակած էդ ֆրազը մենք ամեն անգամ թութակի պես կրկնում ենք. չենք դաստիարակել, էս չենք արել, էն չենք արել: Բայց փաստն էն է, որ մեր ձեռքին բացարձակորեն ոչինչ չի եղել: Նոյեմբերյան հեղափոխությունից հետո մարդու ձեռքից նախաձեռնությունը խլվել է, տոտալիտար սիստեմն ամբողջը վերցրել է իր ձեռքը: Սոցիալիստական օրթոդոքսալության պայմաններում ի՞նչ դաստիարակության մասին կարող է խոսք լինել: Սխալ է, սխալ չի... Իհա՛րկե, վատ են դաստիարակվել, նույնքան վատ, ինչքան որ առաջին քրիստոնյաներն էին վայրենաբար վարվում հին մշակույթի հետ և ուղղակի հավատի զնդանի վրա որպես թե նոր մարդ էին կոփում՝ նեղմիտ, մոլագար, կրոնախև: Մեր պապերի սերունդն էլ այդ կրոնախևերն ունեցավ, որ 1937 թվականին մեր ամբողջ մտավոր կարողությունները կերան: Մնացած չմտածող, բայց բարոյական զանգվածին, որ էր գյուղացիությունը, պատերազմը իր ուսերին առած, դարերի մեջ կոփված այդ սքանչելի ժողովրդին (28,5 միլիոն)՝ տարան լափեցին: Մաքրագույն մարդիկ՝ եզ, ուժ, հաց ստեղծող ժողովուրդ. տարան, պատերազմի հաղթանակը վերագրելով ռազմական առաջնորդներին՝ Ստալին, Ժուկով և էլ ինչ գիտեմ ովքեր, երբ իրականում պատերազմի հերոսը երկրի ռեսուրսներն էին:
Պատերազմի ժամանակ հայ ժողովուրդը այնքան զոհ է տվել, ինչքան Ամերիկայի Միացյալ Նահանգները եվրոպական ճակատում՝ 350000: Զանգվածն ամբողջ ուղարկել են տրորվելու, տանկերի բերանը փակելու: 2 միլիոն ժողովրդից 350 հազարին տարան, ջարդեցին: Տարան չասեմ՝ ի՞նչ ասեմ: 200 միլիոնանոց Ամերիկան նույնքան զոհ տվեց, ինչքան 2 միլիոնանոց իմ փոքր ժողովուրդը:
Արևելցու իմ գլխում երկար ժամանակ չէր տեղավորվում Ռուզվելտի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ Ռեյգանի ելույթի էն արտահայտությունը, թե պատերազմը այնքան լուրջ գործ է, որ այն չի կարելի թողնել ռազմագետներին: Եվ ահա թե ինչ գնահատական է տալիս նա Ռուզվելտին. «Նրա ջանքերի շնորհիվ փրկվեցին միլիոնավոր կյանքեր թշնամու և մեր բանակից»: Իսկ մեզանում հերոսացվել են նրանք, ովքեր շա՜տ թշնամի են ջարդել:
Ինչևէ, շատ զրկանքներ կրած իմ ցեղը, իմ ազգը ապրելու քննությունը բռնել է ինչպես Հայաստանում, այնպես էլ դրսում՝ բարձր քաղաքակրթության երկրում՝ իր շուրջը ստեղծելով հումանիզմի, հարգանքի, բարության ու ճոխ ապրելակերպի միջավայր: Եվ այսօրվա ավերակված Հայաստանը նույնպես պիտի դառնա հենց այդպիսի երկիր: Դրա հիմքերը կան:
– Պարոն Մաթևոսյան, վերջին ժամանակներս Ադրբեջանում իր գագաթնակետին է հասել ոչ միայն ժողովրդական ճակատի, այլև մտավորականության (եթե կարելի է, իհարկե, այդպես կոչել «կրթված» խուժանին) ցինիզմը: Քրիստոնյայի արյան կարմիր գույնը ցլախաղի տենչով է համակել նաև հարևան հանրապետության «առաջատար» խավին՝ գրողներին, արվեստագետներին, որոնք օգտագործում են բոլոր ամբիոններն ու հեռուստատեսային էկրանը՝ իրենց ժողովրդին վայրագության ամենաստոր քայլերի մղելու հայերի դեմ:
Այո, յուրաքանչյուր գրող իր ազգի բարձր բարոյականության ու գաղափարների կրողն ու վերարտադրողն է: Ուստի և անիմաստ ու միամիտ բան կլինի զարմանալ նման դրսևորումների վրա: Սակայն, այնուամենայնիվ, Դուք, որպես գրող, ինչպե՞ս եք ընկալում Ձեր գրչակիցների (հազար անգամ ներողություն) վարքագիծը, ո՞րն է Ձեր դիրքորոշումը նման իրավիճակում:
– Ուսումնասիրել եմ Քեմալի գործունեությունն ու կենսագրությունը և մի բան կարող եմ հաստատ ասել. նրա խոշորության գաղտնիքը մաքրագույն նացիոնալիստ լինելն է: Թուրքական նացիոնալիզմը չի տապալվել. հետևողականորեն սուլթանի և թուրք պետական գործիչների իրենց տեսակետից «իմաստուն ու խելոք» քաղաքականությամբ նույնն են արել. հայ պետականության բացառումը օսմանյան իմպերիայի սահմաններում: Ադրբեջանցի լիդեր մտավորականները հենց առաջին օրերից, որպես հավատարիմ ժառանգորդներ, հեշտությամբ սկսեցին առաջնորդվել Քեմալ Աթաթուրքի արձանագրություններով՝ երկրի անբաժանելիության, այլ էլեմենտը բացառելու և այլնի մասին: Գիտեին. պատմության մեջ փորձված բան է՝ ոչ ոք էլ տեր չի կանգնելու զոհերին: Նույն «սքանչելի», «փայլուն», «հաջողված» այդ սցենարը ձեռքներին այն ժամանակվանից եկել ու այդպես էլ գնում են: Արտասվելու բան է սա, իհարկե, բայց և ծիծաղելի, որպես մտքի առաջընթաց, մտքի տրիումֆ, սա գրագողություն է՝ էնտեղից վերցված:
Ամբիոններն են օգտագործում... դա կատարյալ անբարոյականություն է. հայհոյել սեփական տանը, քո երեխաների, քո թոռների առաջ: Ասո՛ւմ ես, ո՞ւմ ես ասում, գոնե ուղղաթիռից ասեիր, համակովկասյան բարձրությունից, որ խոսքդ, հայհոյանքդ ընկներ քո թշնամու տուն: Թե չէ հայհոյում ես քո զավակների, քո դպրոցի ու աշակերտների մեջ: Ատելությունն էլ ուժ չի տալիս, չհավատա՛ս... Մենք մնալու ենք Կովկասի իշխող ցեղը:
Վահաբզադե... զադեներ... Ովքե՞ր են դրանք: Բեգեր են՝ իրենց ժողովրդից բացարձակապես կտրված մարդիկ, որոնց համար մարդկանց աղտոտելը, զոհելը ոչ մի բան է, գիտեն, որ իրենց ընտանիքից մարդ չպիտի զոհվի և իրենց ժողովրդին ուղարկում են կոտորվելու: Բեգական, աղայական մտածողություն է՝ էսքան տավար ուղարկենք կոտորվելու:
– Իսկ ինչպե՞ս եք նայում ադրբեջանական հասարակ ժողովրդին: Ի՞նչ բարոյական նկարագիր ունի նա այսօր:
– Ժողովրդին կարելի է նախրացնել և կարելի է այդ նախրից, ամբոխից յուրաքանչյուրին առանձնացնել, տուն ու տեղի տեր դարձնել, նրա մեջ աշխատանքի կարողություններ բացահայտել: Չգիտեմ, ես չեմ կարող ատելությամբ լցվել ժողովուրդ ասածի հանդեպ: Ժողովուրդ ասելով ես գյուղի աշխատավոր եմ տեսնում, բահը ձեռքին՝ հողի մշակ, կովի հետևից գնացող աղջնակ, դաշտերում աշխատող կռացած կանանց եմ տեսնում: Չայխանաներում նարդի շրխկացնողներից նողկում եմ:
– Իսկ ժողովրդական ճակատո՞ւմ ում եք տեսնում:
– Ամբողջ տականքը: Բաքվի, մեծ գյուղաքաղաքների ու փոքր գյուղերի պարապ ժողովրդին: Սարսափելի է, որ վրեժի մեր պատասխան ալիքը նրանցում իր համապատասխան ալիքը չգտնի, և զոհվի հենց կովատերը, աղջնակը: Իսկ դրանից ավելի սարսափելին մարդու կործանումն է բարոյապես (և՛ նրանց, և՛ մեզ համար), որն անխուսափելի է, եթե այս վիճակը երկար շարունակվի:
– Թերևս գիտեմ՝ ինչ եք պատասխանելու, այնուամենայնիվ ուզում եմ հարցնել. ի՞նչ է Լեռնային Ղարաբաղը Ձեզ համար:
– Իմ տունն է ու նրա կողքին միշտ կանգնած եմ լինելու: Նույնիսկ թուրքը ինձ դավաճան կհամարի, եթե նրանից ես ձեռք քաշեմ: Սա կա նաև իմ ժողովրդի գիտակցության մեջ: Մենք վերջին հիմարն ենք լինելու, եթե Ղարաբաղը թողնենք: Ղարաբաղն իր տարածությամբ էնքան է, ինչքան էն ծաղկա՜ծ Իսրայելը (4,5 հազար քառ. կմ), որն իր էսօրվա բերրի հողը անապատից է սարքել: Իսկ Ղարաբաղը... մենք նոր բերրի հող ստեղծելու կարիք չունենք, այն կա, մերն է ու դեռ պիտի ծաղկի ու դառնա հանգստավայր բոլորիս համար:
Հայաստանը որբանոց կամ ապաստարան չի, որ Բաքվից բռնագաղթվածները գան ու էն էլ միայն Երևանում ուզենան հաստատվել: Հրե՜ն, էն հուռթի դրախտավայրը, թող գնան, բնակվեն, բա էլ ո՞ւր գնան, դարձյալ Ամերիկայի ա՞ղբը սկսեն հավաքել: Երբե՛ք:
– Մարդն ինքն է տնօրինում իր ճակատագիրը: Այս արտահայտությունը, ինչպես ցույց է տալիս ժամանակը, հաճախ շեղումներ է ունենում, ենթարկվում խոր դեֆորմացիայի: Դա առանձնապես այսօր զգում ենք մենք՝ հայերս: Ու ակամայից ծնվում է առաջին հարցը. ախր ինչո՞ւ է ճակատագիրն այսպես դաժանորեն պատժում մեզ. մի՞թե նրա համար, որ շա՜տ ենք հումանիստ... Բայց կանգ առնենք մի պահ, նայենք դեպի այնտեղ, ուր իր հյութերն է առնում վաղվա հումանիստը, մարդը, անհատը: Ուր էլ գնանք, հարցականներով լի մեր հայացքները ուր էլ պտտենք, մեկ է, կրթությունից ենք սկսելու, դպրոցում ենք որոնելու բոլոր հարցերի արմատները: Հետաքրքիր է, ի՞նչ եք մտածում Դուք այսօրվա մեր դպրոցի մասին, որն ուզում ենք դարձնել ազգային՝ դեմքով և բովանդակությամբ:
– Դպրոցի խոր ռեֆորմ է հարկավոր: Եվ դա պիտի սկսել դպրոցական շենքից: Ոչ մի կառույց մեկ հեկտարից պակաս տարածություն չպիտի ունենա: Շնչելու տեղ պիտի ունենան երեխաները. 45 րոպե նստելուց հետո ուշագնաց են լինում: 10–12 աշակերտից ավելի չպիտի լինի դասարանի կազմը: Սա էսպես: Դպրոցի առավել կարևոր խնդիրը երեխաներին կյանքից չկտրելն է: Ուզբեկներն այսօր արշավանք են սկսել, թե ինչու են իրենց երեխաներին տանում բամբակ հավաքելու: Բա ի՞նչ անեն: Դե՛, հարձակվիր անցյալի վրա, թե ինչու են երեխաները չոբանների կողքին եղել, Ամերիկայի վրա հարձակվիր, թե ինչու 14 տարեկանից երեխաներն աշխատում են, որ հասցնեն 16 տարեկանում մեքենա առնել: Չպիտի գուրգուրենք անցյալում կորցրածին չափից ավելի ուշադրություն դարձնելու գաղափարը: Հայոց պատմություն, գրաբար, կրոն... Վախենում եմ, թե սրանց կարևորությունը բացարձակացնելու ճանապարհին հիմա էլ այս ձևով ծայրահեղության մեջ ընկնենք: Հայոց պատմությունը աշխարհի պատմությունից կտրված՝ քեզ նեղմիտ մի բան է դարձնում, չես հասկանում, որ երկրագունդը կլոր է, չգիտես, թե քո պատմությանը զուգահեռ աշխարհում ինչ պատմություն է ծավալվել: Մինչև հիմա Ռուսաստանի պատմությունն են ներկայացրել ամբողջ Միության պատմության փոխարեն: Հիմա էլ զարթնել ենք քնից և ուզում ենք զուտ Հայաստանի պատմություն սովորեցնել: Արդարացի վիրավորվածության այս վիճակում դարձյալ վախենում եմ, թե հանկարծ ասպարեզից կվանվի ռուսաց լեզուն, որն անսահման հնարավորություն է տալիս աշխարհի մշակույթի հետ շփվելու: Ընդհանրապես լեզուները պիտի առաջին պլան մղվեն ուսումնական համակարգում: Թուրքական մամուլն այսօր կարդացողներս բերող չունենք: Թշնամու լեզուն իմանալու կարևորությունն այսօր առավելապես զգացվում է:
Պիտի փոխվեն դպրոցների տեսակները: Ոչ մի լավ դպրոց չպետք է օրինակ դառնա մյուսի համար: Ոչ մեկը չպիտի կրկնի մյուսին: Ինչքան կարո՛ղ, գիտնակա՛ն ուսուցիչ, այդքան տեսակի դպրոց: Հպարտանում ենք. Տաթևի դպրոց ենք ունեցել, Ամարասի... դատարկ խոսքեր են: Ասենք թե վերականգնեցինք Ամարասը, պատերը դրեցինք, սվաղեցինք, պահակ էլ նշանակեցինք մոմ ծախողի հետ: Հետո՞... Կյա՛նք պիտի տալ դպրոցին, երեխաների շունչ ու ջերմություն: Մեծագույն մասնագիտությունը ուսուցչինը պիտի լինի: Հայ ազգային տաղանդը պիտի գնա սնելու ուսուցչի գործը: Իսկ դա հնարավոր է միայն մի դեպքում. պետական միջոցների մեծ մասը պիտի նետվի էդտեղ: Որտեղ որ ոսկին շպրտեցիր՝ եռանդը էդ կողմն է գնալու: Ոսկին դպրոց շպրտենք՝ հայ մտքի կարողությունը, ճկունությունը, նախաձեռնությունն ու գործիմացությունը կնետվի էդ կողմ՝ դպրոցը կզարթնի: Առայժմ մեռած է:
Երկիրը ուսման, պրոֆեսիոնալիզմի կարիք է զգում, լավ քաղաքագետների: Վերևներում կիսալեզու թերուսների մի վիթխարի բանակ է առաջացել: Լավ դպրոց չունենալուց է: Անունը դրել ենք հումանիստական, բայց դպրոց մտնելու հենց առաջին օրվանից երեխան քարոզից ու եռանդի անտեղի վատնումից բացի ոչինչ չի տեսնում:
Ամերիկայի ճանապարհներին ամռանը մի չքնաղ պատկեր տեսա. 15-16 տարեկան պայծառ աղջիկներն ու տղաները բաց մեքենաների ղեկին նստած սլանում էին. ասես շքերթ լիներ: Մեքենան նպատակ չէր, որին հասել էին ու դրա համար էին ուրախ: Ես հասկացա, որ նրանք ինքնուրույն մարդիկ էին ու արդեն պատրաստ էին կյանք մտնելու: Մի օր Ֆրեզնոյի քահանայի տանն էինք: Հեռաձայնեց դպրոցական տղային. «Եկուր ընդմիջումդ տանն ըրե, հայրենիքեն հյուրեր կան»: Երեխան եկավ մի քանի րոպեով ու շուտ հետ գնաց աշխատանքի: Օրական չորս ժամ աշխատում էր. հաջորդ տարի մեքենա էր առնելու: Եթե ես Ամերիկայի կրթական սիստեմը մեղադրեմ ոչ հումանիտարիզմի մեջ, հանցանք գործած կլինեմ: Մեծ Ֆոլքները էնտեղ է ծնվել, մեծ Սարոյանն էնտեղ առաջացավ: Իսկ էստեղ Սարոյանները դառնում են ընդամենը Սարմեններ կամ Մաթևոսյաններ՝ բոլորի վրա չարացած, նեղմիտ: Ես էնտեղ հայկական դպրոցներ տեսա, որտեղ կյանքի այբուբենը տալիս են երեխաներին, անգլերենը, հայերենը բերանները, մեքենա վարել գիտեն, կոմպյուտեր, առևտուր գիտեն: Ում որ այբուբենը բավարարում է՝ լավ, մյուսներից էլ սքանչելի մարդիկ են դուրս գալիս, մասնագետներ, գիտնականներ, քաղաքագետներ:
Ամերիկայի դպրոցն ինձ վրա աննման հորթանոցի տպավորություն թողեց: Առավելագույն ապահովության (կերի և այլն) պայմաններում ստացած նվազագույնը բավարարում է ինքնուրույն, ապահով կյանք վարելու և դեռ ղեկավար իշխանություններում դիրք ունենալու համար:
Դպրոցը ազգային դեմք կունենա էն դեպքում, երբ էնտեղ կրթվեն, աճեն ազգի համար պիտանի իսկական մասնագետներ: Հիմա այդ դպրոցը Երևանում լինի թե մի ուրիշ տեղ, Ամարասի, Սանահինի թե Տաթևի եկեղեցում, պիտի կյանքի հետ կապված դպրոց լինի, ոչ թե բանաձևերի ու անիմաստ քարոզի դպրոց:
– Իսկ այդ դպրոցում անհրաժե՞շտ է այսօր կրոնի պատմության դասավանդումը որպես առարկա:
– Կրոնի հարցը ինձ համար առաջին հերթին մշակույթի հարց է. երգեցողություն, պատմություն, կուլտուրա: Կրոնի դասավանդումը դպրոցում անհրաժեշտ է նույնքան, ինչքան մեսրոպյան այբուբենը՝ լեզուն իմանալու համար: Կրոնի իմացությամբ երեխայի առջև կբացվեն դեպի համաշխարհային կուլտուրա տանող դռները: Ավետարանը մարդկության գրական մեծագույն կոթողն է: Երեխային զրկել այդ ստեղծագործության հետ հարաբերվելուց, նշանակում է նրան կտրել նաև Դոստոևսկու, Տոլստոյի, Նարեկացու ժառանգությունից:
Վախը խավարի ծնունդ է, խավարը՝ թերուսության: Ուրեմն ինչո՞ւ կրոնի պատմության, այսինքն՝ մարդկության 2000-ամյա մշակույթի այբուբենի դասավանդմամբ լիարժեք չդարձնել երեխայի կրթությունը: Դրանով նա ավելի կտրիճ, ավելի անվախ կդառնա: Իսկ այսօրվա սերնդի համար դա առանձնապես կարևոր հատկանիշ է, որովհետև պայքարի դեռ երկա՜ր ճանապարհ ունենք անցնելու:

Հարցազրույցը վարեց Վարդանուշ ԹՈՐՈՍՅԱՆԸ
«Դպրություն», 13.02.1990 թ.

Յատուկ Երաժշտություն
Լարային քառյակ – Քամի
Էլեն Յոլչյան

Լարային քառյակ – Քամի

Դավիթ Բեկ
Դավիթ Բեկ
Խաղա առցանց