Հրանտ Մաթևոսյան

Նրա ժխտումը վերաճում էր հաստատումի

Վաղուց անտի սկիզբ առած Արևմուտք-Ռուսաստան գոտեմարտի, եսի և մենքի հավիտենական գոտեմարտի՝ ուր եսը որդեգրվեց Արևմուտքից, իսկ մենքը ի սկզբանե ճակատագիրն էր յուրաքանչյուր արևելցու, համայնավարության և անհատապաշտության իմպերիալ գաղափարախոսությունների, ազգայնականության և միջազգայնա-կանության գոտեմարտի մեջ՝ ուր երկուսն էլ իրենց ուրացումներով միտում էին բռնության ու բռնակալության,- իրենց Հայաստան հայրենիքի հետ՝ նրանք ստիպված էին, իր Հայաստան հայրենիքի հետ Ակսել Բակունցն ստիպված էր մնալ մենքի, Ռուսաստանի, համայնավարության, Արևելքի, միջազգայնականության ճամբարում, իրեն ստիպված էր ենթարկել հայրենիքի, հայրենաստեղծության այդ պարտադրանքին, որ պակաս բռնություն չէ որևէ այլ բռնությունից, և եթե այդ ճամբարին վիճակված էր անգամ ծանր ջախջախում, մղձավանջ ու խավար, Չարենցի խոսքերով՝ ասեղնագործել հայրենի գիշերվա խավարը:
Իր հայրենիքի հետ նա իրենով իր մեջ պետք է փորձության դներ իր ժամանակի ուղղափառ ամբողջ այդ առաքելականությունը. պետք է ուրանար ինքնին, ինքնաբավ, ինքնակա կյանքը և տրվեր գաղափարի վերին իմպերատիվին. պետք է մերժեր եսն ու եսի երեկվա ողջ աշխարհը, եսը հանձներ հանրության զանգվածին և նոր աշխարհում գրողի իր աշխարհը հիմներ այդ զանգվածից ու այդ զանգվածով. իր, իր հայրենիքի և աշխարհի ողջ անցյալից նա պետք է հիշեր բաբելոնյան աշտարակաշինության առասպելը միայն՝ շրջանցելու համար անշրջանցելին՝ նոր աշտարակաշինության ձախողումը:
Այդ ամենը նրանք արեցին - ես և մենք, մարդ և համայնք, գաղափար և իրականություն, ազգայնականություն և միջազգայնականություն, ճնշում և պոռթկում, այդ ամբողջը, իր իսկությունը փորձեց և ստուգեց Բակունցի գրականությամբ, փաստվեց ու հաստատվեց նրա դրոշմով, հաճախ էլ, եթե անգամ ներկայանում էր իրականության պատկերով, պատժվեց ու վտարվեց նրա գրքի սահմաններից, որովհետև հաճախ կեղծ է լինում հենց իրականությունը:
Ալեքսանդր Բակունցի գործով՝ մարտիկի և գյուղատնտեսի, նորօրյա լուսավորչի և գիտնականի, ազգայնականի և միջազգայնականի, նորօրյա աշտարակաշինության հավատավոր հիմնարկողի և գրողի իր կոչումով, իր իսկ հիմնարկածը տապալող գրական վաստակով ստույգ համապատկերի է գալիս առաջին համաշխարհայինի, եղեռնի, հեղափոխության, քաղաքացիական կռիվների, ամոքման ու վերածննդի ողբերգորեն հերոսական ջղուտ էպոխան, որի յուրաքանչյուր դրվագը ճկվում ու տեսք էր առնում իր բոլոր որդիների ջանքով ու տանջանքով. այդտեղ և՛ անեղծ ավաղն է հին աշխարհի կործանման վրա, և՛ մաքուր ու միամիտ հույսը՝ թե հառնող ու շտկվող նորը ավելի լավն է լինելու, և՛ չար ծիծաղը այն արատի վրա, որ կործանվողին կործանումի տարավ, և՛ ժպիտով ու գորովով լեցուն սերը այն ամենի ու ամենքի վրա, ովքեր կրավորական, մի տեսակ բուսական, մի տեսակ անմասնակից մասնակիցներն են այս կյանքի, ասես ինքը երկիրը, ինքը հողն ու հերկն են և ոչ անգամ հերկողը:
Հավատավոր որպես առաջին քրիստոնյաները՝ մաքրակրոնի հավատավոր շիտակությամբ նա պետք է իր և իր հայրենիքի անցյալը զատեր, անցյալը վտարեր ներկայից: Բայց նրա ժխտումը վերաճում էր հաստատումի, նրա նորացումը երդում էր դառնում, նրա վանումը դառնում էր մերձեցումի հրավեր, իր երկրի ներկան նա լցնում էր անցյալով,- հենց ժխտումով, հենց մերժումով, հենց թեկուզ սոսկ հիշատակությամբ նա լիիրավ, նրանք լիիրավ քաղաքացիություն էին շնորհում իրենց ու իրենց հայրենիքի երեկվա օրվան: Հար և նման մի բան իրենից ու իրենցից երկու հազարամյակ առաջ էր եղել՝ աստծուն հարություն ու հավիտենություն էին տվել սպանելով:

Յատուկ Երաժշտություն
Սամարիա
Էլեն Յոլչյան

Սամարիա

Լեռնային խաղողի այգիներ
Լեռնային խաղողի այգիներ
Խաղա առցանց