Հրանտ Մաթևոսյան

Նա կարողանում էր սիրել (Մինաս Ավետիսյան)

Պատահեց ամենածանր բանը, որ կարող էր պատահել այսօրվա մեր մշակույթին՝ մեր երաժշտությանը, մեր գրականությանը, մեր նկարչությանը: Սրանք հմայիլի բառեր չեն ողբերգականորեն շուտ անցած մեծ նկարչի տեսիլքի դեմ: Նրա գոյությամբ մենք մեզ հարուստ էինք զգում, նրա լույսով գեղեցիկ էին երևում շատերը: Նրա մահով մեր արվեստը կողոպտվեց: Կողոպտվեցինք մենք՝ նրա շփոթված ընկերները, ում համար նրա անգործ ներկայությունն իսկ տաղանդի ու հավատի վստահություն էր ապահովում: Նա ստեղծում էր և ստեղծել էր տալիս: Նա եզակի էր - նա կարենում էր և սիրում էր: Ոչ անսեր կարենալն է մի բան, ոչ անկարող սերը, իսկ նա բարձր արտիստականության ու խոր սիրո շաղախ էր: Նրա մի կտավը մի մարդու կարող է հռչակել մեծ նկարիչ, նրա կտավները կարող են մեծ նկարիչներ հռչակել իրենց թվով մարդկանց, բայց այդ կտավներից ամենակատարյալն իսկ և ոչ էլ բոլոր կտավները միասին չեն տալիս այն ամբողջական կատարելությունը, ինչը որ ինքը Մինաս-խտացումն էր: Նա անսպառ էր: Իր գործի և իր անհատի պատվախնդրությամբ նա իրենից կռանել էր մի մարդ, ում ստեղծած ոչ կատարելությունները նույնպես արժեք էին, ում ստեղծագործելն արդեն արժեք էր: Նա, այո, արդեն անսպառ էր: Նրան միայն ժամանակ էր հարկավոր, երկար ժամանակ էր հարկավոր՝ տևական անընդհատությամբ, հայ գյուղացու ջանադիր անընդհատությամբ գործ դարձնելու իր մարմին կաթեցված աստվածային տաղանդի ծանր կաթիլը: Նա ծնվել էր Սարյանից հիսուն տարի հետո - նա մեռնելու էր Սարյանից հիսուն տարի հետո: Նա գահաժառանգ էր ծնվել, նա բազմելու էր Մեծի թափուր գահին, նա արդեն այսօր էր արժանի Տանտիրոջ ու Մեծի թափուր այդ գահին, բայց շատ գեղեցիկ է, երբ անառարկելի վաստակը լուսապսակվում է նաև պատկառելի ծերությամբ: Նա ապրելու էր Սարյանի կյանքն ու փառքը, և սիրտն ու սերը իր հայրենիքին տված նրա թեթև մարմինը, բոժոժորեն փխրուն մարմինը, կյանքով լեցուն հին մարմնի այդ հուշը 2020 թվականին գեղեցիկ թախիծով կհանձնվեր հայրենի հողին…

Յատուկ Երաժշտություն
Թավջութակի կոնցերտ-ռապսոդիա
Արամ Խաչատրյան

Թավջութակի կոնցերտ-ռապսոդիա

Ինքնանկար
Ինքնանկար
Խաղա առցանց