Հրանտ Մաթևոսյան

Մշակույթը ապրելու կերպ է, ոչ թե կյանքի զարդարանք

Ահա արդեն 40 օր նա մեզ հետ, մեր կողքին չէ: Ինչքան իրադարձություններ եղան այս 40 օրերում՝ տոնական ու ողբերգական: Տարբեր առիթներով ինչքան խոսքեր ասվեցին՝ շնորհավորանքի, սփոփանքի, նախազգուշացումի, խոստումի, հորդորի, հավաստիացումի: Գուցե հենց այդ պատճառով է Հրանտ Մաթևոսյանի բացակայությունն այսքան տեսանելի, այսքան զգալի: Բացակայությունը մարդու, որ իր ցածրաձայն խոսքով կարողանում էր կտրել ամբոխի աղմուկը և «ազգի հայրերի» հիստերիկ ճիչերը: Բացակայությունը նրա, ով Աստծո ողորմությամբ, իր տաղանդի շնորհիվ կարողացել էր ոչ միայն ինքը բարձրանալ օրվա ունայնությունից ու այն ամենից, ինչ կոչվում է «պայքար կենսական խնդիրների համար», նա կարողանում էր մեզ ստիպել բարձրանալ ունայնությունից վեր, ստիպել մտածել՝ ով ենք մենք և ուր ենք գնում, ձեռք բերել և զգալ մեր ինքնությունը:
Այս հարցազրույցը ձայնագրվել է տարիուկես առաջ: Կարդալով զգում ես՝ որքան է մեզ պակասում Հրանտ Մաթեւոսյանի խոսքը: Նրա իմաստուն խոսքը: Իսկ գլխավորը՝ որքան է պակասում նա ինքը...

– Հայերն ունեցե՞լ են քաղաքական գաղափար, որ հատուկ է բոլոր դարերին, ընդհանուր միասնություն և հայկականության նպատակ:
– Քո հարցի մեջ ես պատասխանն եմ լսում գերմանացիների մեղադրանքի, թե մենք չենք ստացել գաղափարներ, որոնք մեզ թույլ կտային միավորվել, որոնք թույլ կտային միասնական լինել, ձևավորվել, ազգ դառնալ: Եվ դա է հայերի ողբերգական ճակատագրի պատճառը: Եթե քո հարցը տիրակալների մասին է՝ Պետրոս Մեծի, Բիսմարկի, ֆրանսիացիների, ամերիկացիների, ու դու ուզում ես քո ժողովրդին նրանց հետ համեմատել, ապա ես կարծում եմ, որ քո հարցը սխալ է: Պետք չէ նրանց կերպարը մեզ վերագրել, ինչպես հեքիաթի այն գորտը, որ փքվում էր գոմեշ դառնալու համար, բայց պայթեց: Այն, ինչ կա, միշտ մեր կարողությունն է եղել: Եվ փառք Աստծո, որ մենք չենք անհետացել, խուսափել ենք կործանումից, ազատագրվել ենք ու այսօրվա ժողովուրդների շքերթում քայլում ենք ոչ շատ մեծերի հետ, բայց ոչ փոքրերի ու անհետացածների:
– Այդ դեպքում հարցը վերաձևակերպենք՝ ո՞րն էր հայերիս հոգևոր գաղափարը, հանուն ինչի՞ էինք ապրում:
– Գուցե այդ դեպքում ասեք՝ ո՞րն է ռուսների գաղափարը, ո՞րն է գերմանացիների հոգևոր գաղափարը, թուրքերի, պարսիկների: Որտեղի՞ց է գալիս այդ հարցի հավակնոտությունը: Կարծես թե ժողովրդին, հրանոթի արկի նման, լիցքավորել են այն միջուկով, որ կամեցել են տիրակալը կամ ազգային իմպերատիվը: Այդպես չէ: Այնքան էլ այդպես չէ: Հարցը ենթադրում է, որ ժողովրդին, ազգին պետք է լիցքավորել ինչ-որ գաղափարով և ղեկավարել: Դա դեմոկրատի վերաբերմունք չէ, դա անցյալ ժամանակի կարծրատիպերից է: Կարծես մարդու էությունը ինչ-որ բան չէ, մարդը միայն կենդանի արարած է, իսկ ստեղծողն ինչ-որ տեղ վերևում է, և լցնում է այդ արարածին բովանդակությամբ, և ուղղորդում է իր նշած ուղղությամբ: Այդ հավակնոտությունը չեմ ընդունում: Ես գտնում եմ, որ Աստված, արքա, հերոս, ասպետ կա բոլոր մարդկանց մեջ: Եվ մենք չպետք է մեր արքաներին արտաքին աշխարհից սպասենք, որտեղից Արշակունիներն են եկել, իսկ Աստծուն երկնքից սպասենք, որ Քրիստոսի պես ցած կիջնի, իսկ հերոսներից սպասենք գերմարդկային արարքներ, կարծես մեզնից յուրաքանչյուրի մեջ հերոս ու ասպետ նստած չէ: Այդ հավակնոտությունը ես չեմ հասկանում: Ես գյուղացու զավակ եմ, իմ հոր մեջ տեսնում եմ Աստծուն, իմ մոր մեջ՝ Աստվածամորը, և այլ բաներ չեմ տեսնում:
– Բայց ինչո՞ւ հայերը ստեղծեցին իրենց եկեղեցին, իրենց այբուբենը:
– Դա մեր ծնողների եկեղեցին էր՝ մեր նախապապերի պետական մեծ միտքը հուշեց, որ կարողանանք ապրել ու չձուլվենք բյուզանդական եկեղեցուն: Այդ նպատակով գտնվեցին փոքրիկ արարողակարգային տարբերություններ: Եվ ստացվեց, որ հեթանոսությունից անցանք քրիստոնեությանը, քրիստոնեությունից՝ ազգային քրիստոնեությանը և տարբերվեցինք ուղղափառներից: Ուղղափառների մեջ ուղղափառ չենք, հեթանոսների մեջ հեթանոս չենք: Եվ պահպանեցինք հստակ Ես-ը: Մենք հասկացանք, որ պիտի ունենանք սեփական Ես-ը, մեր ժողովուրդը, չի կարելի ձուլվել: Թեպետ այդ պատճառով շատ ենք տառապել: Եվ պատժել են մեզ, և թշնամիներ ենք ձեռք բերել, ասենք՝ ի դեմս պարսիկների:
– Ինչո՞ւ էին հայերը այդպիսի նշանակություն տալիս դրան:
– Դա պատմության, հասարակական զարգացման ընթացքն էր: Նույնիսկ նույն արմատով ժողովուրդները՝ ուկրաինացիներն ու ռուսները իրարից տարբերվում են. լյախ-սլավոնը իրեն ռուս չի համարում, և մեր աչքի առաջ Հարավսլավիայում պատերազմում են իրար այդքան մոտ ժողովուրդները: Իսկ մենք աշխարհի մասն ենք և հակված ենք ինքնության՝ բոլորի նման: Եթե ամերիկացին նույնիսկ իր անգլերենը անգլերեն չի համարում, եթե այդ երկու ժողովուրդները մեծացել ու հասունացել են նույն Շեքսպիրի շնորհիվ, նշանակում է՝ դա մարդկության միակ ճանապարհն է: Ապրել սկսող երեխայի պես, որ ասում է Ես և ցանկանում է, որ իր Ես-ը հաստատվի, հաստատվում է և ազգային Ես-ը:
– Եվ ինչպիսի՞ն է այդ Ես-ը:
– Պատասխանելու համար պիտի հավաքել այն ամենը, ինչ մեր գրողները գրել են մեր մասին: Իսկ կարճ՝ մենք նրանք ենք, ովքեր միշտ դիմադրում են:
– Խոսքը բարոյակա՞ն դիմադրության մասին է:
– Այո, բարոյական դիմադրության: Հանուն մեր մշակութային ինքնատիպության, սեփական երգի, տիեզերքում սեփական տեղի:
– Ինչ եք կարծում՝ ի՞նչ գաղափարներ են այդ աշխարհում դեպի ապագա տանում:
– Հարգանք, ակնածանք բոլորիս նկատմամբ՝ Աստծո զավակների: Մեծի ու փոքրի նկատմամբ, տղամարդու ու կնոջ, սևի, սապատավորի, կույրի՝ հարգանք ամեն ապրողի նկատմամբ՝ ահա գա-ղափարը, որ ծնվել է Անգլիայում ու տարածվել ամբողջ աշխարհում: Բերկլիի, Շեքսպիրի գաղափարներն են այն մասին, որ տիեզերքը, աշխարհը նախ և առաջ սուբյեկտիվ են: Այդ գաղափարը իր գործնական հետևանքներով անհատին մեծ արժեք է տալիս: Թվում է՝ Ես-ը կա թե չկա, աշխարհը շարունակում է գոյություն ունենալ: Բայց ինչ մեծ նշանակություն է տրվում այդ Ես-ին, մարդուն, նրա աչքերին, նրա ընդունակություններին: Ես-ի հենց այդ փիլիսոփայությունը, այդ աշխարհընկալումը, այսօր դառնալով վերպետական, տարածվում են ամբողջ աշխարհում՝ իրենց ենթարկելով թագավո-րական տոհմերին, պետական իշխանությունը, տիրակալներին: Իհարկե, մարդու մեջ դեռ ուժեղ է բռնակալը, արքան,– իր մեջ տեսնում է Աստծուն,– բռնության ու կոպտության կենդանական հակումը: Շատ դժվար է այդ ամենին իշխելը, որովհետև այդ ամենը նոր կերպարանքներ է ընդունում: Բայց կյանքը շարունակվում է իր հունով: Ինչպես չինացիներն են ասում՝ ծաղիկը պիտի ծաղկի, ամեն ազգ իր տեղը կգտնի, ու ամեն մարդ Աստված կլինի:
– Բայց միևնույն գաղափարը, մյուս կողմից, մերժում է անհատականությունը, հավասարեցնում է բոլորի հատկանիշները:
– Բայց դա բարիք է, և դա գեղեցիկ է: Դա իշխանությանը աստվածային, արևային ուժ է տալիս, Թումանյանի խոսքով՝ «Արևը ստվեր չի տեսնում»: Եվ դա հիանալի է, որ նման արևային հայացքով օժտված են պետական կառույցները, պետական հարաբերությունները, ամեն մարդ:
– Հայե՞րն էլ այդ գաղափարների կրողներ են:
– Հայերը տարաբախտ են, և յուրաքանչյուրը, ով ծանոթ է հայոց պատմությանը, պետք է ուրախ լինի, որ հայերը դեռ գոյություն ունեն՝ մենք հավասարազոր չենք աշխարհի ուժեղներին: Բայց մեր մշակութային ժառանգությունը վկայում է, որ ցանկացածի հետ համեմատվելու հզորությունը մեր մեջ կա: Ես սքանչելի պատկեր եմ տեսել Փարվանա լճի ափին՝ ինչպես փոքրիկ երեխան ջրից դուրս եկավ ու սկսեց պարել իր այծիկի համար: Ոչ ոք չկար, նա ելավ իր ամենագեղեցիկ հագուստով ու սկսեց պարել իր այծիկի համար: Գյուղում էլ համարյա ոչ ոք չէր մնացել, ամայի գյուղ էր: Մեր անհատականությունը օժտված է այդ երեխայի ձգտումով: Բայց ես չգիտեմ այլ ժողովուրդներ, որ այդ ձգտումը չունեն: Այդպիսի աղջնակ կարող էր լինել Կարակումում, Գոբի անապատում, Տիբեթում, Աֆրիկայում: Ոչ ոք, այդ թվում մենք, չենք կարող զրկված լինել այդ համամարդկային ձգողականությունից: Ոչ կուլտուրական ազգեր ես չգիտեմ: Մշակույթը ապրելու կերպ է այս անհարմար, չափազանց սառը, չափազանց տաք երկրում, թշնամանքի մեջ: Մշակույթը պարզապես ապրելակերպ է: Բեդվինն անապատում ապրում է մի ուղտի շնորհիվ՝ բրդից վրան է հյուսում, կաթով սնվում է, մեզով՝ լվացվում: Ուղտը օգտագործվում է ոսկորներից մինչև շնչառություն՝ բեդվինին ապրեցնելով անապատում, և դա կոչվում է Ուղտի կուլտուրա: Թաթարներն այդ ամենը ստանում էին ձիուց: Մշակույթը կենցաղ է, մարդու կենցաղ: Նույնը տեղի է ունենում այսօրվա Ամերիկայում: Ամենուր մշակույթը վերածվել է քաղաքակրթության, և առաջին հերթին՝ կենցաղի: Մշակույթը ապրելու կերպ է, ոչ թե կյանքի զարդարանք:
– Բայց տպավորություն է ստեղծվում, որ հայերը հոգնել են և նախընտրում են այլ տեղում կենսագործել իրենց մշակութային պահանջները:
– Մի պարզունակացրու, մի մեղադրիր: Հնարավոր է՝ վաղը հենց դու վիզա խնդրես: Մի մոռացիր՝ փլուզվել է պետությունը՝ մեծ, միասնական պետությունը, մեծ կայսրությունը, որի քաղաքացին էինք մենք բոլորս: Երկրից առանձնացել է մի մասը, ինչպես սողունի պոչը, որը դեռ շարժվում է: Աշխատանք չկա՝ ահա ամենաահեղ խնդիրը: Հայերը, ավաղ, դրսում արցունքներ են հեղում ոչ հայրենիքի կարոտից:
– Բայց ոմանք մտածում են, որ իրենց հալածում է հենց գաղափարի բացակայությունը և որոնում կամ հայտնագործում են գաղափարներ: Դուք դա անօգո՞ւտ եք համարում:
– Դա հերոսական կեցվածք է: Դրա պատճառով մեր աչքի առաջ ժողովուրդները դուրս են եկել պայքարի, թաթախվել են արյունով ու զոհվել են: Փառք Աստծո, որ մեր գաղափարախոսներին ու պետական գործիչներին չի հաջողվել երկիրն ու ժողովուրդը ներքաշել գաղափարների մեջ ու երկիրը դժբախտությունների ու աղետների տանել: Մեր աչքի առաջ են Չեչնիան, Հարավսլավիան, քրդական շարժումը՝ համազգային աղետները, ողբերգությունները, դրանք բռնկվել են նույն այդ համազգային շառլատանության հետևանքով, որի մասին ասում ես:
– 200000 հայեր դարձել են աղանդավորներ, հավանաբար այն պատճառով, որ ինչ-որ գաղափար են որոնում:
– Շատ ափսոս, որ դարձել են աղանդավոր: Ներեցեք, ես պետք է կոպիտ արտահայտվեմ՝ դա օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատանքն է, այդ կերպ տրոհում են բոլոր միությունները՝ լինի Գրողների միություն, թե Խորհրդային Միություն, թե՝ Եկեղեցիների միություն: Բոլոր այն կապերը, միությունները, որ դեռ մնացել են, նրանք ցանկանում են փլուզել:
– Եթե աշխարհում գերիշխող միտումը ժողովրդավարացումն ու յուրաքանչյուրին ըստ արժանվույն հատուցումն է, որտեղի՞ց են այդ մութ ուժերը:
– Չգիտեմ որտեղից են: Բայց եթե այսօր մենք կարողանանք հասկանալ մեր Ես-ը և նրան արժանին մատուցենք, մենք կանենք այն, ինչ ուրիշներն արել են ինքնաճնշման ճանապարհով: Պետրոս Մեծը բռնության տիրակալ էր, ճնշեց կենտրոնախույս ուժերին, ստեղծեց ռուսական կայսրություն: Նույն կերպ Մարտին Լյութերը պանծացնելով ազգային կրոնը և հաղթահարելով մյուս ձգտումները, գերմանացի ազգին հզորությամբ օժտեց: Կամ արտաքին բռնությամբ է դա արվում, կամ սեփական անհատականության վրա բռնանալով: Մաքիավելին ասել է, որ նույնիսկ այսպես կոչված գրավոր գաղափարները՝ Մովսեսինը, թե քրիստոնեական, ցանկացած մեծ գաղափար, առանց բռնության, առանց ուժի գործադրման չեն հաստատվել կյանքում: Ստացվում է կորուստները գերազանցող արդյունք, ավելի մեծ արդյունք, քան անհատականության բացարձակ ազատության ու բարենպաստ հանգամանքների դեպքում:
– Բայց ժողովուրդների ինքնուրույնության մշտական ձգտումը և աշխարհի գլոբալացման այսօրվա ձգտումը հակասում են միմյանց: Սպասվո՞ւմ է բախում:
– Անիմաստ ու կործանարար բախում: Գլոբալացումը դատապարտված է պարտության, ինչպես քրիստոնեությունը կամ մուսուլմանականությունը: Իշխում էին ամբողջ աշխարհում, տանում էին դեպի միասնական Աստված ու միասնական գաղափար, բայց ամեն ազգ ստեղծեց իր կրոնը ու իր Քրիստոսին: Միշտ էլ եղել են գլոբալացման այս ու այն տեսակները, և միշտ էլ ժողովուրդները կարողացել են համաշխարհային գաղափարները վերածել սեփականի:
– Քրիստոնեական գլոբալացումը տվեց ոչ ավել, ոչ պակաս Քրիստոս՝ ինչ-որ ազգային հատկանիշներ խլելով: Իսկ այսօրվա գլոբալացումը պարզապես խլում է ազգայինը և ի՞նչ է տալիս փոխարենը: Քաղաքակրթությո՞ւն:
– Այսինքն տվեց Քրիստոս ու խլեց Աստղիկին ու մյուս հին աստվածներին: Հիմա, միավորելով քաղաքական ու տնտեսական գործընթացները, ունեն մեծ ու լուսավոր ձգտում՝ բացառել պատե-րազմները, ազգամիջյան բախումները, սահմանները: Մյուս կողմից՝ պահպանվում են մեկ միասնական գմբեթի տակ ինքնարտահայտվելու ժողովուրդների հավիտենական ձգտումները, սեփական մշակույթ, սեփական լեզու ունենալու ձգտումները: Այնպես որ՝ կարողացանք, փառք Աստծո: Չկարողացանք՝ չկարողացանք: Բայց մենք պիտի կասկածենք, որ գլոբալացումն ամեն ինչ է ու հայի, չուկչիի, էլի ինչ-որ մեկի հարցերին կարող է պատասխաններ տալ: ...Պարզվում է, օրինակ, Իսպանիայում հինգ լեզվով գրականություն է ստեղծվում՝ մենք գիտեինք մեկ-միասնական Իսպանիա, իսկ այնտեղ հինգ լեզուներ կան: Նրանք չեն կորցրել իրենց ինքնատիպությունը:
– Վերջին քսան տարիներին մշակույթը ամբողջ աշխարհում թուլացել է, կորցրել է իր նշանակությունը...
– Այդպես էլ պետք է լիներ: Պարզապես Խորհրդային երկրում իրավիճակը մի քիչ այլ էր, և մենք դա այդքան չէինք զգում: Բայց դրսում արվեստը վաղուց ներքաշվել էր կենցաղի մեջ: Կերպարվեստն այսօր ինքնուրույն գոյություն չունի, ներքաշվել է, օրինակ, քաղաքաշինության մեջ: Ամերիկացին, կանադացին, եվրոպացին կերպարվեստը գտնում են իրենց այգում, բակում, նախասրահում: Եվ հազիվ թե կերպարվեստը վերադառնա իր նախկին շրջանակներին: Այդ պատճառով թվում է, որ այլևս ռեմբրանդտներ ու մոցարտներ չկան: Բայց դրա փոխարեն բարձրացել է հուզական հագեցածությունը: Ամբողջ ժողովուրդներ այլևս հուզական ծարավ չեն ապրում: Դրանք ժամանակավորապես բավարարված են: Որոշ ժամանակ այդպես կլինի: Եվ արդեն այդ նոր մակարդակում կբարձրանան նոր մոցարտներն ու ռեմբրանդտները:
– Հայոց պատմությունից ու մշակույթից ինձ միշտ թվացել է, որ այն, ինչ մեզ հայտնի է, ընդամենը մեծ ծովի կղզյակներ են: Իսկ ամենակարևորը՝ էականը, թաքնված է ու կա հայկական Ատլանտիդա, որ անհետացել է ժամանակի խորքերում, բայց առաջվա պես գոյություն ունի մեր հոգու խորքում: Խելոք մարդիկ ինձ ասում էին, որ դա ոչ թե անցյալի, այլ ապագայի զգացումն է: Երբևէ նման բան զգացե՞լ եք:
– Թող քո զգացումը իսկական լինի և թող մեզնից յուրաքանչյուրի մեջ այդ գաղտնիքը պահպանվի ու արտացոլվի, որ մեր մեջ անմահություն արթնացնի և դիմադրության ունակություն: Մենք պետք է ձգտենք «չլուսավորվել ուրիշի լույսով», ինչպես ասում էր Չարենցը «Պատմության քառուղիներով» պոեմում (այնտեղ շատ կոշտ ու անհարգալից վերաբերմունք կա մեր նախնիների նկատմամբ, որ համաշխարհային պատմությունը կապկելու փորձեր են արել): Ապագայում էլ մենք պետք է ձգտենք ստեղծել մեր կերպարը մեր դրոշի վրա, մենք պետք է ունենանք մեր Աստծո կերպարը և մեր սեփական տեղը ժողովուրդների շքերթում:
– Ինչպիսի՞ն է այդ կերպարը, որ պիտի լինի մեր դրոշին:
– Երբ երիտասարդ էի ու իմ խոսքն ավելի ինքնավստահ ու համարձակ էր, ես ասում էի. եթե երբևէ ՄԱԿ-ը որոշի մարդկության խղճին արձան կանգնեցնել, պիտի հայի կերպարը քանդակվի:
– Ինչո՞վ է տարբերվում հայի խիղճը:
– Մեր ժողովուրդների մասին նույնը կասենք ես ու Վասիլի Բելովը: Եվ մենք երկուսս էլ կհաստատենք մեր Ես-ը: Բայց արդեն ուրիշ մեկը պիտի ասի՝ ինչո՞վ են իրարից տարբերվում իմ աստվածն ու Վասիլի Բելովի աստվածը: Գլխավորը, որ հոգու խորքում մենք բոլորս շատ նման ենք: Այն խորքերում, որ դեռ չեն դարձել կերպարային, որ իրենց դեռ չեն դրսևորել: Եվ իմ խոսքն այն մասին է, որ պետք է գնալ դեպի համընդհանուրը, խորքայինը:
– Ճի՞շտ հասկացա՝ որ հայկական խիղճը առավել մոտ է խղճին ընդհանրապես:
– Այո: Ես կին չեմ, ես ռուս չեմ, ես ազնվական չեմ՝ ես ծնվել եմ գյուղում, բայց իմ մեջ տեսնում եմ Աննա Կարենինային: Գրական հաջողությունն այն է, որ հասնում է ճշմարտությանը: Դա այն է, ինչ իմ մասին է: Աշխարհում շատ չէ այդպիսի գրականությունը, բայց այդ գրականությունը այն է, ինչ իմ մասին է և ուրիշ հասցեատեր չունի: Կարծում եմ՝ իմ գրական հաջողություններն էլ, հայ գրականության հաջողություններն էլ այդ են ապացուցում: Կկարդա չինացին ու կասի. «Սա իմ մասին է: Ես չինացի եմ, բայց հասկանում եմ այնպես, ասես ծնվել ու մեծացել եմ Հայաստանում»: Կա մարդկային հոգու խորք, ուր համատեղվում են, ինչպես դու ես ասում, բոլոր հակամարտող «գաղափարները»: Եվ այդ խորքը բոլորից բարձր է: Օրինակ՝ թվում է, թե քրիստոնեությունն ու մահմեդականությունը ձգտում են միմյանց ոչնչացնել, բայց խորքում նույն ձգտումն է, նույն աստվածորոնումը, իրենից բարձր ինչ-որ բան ստեղծելու և ստեղծածի մեջ լինելու ձգտումը: Սեփական պատմության մեջ: Պատմության ընթացքը բոլոր տոտալ գաղափարները բերեց մարդու ոտքը, և դա գեղեցիկ է:
Նույնիսկ ազգային գաղափարը կարելի է համարել բռնություն մարդու նկատմամբ, եթե այն հանդգնում է աստվածացնել իրեն, բարձր դասել անհատի բարեկեցությունը: Անհրաժեշտ է մշտական փոխադարձ պատասխանատվություն Ես-ի ու Մենք-ի գաղափարների միջև՝ այն տեսակետից, թե ինչն է ավելի օգտակար հավերժության մեջ սեփական Ես-ի ինքնահաստատման համար: Որքան ուժեղ է Ես-ը, այնքան ուժեղ է Մենք-ը: Ռուսերեն «сволочь» բառը «сволакивать» բառից է, որ նշանակում է ստորին դաս՝ այսինչ բարինն ուներ այսքան «сволочь», 400 «сволочь», և դրանցից ոչ մեկը անուն չուներ: Նրանք բոլորն Իվանի «сволочь»-ներն էին, մարդը մոռացված էր: Բայց պատմությունը, ժամանակը քակեցին այդ կապանքները և ամեն մարդու տվեցին իր անունը, բացարձակեցրին նրա Ես-ը:
– Հետաքրքիր է՝ մարդիկ ինչպե՞ս են փոխգործակցելու: Առաջ նրանց ասում էին «պետք է», և իրենք էլ գիտեին, որ «պետք է»: Եվ պատրաստ էին գնալ դեպի մահ:
– Այո, հետաքրքիր է՝ ինչպես Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ անգլիացի արիստոկրատները կարողացան միասին ինչ-որ բան անել՝ չկորցնելով ոչ իրենց արիստոկրա-տությունը, ոչ անունը, ոչ անցյալը: Ուրեմն դա հնարավոր է: Կամ՝ միլիարդատերերի Ամերիկան, որտեղ յուրաքանչյուրն ունի մի պետության կարողություն: Նրանք կարող են համատեղել իրենց ջանքերը հանուն ընդհանուր շահերի՝ միասին ու առանձին լինելով: Ես հույս ունեմ, որ ամեն հայ հասկանում է, որ ինքը ոչինչ է, եթե կամավոր չի պատկանում ազգային ընդհանրությանը:
Հրեաները, օրինակ, ռուս գրականության մեջ յուրաքանչյուրը եզակի մեծություն է, բայց միասին ինչ-որ բանով պատկանում են հրեական հավերժությանը: Այնպես որ, դա հնարավոր է: Մենք՝ հայերս սփռվում ենք ու սփռվելու ենք, բայց ինչ-որ բանում մնում ենք ու ճակատագրի վճռական պահերին արթնանալու ենք ու վերադառնալու ենք մեր հայրենիքը:
Ինչպես հրեաների համար Իսրայելը ապաստարան է, հպանցիկ, կերպար, խորհրդանիշ, Հայաստանն էլ կպահպանվի ոչ իբրև նպատակ, այլ ապաստարան պատմության տարածքում: Ինչ-որ բաներ մենք միշտ կկարողանանք պահպանել, որ պատմության դաժան մի պահի հայերը կարողանան հիշել, որ հայրենիք ունեն: Փախուստի վայր: Ապաստարան: Արմատ: Բառը չգիտեմ:
Մեր մի կեսը հողի վրա է, մի կեսը օդում, մի կեսը Լոս Անջելեսում, մի կեսը իրերն է հավաքում, բայց այդուհանդերձ մենք պատկանում ենք միմյանց, և այդ պատկանելությունը մեզ ներքին ուժ է տալիս:

Արա ՆԵԴՈԼՅԱՆ
«Նովոյե վրեմյա» («Новое время»), 30.01.2003 թ.

Յատուկ Երաժշտություն
Այզորների երգը
Գեորգի Գյուրջիև

Այզորների երգը

Ալեքսանդր և Անահիտ Թոփչյան, 1972
Ալեքսանդր և Անահիտ Թոփչյան, 1972
Խաղա առցանց