Հրանտ Մաթևոսյան

Մեզ սահմանադրություն է պետք ճանապարհ անցնելու և տեղ հասնելու համար

Սահմանադրությունն անհրաժեշտ է, որովհետև աչքիս առաջ բաներ են կատարվում, որ հանրապետությունը բերում են աղետալի վիճակի ու ոչ ոք պատասխան չի տալիս դրանց համար։ Սահմանադրությունն է ի վերջո պաշտոնյաներին կարգի հրավիրելու։ Մեկուսացած հանրապետություն անհնար է պատկերացնել, որտեղ ունենայինք զուտ մեր Սահմանադրությունը ու գործի դնեինք։ Ժողովուրդների առաջընթացի հետ սա համաքայլ է, Ռուսաստանի, Եվրոպայի երկրների հետ համաքայլ է։
Հույսը նախապես մարդու ի ծնե բարոյական լինելու հակվածության վրա էր. դարձյալ դրա վրա է, բայց անզսպությունը, ինչ-որ հոգեվարքային մթնոլորտը, հոգեվիճակն այս ժողովրդին պարտադրեցին բաներ, որ չպիտի ուզենայի տեսնել։ Իհարկե, իմ ուզելով չէ, բայց կարելի էր և չանել Սահմանադրությունը, օրենքը թող լինի, որովհետև օրենքի առջև պատասխանատու ենք բոլորս՝ նախագահից սկսած մինչև վերջին քաղաքացին։ Օրենքից ես չեմ վախենում։ Իմ եղբորից վախենում եմ, բոլորից վախենում եմ, բայց գրված օրենքից չեմ վախենում։
Անշուշտ, օրենքներն են կառավարում աշխարհը։ Ասացի ու կրակն ընկա, դե արի ու ապացուցիր՝ ինչպես են օրենքները կառավարում աշխարհը...
Օրենքներն են կառավարում աշխարհը՝ չգրված ու գրված օրենքները։ Չգրված օրենքները կառավարում են աշխարհը, գրված են այն օրենքները, որ չգրված շատ օրենքներ են բացահայտում, ի ցույց դնում, մինչև կյանքը, մարդկային բանականությունը իրենից անկախ առաջացած բարոյական նորմերը փորձում է օրենք դարձնել ու սահմանադրել։ Չափանիշը գրված օրենքների ու չգրված օրենքների փոքր միջանցքն է։ Կարծում եմ՝ մեր Սահմանադրությունն այդտեղ է։
Տգետ փաստաթուղթ չենք թողնելու մեզնից հետո։ Ժողովրդի բարոյական լիցքն այնքան մեծ է, այնուամենայնիվ, որ մի կերպ այս ամենից դուրս կգա, ինչ-որ կորուստների գնով թեկուզ։
Սահմանադրությունն իր նշանակությամբ անհրաժեշտություն է, որ քաղաքական կրքեր չբորբոքվեն ոչ մեզնից հեռու, ոչ էլ մեզ վրա իշխող ուժերը չկարողանան մղել քաղաքացիական ընդհարումների ու ցնցումների։ Այսքանով, կարծում եմ, ճիշտ պիտի լինի, որ մեր կյանքը ինչ-որ կարգի մեջ դրվի Սահմանադրությամբ։ Դասական դեմոկրատական հանրապետությունում հայկական ինչ-որ ազգային տարբերակ կառաջանա, այնուամենայնիվ, երկիրը աղետներից պետք է փրկել, իրավունք պիտի լինի, եթե սատանան ինձ գայթակղել է, իրավունք պիտի լինի իմ ձեռքը բռնելու ու իմ ձեռքը հատելու...
Երկիր, Ազգ, Պետություն, Հող, Մարդ և Կառույց՝ սա է Սահմանադրությունն ի վերջո, և սա է մեզ պետք ճանապարհ անցնելու ու տեղ հասնելու համար։

Յատուկ Երաժշտություն
Շրջանաձև
Դավիթ Բալասանյան

Շրջանաձև

Սեն Մալո
Սեն Մալո
Խաղա առցանց