Հրանտ Մաթևոսյան

Մեր տան հավասար անդամը

«Հայֆիլմի» էկրանին հարյուր անգամ հույս ու հավատով սևեռվելուց և գրեթե նույնքան անգամ էլ կինոդահլիճը անհարմարության ինչ-որ զգացումով թողնելուց հետո (հերթական ձախողումը կարծես քո անձնական ձախողումն է), մենք այսօր մեր կինոյի մասին եթե սրամտությամբ ենք խոսում, նշանակում է դեռ հույս ենք փայփայում, մեր «անառակ եղբորից» դեռ ձեռ չենք քաշել ու երբեք էլ ձեռ չենք քաշելու, անհավատ ցինիզմը մեր դեմքին դեռ դիմակի կարծրություն չի առել և երբեք էլ չի առնելու: Չի առնելու, քանի որ կինոն այսօր, առավել՝ վաղը, ազգային-դասակարգային ծանր, լինել-չլինելու մրցակցության մեջ մեր մշակութային ճակատի այն ամենակարևոր հատվածն է, որի պարտությունը հավասարազոր կլիներ ամբողջ ճակատի պարտության և որտեղ արժեր կենտրոնացնել մեր ամենատաղանդավոր կազմակերպիչներին ու ամենատաղանդավոր արվեստագետներին: Սա չափազանցումն չէ. կինոն և առաջին հերթին միայն կինոն է ի վիճակի ասելու աշխարհին՝ ով ենք մենք, որտեղից ենք գալիս, ուր ենք գնում:
Բայց նախ պետք է գիտենալ, թե մենք ով ենք և ապա միայն ասել: Գիտե՞նք արդյոք մենք, թեկուզ կես-Տարկովսկու, կես-Բոնդարչուկի, կես-Միխալկովի, կես-ամենաանհայտ ռուս բեմադրողի չափ գիտի՞ արդյոք մեր բեմադրող-ռեժիսորների գերակշիռ մասը իր ժողովրդի պատմությունը, բանաստեղծությունը, լեզուն, կարո՞ղ է արդյոք զուտ լեզվից ելնելով, զուտ հայերենի իմացությամբ ժողովրդի անցած ճանապարհի պատմություն գծել կամ նրա բարոյաէթիկական նկարագրի դիմագիծ քաշել, կարո՞ղ է, եթե կինոխցիկը նրա ձեռքից, ասենք թե, պատահաբար խլվի, այդ կինոբեմադրողը հայ գրող լինել. ոչ թե առհասարա՛կ գրող՝ որ այսօր դժբախտաբար պիտի նույնպես ցանկալի լիներ, այլ հա՛յ, ազգայի՛ն գրող՝ իր մասին պատմել զորող արվեստագետ: Պատասխանը մեկ և հանրահայտ է: Եվ չիմացության-անզորության այս մեկ և նույն ամրոցից են սկսվում նույնանշանակ «կույր ուխտագնացությունն» էլ, նույնքան կույր «խաչակրաց արշավանքն» էլ դեպի հայ գրականություն ու իրականություն:
Թվում է, գոնե առաջին դեպքում, վատ ոչինչ չկա, թվում է, դա գոնե հավատարմություն է մայրենի գրականության տառին ու բառին, ուրեմն նաև ժողովրդի ոգուն: Իրականում, այնինչ, դրանք՝ այդ չիմացությամբ քամահրելը և չիմացությամբ հավատարմագրվելը, մեկ և նույն չափով կործանարար են հենց իր՝ կինոյի համար:
Էկրանով անցել են, սպորտից սկսած ու պետական-քաղաքական գործունեությամբ վերջացրած, բոլոր կարևոր մարզերի շատ թե քիչ նշանավոր գրեթե բոլոր հայերը և գրական փոքրիշատե հաջողված գրեթե բոլոր գործերը, այստեղ ու այնտեղ հայերը դեռ շարունակում են նշանավորվել, մեր գրականության նախնիների հաջողություններին իր կարեցածի չափ մեր ժամանակը հաջողություններ է ավելացնում, և հայ կինոն էլ շարունակում է հետևել մեր իրականությանն ու գրականությանը - շարունակում է էկրանացնել եղա՛ծ, ավարտվա՛ծ, կայացա՛ծ, կայունացա՛ծ վիճակներ ու դեմքեր, որոնք, ինչ խոսք, արժանի են հարգանքի ու մեծարման, բայց և որոնք ստեղծագործող արվեստագետին թույլ չեն տալիս ասելու ի՛ր խոսքը, պարտադրում են իրենց խոսքը՝ որ արդեն վաղածանոթ էր: Իսկ ամեն մի լուրջ արվեստ, ի թիվս որոնց և կինոարվեստը, և իրեն հարգող յուրաքանչյուր արվեստագետ այդպիսիք դառնում են իրականության նոր պրոբլեմների բացահայտմամբ ու հետազոտմամբ, իրականության հում նյութից նոր արժեքներ ստեղծելով միայն, այլ ոչ թե եղած արժեքների վերարծարծմամբ, եղած արժեքները, իբր, նոր լեզվի փոխադրելով: Գրողներիս ի՞նչ անուն կտային իրենք կինոբեմադրողները, եթե մենք իրենց ֆիլմերը վերապատմեինք գրականության լեզվով:
Դուք նույն գրողներն եք, միայն թե գրում եք հրաշագործ կինոխցիկով: Ժամանակն է, ժամանակն է, սիրելի կրտսեր եղբայրներ՝ որ կրտսեր եք, բայց վաղուց արդեն փոքր չեք, ժամանակն է այս ժողովրդի մշակութային կյանքի ստեղծման և, այդպիսով, այս երկրի ապագայի առջև կանգնել հավասար եղբոր իրավունքով ու հավասար պատասխանատվությամբ:

Յատուկ Երաժշտություն
Հողուշող
Էլեն Յոլչյան

Հողուշող