Հրանտ Մաթևոսյան

Մենք դեռ դարասկզբին ենք

Քաղաքական միտքը մեծավ մասամբ հազվագյուտ սթափ անձերից զատ կամ թերևս շատերից, որոնք, այնուամենայնիվ, իրենց չեն բացահայտում, ահա այդ հազվագյուտ անձերից զատ, դեռևս Սասունի լեռներից չի իջել: Որակումն իմը չէ: Դրսից ժամանակին, պատմությանը, մեր իրականությանը քննադատաբար նայողներից մեկի արտահայտությունն է: Ճշգրիտ արտահայտությունը: Ես նույնությամբ որդեգրում եմ: Սասունի լեռներից չենք իջել: Հուզական կտրվածքով գրեթե ոչ մեկս չի իջել Սասունի լեռներից:
Դարասկզբին կրած ծանր պարտությունն այնքան ճակատագրական է եղել մեզ համար, որ թվում է, թե ազգի հարցերը արդեն վճռվել են այն ժամանակ: Չենք կարող հաշվի չնստել այն իրողության հետ, որ, այնուամենայնիվ, վերածնունդ ունեցանք, առաջացավ Հայաստանի Հանրապետությունը՝ երեք հանրապետությունները կարելի է համարել մեկ հանրապետություն: Եթե կուզեք, ես կհավելեմ նաև վաղանցուկ Երևանյան մարզը 1820-1837 թթ., որ հետո վերանվանվեց, որովհետև առաջացան այլ մարզեր ևս: Այս ամբողջ պատմությունը ես մեկ ամբողջության մեջ եմ տեսնում, երբ ազգը առ ի չգոյէ առաջացավ: Մշակութային, քաղաքական գիգանտներ ունեցավ, արծարծեց իր հիշողությունը: Այս ամբողջն անցյալ է: Եթե կուզեք իմանալ՝ 1828 թվականից հետո՝ վերջին երկու դարերում նորից ծնվեցին Խորենացին էլ, Նարեկացին էլ, մեր հիշողությունն էլ, մեր պատմությունն էլ: Գուցե՝ մենք էլ: Մեր հիշողությունը և մեր ապագան: Այսինքն՝ Օր ունեցանք: Պահ: Ժամ: Իսկ երբ այս ժամին դու կաս, նշանակում է ունես և անցյալ, և ապագա: Քոնով է վճռվում: Մեր մշակույթի ոսկեդարը մենք ունեցանք այս 200 տարվա ընթացքում՝ Աբովյանից ի վեր, արևմտահայ մտավորականներով, պատմաբաններով, հրապարակագրությամբ, գրականությամբ, պոեզիայով՝ ներառյալ Րաֆֆի, Թումանյան, Իսահակյան, Տերյան, Չարենց, Ա. Մյասնիկյան, Ա. Երզնկյան, Ա. Խանջյան, Ա. Քոչինյան, Գ. Հարությունյան, Յ. Զարոբյան՝ մարդկանց խումբ, որ հանրապետություն կարողացան առաջացնել: Եվ երախտագիտությամբ եմ հիշում նրանց, որովհետև նաև նրանց սերունդն եմ: Ես ներքևի մարդու իմ վերաբերմունքն ունեի առ իշխանություն, քամահրոտ վերաբերմունքը: Եթե գրող ես, պիտի ընդդիմադիր լինես: Եվ ահա իմ ավագ գրչեղբայր Վահագն Դավթյանը ինձ գեղեցիկ դաս տվեց: Կոսիգինը Մոսկվայում Անտոն Քոչինյանին ասել էր. «Ես ծափ զարկեցի՝ ուխ, դե տես»: Վ. Դավթյանը խեթեց՝ քո պետությունն է, ուրիշները քոնին դիտողություն են անում: Ահա այդ պահից սկսած ես օտարի՝ բարեկամ թե թշնամի, իմ ղեկավարի փոխարեն նրանց առջև քրտնում եմ, կարմրում եմ, վատ եմ զգում, և դա զգում եմ որպես իմ քայլն անող մարդիկ, որ իմ փոխարեն կանգնած են ծանր վիճակի առաջ:
Ինչքանով է ճշմարիտ, ինչքանով չէ ճշմարիտ, որ մենք մնացել ենք դարասկզբում, մարդկության հետ չենք քայլել, մեր վերքը չենք սպիացրել, և մարդկության հետ համաքայլ չենք գնացել. մնացել ենք անցյալի մեջ, դա ճշմարտության մեծ քանակ ունի: Մեր ոտքը ծանր է եղել անցյալի բեռով, մեր ոտքից կախված է եղել անցյալի բեռը: Չխոսելով այն մասին, որ մեր տարածքն այնքան հզոր չէ, որ իր բոլոր որդիներին կարողանա պահել, զբաղեցնել, արտագաղթ չտալ երեկվա օրով խոպան, այսօրվա օրով՝ դեպի Ամերիկա, Ռուսաստան: Աշխատանք չփնտրելու, ընտանիքը բարեկեցիկ պահելու կենսատարածք չունենք: Իսկ այն, որ իսկապես հոգեբանությամբ մնացել ենք դարասկզբին, այնուամենայնիվ մնացել ենք վրեժի ժողովուրդ և նոր փորձանքներին անգետ, որովհետև մեր հայացքը շրջված է դեպի անցյալ, ճշմարտություն է: Այստեղ իմ կուռքերը պիտի դառնան ինձնից կրտսեր, առանց ազգային բարդությունների աճած զորեղները, որ վտանգը մտոք շրջանցել են, ժամանակին նայել են ժամանակի մարդու հայացքով: Կգա նոր սերունդը, իմ առաջնորդությունը ես նրանց եմ տալիս: Իմ հույսը նրանց հետ է: Ի՞նչ երաշխիքներով ենք 21-րդ դարում հայտնվում: Ինձ համար մեծագույն երաշխիք է, որ թշնամանքը հարևան որոշ երկրների, իրենց համար ավելի ծանր բեռ է լինելու, քան մեր հանդուրժումը, քան մեզ մեկուսի թողնելը: Ավելի ստույգ ասեմ՝ թուրքերի ագրեսիվ վերաբերմունքը մեր նկատմամբ իրենց համար ավելի ծանր խնդիր է լինելու, քան մեզ համար: Ինձ թվում է՝ մեր գործոնը նրանք չպիտի չափազանցնեն, չպիտի անտեսեն, չպիտի փոքրացած տեսնեն, իրենց ագրեսիայի մեջ չպիտի մտածեն, որ ահա այս թումբը իրենց դեպի արևելք լայն ճանապարհի առաջ կվերացնի: Մենք պարտավոր ենք մեզ պահել գոնե այնպես, որ մեր արգելք լինելու հետ հաշվի նստեն: Մնացածը դժվարություններ են, որ անցողիկ են: Միայն այդ ժամանակ մենք առաջընթացի մեջ գործընկերներ կունենանք: Իսկ մյուս դեպքում մենք խոցի կվերաճենք և իրենց մարմնի վրա, և աշխարհի մարմնի վրա: Շատ ցավալի է էդ խոց բառը, որովհետև կուզենայի, որ իմ աղջիկը, իմ տղան, իմ թոռը առանց ազգային բարդույթների, առանց խոց լինելու՝ աշխարհի մեջ ազատ քաղաքացիներ լինեին հավասարների շքերթի մեջ: Մենք կոչված ենք սկզբունք ունենալ ինքնությունը, հզորների մեջ աննշմար չենք, շատ փոքրերի մեջ էլ չենք, աշխարհը լիքը մեզնից մանր, շատ խնդիրներով, անհետացման եզրին գտնվող ժողովուրդներ կան, մեր իրավունքները չենք չափազանցնում, չենք ուռչում եզան չափ առնել ուզող գորտի պես: Կյանք: Եվ զորանալու ենք: Տևելը մեր արյան մեջ է:

Յատուկ Երաժշտություն
Մեղեդի
Առնո Բաբաջանյան

Մեղեդի