Հրանտ Մաթևոսյան

Հենրիկ Մալյան

Հայ գրողների ընտանիքը հրաժեշտ է տալիս իր վաստակած, հոգնած ու մարած եղբորը: Հրաժեշտ է տալիս երախտիքի ու շնորհակալության խորին զգացումով, քանի որ Հենրիկ Մալյանը եղավ իր ժողովրդի տագնապներով ու հույսերով տրոփող հայ մշակույթի, հայ գրականության ոչ միայն զավակը, այլև ծնողը, վերածնողը, այդ մշակույթը նոր շուքով ու հանդերձով հրապարակայնացնողը:
Ամենաողբերգական, ամենաչնախատեսված, ամենաանմեղ կորուստների դեպքում անգամ մենք անողոք հարցն ենք տալիս. երկրիս վրա ի՞նչ թողեց անցավորը: «Եռանկյունի», «Մենք ենք, մեր սարերը», «Նահապետը», «Կտոր մը երկինք» և դարձյալ ուրիշ նկարներ ու գործեր, որոնք թեև լրիվ պատկերը չեն եղեռնի ու վերածննդի, քայքայման ու դիմադրության, բայց և բոլորը միասին հնարավորինս ամենալրիվ պատկերն են հայ մարդու բարոյական վեհության, նկարներ՝ որոնք առանց Հենրիկ Մալյանի չէին լինելու հավատի, սիրո և վստահության ժամեր հայ ժողովրդի և աշխարհի շատ ու շատ մարդկանց կյանքում, որոնք առանց Մալյանի լինելու էին կասկածի ու անվստահության ժամեր, և վերջապես ազգային ասված մշակույթի բավական պինդ փաստեր, որոնց առջև քամահրանքը տեղի տվեց բարյացակամության, հայ ազգային կինոյի չգոյության հետ հաշտվածությունը փոխակերպվեց սպասումի, թե ինչ է նկարելու Հենրիկ Մալյանը:
Մեր լճացման ու փափուկ ճնշման տասնամյակներ մշակութային բացարձակ ամլությունից փրկվեցին մեծի մասամբ նրա անձնական ջանքով: Նա, այո՛, կարողանում էր ճնշվելով չճնշվել, համաձայնելով՝ չհամաձայնել, այո ասելով ոչ ասել, «ոչ» սոցիալական, ազգային ու գաղափարախոսական ճնշման անտեսումին, նա կարողանում էր «վերևներում» լինելով չլինել «վերևներում»՝ ի վերջո դառնալով վերևինների համար ոչ անցանկալի և ներքևիններիս համար ցանկալի գործիչ: Ճակատագիրը մեն ու միակ նրա կյանքը խցել էր հոգևոր ամլության ժամանակներ և դաժանորեն մղում էր լավագույն դեպքում աննկատ, անանուն գոյության, իսկ նա հենց հաղթանակով ելավ, նա իր ճակատագիրը սրբագրած ելավ լուռ այդ կռվից, հաստատելով խոսքը՝ թե բոլոր ռեժիմների մեջ կարելի է ու պետք է ստեղծագործել: Նա «Հենրիկ Մալյան» սիրելի անուն դարձավ, իսկ աշխարհագրական վայրը մեծագիր Հայրենիք՝ անուններն են դարձնում:
Բազմիցս է կրկնվել գրողի և բեմադրիչի գործակցությունը, և գրեթե նույնքան բազմիցս է այդ գործակցությունը վերաճել անհաշտ հակառակության. բաց ու բարձր գլուխգործոցներ չեն զորել ապիկարներին հասցնել իրենց երկինքներին և հակառակը՝ ապիկարները գլուխգործոցներ են տապալել: Մեր գրականության փառահեղ կոթողներից Մալյանը փառք ու անուն չաղերսեց, Մալյանն արժեք ու անուն տվեց գործերի, որոնք առանց իր մատնացույցի նվազ նշմարելի էին լինելու: Հայ գրողների անունից ահա թե ինչու ենք ասում շնորհակալությամբ. նա ոչ միայն հայ գրի, հայոց բանի որդին, այլև ծնողը եղավ:
Անկատար մնաց նրա օրհասական ճիգը՝ Կոմիտասի, հայոց մեծ զարթոնքի ու կործանման պատմությունը: Սոսկական իղձ մնաց նաև հայրենի եզերքից վտարվածների կարոտի պատկերը, կարոտ՝ որ մարմնական ցավ է դառնում ու ցնորում մարդու: Այդ պատկերները չպիտի կայանային և չկայացան: Եղեռնը դժոխք է, բազմագլուխ հրեշ, որ չի թողնում մոտենալ, թունավոր բոցերով դեռ հեռվից է խելագարեցնում ու ոչնչացնում ամեն մի հայ մարդու, առավել ևս՝ արվեստագետի: Այդ գործերի չիրականացումը փաստն է նաև հանդուգն հոգու հետ գնալուց մարմնի բնազդային, իմաստուն հրաժարման: Հենրիկի մարմինը հրաժարվեց, ընկրկեց, մնաց - բայց ոչ երբեք ի խրատ դեռ ողջերիս և սերունդների ու սերունդների:

Յատուկ Երաժշտություն
Շուշիկի
Կոմիտաս

Շուշիկի

Ինքնանկար
Ինքնանկար
Խաղա առցանց