Հրանտ Մաթևոսյան

Հակված եմ հեռանալու

- Խոսակցություններ են պտտվում, որ Դուք չեք դնելու Ձեր թեկնածությունը, այդպե՞ս է:
- Հակված չեմ դնելու: Հակված եմ հեռանալու:
- Ձեզ խնդրե՞լ են, թե՞ Դուք եք որոշել:
- Գրողի և ժամանակի իմ խնդիրները, գրողական ճակատագրի իմ խնդիրներն այնքան իմն են, որ ոչ մի խնդրանքի չեմ ենթարկվի: Կողմնակի միջամտություն չի եղել:
- Գրողների միությունը այս տարիների ընթացքում Ձեզ հարազա՞տ դարձավ:
- Ես խորապես գիտակցում եմ միության անհրաժեշտությունը: Իսկ հարազատության և անհարազատության խնդիրը զուտ իմ ներսի խնդիրն Է, որի մասին կարող եմ նաև չխոսել:
- Ասացիք, որ գիտակցում եք միության անհրաժեշտությունը: Այս կառուցվածքո՞վ եք տեսնում նրա գոյությունը:
- Միության այս ձևի անհրաժեշտությունը ես համարում եմ եզակիորեն միակը, սերունդների ջանքով և տանջանքով վերջնականապես գտնվածը:
- Միության նախագահի Ձեր պաշտոնում ամենամեծ ձեռքբերումը ո՞րն է եղել:
- Եթե ձեռքբերում եղել է, ապա՝ բնական եմ համարում, ինձ հետ կապված չէին, ինչ որ եղել է՝ այդպես պիտի լիներ, նախգահի իմ պարտականությունն է պահանջել ինչ-որ բան անել, որը նկատելը անպատշաճ է։
- Այսինքն, ավելորդ ջանք չե՞ք թափել:
- Չէ, ջանքեր նաև թափել եմ, բազում անգամ նաև ձախողվել եմ, և այդ ամենը ինձնից, իմ հոգևոր աշխարհից շատ բան է տարել, դրա հետևանքով շատ բան է կորսվել:
- Ի՞նչ Է կորսվել:
- Ամենամեծ կորուստը՝ որ իմ գրելիքը չեմ գրել, կիսատ եմ թողել:
- Բայց մինչ այդ էլ (եթե գրել եք) ընթերցողը Ձեր գրածը չի տեսել:
- Բարի, բայց այս անազատությունը շարունակել է իմ նախկին տարիների լռությունը, նպաստել է դադարին, խորացրել է ճգնաժամը:
- Այսօր արդեն հայտնի են ՀԳՄ նախագահի հիմնական թեկնածուները: Նրանց մեջ արժանավորներ տեսնո՞ւմ եք։ Եթե անուններ չեք ուզում տալ, խնդրում եմ միայն «այո» կամ «ոչ» ասեք:
- Ջանքը, որ այս պաշտոնում պիտի դրվի, այնքան բնական է, այնքան ոչ մտացածին, որ արժանավոր շատ մարդիկ եմ տեսնում:
- Նաև շրջանառվող թեկնածուների՞ մեջ:
- Այո, նաև նրանց մեջ: Միության նախագահի պաշտոնում ընտրվելը մեծ բան չեմ համարում, շատերի կարողության սահմանում է։
- Այս օրերին գրողական և մերձայդպիսի շրջանակներում խոսակցության միակ թեման համագումարն է: Իրո՞ք իրադարձություն է այն, որ այդքան քննարկում են:
- Գրողների միության համագումարն իրադարձություն չէ, ինչպես իրադարձություն չեն եղել նախորդները: Բացառություն են եղել մի երկուսը (մեկը՝ հիմնադիրը 1934-ին, մյուսը՝ հալոցքի շրջանինը), որոնք կարելի Է իրադարձային համարել։
- Բա ինչո՞ւ են այդքան շատ խոսում:
- Դե, պարապ են, խոսում են:
- Պարապ են, թող գրեն:
- Եթե հավակնում են, որ նոր ղեկավարությամբ մի այնպիսի փոփոխությունների են հասնելու, ինչը գրական կյանքում իրադարձություն է լինելու, թող խոսեն:
- Իսկ դուք հավատո՞ւմ եք, որ փոփոխություններ լինելու են:
- Ես հավատում եմ, թե չեմ հավատում՝ իմ ներսի խնդիրն է:
- Ինչո՞ւ եք անընդհատ ինչ-որ բան թաքցնում, հետո կասե՞ք:
- Պատշաճ չէ, որ ես ասեմ, թե սա այնպիսի տեղ է, որ ես այսպիսի կամ այնպիսի հնարավորություններ եմ ունեցել ծավալել, կամ՝ կանխել, ձախողել... Չէ, ամեն ինչ թողնում եմ իրենց հավակնություններին, եթե կարող են՝ թող անեն:
- Համագումարի ժամանակ Ձեր խոսքում անակնկալներ լինելո՞ւ են:
- Ինչո՞ւ պիտի լինեն, ես գրականության մարդ եմ, գրականությունն իմ հացն է, ինձ սիրելի են գրականության հաջողությունները, ինձ մտերմության են տանում բոլոր այն ջանքերը, որ գործադրվում են այդ ընտանիքում: Ուրեմն իմ վերաբերմունքը միայն սիրո վերաբերմունք է լինելու դեպի գրականության մարդը, նրա աշխարհը։

«Հայաստանի Հանրապետություն», մայիս, 2001 թ.

Յատուկ Երաժշտություն
Արիա և Տոկատա ջութակի և դաշնամուրի համար
Ղազարոս Սարյան

Արիա և Տոկատա ջութակի և դաշնամուրի համար

Լորդ Բայրոնի այցը Սուրբ Ղազար կղզի
Լորդ Բայրոնի այցը Սուրբ Ղազար կղզի
Խաղա առցանց