Հրանտ Մաթևոսյան

Գյուտի հրճվանք է պետք, ճանաչման հրաշք

– Ո՞վ էր և ինչպիսի՞ն էր 20-րդ դարի հայ գրականության հերոսը:
– 20-րդ դարի հայ գրականության հերոսը ժառանգորդն էր 19-րդ դարի հայ գրականության հերոսի: 19-րդ դարի հայ գրականության գեղարվեստական, փիլիսոփայական աբստրահվող միտքը, օժտված լինելով նարոդնիկական առաքելությամբ, իրեն կոչել էր լուսավորելու և ազգին առաջնորդելու: Ռուսաստանում՝ սոցիալական հեղաբեկումների և ռուս ժողովրդին փրկելու, մեզանում՝ ազգային-ազատագրական պայքարն առաջնորդելու: Այդ գրական-գեղարվեստական, փիլիսոփայական, հասարակական միտքը իրականությունը չէր տեսնում այնպես, ինչպիսին կար: Իրեն օժտել էր փրկչական առաքելությամբ և իրականությունը տեսնում էր բացարձակ խավար: Իր փրկելիքը բոլորովին անլույս, ճնշված, տառապած խավն էր, կեղեքիչները հայոց դեպքում քուրդ ու թուրք բեկերն էին, Ռուսաստանում՝ ցարն ու բարինները: Եզակի դեպքերում եզակի հանճարի մարդիկ՝ Թումանյան, Չարենց և ուրիշներ նույնպես, իրենց առաքելության վրիպանքը նկատեցին, քանի որ իրականությունը բոլորովին այլ դրսևորումներ ուներ, քան առաքյալների իրենց պատկերացումների մեջ էր: Գրականությունը ինքնաշտկման և կեցվածքի շտկման եկավ, և մենք ունեցանք փրկված պատառիկներ, որոնք մեզ հանում են համաշխարհային գրականության ոլորտներ՝ իսկական, մեծ գրականության՝ «Դեպի անհունը», «Անուշը»... Համեմատեք «Անուշի» առաջին տարբերակը իր սոցիալական շեշտադրումներով և վերջին տարբերակը, որ զրույց է անհունի հետ: Հենց «Դեպի անհունը», «Անուշը», Չարենցի «Դանթեականը», «Խմբապետ Շավարշը», Բակունցի շատ էջեր դարձան հայ գրականության փրկված էջերը, որոնք ցույց են տալիս, թե ով էր, ինչպիսին էր հայ գրականության 20-րդ դարի հերոսը, ինչքան կորուստներ ունեցանք առաքելականության պատճառով և ինչ գագաթներ ունեցանք ինքնաշտկման արդյունքում:
– Դա դարասկզբին, իսկ դարակեսի՞ն:
– Դարակեսին գրականությունը, կոչված լինելով գաղափարախոսության և պետականության լուսանցազարդը դառնալ, մարքսիզմ-լենինիզմի մեծ գաղափարի միայն գեղարվեստականացնողը և զարդանախշողը լինել, առաջին իսկ փորձերով գտնելով բոլորովին ինքնուրույն ճանապարհը, մասամբ բնազդով, շատ դեպքերում և գիտակցորեն իր կոչումը գտավ և նահանջեց, ետ քաշվեց իր դիրքերից, որովհետև շարունակում էր իր հին առաքելությունը՝ զանգվածներին հասցնել նոր գաղափարները գեղարվեստական գրականության միջոցով: Դարակեսին նույնպես փրկված հեղինակներ ունեցանք, թեև դարձյալ վիթխարի կորուստներով, համաշխարհային գրականությունից մեր գրական միտքը փաստորեն ետ էր մնում: Այնուհանդերձ, դարձյալ ունեցանք անուններ և գործեր, որոնք կարողանում են կազմել այն ստվար հատորը, որը մեր գրականությունը մեռելածին շարադրանքների շարքը չի դասում, այլ ապրող գրականությունների: Ծանր իրավիճակների և ծանր պատասխանատվությունների պահերին, երբ դու՝ ընթերցողդ, ուզում ես քո հայոց լեզվից քեզ համար դասագիրք-Ավետարան ստեղծել, շատ դեպքերում հայացքդ նետում ես արտասահմանի գրականությանը, այնտեղից է փրկիչ խոսքը գալիս: Մեր պատվախնդրությունը, ազգային լեզվի և գրականության պատվախնդրությունը ստիպում է մի քիչ ավելի սիրալիր ու գորովալից վերաբերմունք ունենալ հայ գրականությանը: Անուններ չեմ տալիս, բայց այդ ստվար հատորը կա:
– 20-րդ դարավերջի հայ գրականության հերոսն ո՞վ էր: Ինչքան էլ ճգնաժամ ենք հայտարարում, գրականությունը կար, ապրում էր, գրքեր և՛ գրվում էին, և՛ տպագրվում: Ի՞նչ էր այդ գրականությունը բերում ընթերցողին, իրե՞ն էր որոնում, թե՞ ընթերցողին: Ի՞նչ և ո՞ւմ գրականությունն էր:
– Անկեղծանալով, իմ փորձով պիտի ասեմ. այն գործը, որ կարծում էի ժամանակի հետ խոսելու է, հիմա տեսնում եմ, որ ուզեմ թե չուզեմ արդեն վերաբերում է անցյալին, վախենամ՝ նույնիսկ խոր անցյալին: Դա բոլորովին այլ այբուբենով ծնված գրականություն է, քան այսօրվա գրականության այբուբենն է:
– Ձեր ասածը ինձ մտածել է տալիս, որ այսօր ունենք նույն իրավիճակը, ինչ դարասկզբին՝ երկիր, որը չենք ճանաչում, երկիր, որի արվեստագետները ունեն մտացածին, բայց ոչ իրականամետ առաքելություն:
– Թվացյալ է դարասկզբի հետ զուգահեռը, նմանությունը մակերևութային է՝ պատերազմ, ճակատագրական պահեր... Դարասկզբի գրականությունը և իրականությունը իր նախընթաց ժամա-նակի ճիշտ ժառանգորդն էր: Կոմունիստները որդեգրել էին գաղափարախոսական նույն առաքելությունը: Գրողները բացարձակապես նոր խնդիր չունեին՝ նոր այբուբեն յուրացնելու, իրականության հետ նոր լեզվով խոսելու: Իրենք խոսում էին իրենց նախորդների լեզվով: Պուշկինի, Նեկրասովի, Թումանյանի, Դոստոևսկու, Տոլստոյի, Անդրեևի, Գորկու նույն լեզուն էր: Հարկ չկար նոր լեզվի: Իսկ այսօրվա հայ գրողն աննախադեպ վիճակում է:
– Ո՞րն է այսօր գրողի առաքելությունը:
– Ժամանակը ընթերցելու լեզու ստեղծելը: Անցյալի գրողներից շատ քչերն են այս պարագայում օժանդակում նոր գրողին այսօրվա իրականության հետ զրուցել:
– Ի՞նչ է նշանակում գրականության «պետական պատվեր»:
– Նշանակում է պետությունը չի կարողանում իրականություն ասված այս հրեշի դեմ մեն ու մենակ առանց գրականության մնալ՝ ինչպես Ստալինն առանց Շոլոխովի, Խանջյանն առանց Չարենցի, Ամերիկայի նախագահն առանց Ֆոլքների:
– Դեռ Հ. Թումանյանն էր ասում՝ «Գրականությանն ազգային պաշտպանություն պետք է լինի»: Ի՞նչ ենք այսօր մենք ակնկալում գրողից ու գրականությունից:
– Մեր գրականությունից պահանջում ենք կայուն ներկայություն մեր իրականության մեջ:
– Իբրև ընթերցող ի՞նչ եք ուզում հիմա կարդալ:
– Դրականորեն լիցքավորող գիրք, ասել է՝ իրականության հնարավորինս խոր իմացություն: Ինձ քաջացնող, իրականության առջև ինձ լուսավորող, ինձ խիզախություն և մտքի լույս պարգևող գիրք: Հայացքի խորաթափանցություն, այսօրը պատմականության մեջ տեսնելու, այսօրվանից չվախենալու և քո ազգին ինքն իրեն տեր կարգող գիրք:
– Պարբերաբար ասում ենք՝ մշակույթի ճգնաժամ, արվեստի ճգնաժամ, գրականության ճգնաժամ: Վերջապես՝ դա մասնակի՞ ճգնաժամ է, թե՞ ընդհանուր հասարակական տեղապտույտ, որից ածանցյալ են և մյուս նահանջները:
– Դա հասարակարգի և հասարակության ճգնաժամն է մեզանում, Արևելք-Արևմուտք ծանր գոտեմարտի հետևանքով պարպված-պարտված երկրի վիճակ է սա և դեռ շատ ժամանակ կպահանջվի ուշքի գալու: Բայց և չես ասի, թե ճգնաժամը շրջանցել է հաղթողներին:
– Ցանկացած ճգնաժամ, իր ավերիչ ներգործությամբ, ունի նաև դրական, ռացիոնալ ինչ-որ պահ: Ե՞րբ ենք գտնելու այդ դրականը և ե՞րբ ենք փորձելու հնարավորինս նվազ կորուստներով դուրս գալ մեր իսկ ձեռքով փակված շրջանակից: Ի վերջո՝ ո՞րն է մեր ազգային գաղափարախոսությունը, որը պետք է մեզ ձերբազատեր թյուրըմբռնումներից:
– Բարդ հարցեր են: Հիմնականում՝ ոչ գրական, ոչ մշակութաբանական հիմքերով: Ազգային գաղափարախոսությունը բարձրանում է արվեստի և մշակույթի՝ ճարտարապետության, երաժշտության, երգարվեստի, գիտության, գրականության կայացած երևույթներից, որոնք խոսում են մարդու հետ և ձևի են բերում հասարակությունը: Հակոբ Հակոբյանը հրաշալի արտահայտվեց՝ Կառավարական տան շենքը հրապարակից հանեք, և ազգը ցրիվ կգա: Այս ամենի հանրագումարն է ազգային գաղափարախոսությունը: Իմ կարծիքով ազգային գաղափարախոսություն են Սարյանի ծաղիկներն ու լեռները, Թումանյանի «Անուշը», Չարենցի «Խմբապետ Շավարշը»... Եվ ազգային գաղափարախոսություն չեն այսինչ, այսինչ, այսինչ գործերը: Գեղարվեստորեն կայացած գործը դառնում է ազգային բովանդակություն:
– Այսօր ի՞նչ պիտի անենք կայացած ազգ լինելու համար:
– Շատ Տերյաններ ունենանք:
– Բայց 100 տարում մի անգամ գրվեց «Հայ գրականության գալիք օրը»:
– Եթե նույնիսկ Վահան Տերյանը տեսություն հեղինակած չլիներ, բանաստեղծություններն արդեն իսկ ազգային գաղափարախոսություն էին: Ազգաստեղծում: Լեզուն օժտվում էր անմահությամբ:
– Ինձ միշտ թվացել է, որ Տերյանը ոչ այնքան իր բանաստեղծություններով մտավ մեր պատմության մեջ, որքան իր հաստատած նոր մտածողությամբ, մշակույթով, հոգեբանությամբ, լեզվով: Նրա ներկայությունը հայ գրականության մեջ իր ժամանակակից հերոսով խաղաղ հեղափոխություն էր, որ չընկալվեց իր ժամանակին, չի ընկալվում գուցե նաև այսօր:
– Այո: Տերյանը բառ առ բառ, հասկացություն առ հասկացություն ներքաշվեց հայ գրականություն, հայ իրականություն: Ասել է թե «ընկալվեց իր ժամանակ, ընկալվում է այսօր»:
– Ի՞նչ հարաբերության մեջ պիտի լինեն գրականությունը և քաղաքականությունը, ո՞րն է փոխհարաբերության խելամիտ տարբերակը:
– Գրականությունը գրականություն է լինելու, քաղաքականությունը քաղաքականություն է լինելու: Քաղաքականությունը եթե գրականությունը իր մեջ չառավ, նշանակում է այս ազգի քաղաքականությունը չէ: Եթե քաղաքականությունը չբարձրացավ իր գրականությունից, իր մշակույթից, նշանակում է՝ կամ մշակույթն ու գրականությունն են շատ խեղճ, կամ քաղաքականությունն է օտար: Երկուսն էլ այս հասարակության բովանդակությունն էին լինելու: Գրականությունն այնքան հարուստ էր լինելու, որ ներառեր ամբողջ իրականությունը և իրականության բոլոր պատասխաններն ունենար, քաղաքական գործիչը պիտի բարձրանար այդ նույն հասարակությունից, քո Չերչիլի մեջ պետք է ծփար քո Շեքսպիրը:
– Հայ գրականության մեկուսացվածությունը-կղզիացածությունը համաշխարհային գրականության ընթացքից ինչպե՞ս պիտի հաղթահարվի:
– Ի՞նչ մեկուսացվածություն: Կամ՝ կղզիացում: Որտեղի՞ց:
– Համաշխարհային գրականության ծառին մեր գրականությունը մի ճյուղ է, որ անկախ բնության օրինաչափություններից՝ երբ ուզում է ծաղկում է, երբ ուզում է տերևակալվում կամ կոտրվում է՝ անկախ բոլոր մյուս ճյուղերից ու ծառարմատից:
– Մի քիչ ուշացած, բայց և շատ էլ համընթաց ենք գնացել:
– Այդ դեպքում ինչո՞ւ այսօր համաշխարհային գրականության ճանաչված հեղինակների մեջ չեն հայ գրողները:
– Հայ գրականությունը իր ազգը պահում է, իր ազգն էլ բոլոր ազգերի մեջ ապրում է, ուզածդ ուրիշ ի՞նչ է: Շեքսպիրնե՞ր ես որոնում...
– Այսօր ես Ջոյս եմ թարգմանում և վստահ չեմ, թե որևէ իռլանդացի իր երկրում թարգմանում է որևէ հայ գրողի: Ինչո՞ւ: Առավել ևս, որ նույն Ջոյսին և համաշխարհային գրականության հանրահայտ մյուս դեմքերին խնդիրների առաջադրումով ու լուծումով հայ գրողները քիչ են զիջում: Խնդիրը մակարդակը չէ, ճանաչելիությունը և ընդունվածությունը, աշխարհում պահանջվածությունն է: Գուցե նաև խնդիրը մեծ ու հզոր երկիր ունենալն է՝ մեծ գրող ընդունվելու համար:
– Մենք եվրոպական մշակույթի մասն ենք, առճակատման երկար ժամանակներն են եղել հեղափոխությունից հետո, սառը պատերազմի սառույցը դեռ չի հալվել: Միասնական, համաշխարհային մշակույթի ստանդարտները եվրոպական են, մենք քաղաքական հանգամանքներով քամահրված մասում ենք հայտնվել: Գաղափարական առճակատման հետևանքով ձևավորված քաղաքական մեկուսացումը տարածվեց և մշակույթի վրա: Հիմա էլ նույն վիճակը շարունակվում է:
– Տեխնիկայի ժամանակակից միջոցները կարող են այդ մեկուսացումը հաղթահարել: Օրինակ, ո՞ր հայ գրողի ո՞ր երկն է ներկայացված Ինտերնետում: Եվ ի՞նչ սկզբունքով:
– Շատ կուզենայի, որ այդ հարցը լուծվեր պետական մակարդակով և ստեղծվեր հեղինակավոր մարդկանց խմբագրական խորհուրդ, որը և ճշտեր՝ ո՞ր գրողը ո՞ր գործով պիտի մտնի Ինտերնետ: Եվ ոչ միայն գրողը: Հայ արվեստը, հայ մշակույթը, հայ գիտնականը կարող է և պետք է իր ընտրանին ունենա Ինտերնետում:
– Հենց կղզիացումը հաղթահարելու և աշխարհին մեր արժեքներով ներկայանալու հիանալի միջոց կարող է լինել Ինտերնետը: Դա Գրողների միությա՞ն խնդիրն է, թե՞ պետության:
– Պետության օժանդակությամբ Գրողների միության խնդիրն է սա: Իշխանության հոգսը պետք է լինի իր կայունության, իր զորեղության համար զորացնել իր արվեստը: Դարասկզբին այդ գործն անհատներն էին անում՝ մի Մանթաշով փոխարինում էր պետության և Թումանյանի ու Կոմիտասի էր ֆինանսավորում, ուսանող էր կրթում Ռուսաստանի ու Եվրոպայի կենտրոններում, ազգ էր ստեղծում, իրեն էր զորացնում:
– Գուցե դա իմ սուբյեկտիվ զգացողությունն է, բայց Ձեր գրականության, որ ձևավորել է հայերիս մի քանի սերնդի մտածողությունն ու աշխարհընկալումը, որ իր հերոսների պահվածքով մարդուն ստիպում է մտածել, սովորեցնում է սիրել ու ատել, հիշողություն ու ատամ ունենալ, պայքարել ու վրեժ լուծել, և Ձեր կերպարի միջև, որ դրսևորվում է հարցազրույցներում, հասարակական գործունեությամբ, մարդկանց կոչում է բարության, զիջողամտության, հանդարտության, խաղաղ ու հաշտ ապրելու: Ո՞րն է իսկական Հրանտ Մաթևոսյանը:
– Թերևս իրոք բեկում է եղել իմ մեջ, և իմ խոսքը բոլորովին այլ ուղղվածություն է առել: Բոլորս ենք փոխվել: Ժամանակն է փոխվել: Երկիրն է փոխվել: Դուք եք փոխվել: Իսկական-անիսկականի չափա-նիշն է փոխվել: Բնականի և բնազանցականի՝ ֆիզիկական-մետաֆիզիկականի սահմաններն են տեղաշարժվել:
– Ձեր իսկական պապը Ավետի՞քն էր, թե՞ Իշխանը:
– Ես «Ծառերի» երկրորդ մասն էի գրելու, որտեղ երրորդ, անկողմնակալ մեկը վերապատմելու էր նույն դեպքերը, որտեղ տականքը դաշնակցելու էր ուժին, և նրանք միմյանց չէին ոչնչացնելու, այլ համատեղ էլ ապրելու էին: Մտածում էի, որ կգրեմ, կմիացնեմ պատմվածքին ու կստացվի նոր վիպակ, բայց եղավ այն, ինչ եղավ, և այն իրականությունը, որ իմ ներսում էր որպես հուշ անցյալից, տեքստ չդարձավ, և զարհուրելի իրականությունը նույնը վերապատմելու կարիքը վերացրեց: Արդեն հարկ է այլ բաներից խոսել և կամ պիտի զորենք կատարված ամբողջը ընդգրկել, համապատկերի բերել, ընդհանրացնել և գնահատել երեկվա օրը՝ այսօրվա մեկնակետերը գտնելու: Ավելի ծանր բան, քան «Խմբապետ Շավարշ»-ում կամ «Անուշ»-ում, չի կատարվում, բայց դու դուրս ես գալիս ոչ թե ընկճված, այլ ժպտալով, որովհետև աչքիդ առաջ արվեստի գյուտ է, հրաշք է, ծնունդի ես ներկա եղել, ոչ թե մահվան: Գեղարվեստի ծնունդի: Իրականությունն արվեստ դարձնելու: Գյուտի հրճվանք է պետք, ճանաչման հրաշք...
– 60-ական թթ. համարյա բոլոր գրողները դուրս գալով հայտնի թեմայի շրջանակներից, կամ վախճանվեցին կամ դադարեցին գրել, համենայն դեպս չմնացին այն գրողը, գեղագետը, որ արտա-հայտում էր երկրի, ժողովրդի, ժամանակի առանցքային խոսքը: Ի՞նչ կատարվեց և ինչո՞ւ:
– Կատարվեց այն, ինչ հաճախ է կատարվում գրողներիս հետ: Այն, ինչ ժամանակին Տոլստոյի հետ կատարվեց, երբ հրաժարվեց գեղարվեստից ու անցավ քաղաքականության: Գալիս են ժամա-նակներ, երբ անբարոյականություն է իրականության առջև զբաղվել գրականությամբ: Բոլորիս հետ էլ նույնը կատարվեց. անհնար էր այս իրականության առջև այլևս գրականություն գեղգեղալ: Վանոն ու Վազգենը շարունակեին լավ պատմվածքնե՞ր գրել, Լևոնը շարունակեր հիերոգլիֆնե՞ր վերծանել: Անհնար էր: Բայց գրողներս մեռնող-հառնող ժողովուրդ ենք, ինչպես Սարոյանն է ասում՝ մենք մեկ անգամ չենք մեռնում: Այնպես որ, մնացեք մեր հարությանն սպասելով:
– Հայ գրողի Ձեր ամենամեծ ցանկությունն այսօր ո՞րն է:
– Հայ գրողի ամենամեծ ցանկությունը հայ ընթերցող ունենալն է: Միակ ցանկությունը՝ հայ ընթերցողի տունը ջերմ լույսով ողողուն, իրեն աշխատանքի մեջ, վաղվա առջև վստահ, ուրախությունը երեսին հորդալիս տեսնել: Օտարվածության-խորթացումի այս միջավայրից ազատված տեսնել:
– Առաջին քայլը հայ գրո՞ղը պիտի անի, թե՞ հայ ընթերցողը:
– Առաջին քայլը միասին ենք անելու: Ալեքսանդր Մյասնիկյանը և Եղիշե Չարենցը միմյանց համար լիցք էին և ժողովրդի զորությունն էին, ինչպես և ժողովուրդը՝ նրանց: Երկրորդ աշխարհամարտի 50-ամյա ավարտի առիթով Ամերիկայի նախագահը նկատեց, թե Ամերիկան մեկուսի, իր տաքուկ ափերում, իր օվկիանոսներով զրահված, ապահով ապրում էր և մտադիր չէր խառնվել եվրոպական գործերին, բայց հայտնվեց Չերչիլը և գործի դնելով շեքսպիրյան լեզվի իր ողջ իմացությունը, Ամերիկան ներքաշեց պատերազմի մեջ: Նշանակում է՝ իրենք նախագահները և ինքը՝ հասարակությունը Շեքսպիրով այնպես էին հագեցած, այնքան էին մեկ և նույն հոր որդիներ, որ միանգամից մեկմեկու գտան: Սա իդեալական վիճակն է պետության, հասարակության և սրանց գրականության փոխհարաբերությունների: Եվ մենք հեռու չենք այդ վիճակից:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
«Հայաստանի Հանրապետություն», 22.01.2000 թ.

Յատուկ Երաժշտություն
Շրջանաձև
Դավիթ Բալասանյան

Շրջանաձև

Տղամարդիկ Outrigger Canoe-ով շարժվեցին դեպի ափ
Տղամարդիկ Outrigger Canoe-ով շարժվեցին դեպի ափ
Խաղա առցանց