Հրանտ Մաթևոսյան

Եվ դժվար է շարունակելը, և անհրաժեշտ է շարունակելը

– ...Ձեր կարծիքով՝ այսօր մեզ ամենից շատ ի՞նչ է պետք:
– Հայրենիք է պետք:
– Հայրենի՞քն է մեզ պետք, թե՞ մենք՝ Հայրենիքին:
– Մի ֆրազաբանիր: Հա՝ մեզ Հայրենիք է պետք: Հայրենիքը խուսափել է մեզնից, երկիրը դատարկվել է Հայրենիքից: Երկիրն ամայացել է: Հայրենիք չկա: Չարենցյան տողերով՝ «Հրացանների որոտով մենք Հայրենիք էինք ուզում, իսկ Հայրենիքը փախչում էր այդ որոտից»: Հայրենիք է պետք:
– Բայց մենք անընդհատ որոնում ենք այդ Հայրենիքը:
– Ուզո՞ւմ ենք, թե՞ չենք ուզում:
– «Մենք ճամփա ընկանք առավոտ ծեգին, // Թարմ, թեթև էր մեր ճամփորդի հոգին»՝ մե՞նք չենք ուզում:
– Հրաշալի սերունդ էր, որ մսխվեց:
– Բայց չէ՞ որ իրենք Հայրենիք ուզում էին...
– Ե՛վ ուզում էին, և՛ ստեղծեցին: Հրաշալի գիրք կա՝ Հովհաննես Պողոսյան. «Երկու ամիս Խորհրդային Հայաստանի մեջ»: Հոյակապ գիրք է ուղղակի: Ամեն ինչ կա՝ և՛ ժողովուրդը, և՛ երկիրը, և՛ կուսակցությունները՝ իրենց պայքարով: Ենթադրում եմ, որ 21 թվականին ինքը միջավայր ստեղծող մարդկանցից է եղել: Ստալին կա, Արամայիս Երզնկյան, Աղասի Խանջյան, Սարգիս Լուկաշին, Մյասնիկյանի մասին հուշ՝ զոհվելուց 3-4 տարի հետո: Էդպիսի ճշգրիտ քարտեզագրություն ու ժամանակագրություն դեռ չեմ կարդացել՝ Սևան, Իջևան, Ղարաքիլիսա-Կիրովական, Լենինական, Ստեփանավան, Քոլագերան, Շամլուղ, Ալավերդի՝ վերադարձ՝ ոնց որ Հայրենիքիդ, երկրիդ կառավարիչը լինի. կառուցելով, շտկելով գնում է:
– Սեպտեմբերի 21-ին մեր անկախության հերթական տարեդարձն ենք նշելու. բավական ժամանակ անցել է գնահատելու համար՝ ի՞նչ հանրագումարի կարող ենք գալ:
– Առաջին հերթին պիտի փաստենք քննադատական հայացքը՝ պիտի քննադատաբար նայենք ամբողջ անցյալին և տեսնենք, որ իրականությունը մեր գիտակցականության և իմացականության մեջ չի մտել:
– Տասնամյակի՞ իրականությունը:
– Այո, այո, տասնամյակի իրականությունը դեռ քաղաքական միտք չի մտել: Խուսափել են: Տարբեր ճանապարհներով են գնացել: Մեր միտքը մակաբույծ է եղել, իրողությունն իր համար առանձին է գնացել: Իրականության վերլուծություն այդպես էլ չի կատարվել, և այդ ամենը քաղաքական մտքի բաղադրիչ և ըստ այդմ՝ կառուցման կամ վերակառուցման ծրագիր չի դարձել:
– Ասել է թե՝ մեր բոլոր ճգնաժամերի պատճառը գաղափարակա՞ն ճգնաժամն է:
– Այո, մտքի ճգնաժամը:
– Իսկ ի՞նչ է պետք այն հաղթահարելու համար:
– Ճգնաժամը հաղթահարելու համար չգիտեմ՝ պիտի ստրո՞ւկ չլինել, թե՞ պետք է մտավոր զորություն ունենալ, որպեսզի մտավոր զորությունը թույլ չտա ստրուկ լինել, թե՞ ստրուկ չլինել, որ մտավոր տկարությունը չլինի...
– Իսկ գուցե այս տասնամյակում մենք ամենակարևորը չկարողացանք՝ չստեղծեցինք արժեհամակարգեր ու չունեցանք իրական կյանքի իրական չափանիշները:
– Պատվախնդրություն չունեցանք: Հայրենիքի պատվախնդրություն: Վախենամ, որ Հայաստանի ադրբեջանցիները ավելի պատվախնդիր լինեին էս երկրի համար, քան մենք: Պատերազմի ժամանակ բերած ռազմավարը վերցնես ու տաս գերմանացիներին՝ ամբողջ գրադարանը, Էջմիածնի խճուղին հանձնես ամերիկացիներին՝ թող դեսպանատուն կառուցեն, կոնյակի գործարանը տաս, օդանավակայանդ տաս: Գյադայություն կա էս ամենի մեջ: Եթե տղամարդ եղանք, էս ամբողջից վաղը հնարավոր է հեղաշրջում լինի, ու էս ամբողջ օտարված երկիրն ազգայնացնեն: Ոնց որ Մուսաբեկը արեց՝ պատերազմից հետո վաճառված Պարսկաստանը վերադարձնելով պարսիկ ժողովրդին: Ճիշտ է՝ իր կյանքի գնով: Բայց ինքն իրեն հասունացած խնդիր էր, էդպես պետք է լիներ: Երբ այլ ելք չկա, ինչ որ քոնն է եղել, քո հայրենիքինն է եղել, բաժնետեր ես, թե բաժնետեր չես, անկախ՝ Արագածի լանջից սկսած մինչև կոնյակի գործարանը, երկրի պեյզաժից մինչև Ալավերդու հանքերը, լանդշաֆտից մինչև երկրի խորքերը, եթե օտարված է, պիտի վերադարձնես...
– Պատվախնդիր չլինելուն համաձայն չեմ: Իսկ գուցե պատվախնդիր մարդկանց մեր միջի բութ միջակությամբ չենք ուզում ընդունել ու խփում ենք՝ ֆիզիկապես ու բարոյապես: Մենք ունեինք պատվախնդիր նախագահ, պատվախնդիր նախարարներ, կեսին խփեցինք, կեսին իշխանազրկեցինք: Մեր միջի ստրո՞ւկն է գործում:
– Եթե պատվախնդիր էին, երկիրն այդքան հեշտ չհանձնեին: Ուրեմն երկիրն իրենցն էին համարում, որ էդքան հեշտ տվեցին:
– Լավ, այդ ամբողջը ինչո՞ւ չի դառնում գրականության փաստ: Այն կուտակումը, որ հետո պայթում է մեծ գրականությամբ, ինչո՞ւ չի կայանում:
– Առաջին հեղափոխությունը ե՞րբ արտահայտվեց գրականության մեջ: Ինչքա՞ն հետո:
– Չարենցով արտահայտվեց՝ տեղնուտեղը: Հետո՝ Բակունցը, Մահարին, հետո 60-ականներիդ սերունդը եկավ՝ կյանքից գրականություն ստեղծելու:
– Մինչև հիմա ինչ լինում է, շատ ավելի բարդ է, քան այն, ինչ լինում էր առաջ:
– Մենք հիմա երկիր ենք կորցրել ու երկիր չե՞նք գտել:
– Երկիր չենք գտել, երկիրը կորցրել ենք: Բոլշևիկների զենքն էր, որ հրապարակ էին իջել որպես թե ինտերնացիոնալիստ, այնուամենայնիվ, ստիպված էին նացիոնալիստ, անգամ՝ նացիստ լինել՝ միջազգային նացիզմի դեմ կանգնելու համար՝ մեկ, երկրորդը՝ հայրենիքին տեր կանգնելու համար: «Չունեինք մենք դարերով Հայրենիք, // Նա մեզ Հայրենիք տվեց»՝ Չարենցը շատ ճիշտ բառեր է գտել: Կարելի է դա Մյասնիկյանին ասել, կարելի է Ստալինին ասել, կարելի է որևէ շարքային բոլշևիկի ասել, դա ժամանակի սիմվոլն էր՝ 20-ական թթ.: Առաջին անգամ լոռեցին իր լոռեցիությունից բացի ղարաբաղցի զգաց իրեն, ղարաբաղցին մտածեց, որ ինքը նաև լոռեցի է, Արարատյան դաշտի տերն է, բոլոր տեղերից է՝ Հայրենիքից է: Մարդու հայացքը ընդգրկեց մեծ Հայրենիքը: Մեծ Հայրենիքի գիտակցությունը ցողվեց բոլորի վրա: Դա Նիկոլ Աղբալյանն է նկատել: Պատերազմից հետո ճեմարանի բակում երկուսը, թզբեհը չխկացնելով, զրուցում էին՝ արևմտահայը և արևելահայը՝ Նիկոլ Աղբալյանը և Լևոն Շանթը: «Գիտե՞ս, Նիկոլա, հայոց զոհերու թիվը 50000 չէ, այլ՝ 100000 և ավելի»: Նա էլ թե՝ «Լևոն, 100 չլինի, 150000 լինի, բայց առաջին անգամ այդ ժողովուրդը հարաբերվեց մեծ գաղափարների հետ՝ ֆաշիզմի ջախջախման հետ, կոմունիզմի հետ: Առաջին անգամ գլուխը հավաբնից հանեց»՝ իրենց արտահայտությունն է: Իսկապես, այդ ընթացքում մեծ գաղափարների հետ ենք հարաբերվել... Հիմա արդեն կենսատարածքի հարց է, որտեղ երկիրը կայանալու էր: Կենսատարածք չունենք, շատ փոքր է, որպեսզի երկիրը կառուցենք: Շատ աղքատ է՝ ի՞նչ է նշանակում ոտից գլուխ 400000 հեկտար վարելահող ունես:
– Ա՞յդ պատճառով ենք մարդ-Հայրենիքներ ստեղծում ու ամեն ինչ անձերի վրա կառուցում:
– Ո՞ւր է էդ մարդ-Հայրենիքդ, թե ստեղծել ես: Ո՞վ չունի: Իր վիթխարի տարածքների հետ Ռուսաստանը չունի՞: Դոստոևսկի՞ չունի, Տոլստո՞յ չունի: Չեխո՞վ չունի: Ամեն երկրորդ աղջիկը փառահեղ դերասանուհի է, ամեն երկրորդը՝ գիտնական: Ո՞ւր է մեր մարդ-Հայրենիքը, որտե՞ղ ենք ստեղծել: Ես էլ կուզենայի, որ ունենայինք: Ես էլ հակառակն եմ ասում՝ իմ միավորից հիմարը չկա: Հիմարանում է մանավանդ էս հողի վրա: Օտար հողի վրա Վիլյամ Սարոյան է դառնում, Արշիլ Գորկի է դառնում, զորավար է դառնում կամ գիտնական, կամ գրականագետ, երբ ֆոնն ապահովվում է: Փառք էդ տիրակալներին, որ նրանց համար Լորիս-Մելիքով դառնալու ֆոնը ստեղծել են:
– Գրականության մեջ ու արվեստում կա, չէ՞, սերունդների, գաղափարների, հերոսների ժառանգականություն-հաջորդականություն. այդ կապն ապահովելու համար պիտի անպայման նախորդների՞դ հերքես, թե՞ կարող ես շարունակել իրենց շղթան օղակելը:
– Նախ՝ յուրացնել, հետո՝ իրականանալ: Եթե իրականացար, ինքնին ազգակցությունը կդրսևորվի՝ ուզես թե չուզես: Պիտի լիովին իրականանաս, որ ցեղակցություն-ազգակցությունդ բացահայտվի:
– Հովիվների հանրապետությունից որ իջնեին քաղաք կամ սարերում մնային, այսօրվա կյանքում ովքե՞ր էին լինելու Ձեր հերոսները:
– Ես հերոսներ ունե՞մ որ:
– Նրանք արդեն գաղափարատիպեր են՝ ժամանակի ու ժողովրդի մեջ:
– Մաշվող, ավարտվող, այլանդակվող իրականություն էր լինելու իմ իրականությունը: Էդպես էլ սկսել էի ես: Էդպիսի հավաքածու էլ ներկայացրել էի: Կեսը մերժվեց, կեսը գնաց. «Գողերը» ընդհանուր վերնագրով երկու վիպակի գիրք էի տվել Պետհրատին, մեկը ետ տվեցին, էդպես էլ մնաց չհրատարակված: Շատ քիչ պաշտպաններ ունեցա. ոմանք ուշացումով անդրադարձան՝ ափսոս էր, անտիպ մնաց: Էդ իրականությունն էր, ճիշտ տեղն էի գտել, երևի թե: Նորմալ-կարգին վերաբերմունքի դեպքում, եթե հերոս չդարձնեին, պարապ գյուղական հարցերի առիթով, որ «Մենք էինք, մեր սարերն» էին, և իմ էլ կամակորությունը չարթնացնեին, որ անընդհատ պետք է նյութից նյութ գնար ու տևեր, կյանք տար, եթե այդպես հեծելազորային արշավ լիներ, դառնալու էի իմ իսկական գործին, և իսկական գործն էն էր լինելու՝ մաշվող հանրապետություն ու իմ տագնապը մաշվող երկրի համար, մաշվող-աղարտվող-աղավաղվող-սպառվող երկրի համար, որ մտնում էինք մի իրականություն, որտեղ հերոսները շատ ավելի միֆ էին, կռիվը շատ ավելի դժվար-բարդ էր լինելու, իրական թշնամին՝ անշոշափելի: Հին կերպարների ժամանակները չէին, և այլն, և այլն... Նոր ժամանակները ճշտում էին, թե ինչ է կատարվում: Դա արեցին: Ոչ մեզնում: Դրսում արեցին:
– Ինչո՞ւ՝ ոչ մեզնում: Իսկ «Մեծամո՞րը», Իսկ «Ծառե՞րը», իսկ...
– «Մեծամորը»՝ ի՞նչ, 40 էջանոց մեծ գրականություն չի լինում: Լինում են թրթիռներ մեծ գրականության համար...
– Շարունակություն լինելո՞ւ է...
– Եթե անկեղծ լինեի՝ թուլանալու ոճով պիտի շարադրեի. էն, որ առաջ ինձ համար գեղեցիկ էր, հիմա տգեղ է թվում: Ինչը որ բարդ էր, հիմա նսեմ է թվում: Եթե սերս վերականգնվեր, շարունակվելու է: Ստիպված եմ շարունակել, որովհետև անիմաստ է էդ գործը կիսատ թողնել: Երկար տարիների աշխատանքն անավարտ թողնելը: Եվ դժվար է շարունակելը, և անհրաժեշտ է շարունակելը:
Շատ լայն է, պետք է ամեն ինչ ընդգրկել: Պատումը միշտ էլ իմ թուլությունն է եղել: Երբեք էլ էպիկ չեմ եղել: Չեն սովորեցրել ոչ դպրոցում, ոչ ինստիտուտում, ոչ հայոց լեզուն է սովորեցրել...
– Բայց դա հնարավո՞ր է սովորեցնել ընդհանրապես:
– Օ, մինչև հիմա երիտասարդները չեն սովորում՝ ինչքան ուզում ես խնդրիր, ընկերությունդ խոստացիր, թե՝ պատում գրիր, արձակ բանաստեղծության ոճն է՝ կցկտուր, հուսակտուր: Էսօր դեռ Իսահակյանի «Լիլիթն» է պրոզա համարվում: Անհարմար է ուղղակի: Չես կարողանում քո հասարակությանն ասել, թե ինչ է պատումը: Ինչ է պատմություն պատմելը:
– Իսկ ի՞նչ է պատմություն պատմելը:
– Դա և՛ քաջություն է պահանջում, և՛ մտավոր խիզախություն, իսկապես մտավոր խիզախություն, որ կարողանաս իրավիճակը տեսնել ու տեսնել տալ: Դա դրամատուրգիա է պահանջում: Եթե դրամատուրգիադ թույլ է՝ չես կարողանում սրված վիճակների բախում առաջացնել, չես կարողանում վիճակները սրել, ուրեմն՝ վախկոտի մեկն ես: Իրականությունը չես ճանաչում:
– Իրականությունն ավելի հասկանալի չի՞ դառնում գրականության միջոցով: Գուցե այն կյանքը, որով 30–40 տարի հետո սկսում ես ապրել, 30–40 տարի առաջ հայտնվում է գրքերի մեջ՝ գաղափարների տեսքով, հետո մտնում է կյանք: Հետո՝ գրողը պիտի իդեալ տա, պիտի ասի՝ ո՞ւր ես գնում, բայց և պիտի ցույց տա՝ ինչպիսին ես լինելու: Գուցե դա հնացա՞ծ պահանջ է գրողին:
– Հնացած չի, հնացած չի: Իդեալ պիտի տաս: Գրողը պիտի և՛ իրեն, և՛ ընթերցողին իդեալ տա: Կերպար: Առաջնորդում է կերպարը, պիտի կարողանաս կերպար ստեղծել: Էդ կերպարը հայ գրականությունը չի ստեղծել, և հասարակության առջև դրա համար էլ հայտնվեց ամերիկացիների ստեղծած կերպարը: Հայտնվեց սոցռեալիզմի կերպարը՝ ջախջախելով, մեր կուռքերի ջախջախումով սկսեց և հետո փոխարինեց մեր կուռքերին, ու մեկ էլ տեսանք, որ նրանց կերպարի ետևից ենք գնում. մեր աղջիկը նրանց աղջկա նման է հագնվում, մազերը ներկում, ընտանիքը նրանց ձևով է կառուցում ու հարստություն կուտակելու նրանց պաշտամունքին է հետևում, ու ամերիկյան իդեալը դառնում է մեր իդեալը, և քո շքերթի գլխին ուրիշի դրոշն է ծածանվում՝ քո դրոշը չի:
– Մենք հեշտ հրաժարվեցինք մեր արժեհամակարգերից, որովհետև մեզ թվաց, որ այդ կյանքից արդեն անվերադարձ հեռացել ենք և հիմա անկախ ենք՝ ուրիշ հասարակարգի, ուրիշ տնտեսակարգի մեջ ենք, մենք ուրիշ մարդ ենք: Բայց ոչ դարձանք այդ ուրիշը, ոչ ճշտեցինք՝ այդ ուրիշը ո՞նց են դառնում:
– Գոնե նրանց խորապես իմանայինք, հասկանալով իմանայինք: Հրաշալի կլիներ:
– Մենք չե՞նք կարողանում հաղթահարել մեր գաղափարական ճգնաժամը, թե՞ մենք հավիտենական սպասման մեջ ենք:
– Ֆանտասմագորիկ իրականության մեջ լինելով՝ մի անգամ չտեսանք, որ իրականության դրսևորումները հիշեցնեն գրականության էսինչ-էնինչ էջերը: Ժխտումը շատ եղավ:
– Մեզնից հետո եկողին ի՞նչ ենք ասելու:
– Ասված է՝ «Յոթ խորհուրդ գալիքի սերմնացաններին»: Եթե հասկացան...

«Օրրան», 04.09.2002 թ.

Յատուկ Երաժշտություն
Հայաստան սիմֆոնիկ պանել
Ղազարոս Սարյան

Հայաստան սիմֆոնիկ պանել

Սրճարան Պիտտորեսկ
Սրճարան Պիտտորեսկ
Խաղա առցանց