Հրանտ Մաթևոսյան
Ջաղացը
ՋԱՂԱՑԸ
1 Դիմաց սարալանջին գյուղացի մեկը մի լուծ եզնով վար էր
անում։ Եզները դանդաղ ծրում էին փոքրիկ, քարքարուտ
հողակտորը։ Գյուղացին լսում էր. «Սևանի՜ն, Սևանին... Սևան
արի՜... Հա կոտրի քու ուսը՝ թե դու Սևան ես»։ «Փախչում Է ակը,
տակին քա՛ր դիր, քա՛ր դրու տակին»։ «Սևան, Սևա՜ն... քաշի՛ր,
Սևան»։ «Պահե, պահե... պահե, այտա, ձորն Է գցում»։ Բայց
գյուղացին իր արորին Էր. այդ կանչերը, հուսահատ այդ ճիգերը,
ճիպոտի ու տնքոցի այդ ձայները նրան չէին վերաբերում։ Նրանը
քարքարուտ հողի ղռռոցը, իր մաճն ու իր եզների դանդաղ քելքն
էին։ Եվ նույնիսկ թշնամանք թե անբարյացակամություն կար
նայող ու չտեսնող նրա հպանցիկ հայացքում՝ երբ հեռվում
ծղրտացին՝ «տակին քա՛ր դիր»։ . Հա՜րի արի,– ցածրաձայն ասաց
գյուղացին իր եզներին և շտկեց արորը։ Մի անգամ էլ հպանցիկ
կողքի խեթելով, գյուղացին տեսավ հեղեղատի մյուս լանջի
զառիվերում եզնասայլը՝ որին ջաղացքար էր դրած, մեկին՝ որ քար
էր դնում անիվի ետևը, և մի ձիավորի՝ որ կարծես այս կողմ
գյուղացուն էր նայում։ Քշե՜, ցածրաձայն ասաց գյուղացին և այդ
ժամանակ լսեց.
Որ էդպես քոռացել չես տեսնում՝ հայ քրիստոնյա չե՞ս։
Գյուղացին կանգ առավ, նայեց, ասաց և մատով ցույց տվեց
ինքը իրեն.
էդ՝ մե՞նք։
Չէ, մենք, ասաց Հեծյալը. նասրանի՞ ես, թե քուրդ՝ որ
հայերեն չես հասկանում։ Դե եզներդ բեր, արի օգնի։
Արի տար,– ասաց գյուղացին և քերիչը դուրս քաշեց արորի
միջից։
էդ որ քերիչ ես հանում, ձին խթանեց ու մտրակեց
Ձիավորը,– իմ ի՞նչն ես քերելու, հը։
Գործ չունես շան հետ,– ասաց Սայլվորը, որ անիվի ետևը քար
էր դրել, հիմա ելնում էր սայլի տակից։
1
Ավ. ԻսաՀակյանի «Համբերանքի չիբուխը» պատմվածքի թեմաներով։
Ձիավորն իջավ հեղեղատ, անցավ քարքարուտ հեղեղատը,
քշած անցավ ցելը, իսկ գյուղացին սպասում էր քերիչը ձեռքերի
մեջ։ Ձիավորը հասավ ու մտրակեց գյուղացուն, պտտվեց նրա
շուրջն ու դարձյալ մտրակեց։
Որ առանց ասելու չես հասկանում, ասելո՛վ հասկացիր,–
դարձյալ մտրակեց Ձիավորը։– Դե հիմի առաջ ընկիր ու իրենց հետ
դու էլ լծվիր, ասաց Ձիավորը։
Գյուղացին գնաց մտավ իր եզների արանքը, կարծես թե եզներն
արձակում էր արորից, բայց կռացավ անցավ լծի տակից ու
փախավ իր ցելի միջով։
Շա՜ն որդի։– Ձիավորն իջավ ձիուց, լծած եզներն անջատեց
արորից և մտրակեց ցելն ի վար դեպի հեղեղատ։ Շո՜ւն շան
որդի,– և ինքը գնաց դեպի ձին, իսկ եզները ցելն ի վար վազում
էին ծանրորեն թափահարվելով։
Հետո այդ Ձիավորը նստել էր սայլի գլխին և ծեծում ու
խրախուսում էր բոլոր չորս եզանը, իսկ Սայլվորը՝ ճաղերին կպած՝
ուսն անիվի տակն էր տվել և լարվում ու պայթում էր։
Սայլը նրանք հանեցին զառիվերի գլուխ, և Սայլվորը երկար չէր
կարողանում խոսել, իսկ Ձիավորն իջավ եզների ուսից և ասաց՝
արձակելով գյուղացուց խլած եզները.
Օհան ամին բարով վրան քաշի... Ասա՝ մի երկու տարվա
կյանք է մնացել, հինը քաղել տուր ու յոլա տար, էլի, տնաշեն։
Արձակած եզները, որ նրան հիմա մի պահ դուր եկան, Ձիավորը
ետ տվեց զառիթափն ի վար դեպի հեղեղատ և ասաց չերևացող
գյուղացուն.
Արի տար։ Եվ ավելացրեց. թե՞ գնացիր թվանքով գալու։
Մի պահ կնճռոտվելով խարկված սարալանջի փոքրիկ ցելի դեմ՝
Ձիավորը ետ դարձավ իր ձիուն, որի սանձն անցըրած էր սայլի
ճաղին, և այդ ժամանակ Սայլվորն ասաց.
Օհան ամին էս էլ կմաշի, Գանձասարա որձաքար բերել կտա՝
որձաքարն էլ կմաշի ու կշարի ջաղացի դռանը ու դեռ ինձ ու քեզ էլ
կմաշի։ Սայլվորը սայլ բարձրացավ, նստեց սայլի գլխին, և այդ
ժամանակ ձիու վրայից Ձիավորն ասաց՝ մտրակի կոթով ետ՝ դեպի
քարքարուտ սարալանջը ցույց տալով.
Հրեն, հրեն, հրեն... Թող գա անպտուղ հողերում եզների հետ
արոր քաշի ու ինքը իրեն մաշի։ Ջրի հաշվին ում ասես ինքըս էլ
կմաշեմ։ Եվ ավելացրեց անհարմարության զգացումից
ծիծաղելով. էն խեղճի աչքը տվի փուլ ածի։
Տակ չի մնա, մի վախեցիր, ասաց Սայլվորը, ձիուց մի օր
վեր կբերի։
Ո՜ւր էր թե,– ասաց Ձիավորը։ Տղի ժամանակներ են, ո՜ւր է
տղա։ Վիզները ծո՜ւռ՝ ոչխարի ցեղ։ Հույսը Սասնա Դավթի վրա է
դրել կամ թե չէ ռըսի Նիկոլայ թագավորի։ Առ-ը հա՛։ Սևա՜ն արի,
քու քաշելիքն է, դու ես քաշելու, ի՜նչ ես տակուգլուխ անում։ Ինքն
արյունից վախենում ու հույս է դնում՝ թե գազանը բարի է։ Թե
աստված կա։ Թե ռըսի թագավոր կա։ էնքան որ՝ իրենից հեռո՜ւ,
հեռու լինի, ի՛նքը չլինի իր փրկիչը։ Երեխայի պես, «այլուծը բալի է,
չէ՞»։ Եթե էդքան վախկոտ ես՝ իհարկե աստված կա, իհա՛րկե ռըսի
թագավոր կա, իհա՛րկե գազանն արյուն չի սիրում ու արյուն չի
անի։
Սայլվորն այնքան էլ համաձայն չէր Ձիավորի հետ և իր սայլի
գլխից ծիծաղելով առարկեց.
- Ուժեղն ուժեղ է՜։
- Անտղամարդ կռացածության վրա ուժեղն իհա՛րկե ուժեղ է,–
ասաց Ձիավորը։
- Ուժն ուժեղինն է՜,– սայլի գլխից ասաց Սայլվորը։
- Ուժն ուժեղինն է, դու էլ ուժեղինն ես, ուժեղի բռան մեջ ես,
ուրեմն տղամարդ եղիր ու էնպես կծիր բուռը՝ որ ձեռին նայելիս
ամեն անգամ հիշի ըռխիդ չափը։
Չուզենալով առարկել, բայց նրա համար դա վերջնական
ճշմարտություն էր, Սայլվորն ասաց ծիծաղելով.
- է՛, ռեխն էլ ուժեղինն է, կծելն էլ ուժեղինն է։
- Մերն էլ քար կրծելն ու քարին քացի տալով ապրելն է, ասաց
Ձիավորը, որի ուշքը հիմա հեռու ճամփեզրին կանգնած մեկին էր։
Քար,– ասաց Սայլվորը,– ծառ, խոտ, ջուր ափսոս չե՞ն։ Մարդ
բա մարդու հետ գլուխ կդնի՞։
Հրես, հրես, հրես, հրես, էս է բոլորս էլ մարդ ենք,
մարդահաշիվ ենք,– հուսահատությունից դառը ժպտաց
Ձիավորը։ Մխո՜...
Սայլն այդ ժամանակ մոտեցել էր ճամփամիջին կանգնածին,
որի գլուխը բաց էր, ձեռքին ուտելիքի մի կապոց կար, բոբիկ
ոտների սրունքները բաց էին և ակնհայտ շաղվածի
տպավորություն էր անում։ Հեռվում բանջարանոցներ էին երևում,
մի տեղ մի պահ կայծկլտաց գետը։ Բիբլիական֊միջնադարյան ինչոր բան կար շեկ ճամփամիջին կեցած ցնցոտիավոր այդ ցնորվածի
ու բնանկարի մեջ։
Լավ, էլի, թողեք նստեմ, էլի, սայլի կողքից գալով խնդրեց
ցնորվածը՝ Մխոն։
Չի կարելի, ասաց Սայլվորը, կդառնաս Քրիստոս, կքշես
Բեթղեհեմ, ժողովուրդը քեզ խաչի կհանի։
Կնանիքը Քրիստոսին տեսել են, ծիծաղեց, հետո միտքը
լարեց Մխոն։ Ոչխար կթելիս են եղել՝ բոբիկ եկել է, կարմիր շորը
հագին, մի աման կաթն են տվել, էդտեղ նստել կերել է, բան չի
ասել, նայել ու գնացել է, բոբիկ, կարմիր շորը հագին։ Սև մորուքով,
մազը երկար։ Կարմիր շորը հագին։
էդ ոչինչ, ասաց Սայլվորը. գլխարկդ ո՞ւր է, դու գլխարկիցդ
խոսիր։
Աստված ասավ՝ «ձեռըս գլխիդ եմ դնելու, գլուխդ բաց
պահիր»։
Քեզ։ Սպասիր հալա, ո՞նց ասավ։
Ասավ՝ «ձեռըս գլխիդ եմ դնելու, գլուխդ բաց պահիր»։
Հետո, ի՞նչ տեսակ մարդ էր քու էդ աստվածը։
Վանքի նկարի նման նայում էր։
Ասավ՝ «ձեռըս գլխիդ եմ դնելու, գլուխդ բաց պահիր»։
Մխոն գլխի շարժումով հաստատեց, ապա ավելացրեց.
Ձենը լուռ էր, բայց լսվում էր։ Ասաց ու մոլորվեց Մխոն։
Հետո որ ձեռը գլխիդ դրեց՝ ի նչ է լինելու։
Եսի՞մ,– ուսը թոթվեց Մխոն։ Լավ, էլի, թող նստեմ, էլի,– սայլի
կողքից վազեց Մխոն։
Եզները մեղք են, ասաց Սայլվորը, Օհան ամուդ քարը
զոռով են քաշում։ . Բայց Մխոն արդեն չարչարվում Էր սայլ ելնել։–
Ջարդում ես, տղա, կատակով բարձրաձայնեց Սայլվորը։ Սևա՜ն
արի։
Սայլի վրա ջաղացքարին Մխոն ծալապատիկ նստել ու
երանության էր տրվել, հետո միանգամից դարձավ մտացրիվ կամ
մտածկոտ։ Սելը մեղք է, մրմնջաց Մխոն,– սռնին մեղք է, փետը
մեղք է, ինքն իր մե՜ջ տնքում է։ Քարը մեղք է։
Քարի մեջ ո՞վ կա,– քիչ հետո հարցրեց Մխոն։
Քարի մեջ ոչ ով էլ չկա, ասաց Սայլվորը։
«Ոչ ով էլ չկա», կրկնեց Մխոն, բայց ո՞վ կա քարի մեջ։
Քարի մեջ քար է, Մխո, ասաց Սայլվորը։ Բացում ես՝ քար է,
էլի ես բացում՝ էլի է քար։ Քանի գնաս՝ քար է։
Մո՜ւթ, մրմնջամ էր Մխոն, նե՜ղ... խեղդվում է։
Սայլվորը սրտնեղեց։
Քու Օհան ամու նման խելոք֊խելոք քիչ խոսիր, տղա,–
բարկացավ Սայլվորը։– Դու քու գլխարկից պատմիր, ինչ գործ
ունես քարի հետ։ Ապա եզանը. Սևա՜ն արի, գյանջեցու կնկա
նման ինչ ես կոտրատվում։
Սրընթաց, հանկարծ՝ եկավ հեծյալ կազակների խումբը, կանգ
առավ սայլը շրջապատած և նայեց, և Մխոն մտել էր սայլի տակ։
Սայլվորն ու Ձիավորը հանգիստ սպասում էին լուռ, թշնամանքով
նայող կազակների խմբի մեջ, և այդ ժամանակ Մխոն ձեռքը սայլի
տակից մեկնեց սայլի վրայի իր կապոցին։ Ձիավորն անվրդով էր,
Սայլվորը ծիծաղեց ու ասաց Մխոյին.
Դուրս արի, այ տղա, սրանք ռըսի ղազախ են, թուրքի ղազախ
լեն, ռըսին ու թուրքին էլ չես ջոկո՞ւմ, և լուռ շարժումներով
հասկացրեց կազակներին՝ թե սայլի տակ թաքնվածը պակասավոր
է։
Ա սամ տի՞,- Սայլվորին հեգնեց արհամարհանքով նայող
պետը։
Ա մի-տը պոկա ժիվյոմ վաշիմ ռազրեշենիեմ,
պատասխանեց Ձիավորը։
Նու ի ժիվիտե պոկա նազդոռովիյե,– ասաց ու խթանեց ձին՝
պետը, ետևից՝ խումբը։ նրանց հեռանալուց հետո, դեռ նայելով
նրանց ետևից, Սայլվորն ասաց.
Բա ասում ես տղա չկա։ Բա եթե տղա չկա՝ էդ ո՞ւմ են ման
գալիս, ի՞նձ թե Մխոյին։
Առանց Մխոյին նայելու, Ձիավորը զզվելով բարկացավ.
Դուրս արի, ա՛յ տղա, տակից։ Մարդ ես, մարդու ծաղր չես։
Եվ պատասխանեց Սայլվորին. Իրենք էլ գիտեն որ չկա, բայց ման
են գալիս... ման են գալիս որ չլինի... որ հանկարծ... որ՝ եսիմ։
Վերջին տղամարդ տղեն, է՜, Անիի, է՜, լոռըցի Չոփուռանց տղերքի
հետ է վերջացել։
Սայլվորը համաձայն էր և հեգնեց իրենց.
Ինձ ու քե՞զ ինչ է եղել։
Ես էս է անշուն գեղ եմ ընկել՝ անփետ ման եմ գալիս, դու էլ էդ
է ծաղրածու ես։ Հիմա իմ ու քո ժամանակն է, ասաց Ձիավորը։
Օհան ամու ժամանակն է, մի քիչ մտածելով ասաց Ձիավորը.
մարդը կռվել է, տեսել է բան չի դուրս գալիս՝ քաշվել է պատյան։
Թրի պես։ Իր ժամանակին նորից դուրս կգա։ Կարծում է դուրս
կգա, բայց դուրս չի գա, չէ,– ժխտեց Ձիավորը, էդպես էլ կփտի
կմնա։ Դե հիմա գնա նորից ծնվիր։
Մոտիկ բանջարանոցում բոստանչի թաթերը երգեցին։
Գիշերը Նադըր շահը
Նստել էր թախտին՝
Թագը գլխին...
Բոստանչի թաթը մոտիկ բանջարանոցում մարգը ջուր էր արել
և մարգի գլխին, ծնոտով ու զույգ ձեռքով բահի կոթին կռթնած,
նվում էր իր երգը։ Գլխին կարմիր թաշկինակ կապած մի ուրիշ
թաթ հարևան բոստանում կռացած Էր մարգերի մեջ։
Արևածաղիկների շարքը խաղաղ կանգնած Էր։
Գետաքարե ցանկապատից դենը բխոված մի ձի Էր արածում։
Գետը լավ չէր երևում, բայց լսվում էին տղա–երեխաների սուր
ճիչերը. երբեմն երևում էին այդ մերկ երեխաներն իրենք. ըստ
երևույթին նրանք այնտեղ ջրվեժի պես մի բան ունեին, արագ
երևում ու արագ էլ անհետանում էին, ցատկի պես մի բան էր
զգացվում։ Գետի հանդիպակաց ափին ուռենիների տակ գառների
կույտեր էին։
Գետն ի վեր, ցանկապատերի ու գետափի արանքում, որտեղից
գետը խաղաղ ու խորն էր երևում, նստած հագնվում էր սև մազմորուքով, արծվենի բարձր քթով մի Երիտասարդ։ նա նոր էր
լողացել։ Շուրջը խուլ լռություն էր, գետի մեջ ծանրորեն մի լոքո
ձուկ ցատկեց՝ լուռ, հետո Երիտասարդը տրորեց–բացեց ականջը,
և լսելի դարձան և՛ մանկական ճիչերը, և՛ թաթի երգը, և՛, երբ
ձուկը նորեն ցատկեց, ջրի չմփոցը, և Երիտասարդը քթի տակ
ծիծաղեց։
Ականջնիս բամբակ խցկենք մեր Օհան ամու նման, շշնջաց
Երիտասարդը, և աշխարհը փափուկ նայում է. ոչ ցավի ճի՛չ, ոչ
պապանձված վա՛խ, ոչ բարձրաքիթ հոխորտա՛նք, ոչ էլ հեծկլտանք
ոչի՛նչ. աշխարհը փափուկ նայում է մեզ և մենք փափուկ նայում
ենք աշխարհին ու ժպտում ենք. խուլերի նման, խուլերի նման։
Երիտասարդի դեմ, գետի մյուս ափին, ձին խաղաղ կանգնած է,
ուռին խաղաղ կանգնած է,
գառների թե ոչխարների կույտը անշարժ է ինչպես նկարի մեջ,
ցանկապատի եզրով՝ արևածաղիկների շարքը խաղաղ կանգնած է,
գետի մեջ, սալերի վրա, գորգ կամ կարպետ է տրորում լիքը
սրունքները քշտած ջահել մի կին, գետափի տաք սալերին լվացք է
փռած...
«Բայց թե տվե՞լ է աստված, կտա՞ աստված ամեն մեկիս
փոքրիկ մի... խաղաղ մի... լուսավոր մի... լավաշի չափ մի մարգ, մի
հովիտ, մանանայի մի ցող՝ մեր պապակ բերանին... որպեսզի հացի
համար մենք իրար կոկորդ լկրծենք, այլ ետուառաջ ճեմենք մեր
փոքրիկ, մեր արևոտ մարգում և նայենք ու հայենք ինքներս մեր
ներսը, ինքներս մեր ներսի տիեզերքին... քանի որ տիեզերքը մեր
ներսում է, և մնացյալը փուչ է, սառը ամայություն, պարապ ոչինչ»։
Երիտասարդը թափով իջավ, ցատկեց–անցավ առվակը և
զառիվերեց։ «Եվ չմեռնելու, ապրելու, այլև մեր հոգու տիեզերքը
հայելու համար հարկավոր է գյուղացուն՝ հող, ժողովրդին
հայրենիք, մարդկությանը երկիր... Բայց թե կցողի՞ աստված նշույլ
մանանա, որպեսզի մենք ոչնչի անապատում ոչինչ չդառնանք, այլ
ելնենք մեր երազների եզերք»։ Երիտասարդը զառիվերը ելավ, և
հիմա նրա դեմ նույն նկարեն պատկերներն են`
խաղաղ կանգնած ձին, ուռիների շարքը, գառների կույտը,
գետի կինը և, գետաքարե ցանկապատի եզրով, արևածաղիկների
շարքը։
Արևածաղիկների շարքից դենը Օհան ամու ջաղացն է։
Երիտասարդը ետ տարավ ցանկապատի հյուսածո դուռը և այդ
տաք, այդ լուսավոր, այդ խնամված, մաքուր ու գեղեցիկ բակը
մտավ կարոտով ու ակնածանքով։ Նրան սիրելի էին և՛ գետաքարե
այդ ցանկապատը, և՛ հյուսածո դուռը, և՛ ջաղացադռան
դարավանդի տաք լուսավոր պատն ու պատամիջի նախշուն
խաչքարը, և՛ ծաղկած լոբուտը, արևածաղիկները, վարունգի
ածուները, սիմինդրի թփերը, և՛ խաչքարի կողքին՝ դարավանդի
պատին հենած երեք հատ հին, բարակած ջաղացքարը։
Սակայն ջաղացպանը չկար։ Բակում ու բոստանում չէր և
ջաղացում էլ չէր։ Չխախտելով բակի այդ ներդաշն լռությունը,
Երիտասարդը կանչեց գրեթե շշուկով. «Օհան ամի»։ Ջաղացի
ետևը, ուռենու տակ, ուր քարե նստարանների մեջ սեղանի
փոխարեն մաշված ջաղացքար էր դրած, նույնպես մարդ չկար։
Կլորիկ դդումը գետաքարե ցանկապատին և դդումի մեծ, դեղին
ծաղիկը գեղեցիկ էին։ «Օհան ամի»։
Մերկ ոտքերը ջրի մեջ՝ ջահել կինը նայեց և ցույց տվեց ջաղացի
տակ ուր-որ, և այդ ժամանակ Երիտասարդը տեսավ պատի տակ
ջրելքի մոտ պառկած կարմիր գամփռին՝ որ Երիտասարդին տեսել
ու պոչը բարեկամաբար շարժում էր։ «Բողա՞ր», գրեթե շշուկով
ասաց Երիտասարդը։ Տնքոցի, քրթմնջյունի ու ջրի չլմփչլմփոցի
խուլ ձայներ էին գալիս։
- Բողա՞ր,– լսվեց ծերունական մի ձայն,– էդ ո՞վ է եկել։
Երիտասարդը մոտեցավ, կռացավ, ձգվեց, նայեց ջրելքից ներս,
բայց ներսում բան չէր երևում։ «Ես եմ, Օհան ամի, Ավոն եմ»,
ասաց Երիտասարդը և նստեց ջրելքի եզրին։
Իմ ախպոր տղեն բարով եկավ իր տուն, մի քիչ ուշացումով
ասաց ծերունական ձայնը։
Ինչ կա մեծ աշխարքում, տնքոցի հետ եկավ նույն
ծերունական ձայնը։ Մեծ աշխարքն իր գլխին է՞լ ինչ է ուզում
խաղա։
Իսկ նրա բակը և բանջարանոցը խաղաղ ու լուռ էին։
Ծիծեռնակների՞ս ես ականջ դնում, եկավ ծերունական
ձայնը։ Թե՞ արդեն թռել գնացել են։ Գարնանից, է՜, էս չարխի մեջ
թխկոց կար։ Ծիծեռնակը որ եկավ՝ էն քարը կաղալով էր
պտտվում։ Եկան, բունները վռազ կարկատեցին, վռազ-վռազ ձու
դրին, ձագ հանեցին, թռչել սովորեցրին, ձագուծնող հիմա
խառնվել են, էգուց-էլօր գնալու են վռազ վռազ, վռազ վռազ։
Կյանքը գնում է։ Արև է՝ խփեց ու անցավ։ Արևը թռչելու հետ քու
բնում պիտի ծվարած լինես։ Գարնանից, է՜,- տնքոցի հետ եկավ
ծերունու ձայնը, չարխի մեջ թխկոց կար, էգուց էլօր գցելով
հասցրի Էսօրվան. էս՝ ես եմ, մարդն է. էն՝ ծիծեռնակն է, էս էլ ես
եմ։
Օգնելու բան կա՞, ասաց Երիտասարդը։
Հիմա վերջացնում եմ, եկավ ծերուհու ձայնը և տիղմուավազ
դուրս նետվեց։ Աշխարքում ի՞նչ կա։
Հոռոմցի Մաթոս աղան մեռել Է ասում են, ասաց
Երիտասարդը։
Մաթոս աղա՛ն, եկավ ծերունական ձայնը և տիղմուավազ
դուրս նետվեց, փտած Էր, մեռած կլինի։ Արծաթե գոտու տակ
միսը պինդ էր փտածը հոգին էր, հոգու ետևից ուրեմն մարմինն
էլ է գնացել։
Տրաքել է ասում են, ասաց Երիտասարդը։
Իր չարությունն իրեն կերել էր, եկավ ձերունու ձայնը և
տիղմուավազ դուրս նետվեց, տրաքած կլինի։ Ափսոս... Մաթոս
աղան ու իր նման մարդակերպները պիտի շատ ապրեին, մի դար,
շա՛տ շատ գնային էս կյանքի միջով՝ մինչև որ ելնեին
մարդկայնության աշխարք ու քրտնեին, տանջվեին,
մարդկայնության հոգսի տակ հոգիները դուրս գար։
Երիտասարդը լսում ու նայում, մի տեսակ՝ ընկալում էր այդ
խնամված բանջարանոցը մաս-մաս, մաս առ մաս՝
արևածաղիկները, դդումը, խաչքարը, դարավանդի խնամքոտ
պատը։
Նրանք թող ապրեին հազար տարի, եկավ ծերունու ձայնը,
կարճ մեր ժամանակն էլ մեզ բավական է. արև է՝ դիպավ ու թռավ։
Չգիտեմ, ասաց Երիտասարդը, վայ թե ով ինչպես գալիս՝
էնպես էլ գնում է։ Սագի պես, ջրից ելած սագի պես չոր։
էդ էլ է ճիշտ, դարձյալ խնամված նույն բանջարանոցի ու
բակի վրա՝ եկավ ծերունական ձայնը։ Իմ ախպոր տղան մեծ
ճշմարտություն է ասում։ Բայց դե՝ եսի՞մ։ Ասում եմ՝ ծերանալու
հետ, ծերանալու հետ... ծերանալու, հիվանդանալու, հնանալու,
քայքայվելու հետ խիղճը ծակ է բաց անում ու մտնում վատ
մարդու ներսը։ Այ թե ինչու ենք ասում՝ Մաթոս աղան պիտի
ապրեր հինգ հարյուր տարի կաշին շա՜տ էր հաստ։ Հորը մտած
Մսրա Մելիքը քեզ օրինակ։
«Գիտե՞ս ինչի եմ մեծ֊մեծ բաներից խոսում, քիչ հետո՝
հարցրեց ծերունական ձայնը։
Ինչի՞։
«Տեղըս տեղ չի, եկավ ծերունական ծիծաղը, տեղըս տեղ չի,
դրա համար էլ մեծ բաներից եմ խոսում։ Այսինքն թե՝ էս ես չեմ, որ
ցրթոնում դողացնում եմ։
Գա՞մ օգնեմ։
Կարճ կոթով բահը դուրս նետվեց ջրելքից, հետո կացինը
ձեռքին ծնկասող ելավ, արևի մեջ կկոցվեց ու ժպտաց ծերունին՝
Օհան ամին։ Կռացավ, ձեռքերը լվաց, սրբեց արխալուղի փեշով ու
եկավ բարևեց.
Բարով տեսանք մեր ախպոր շնորհքով տղին, մեր ցեղի ու
հայոց մեր խեղճուկրակ ազգի պարծանքին։ Ծերունին ցրթոնում
թրջվել էր, պիտի գնար հագուստը փոխելու։ Ի՞նչ կա, ի՞նչ է ասում
Ֆիրդուսին, Խայա՞մն ինչ է ասում, ա՜ Հաֆըզը, ի՞նչ է ասում էս
խուլ աշխարքին մեծ արևելքը։ Աբու-Ալադ ի՞նչ բանի է։
Հնար կա, ուզում եմ Եվրոպա անցնեմ, ասաց Երիտասարդը։
Ծերունու բացականչությունը դուրս թռավ միանգամից, մի
տեսակ իրենից անկախ.
Ա՜ կորցրու էդ փչացածին, եկավ աղտոտեց քրիստոսի
արևելքը։ Այսինքն, շորի փեշը քամելով, քիչ հետո ասաց
ծերունին, աշխարք է, գնա տես ու արի երկրիդ վիճակի վրա
դիվոտիր։
Օֆ, արևը լավ բան է, ասաց ծերունին, բարի, տաք,
հավասար, թե՞ իմ արյունն է արդեն դանդաղել։ Աբու-Մահարիդ
ո՞ւր է հասել։
Գնում է, ասաց Երիտասարդը։
Փախչում է, ծիծաղեց ծերունին։
Փախչում է, կամուչկամ համաձայնեց Երիտասարդը։
Հայհոյելով փախչում է, ծիծաղեց ծերունին, հայհոյում ու
փախչում է։ Ծեծել են փախչում ու հայհոյում է, փախչում ու
հայհոյում է։ Ծեծե՞լ են, հարցրեց ծերունին,
Կյանքը, էսպես, տատամսելով համաձայնեց Երիտասարդը,
մարդուս բնույթի քննությունը, էսպես...
Հը՜ը տխրեց ծերունին. բոլորը գնում են, բոլորը փախչում
են, բոլորը դեսուդեն են խփվում... տանում, հեռացնում են բոլորը
իրենց՝ ինչի՞ց, ումի՞ց։ Ուր են փախչելու իրենք իրենցից։ Էստեղ է,
էստեղ, ծերունին ցույց տվեց կուրծքը, կրծքի ներսը. մի շան
տխրություն է դրած, որ բռնեց՝ շան նման կօռնեցնի։
Քարոտ սարալանջով ցաքուցրիվ արշավեց հեծյալ կազակների
ջոկը, սմբակների տակից քարեր էին փախչում ու գլորվում, ջոկը
լեռան ուսը ելավ, խմբվեց, կանգ առավ, լեռան ուսից դիտեց
շուրջը, իր մեջ շտկվեց և երկար ու կարծես հետաքրքրված՝ դեպի
ջաղաց, հետո խթանեց ու անհետացավ լեռան ետևում։
Ինձ են փնտրում, հեգնեց ծերունին, ես էլ ջահել ու
զինավառ կտրիճ եմ, երանի ինձ. իմ ջահել, իմ հպարտ սարի
գլխից՝ թե իշխանություն, թե ճիճու։ Ուշացել են, ուշ են փնտրում
էդ երբ է՜ր։
«Իրենց գործն էլ չի հեշտ, դժվար գործ է իրենց գործը,
Երիտասարդից առարկություն սպասելով՝ վճռականորեն ասաց
ծերունին. մարդու հետ է իրենց գործը, մարդը քիչ է՝ ժողովրդի
հետ է հազար ցանկություն, հազար դժգոհություն, հազար՝ ե՛ս,
կենդանի չի, բույս չի, որ սամիթ ցանես՝ սամիթ ծաղկի,
արևածաղիկ ցանես՝ արևածաղիկ, է՜, պայծառ... մարդու հետ է
իրենց գործը. դու էս ես ասում՝ ինքն իրենն է մտածում. չի
մտածում, եռում է. եռում ու տալիս պայթում է, դե գնա ու
քրիստոսի քո հորդորով ճեղքը ծեփիր։ Կծեփե՞ս։ Հը՞, Բողար,
մտասույզ ասաց ծերունին»։
«Այսինքն, ասաց ծերունին, քու վերջն էլ էնտեղ է գալիս՝ որ
սկսում ես թշնամուդ փոխարեն մտածել, թշնամուդ ցավի,
ուրախության տեր անել... Էդտեղ արդեն մոլորվում ես ու էդ
արդեն քու վերջն է։ Եթե թշնամի ես ու թշնամություն ես անում,
ուրեմն մի աչքըդ քոռացրու ու մի ականջըդ խլացրու,– չարությամբ
ասաց ծերունին, սպանիր ու մի լսիր, տրորիր ու մի մտածիր։
Հերոսն էդպես է հերոս։ Բայց հենց աչքը տեսավ ու ականջը լսեց՝
իր խղճի ձեռին մոլորված հերոսը կանգ է առնում, այ հենց էդտեղ
էլ շղթայի են զարկում հերոսիս ու վերջը էդ է։ Հը՞, Բողար»։
Քիչ հետո՝ շան մասին.
է՛, պատմությունից ու նախապատմությունից էլ առաջ
աստված ինչ էություն որ դրել է էս մորթու տակ էս շան մեջ՝ էդպես
էլ կա միամի՜տ, կես տաք կես սառը մոխրի պես, կա ու չկա։
«Բայց մարդը շատ է փոխվել, շա՛տ շատ է փոխվել մարդը,
ասաց ծերունին, Քրիստոսի ժամանակներից չէ, հենց իմ օրոք իմ
կյանքի ժամանակ մարդկությունն այլակերպվեց, մարդկությունն
ուռա՜վ... Քրիստոսի խեղճ հագուստը ծվեն-ծվեն է լինում
մարդկության վրա։
«Լավ ես անում, սթափվեց ծերունին, լավ ես անում՝ որ գնում
ես. Եվրոպա թե մեր էս քանդվածում՝ օռնոցն օռնոց է, բայց դե նա
Եվրոպան է, նա գոնե թույլ է տալիս օռնալ սրտիդ ուզածի չափ։
Գնա։
Հա՜րս, կանչեց ծերունին։
Գետի սալերին գորգի վրա ծնկած հարսը գլաքարով տրորում
էր գորգը։ «Հարսի՜կ», կանչեց ծերունին։ Թվաց թե հարսը լսել է,
հիմա սրանց է շրջվելու, բայց չէր լսել, գլուխը կախ իր գործին էր։
Ախպորս տղի հետ էսօ՜ր բաժակ ենք զարկելու, ասաց
ծերունին և նորից կանչեց, հա՜րս, հարսիկ։
Չի լսի։ ասաց ծերունին և քար վերցրեց ըստ երևույթին
հարսի կողմը գետի մեջ շպրտելու, և ժպտաց. Կանաչ կտրիճ ենք
դառել, հարսների վրա քար ենք շպրտում, և այդ ժամանակ
Երիտասարդն ասաց.
Եվրոպան էն է, որ վայրենուց դեպի մարդ գալու
ճանապարհին ինչ գտնում է՝ պահում է, չի կորցնում։ Եվրոպան
էդպես գտնելով ու չկորցնելով է դարձել Եվրոպա։
Մաս-մաս, կիծի-պիծի, քիչումիչ, գրոշ-գրոշ, զզվեց
ծերունին, ո՜ւր է արևելքի շռայլ մարդկայնությունը։
Մասը մասի վրա, մասն էլ մասերի վրա՝ եղավ շոգեքարշ,
պո՜ւուու, ծիծաղեց Երիտասարդը։ Իսկ շռայլ արևելքը, մենք էլ
շռայլ արևելքում էսօր մուրացկանի վիճակում ենք։
Ա դե արևելքն էլ չգիտես շռայլ է թե փնթի, ասաց ծերունին,
ծնում ու կորցնում է, ստեղծում ու մոռանում է, գնդում ու շպրտում
է ազգեր, ցեղեր, վարդապետություններ։ Քրիստոս է ստեղծել ու
քրիստոնյա մի ազգ չունի, էս է մենք ենք, մենք էլ ես ինչ իմանամ
քրիստոնյա՞ թե անհավատ ենք։
Դու քրիստոնյա ես, ասաց Երիտասարդը, դու արդեն
քրիստոնյա ես։ Բայց ժամանակին, պատմում են, քու աստվածը
ինքըդ էիր։
Ես քրիստոնյա եմ ու իմ քրիստոնեությունը ես եմ ստեղծել,–
ասաց ծերունին. ես կռվով սկսել ու արյուն-քրտինք տալով եկել
հասել եմ իմ ջաղացին։
Աստված նեղսիրտ չլիներ ու տար ամենքին քու ջաղացի պես
մի ջաղաց, իրենց ջաղացի շահով ամենքն ապրեին,– թաքուն
խայթեց Երիտասարդը։
Ծերունին սրվեց։
էս աստծու երկնքի տակ էս բարի արևի մեջ, ասաց
ծերունին, կա բոլորի համար էլ երկու ծառի-թփի, երկու մարգ
լոբու տեղ։ Իսկ ինչը որ չկա՝ էդ արդեն չկա։ Աչքի կշտություն է
հարկավոր, աչքի, ասաց ծերունին։ Աչքի լիություն է հարկավոր։
Ո՞րտեղից։ Աշխարքը լի՞ է՝ որ աչքը լիանա։ Կամ, որ աշխարքը
լիանա՝ աչքը կլիանա՞։ Անտակ ծով։ Կամ, աշխարքը ո՞նց է
լիանալու։ Եղածը էս է։ Ներսը, ներսը, ներսը, աչքը լիացնողը ներսն
է, բայց էս հազար-հազարներից քանի մարդ կկարենա ականջ
պահել իր ներսի մի պտղունց բարուն, խղճի էն հատիկին՝ որ կա ու
չկա, որ կորած է ագահության ու անասնության յոթ կաշվի տակ։
Անընդունա՜կ, չկամեցո՜ղ։ Չինգիզ-խանն, ասում է, աշխարքի կեսը
ոտի տակ, հարեմը լիքը աղջիկ՝ էլի չի կշտանում. պառկել սատկում
է քյոփակը՝ աչքը էլի աղջըկերքին է, մատները քսում է մատաղ
ստինքներին քսում է իր նեղ աչքերին, իր փառակալած աչքերին։
Երիտասարդն ասաց.
Բա էդ գեղեցկությունից կշտանալը հե՞շտ է, էդ ծով
գեղեցկությունը թողնել գնալը հե՞շտ է։
Ծերունին կասկածանքով Երիտասարդին նայեց, հետո գետի
հարսին, ապա դարձյալ Երիտասարդին նայեց և կարծես թե
հաստատեց.
Ուրեմն հասկանում է, որ լավն են, որ գեղեցիկ են։
Չինգիզ-խանը չէ՝ ամեն մի անասուն է էգի հմայքը
հասկանում, աստված էդպես է ստեղծել, միամտված ասաց
Երիտասարդը։
Փիե՜ե, հուսահատվեց ծերունին. ես իմ կեղտոտ ոտաշորը
լվանալու իմ հարսին տամ՝ թե ինչ է նա կին ու ջահել է ու լավ է
լվանում։ Բայց իմ շորից արդեն մեռելահոտ է գալիս, չէ՜, բա մեղք
չի՞, որ իմ հոտած շորը էն ջահել ձեռներին տամ։ Մեղք է։ Չինգիզխանը՝ Չինգիզ-խան, բայց էն աղջկերքը սսնահարվում են, չէ՜,
ասաց ծերունին, փշաքաղվում են, չէ՜, զզվանքից, ինչպես միայն
մատաղ մարմնի փուշը դուրս կտա, փուշները դուրս է տալիս, չէ՜։
Երիտասարդը համակրանքով ծիծաղեց թե քմծիծաղեց։
Չի ասվի, ասաց Երիտասարդը. երևի թե ամեն մեկն իրեն
առաջ է գցում՝ որ տիրակալի ձեռքն իր մարմնին քսվի։
Թո՜ւ, զզվեց ծերունին։
Բա՛, հաստատեց Երիտասարդը, որովհետև մարդու
ստորության ձորն անդունդ է։
Անբարձրանալի է նաև մարդու, է՜, բարձրության կատարը,–
ասաց ծերունին. ուրեմն դու ո՞ր իրավունքով ես, անասուն, քու
կաղ ոտը դրել մարդու գլխին ու կոխել մարդուն ցածության ձորը։
Կաղը Լանգ-Թեմուրն էր, ասաց Երիտասարդը։
Բոլորը նույն աղբն են, ասաց ծերունին. ով իրեն իրավունք
է տալիս բրիչ առած ջնջել մարդու ճակատի աստվածային գիրը և
մարդու աստվածային ճակատին փորել իր գիրը՝ բոլորը նույն
աղբն են։ Դրանք չպիտի ծնվեին։ Քանի ուզենային ծնվել՝ դրանց
պիտի ետ տայիր, քանի ուզենային էս աշխարհ մտնել՝ պիտի
դրանց ետ ղրկեիր գնա խելքի արի ու նոր համեցիր էս լույս,
մաքուր, միամիտ աշխարհ։
Վայ թե մեռնելուս ժամանակն է, քիչ հետո ասաց ծերունին.
օրն ինչպես էլ լինում է՝ իրիկվա դեմ մի պայծառ արև է անում։ Վայ
թե վերջացրել եմ իմ ժամանակը։
Ձեռքի փոքրիկ կապոցը Երիտասարդը ծերունուն տվեց.
Չայուշաքար է, տնեցիք ղրկեցին։
Ձիավորն ու սայլը երևացին։
Սայլվորը սայլի գլխին Մխոյին նստեցրել էր կողքին ու նրա
համար երգում էր.
Ելեք տեսեք ով է կէրել զնետ,
Ելան տեսան ժանգն Է կերել զնետ.
Ելեք տեսեք ով Է կերել զժանգ,
Ելան տեսան յուղն Է կերել զժանգ,
Ելեք տեսեք ով Է կերել զյուղ...
Մուկը, ուրախացավ Մխոն։
Ապրես, մուկը, ասաց Սայլվորը։ Հիմի ետ ենք տալիս, էդ
բոլորը հավաքում, «Յուղը ժանգին, ժանգը նետին, նետը
հավքին»...
Ժանգի տերը մեռնի, ասաց Ձիավորը, ժանգին բա՞ն
կհաղթի։
Դե իմ ու Մխոյի յուղը հաղթեց, էլի, ասաց Սայլվորը։ Չէ՞,
Մխո, իմ ու քու յուղը չհաղթե՞ց ժանգին։
էդ՝ երգի մեջ է հաղթում, ասաց Ձիավորը։
Դե Մխոն ու ես էլ երգի մեջ կմտնենք ու դուրս չենք գա։
Ելեք տեսեք ով Է կերել զմուկ,
Ելան տեսան...
Հը՞, Մխո, մկանն ո՞վ կլինի կերած։ Մկանն ով ասես կուտի,
մկան եղա՞ծն ինչ Է։
Սայլը ջաղացի դուռը հասավ, և Սայլվորն ասաց ծերունուն ու
Երիտասարդին. «Երեխան ղազախներից վախեցավ, կարծեց
թուրքի ղազախ են, չհասկացավ՝ որ ռըսի ղազախ են։ Չգիտի, որ
ռըսի ղազախը ջոկ Է, թուրքինը՝ ջոկ»։
Հեծյալը ձիուց իջել Էր. ձին նա կապեց ցցին և եկավ կանգնեց
ծերունու առաջ. «Բերեցինք ջաղացքարդ, Օհան ամի»։
Բարով տեսանք, և ծերունին ձեռքը ճակատին տարավ։
Սայլվորը Մխոյին համոզում Էր ոտքը եզան մեջքին դնել ու
ցատկել («Խփիր ու թռիր»), բայց Մխոն ուզում ու չէր ուզում։ «Եզը
մեղք է», և շփոթված Մխոն իջնելու գնաց սայլի ետևից։ «Այ քու
տղա ասողի», քրթմնջաց Սայլվորը և կանգնեց սայլի մեջ պարկերի
մոտ, «Ղազախներից գեշ է վախեցել». Հեծյալն այդժամ կանգնել
էր սայլի մոտ, և Սայլվորը սայլի եզր քաշեց պարկը, Հեծյալին
օգնեց շալակել լիքը պարկը։ Մխոն մոտեցել, կանգնել էր ծերունու
առաջ և երեխայի թափառիկ հայացքը ման էր ածում շուրջը ինչ
է պակասել ու ավելացել բակում։
Ճակատիդ մեռնեմ, մրմնջում էր ծերունին, գառը ջան,
աստծու գառը ջան։
Պարկի տակից, ջաղաց անցնելով, Հեծյալն ասաց.
Ես քեզ համար պողովատիկ քար եմ բերել, Օհան ամի, նախ
իմ հատիկն ես աղալու, իմ քարը եթե մի պտղունց փոշի տվեց իմ
երեխեքը թող հացի տեղ քար ուտեն։
Եթե լուսահոգի հորըդ տղեն ես...– ասաց Օհան ամին, իսկ
Հեծյալն այդ ժամանակ, պարկը շալակին, մտել էր ջաղաց։
Ճակատիդ մեռնեմ, ո՞նց ես, նույն փաղաքուշ մրմունջով Մխոյին
դարձավ Օհան ամին և հուշեց նրա պատասխանը. Ասա լավ եմ։
Լավ եմ, ուշադրությունը ցրված ասաց Մխոն։
Ճանաչո՞ւմ ես, գիտե՞ս ով է, Երիտասարդի մասին հարցրեց
Օհան ամին Մխոյին։ Սա ուսը թոթվեց՝ հը-ը։ Պետքդ չի՞, ժպտաց
Օհան ամին։ Պետքդ չի, դու առանց գիտենալու ես պայծառ,
մեռնիմ պայծառ ճակատիդ։
Ռըսի ղազախ էր պտտվում, երեխան գեշ վախեցավ ռըսի
ղազախներից, սայլի վրա պարկերի մեջ կանգնած՝ ասաց
Սայլվորը։
Երիտասարդի բերած նույն այն կապոցից Օհան ամին մի կտոր
շաքար տվեց Մխոյին, և ատամների տակ գցելով՝ Մխոն սկսեց
աղմուկով ծամել, իսկ Օհան ամին ասաց.
Ինքն է բերել, քանի տեսնես իրեն՝ հիշիր որ քղցր է, քանի
մարդ կտեսնես՝ հիշիր որ շաքար ունեն, մեռնեմ պայծառ
ճակատիդ։
Ռըսի ղազախից ես էլ շատ վախեցա, Օհան ամի, ծիծաղեց
Սայլվորը։
Հորս տղեն եմ, Օհան ամի, եկավ ու դարձյալ պարկի տակ
մտավ Հեծյալը, ու հորըս պողպատի քարհանքից էլ հանել եմ
քարըդ։
Կռներըդ զորանան, օրհնեց ծերունին Հեծյալին՝ որ իր ծանր
պարկի տակ ջաղաց էր անցնում։
Սայլվորը եզները հանեց սայլի տակից, սայլի գլուխը
բարձրացրեց դրեց գետաքարե ցանկապատին, արձակեց
ջաղացքարը սայլին կապող պարանները, Հեծյալն այդ ժամանակ
ջաղացից եկել էր, ինքը Սայլվորն ու Հեծյալը զսպեցին կլոր
փայտերի վրայով իջնող ջաղացքարի թափը, քարը կողքի
կանգնեցրին, անցքի մեջ սռնի անցըրին և գլորելով քաշեցին
ջաղացքարը ցանկապատի դռնով ջաղացի բակ։
Բարով բանեցնի Օհան ամին էս էլ, սրանից հետո դեռ մեկն էլ
ու մեկն էլ ու մեկն էլ,– ցանկապատի դռնից բակ մտնելու հետ
ասաց Հեծյալը։
էդ արդեն ագահություն կլինի, կյանք չի լինի,– ասաց Օհան
ամին։– Իմ դարը ես գլորել եմ, ծերացե՜լ եկել հասել եմ իմ ծերին։
Ցանկապատի դռան մեջ Օհան ամին կանգնեց նրանց դեմ և
կանգնեցրեց նրանց, շոյեց քարը, նորեն շոյեց, դանդաղ՝ դարձյալ
շոյեց և, ձեռքը քարին, ծոցի գրպանից հանեց քսակը։
Մաթոս աղան Հոռոմագեղ մեռել է,– ասաց Մխոն։
Օհան ամին լավ գիտեր քարի արժեքը, քարտաշ վարպետի
արժեքը և ոսկիների արժեքը՝ որ նա Հեծյալին տվեց, մի տեսակ
ծիսականորեն մատուցեց հատիկ առ հատիկ՝ երեք հատիկ,
սեղմելով-դրոշմելով դրանք Հեծյալի ափի մեջ։ «Քու արդար
քրտինքն է», շշնջաց ծերունին։ Եվ Սայլվորին՝ մեկ հատ ոսկի և՝
«Քու արդար քրտինքն է, ապրես»։ Եվ Հեծյալին՝ «Ապրես», և
երկուսին՝ «ապրեք», և քսակը ծոցագրպանում տեղավորելով,
հանգամանորեն տեղավորելով, ուշքը քսակի հետ կարծես ծոցում,
նոր միայն անդրադարձավ հառոմցու մահվան լուրին.
Օղորմի կողքի մեռելներին, քանի որ գծուծ, դավաճան,
խղճակեր ու խեղճակեր մարդ էր, իր խիղճը լափել ու խեղճերին
ուտում էր։ Ասում եք մեռել է։ Չի մեռել սխալ էր ծնվել, գնաց՝ որ
նորից գա ու էս անգամ ճիշտ գա։ Մսրաց Մելըքի պես։ Համեցեք։
Նոր ջաղացքարը նրանք թողեցին մաշված քարերի մոտ
խաչքարի տակ և մտան բոլորը ջաղաց՝ հանելու հին քարը։
Կիսախավար խորհրդավորության դեմ, ուր պատուհանից ընկած
լույսի շեղբի մեջ դողդղում էր պատի կիսատ խաչքարը, Մխոն մի
պահ ընկրկեց։
Հոռոմցի կնանիքը կարմիր Նեռին տեսել են, ասում են
աշխարքը կործանվելու փուլ է գալու, ասաց Մխոն։ Կթի տեղը,
եկել կանգնել նայել է, մի աման կաթն են տվել, խմել, նայել ու
անցել է։
Տղամարդիկ այնտեղ կիսախավարի մեջ իրենց գործի վրա
չարչարվում էին, տնքոցի միջից մեկը, երեի Հեծյալը, հեգնեց՝ «Չէ,
չէ»։ Հետո, երբ տեղից հանել ու դեպի դուռն էին գլորում
ջաղացքարը, Հեծյալն ասաց.
Ո՞ւր է Նեռըդ, ցույց տուր, ձեռուոտը կապեմ, քշեմ Սիբիր։
Նեռը ի՞նչն է, հարցրեց Մխոն։
Դրսի լույս բակում հին ջաղացքարը նրանք հին քարերի շարքով
հենեցին դարավանդի պատին, և Հեծյալն ասաց.
Թե՝ պետք է քշեմ քեզ էնքան հեռու,
Որ էլ չտեսնես արևը Լոռու,
ինչին ջաղացպանն արձագանքեց.
Ավոս Հովհաննես Թումանյանի ընկերն է, տղերք։
Ջաղացի ներսը Մխոն խավարի մեջ տեսավ անկյունում
պատնիդուրս կանգնած մեկին, որն այդ պահին, իր տեսնվելու
հետ, մատը լռելու նշանով բերանին տարավ։ Սարսափած Մխոն
ետ-ետ արեց դեպի դուռը և շուռ գալու հետ որպես ստվերի սահք
տեսավ թաքնվածի վազքը ջաղացով մեկ։
Նեռը մտել է ջաղաց, մտել է ջաղաց, Նեռը մտել է ջաղաց։ Այդ
լույս բակում այդքան քիչ մարդու մեջ Մխոն դժվար գտավ Օհան
ամուն ու կպավ նրան։ Կարմիր Նեռը ջաղացում է, ջաղացում է։
Ոտնաձեն ճիշտն ասած ես էլ լսեցի, ասաց Սայլվորը։
Ծերունին ու Սայլվորը քայլ արին դեպի ջաղաց, բայց Մխոն
ծերունուց կախվել, չէր թողնում, Դու մի գնա, մի գնա։ Եվ
ծերունին մեղմորեն Մխոյին հրեց Երիտասարդի մոտ.
Նեռն ո՜ւմ դռան շունն է՝ որ վախենում ես Նեռից։ Մեզ նման
մարդ է Նեռը, Նեռից բա կվախենա՞ն։
է՜, Մխո, մուրճն ու հատիչը ձեռքին՝ ջաղացքարի մոտ ծնկեց
Հեծյալը։ Բա դու մեղք չե՞ս, որ էդպես վախենալով ապրում ես։
էդպես վախենալով ինչքա՞ն ես ապրելու, Մխո։ Ռըսի սալդատից
վախենում ես... թուրքի ասկյարից վախենում ես... հայի ղաչաղից
վախենում ես... ինձանից էլ ես վախենում, Մխո, մեղք է էդպես
ապրելը, ասում ու քարի պոտոքը հատում էր Հեծյալը։
Ծերունին ու Սայլվորը ելան ջաղացից։
Մեզ նման, ինձ նման մարդ է Նեռը, դու քու Օհան ամուց
կվախենայի՞ր։ Փորը ցավող մարդուց բա կվախենա՞ն,– ասաց
ծերունին, և Երիտասարդը ժպտաց։ Գնա հարսին կանչիր,– ասաց
ծերունին և ինքը բանջարանոց մտավ համեմունք քաղելու։
Հարսից չվախենաս, Մխո, իր քարի մոտից ծիծաղեց
Հեծյալը։
Համեմունքի ցողունները ծերունին պոկում էր գուրգուրանքով,
հատիկ-հատիկ, պոկելով իրար նման երկու վարունգից ոչ թե այս,
այլ մյուսը։ Այդ ցողունների, այդ վարունգների, այդ ծաղիկների
կարճ կյանքը ծերունին գիտեր ժամ առ ժամ։ «Վայ ինչ համով ե՜ս,
վայ ինչ հոտով ե՜ս, բա չգիտե՞ս, որ չի կարելի էդպես համով-հոտով
լինել - բկլիկ պապիկը քեզ կուտի», մրմնջում էր ծերունին
ռեհանների վրա ու պոկում։ «Աչիկդ բացել ե՞ս, ախչի, բարի լույս,–
մրմնջաց ծերունին վարունգի ծաղկի վրա.– բարով եկար մեր լույս
աշխարհ։ Ի՞նչ կար, ի՞նչ չկար էն հեռու, անհայտ խավարներում»։
«Պահ-պահ-պահ, ծիծաղեց ծերունին դդումի վրա որ բարձրացել
էր ցանկապատին, հպարտացել-փքվել, ո՜վ է բարձը՜ր, ո՜վ է
բոբո՜շ։ Դու,– ասաց ծերունին, բարձրն արդեն դու ես, քու պապից
անցել ես»։ Ծերունին շտկվեց, և նրա աչքերի առաջ արևածաղկի
մեծ, պայծառ երեսն էր։
Ծերունին հմայվեց մնաց։ «Անասունի պես ուտում ու ասում ենք
խոտ ես, շշնջաց ծերունին։ Խոտը՝ խոտ ես, բայց նայում ես, չէ։
Նայում ու տեսնում ես, չէ։ Նայում ու ի՞նչ ես մտածում, ինչի՞ց ես
մտածում, քու միջից ո՞վ է նայում, մեր մասին ի՞նչ է մտածում։ Տե՜ր
աստված»։
Երբ ծերունին բոստանից ելավ, հարսն արդեն հաց էր գցել. դա
քրիստոնեորեն գեղեցիկ սուփրա էր տղամարդկանց թվով կավե
ամաններ՝ յուրաքանչյուրի մեջ մեկ ձուկ, կենտրոնում կավե ամանի
մեջ՝ տասը հատ ձու, կավե աղադրիի մեջ՝ աղ, կավե ափսեի մեջ՝
պանիր, սպիտակ թաշկինակի վրա՝ լավաշ։ Հարսը ելավ սփռոցի
վրայից, ծերունու ձեռքից առավ համեմունքի ծղիկը, երկու դարսով
դրեց սփռոցին։
Աղքատությունը անճոռնի բան է, ասաց իր սեղանից գոհ
ծերունին. ու փառք աստծու, որ աղքատության ուղտը դեռ մի
անգամ չի ծնկել իմ դռանը։ Ունենալը սիրուն բան է, համեցեք։
Հացի շուրջը նստոտեցին։
Մենք մեր տեր Հիսուսից խելոք չենք, չնայած ինքն էլ մարդու
ճակատին նոր գիր փորողներից էր, ինչ որ ինքը մեզ սովորեցնում
է՝ ասենք. հանապազօրյա հացիդ համար շնորհակալ ենք, տեր, որ
երկնքում ես... սփռոցի գլխին ծալապատիկ՝ ասաց ծերունին և
այդտեղ մի բանի պակաս զգաց։ Ծերունին ելավ, շրջանցեց
ջաղացի անկյունը, քրթմնջալով կրկնեց հանապազօրյա մեր հացի
աղոթքը և պատի երկայնքով գնալով՝ շարունակեց քրթմնջալ. «Թե
ինչո՞ւ ես էդքան հեռացել, տեր, որ երկինք ես հասել ու միայն
երկնքում ես... Քեզ ո՞վ է, գազան, իրավունք տվել մարդուն էնպես
վախեցնել՝ որ հեռանա, վերանա, հասնի երկինք... որ ծակուռը
մտնի... որ պապանձվի ու ծաղկի միջից պապանձված նայի»։
Ծերունին հիմա ջաղացում էր, թարեքից վերցնում էր կավե
բաժակը։ Ձեռքը թարեքին՝ ջաղացի կիսախավար լռության մեջ
ծերունին զգաց, որ ջաղացում ինքը մենակ չի, մեկը այդտեղ
թաքնված է։ Ծերունին նայեց այնտեղ՝ արևի շեղբի մեջ,
ջարդված խաչքարն էր, այնտեղ՝ բուխարին, այնտեղ՝ ամբարը,
այնտեղ՝ պատից կախ չոնգուրը, այնտեղ ջաղացքարը։ «Տեր
աստված», շշնջաց ծերունին և ձեռքը քունջը տարավ օղու շիշը
հանելու։ Եվ անշարժացավ, ականջ պահեց և իր համար էլ
անսպասելի հարցրեց.
Ո՞վ ես։
Ոչ մի պատասխան։
Ո՞վ ես, դուրս արի։
Լռություն։
Ո՞վ ես,– մի քիչ զայրացավ ծերունին, հա՞յ ես, թո՞ւրք ես,
քո՞ւրդ ես ով ես։
Ո՞վ ես, ոգի՞ ես, սատանա՞ ես, ո՞վ ես, զայրացավ ծերունին։
էստեղ ջահել կինարմատ կա, վախեցած երեխա կա ո՞վ ես։
«Քեզ նման մեկը», ասացին։
Ինձ նման՝ իսկի ես էլ չեմ, ժպտաց ծերունին, դու էդ ո՞նց ես
ինձ նման, հետն էլ ծակն ես մտել, և ծերունին նայեց բուխարու
ծակն ի վեր։ Այնտեղ մարդ չկար։ Ո՞րտեղ ես, դուրս արի։
«էստեղ», ասացին։
Ծերունին կանգնեց ցրթոնի գլխին։ Ծակն այդտեղ շատ էր նեղ,
անհնար էր՝ որ մարդը կարողանար այդ ծակով անցնել։
Ո՞վ ես, ասաց ծերունին։
«Մարդ, ասացին, քեզ նման մեկը»։
Բա ո՞նց մտար էս մկան ծակը, ծիծաղեց ծերունին։
«Ասում են քու ժամանակին դու էլ ես մտել», ասացին։
Դե ոնց մտել ես՝ էնպես էլ դուրս արի ու էս ջաղացից գնա,
ասաց ծերունին։
«Հետն էլ գլխիդ բերանբաց ժողովուրդ ես հավաքում պատմում՝
թե դավաճան մարդիկ քեզ մատնեցին», ասացին։
Ես իմ կռիվը կռվել վերջացրել եմ, դուրս արի հեռացիր
էստեղից, ասաց ծերունին։
«Դու քու կռիվն ես կռվել, իմը չես կռվել», ասացին։
Հինգ ջաղացքար եմ մաշել, ասաց ծերունին, քու մեծն եմ՝
ասում եմ. դուրս արի քեզ տուր օրենքին։
«Առաջինը քու չեղած արյունը կթափեմ, բիձա», ասացին։
Վահ, ասաց ծերունին, վախըդ ուրեմն էդքան մե՞ծ է։ Դե
եթե էդքան մեծ է վախըդ՝ հրացանն ուրեմն քու բանը չի, դուրս
արի։
«Ջաղացըդ՝ տակիդ, ասացին, հարսներըդ ու տղերքըդ
կողքերիդ կանգնած, կյանքըդ՝ ապրած իմ վախկոտությունից
դո՞ւ ես խոսում»։
Իմ ջաղացում ինձ ապավինածին մատնելը իմ օրենքում չկա,
ասաց ծերունին, էդ իմ օրենքում չկա. Բայց որ թվանք ես առել ու
մտել ծակուռը, ի՞նչ ես անելու, այ որդի։
«Ինչ որ կանեմ՝ հետո կիմանաս», ասացին։
Քու հետոն ես վաղուց եմ տեսել ոչինչ, ոչ մի բան էլ չես
անելու. մենակ՝ ջաղացիս անունն ես վեր հանելու, մեկ էլ չարխը
կարող է փչացնես էդ երկու բանը կարող ես, բայց դուրս արի
հանձնվիր, ասաց ծերունին։
Չէին պատասխանում, և ծերունուն թվաց, թե հնազանդվել են։–
Մեկին ճիշտ կսպանես, երկուսին ճիշտ կսպանես, երրորդին
անարդար տեղը կսպանես, այ որդի, ու խիղճըդ քեզ կտանջի,
կտանջի, մեղք ես, ասաց ծերունին։ Չէին պատասխանում, և
ծերունին դարձյալ հորդորեց. էստեղից չես կարող պատի
տակով ջրի տեղով դուրս արի, պատի տակով։
«Գործիդ գնա, բիձա», ասացին։
Օրենքն էլ մարդիկ են հնարել, այ որդի, ասաց ծերունին,
«Իրենց համար են հնարել իրենց օրենքը», ասացին։
Ոչինչ էլ չես անելու, խնդրեց ծերունին, ախր ոչ մի բան էլ
չես անելու։
«Գործիդ գնա, հրամայեցին, ու էդ ժողովրդին էստեղից շուտ
քշիր»։
Աստված, աստված, քրթմնջաց ծերունին, դեպի դուռը եկավ
և երբ արևլույս բակ ելավ թաքուն ժպտում էր։
Ի՞նչ էինք ասելու, արդեն սեղանի գլխին, օղու բաժակը
ձեռքին՝ ասաց ծերունին, հա, որ էս հազար-հազար տարի մարդը
ծնվում է ու ամեն անգամ տկլոր է ծնվում մարմնով տկլոր ու
մտքով տկլոր։ էս, համարիր, սուրբ գիրքն է ասում, ես չեմ ասում։
Մխոյին. Մեռնեմ միամիտ հոգուդ, գառը ջան։ Բոլորին. Ես ինչ
եմ ասում. ես ասում եմ աշխարհը դառն է, լեղի, իր դառը-լեղին
իրեն կուտեր՝ եթե լավ մարդիկ չլինեին։ Երիտասարդին. ԱբուԱլադ ո՞ւր է գնում՝ Եվրոպա՞ թող գնա, հեռանա, հեռու, հեռու
մարդուց ու ժողովուրդներից, քանի որ ուժ չունի ասելու՝ ինձ
կերեք, իրար մի կերեք։ Մարդուն բա կեր է պետք, չէ, բա հե՞շտ է՝
սեփական ժանին սեփական միսը խրել ու կրծել ինքը իրեն, ինքը
իրեն... Սփռոցը ուռենու տակ առվի ափին էր։ Մխոն ասաց.
Ջուրը չի գալիս։
Ջաղացը չի բանում, մեռնեմ ճակատիդ, ասաց ծերունին։
Ինչի՞ չի բանում։
Քարը փոխում ենք, ասաց ծերունին։
Գնա՞մ ջուրը բացեմ։
Քարը փոխենք՝ նոր, ասաց ծերունին։
Որ ես ջուրը բացեմ՝ չի՞ բանի, հարցրեց Մխոն։
Լեռան ուսին խմբվեց կազակների նույն ջոկը, մի պահ նայեց,
հետո նույն քարոտ լանջն ի վար իջնել սկսեց։ Այստեղ Հեծյալն
ասաց.
Առավոտից իրիկուն պտտվում են, ինչ են հնարել ինչի ետևից
են ընկել՝ չես հասկանում։
Ջաղացի պատը ջոկը ծածկեց սրանց հայացքից։
Բոլորը գիտեն, որ շատ լավ է՝ որ մարդ է ծնվել, նոր մարդ է
առաջացել, ասաց ծերունին. Բայց ո՞վ գիտի՝ թե ինչքան լավ է,
որ քու կյանքըդ ապրել վերջացրել ես, մնացել է Ժամերի ճամփա,
քու իրիկունն է, հոգնա՜ծ-հոգնած ես, ճամփադ վերջանում ու
գիշերվա ճրագըդ արդեն երևում է։ 0՜ֆ, քաշենք մեր համբերանքի
չիբուխը, մինչև հասնենք մեր վերջնական ճրագին։
Չիբուխը գրպաններում չէր, գոտու մեջ չէր ջրելքի գլխին
ջաղացի պատին էր չիբուխը։ Ծերունին գնաց վերցրեց ու մոլորվեց
ջրելքի մոտ, հետո կքեց ու նայեց ջրելքից ներս։ Խավարի միջից
ծերունուն նայում էին մի զույգ աչք ու հրացանի փողը։
Կազակները ջաղացի բակ մտան։ Ցանկապատի դռնակը նրանց
ջոկի համար նեղ մուտք էր ոմանք իրենց ձիերը ցատկեցրին
ցանկապատի վրայով։ Բակի խնամված նեղությունը նրանց չէր
տեղավորում նրանք տրորեցին ծերունու մարգերը։ Նրանցից
մեկը հենց ձիու վրայից մտրակի կոթով ծեծեց ջաղացի բաց դուռը,
գլուխը ներս մեկնեց՝ «խազյաին», մյուսներն այնինչ շրջապատում
էին հացի նստածներին։ Կազակների մեջ սպառնալիք ու
չարություն չկար և ոչ էլ հացի նստածներին այդպես կոպտորեն
շրջապատելու միտում, նրանք ուղղակի տեղավորվեցին իրենց
բարձր ու խնամված ձիերով սրանց շուրջը, և սրանք հայտնվեցին
ձիերի չոր ու բարձր սրունքների շրջապատման մեջ։
Նրանց առջև կանգնելու, նրանցից վախենալու, նրանց
հարգելու պես մի բան միայն գլխաբաց ճաղատ Սայլվորն արեց,
հայացքները կախ՝ դանդաղ ծամում էին և՛ Երիտասարդը, և՛
Հեծյալը։ Թշի տակ հաց, պատառը բկում՝ Երիտասարդը
թշնամանքով ասաց.
Չտո՞ վըյ իշչիտե.
Անբարյացակամ էին և՛ ծերունին՝ որ չիբուխը ձեռքին կանգնած
էր ջրելքի առվում, և՛ Հեծյալը՝ որ թեք ընկած ծամում էր գոմեշի
պես դանդաղ, և՛ Երիտասարդը՝ որ նույնպես կողքի էր ընկած ու
դանդաղ ծամում էր, և՛ Սայլվորը՝ որ այդպես էլ չկանգնեց նրանց
առջև, նրանց բոլորին ու յուրաքանչյուրին կարելի էր ձերբակալել։
Մա՞լը լի չտո, ձիու վրայից ասաց սպան։
Հացի ենք նստել, հացներըս մի հարամեք,– ասաց
Երիտասարդը։
Սպան զինվորներից մեկին հարցրեց.
Չտո՞ օն գավարիտ.
Երիտասարդը բռնկվեց.
Գավարյու՝ մո՞Ժեշ չերեզ մայու գոլովու ի չերեզ խլեբ էտըտ
պերեսկաչիտ.
Նե մոգու, հեգնեց սպան,– գալավա տվայա սլիշկըմ
վիսակա.
Երիտասարդը հայհոյելով թքեց բերանի հացը՝ թո՛ւ քու...
Խազյաին, չեվո՞ վի պո-նոչամ տակ դոլգո բեսեդույտե,– ձիու
վրայից հարցրեց սպան։
Ծերունին քարացել կանգնել էր ջրելքի բերանին։ Հեծյալը
թարգմանեց. «Հարցնում ասում է գիշերները ի՞նչ եք էդքան երկար
զրուցում»։
Ասա՝ մարդիկ են լինում զրուցում ենք, ասաց ծերունին։
Հեծյալը թարգմանեց. «Գովորիտ՝ բիվայուտ լյուդի,
բեսեդույեմ»։
Չտո՞ զա լյուդի, հարցրեց սպան։
Աղունի եկած ժողովուրդ, ասաց ծերունին։
Նու, լյուդի, թարգմանեց Հեծյալը։
Ասա, ասաց ծերունին,– եթե մարդ չի լինում, փափախս վեր
եմ դնում, հետը զրուցում։
Գավարիտ՝ նե բըվայուտ լյուդի բեսեդույու ս մաիմ
պապախըմ, թարգմանեց հեծյալը, և Երիտասարդը հեգնեց.
Դուք ասացիք, իրենք էլ հասկացան։
Նու չտո-ժ, ժպտաց սպան, պապախ տոժե չելավեկ։ Ա
ինտերեսնո, օ չյո՞մ գավարիտե վըյ սո սվայիմ պապախըմ.
Ծերունին պատասխանեց.
Որ շները կռվում են՝ սամիթի ածուն է տրորվում։
Հեծյալը շփոթվեց.
Չգիտեմ իրենց լեզվով սամիթը որն է, Օհան ամի։
Խարաշո, ասաց սպան, կտո՞ եշչյո զդես.
Եվ ջրելքի անցքից ծերունին լսեց փակաղակի չխկոցը։
Ծերունին ետ-ետ արեց ու իրենով ծածկեց անցքը։ «է, ասաց
ծերունին, շները կռվում ու սամիթն են տրորում»։ Սպան կարծես
թե կռահում էր, սպան ուզում էր հասկանալ։
էտըվը տեբե նե պոնյա՛տ, ասաց Երիտասարդը։
Ջաղացն սկսեց աշխատել։ Ծնկահար ջրի մեջ ջրելքի բերանին
կանգնած՝ ծերունին անշարժ էր։ Սայլվորը ծիծաղեց. «Մխոն է։
Մխո՜, կանչեց Սայլվորը, կազակնիդ եկել քեզ են հարցնում»։
Կազակները գնացին։ Բակի խնամված նեղությունը նրանց չէր
տեղավորում, ոմանք քշեցին հենց մարգերի միջով ու թռան
ցանկապատի գլխով, մեկը կտրիճորեն գլխատեց արևածաղիկը,
ձիու գլուխը ետ շրջեց ու սրի ծայրով շամփրեց գլխատված
արևածաղիկը։
Աշխատում է՞, ջաղացի վերևից նավի գլխից կանչում էր
Մխոն։ Աշխատե՞ց։
Հա, աշխատում է, փակիր էդ ջուրը, կանչեց Սայլվորը։
Ես եմ բացել, ե՜ս բացեցի, կանչում էր Մխոն։
Ծերունին այդպես երկար գամված էր ջրելքի անցքին, ջուրը
ճողփալով դուրս էր հորդում, հետո ծերունին քրթմնջաց՝ «թաղեմ
քեզ» ու դանդաղ անջատվեց պատից, և այն, ինչ նա ասում էր
դանդաղ քայլելով ջրի մեջ և դանդաղ ելնելով առվի հունից, շատ
ավելի մենախոսություն էր. «Դու որ քու կյանքի համար մկան
ծակին էդպես տասը շահի ես տալիս, ուրիշ կյանքերի հետ դու էդ
ո՞նց ես միլիոնատերի խաղեր խաղում։ 0՜ֆ, շները կռվում են,
սամիթի խեղճ մարգն է տրորվում։ 0՜ֆ, էս է հազար տարի, տասը
հազար տարի աղ է ուտում՝ անալի վայրենին էլի էն անալի
վայրենին է։ 0՜ֆ, երեխա էի, լուսահոգի հերըս ջուր ուզեց, մինչև
գնացի...
Գիշեր է, ջաղացի բուխարին վառվում է։ Բուխարին բոլորել են
Հեծյալը, Մխոն, շունը, ինքը Օհան ամին, բոստանչի երկու թաթ,
որոնցից մեկը ծնգծնգացնում է չոնգուրը ու երգի պես մի բան
դնդնում։
... քույրըս արդեն տվել էր ջուրը, հերըս ամանը բերանին էր
տանում։ Լաց եղա, խփեցի թափեցի խեղճ հորըս ձեռի ջուրը,
չթողեցի խմի ի՛մ բերածն էր խմելու։ Ե՛ս, ի՛մը, ի՛նքս մարդն էդ
է։ 0՜ֆ, Մհերին՝ ծակուռը, հալիվորիս՝ ջաղացը, Ավոյիս՝ Եվրոպան,
Աբու-Ալային՝ անապատը ամեն մեկըս որդի՛ պես, որդի պես մի
բոժոժ ենք հյուսում, մտնում մեջը»։
Թաթի երգը հիմա լսելի էր.
Գիշերը Նադիր-շահը նստել էր գահին,
Թագը՝ գլխին։ Առավոտը Նադիր-շահի
Ոչ թագն էր գլխին, ոչ էլ գլուխը՝ ուսերին։