Հրանտ Մաթևոսյան

Բանաստեղծը

Ժամանակը նույնքան առարկայական է, ինչքան առարկայական է ողջ աշխարհը: Երբ դարասկզբի կերպարը դնում ես այսօրվա կերպարի կողքին՝ պարզվում է, որ ժամանակը առարկայական է շոշափելիորեն, ինչպես այս ծառը, այս արտը, այս հայրենիքը, որոնցից կարելի է հեռանալ, որոնց կարելի է մոտենալ:
Սահյանն ու իր սերունդը մեր այսօրի խանձարուրը բերել են իրենց ձեռքերի վրա: Դա ողբերգականորեն գեղեցիկ սերունդ էր, դա այն սերունդն էր, որ հրացանը բահի պես էր բռնում և ինքը ջարդեց ու ջախջախեց ֆաշիզմը, որին գուցե թե «փաշիզմ» էր ասում: Այդ սերունդը իր տաբատը, լրիվ մենակության մեջ, կոճկում էր ինքն իրենից ամաչելով, հացի էր նստում հացից որպես իր նմանից ամաչելով, որովհետև արտում նրանք մեծացել էին միասին, նա նրան մարդ էր դարձրել, նա նրան՝ հաց, և այդ փոխստեղծումից հետո հիմա դավաճանություն էր արտի իր ընկերոջը ուտելը: Դարբնոցի նույն մուրճով այդ սերունդը ատոմային ռեակտորի վահան էր ծեծելու՝ ինքն էլ չիմանալով, թե ինչ և ինչի համար է կռում: Այսօրվա ժամանակները, այո, բարոյականության հին սալին կռանված սերունդն է բերել, բայց մարդու արարքը նրա և՛ սրտից, և՛ մտքից միշտ են առաջ ընկնում: Ռեզերֆորդը ճեղքել էր ատոմի միջուկը, կանգնած էր այդ միջուկից արտածվող վիթխարի էներգիայի մեջ և զառանցանք էր համարում այդ փաստի սոսկական արձանագրումն իսկ: Սահյանն ու նրա սերունդը ժամանակն ահա այսպես երկփեղկեցին:
Ժամանակը երկփեղկվեց ոչ թե բանաստեղծի համլետյան սրտի մեջ, այլ, իրոք, ճեղքվեց, և Սահյանի բանաստեղծության նազելի կերպարը ելնում է հենց այդ անդունդից: Նա միտում է, նա ցանկանում է, նա ճգնում է իրենով լցնել այդ անդունդը, որովհետև չի կարելի պապի և թոռան արանքում լինել ընտանիքի հայր և թույլ տալ, որ պապը և թոռը նույն հարկի տակ այդպես խռով կենան, որովհետև ... Բանաստեղծության մասին խոսելիս «որովհետև՞ը» որն է. նա գեղեցիկ է, նա կա, և լինելու, և այդպես լինելու փաստն իսկ մարդու մեջ խոր հարգանք է ծանրացնում այդ չդիմակավորված, նորագույն հագուստով չհանդերձավորված, չփաստաբանվող, իր գոյությունը ինչ-ինչ բանակների առկայությամբ չփաստարկվողը, բաց անպաշտպանությամբ հրապարակ ելնող խոստովանանքի դեմ - «Ես այստեղ եմ, բայց իմ սիրտը շոտլանդական լեռներում է»:
Սա, թվում է, փխրուն դավանանք է: Համենայն դեպս՝ բանաստեղծն իր այս դավանանքով իրեն ենթարկում է վիճարկվելու, լավագույն դեպքում՝ աննկատ մնալու վտանգին: Թվում է՝ հարկավոր էր ժամանակի հետ դիալոգի մեջ մտնել ժամանակի լեքսիկոնով, թվում է՝ հարկավոր է բանաստեղծական քո կարճ հասակի տակ քաշել ընկերային-ազգային-հասարակական հուզումների ալիքը և հայտնվել... Մասիսի գագաթին, բայց հետո ալիքն անցնում է և բացվում է այն վիհը, որ այնքան մեկօրյա հսկաներ է կլլել:
Այսպիսին չլինելու համար հարկավոր է փոխս չընկնել ուրիշի հետ՝ լինի այդ ուրիշը բանաստեղծական մի խոշոր անհատականություն, թե «ձայն բազմաց»: Այդպիսին չլինելու համար հարկավոր է չլինել քաղքենի և չդառնալ քաղքենիության ձայնափող: Եվ չնայած քաղքենիությունը ամենակուլ է և խժռում է սիրո հետ հավասարապես նաև ատելությունը, ուրբանիզմի հետ հավասարապես նաև պանթեիզմը, նաև «աղքատության փիլիսոփայությունը», նաև «ճոխության փիլիսոփայությունը», նաև իր դեմ գրված «Քաղքենիներ» գործը, և կխժռի իր պահանջների հետ ոչ մի առնչություն չունեցող բանաստեղծի քո անձնական տվայտանքները նույնպես, բայց դրանք արդեն,- նրա պահանջարկին պատասխանելը և բանաստեղծի քո եսը նրան պարտադրելը,- բոլորովին տարբեր բաներ են: Երկրորդ դեպքում կարելի է հույս կապել քաղքենու մարդացման հետ:
Համո Սահյանն իրեն պարտադրեց: Կարծես թե չպետք է կարողանար, որովհետև խորհրդանիշների այն համալիրը, որ նա էր բերում և որն առհասարակ միջնորդ լեզու է բանաստեղծի հոգու բևեռագրի և իր՝ բանաստեղծի միջև, այդ համալիրն ահա հին էր և վերծանման կարիք արդեն ինքն էր զգում, բայց Սահյանն իրեն պարտադրեց:
Պարտադրեց, որովհետև էական նշանակություն ունի ոչ այնքան և ոչ թե այն, թե ինչքանով նոր է կամ ինչքանով է հին խորհրդանիշների այդ համալիրը, այլ միայն թե ինչքանով է սեփական այդ համալիրը, ինչ֊քանով են սեփական այն կերպար բառերը, որոնք նառերի պես քաշում են բանաստեղծությունները, որոնք ոտանավորը դարձնում են բանաստեղծություն: Եզը, ծիածանը, պատանին, կարոտը, տագնապը, քոչը, քարափը, հոգսը, իհարկե, հին են, բայց հին են այնպես, քերականական կամ նույնիսկ խոսակցական լեզվի մեջ, հին են նույնիսկ միջակ բանաստեղծի լավ բանաստեղծության մեջ, որովհետև նույնությամբ էլ ներմուծվել են բանաստեղծություն: Զանգն առանց զանգատան իհա՛րկե լավ չի զնգում: Հին այդ բառերը պետք է ստանան բանաստեղծի դրած նոր իմաստը, կերպար դառնան նորից, լինեն բանաստեղծի առաքելությամբ բանաստեղծի սուրհանդակները, և այդ դեպքում՝
...Երգն իսկապես երգ է,
Հին ու նորը ո՞րն է:
Բանաստեղծություն, նույնիսկ լավ բանաստեղծություն շատերն են գրում, բայց պոեզիա են մտնում քչերը՝ նրանք, ովքեր գալիս են խորհրդանիշների, պատկերների, բառի, շեշտի իրենց համալիրով, իրենց այբուբենով, և այս քչերից պոեզիայի մեջ մեծ են դառնում և մեծ են կոչվում այն եզակիները, ում համալիրը, ում այբուբենը հնարավոր ճշգրտությամբ և հնարավոր լրիվությամբ է վերածնում սեփական հոգու, այո, հենց բևեռագիրը: Այլապես՝ հոգով հարուստ, ներքուստ բանաստեղծ այնքան մարդիկ կան, որոնք այդպես էլ բանաստեղծ չեն դառնում, որովհետև չեն կարողանում մոտենալ իրենք իրենց, սև խոյը նրանց հանում է երբեմն Թումանյանի թագավորություն, երբեմն՝ Լորկայի, երբեմն՝ Չարենցի կամ Նարեկացու: Դրանք գեղեցիկ թագավորություններ են, բայց տվյալ դեպքում կոչվում են մութ աշխարհ, քանի որ պոեզիան ճամփորդություն է դեպի ինքը, բանաստեղծի ինքնահայտնագործումն է, ինքնահայտնագործմամբ՝ մի նոր աշխարհի հայտնագործումը, վերոհիշյալ դեպքերում այնինչ տեղի ունեցավ ոչ թե հայտնագործման, այլ կործանման փաստ, որի պատճառը ճամփորդության սեփական միջոցների բացակայությունն ու ուրիշի միջոցների որդեգրումն է, ինչը որ հավասարազոր է լույս աշխարհ ելնելու համար սև խոյի վրա նետվելուն: Քանի դեռ համեմատությունը հուշում է՝ ասեմ, որ Սահյանն ամեն անգամ, անընդհատ, այնքան անընդհատ, որ թվում է, թե մեկընդմիշտ է նետվել սպիտակ խոյի մեջքին և ամեն անգամ ու միշտ է ելել իր լույս թագավորություն: «Երգեր ու վերքերից» ի վեր մեր բանաստեղծությունը հազվադեպ է ունեցել «Քարափների» նման շատրվանում: Նաև «Մայրամուտից առաջի՛» նման, նաև «Սեզամի՛»:
Նրա բանաստեղծության և ստեղծագործողի նրա միասնական կերպարը որոշ իմաստով շատ է նման նրա իսկ փառահեղ «Պապի»՝ իր գործը, ամեն ինչը սկզբից մինչև վերջ ինքն անող աշխատավորի կերպարին -
Իմ պապը վարել է,
Իմ պապը ցանել է,
Իսկ հնձի ժամանակ
Ձեռքի մեջ մանգաղի
Դաստակը ցավել է...
Եթե չլիներ այս սքանչելի ասքը (հազար պատճառով՝ չէր կարող չլինել), հասկանալի լինելու համար բանաստեղծի կերպարին ես զուգահեռ կդարձնեի ծառը, լերկ ապառաժի մեջ ինքը իր արմատի զորությանն ապավինած ծառը, որը մեռյալ անկենդանությունը թրթռուն կենդանության է կոչում զուտ իր ուժով: Բանից պարզվում է, որ միայն այդպես՝ առեղծվածային ջանք ու տանջանքով չեն դառնում ծառ, թուփ, խոտ, հասկ, մի խոսքով՝ բույս, այլ կա նաև մղամուճը, որը խրվում է ծառի արդեն կենդանի մարմնին և սնվում արդեն պատրաստի ավիշով: Բուսական աշխարհում դա քիչ հանդիպող դեպքերից է, բանաստեղծության աշխարհում՝շատ: Բուսաբանները դրանց կոչում են պարազիտներ, գրականագետները՝ դժբախտաբար, միայն էպիգոններ, ընդամենը էպիգոններ, այսինքն թե՝ բանաստեղծներ, բայց էպիգոններ այն դեպքում, երբ բանաստեղծ կոչվելու առաջին և միակ պայմանը այն է, թե ինչքան անկենդան ես կոչել կենդանության, իրականության ջունգլիից պոեզիայի համար ինչ նոր պլանտացիաներ ես խլել, ինչքանով ես ավելացրել բանաստեղծության «ազգային հարստությունը», ավելի կոնկրետ՝ ավելացրե՞լ ես երկրի երեսին եղած ոսկու քանակությունը:
Համո Սահյանը մեջլիս է մտել և խոսքի իր շռայլ առուտուրն անում է զուտ իր՝ «ՍԱՀՅԱՆ» զնգուն ոսկով, որի պեղողը, զտողը, ձուլողը և կնքողը եղել է զուտ ինքը:
Սահյանը մեծ բանաստեղծ է, թեպետ, տարօրինակ մի տրամաբանությամբ, դժվար է այդ մակդիրով որակել մեկին, որը «մեծ-մեծ բաներ չի խոսում», այլ իրեն կոչված է համարում «ընտրաբանելու խորհուրդը հասկի», որը հայրենասիրության հետ կարծես թե ոչ մի առնչություն չունի, բայց նույնքան բարձր հայրենասիրություն է, ինչքան Թումանյանի մանկագրությունը, որը կարծես թե ժամանակավրեպ է, բայց ժամանակավրեպ է ճիշտ Մեծարենցի նման.
Արյուն է եղել աշխարհում։- Եղել է եղեռն ու կռիվ։
Լեռնացել են ուժեր վիթխարի՝ ամեհի ելած իրար դեմ։
Աշխարհից հեռու մի գյուղում, եղեգնյա մի սրինգ կտրած,
Արև՜ է երգել ու գարուն՝ այս հիվանդ, հանճարեղ պատանին:-
Այսինքն թե՝ ժամանակի ամենազգայուն արձագանքիչն է:
Սահյանը այսօրից ավելի վաղվա բանաստեղծն է:

Յատուկ Երաժշտություն
Fides Tua
Տիգրան Համասյան

Fides Tua

Բանաստեղծ
Բանաստեղծ
Խաղա առցանց