Հրանտ Մաթևոսյան

Աշխարհի վերջը չէ

(Գրողը պատասխանում է խմբագրի հարցերին)

- Շնորհավոր Նոր տարի, սիրելի Հրանտ: Բարի ու արգասաբեր լինի 91-ը քո անձնական կյանքում, հոգեկան խաղաղություն քեզ և ստեղծագործելու հարատև մղում: Ի՞նչ ես կարծում՝ գրողի քո ժամանակավոր ամլությունը փոխհատուցվե՞ց պատգամավորական գործունեությամբ:
- Նոր տարվա մաղթանքդ փոխադարձում եմ, սիրելի Ֆելիքս, քեզ և խմբագրությանդ, իմ «Գրական թերթին», որ ծանր փորձու֊թյունն անցրեց և շարունակելու է իմացության լույս ու հավատ մա֊ղել իր բազմահազար ընթերցողների վրա, որ աշխարհի մեծագույն գիտության օրենսդիրն է հայոց լեզվի մեր աշխարհում, որ տագ֊նապների մեր ժամանակներում ինքը տագնապելու է ամենավեր֊ջինը կամ ամենևին էլ չի մատնելու՝ թե նաև ինքն է տագնապած: Ահա, սկսեցի հարցերիդ սահմանները մտնել...
Պատգամավորական գործունեությունը, մանավանդ այսօր և առավել վաղը, գործ է, որին հարկ է նվիրվել գլխովին, այլապես, իշխանության բարձունքների փոխարեն, քո դեմ նույն լայնածավալ ամլությունը կփռվի: Բայց ես չէի կարող և չեմ կարող մոռանալ, թե ով էի ես, որն էր իմ կոչումը, առավելագույնս ուր կարող էի ծա֊վալվել: Ես կարող էի խորհրդարանում այս-այս-այս, նաև այս ու այս անել, բայց հաճույքով նկատեցի, որ այդ-այդ-այդ, նաև այդ ու այդ բաները կարողանում ու անում են այսինչը և շատերը: Ուրեմն չէր կարելի «երեխաների» ձեռքից գործը խլել: Բայց խորհրդարանից դուրս ես այսինչ գործին էի, որ զուտ իմն էր, որ ոչ ոք այսօր, թեև ամեն ինչ վիճարկվում է, չի կարող կասկածի առնել:
Կանխելու, արգելելու, տաբու անելու բաներ նույնպես կային ու կան, այդտեղ արդեն ազգային բարձրագույն բնազդի ներ֊կայու֊թյունն է հարկավոր, որ մի ժողովուրդ կամ ունենում է, կամ չի ունենում: Մենք ըստ երևույթին չունենք: Եթե ունենայինք՝ ճիչը որևէ մեկիս արդեն պատռած էր լինելու: Չի պատռել, գործում ենք, գործիչներ ենք, քաղաքագետներ ենք, մերկացնում ու հանդերձավորում ենք (խորհրդարանը, կուսակցությունները), մեր գլխի ճարը թաքուն տեսնում կամ մեր ծանր ցավերի մեջ լուռ տապակվում ենք (ժողովուրդը):
Մի երկու անգամ խաբվեցի: Օրհաս կամ ճակատագիր էի զգում - սրտի թեթևությամբ տեսա, որ սադրանք են: Սրտի թեթևությամբ եմ ասում, որովհետև սադրանքն ինչքան էլ բարդ ու խճճված՝ մարդու հորինվածք է և ուրեմն պարզելի: Եվ այդ խաբվելն ինձ դանդաղեցրեց, «դանդաղ» պատգամավորներից եմ, թերևս ամենադանդաղը: Բայց մի ժպտա, եթե այդ ծույլ, դանդաղամիտ, խարդավանքը ճակատագրից չտարբերող և ուրեմն ողորմելի սադրիչներին ճակատագրի զորություն վերագրող մարդն ասում է. «Ես ձեր շանթարգելն եմ» կամ «Ես ձեր պահպանիչն եմ, եթե ես չայրվեմ՝ ձեր հյուսվածքն ամբողջովին կքրքրվի»: Սա ճշմարտությունն է իմ մասին և կամ խոսք է մեր ազգային մարմնի մեջ նման մի գոյի անհրաժեշտության մասին: Երբ զգամ, որ խորհրդարանում կա այդ մեկը, զոհի, այրվելու, ծղրտալու պատիվը երախտագիտությամբ իրեն եմ թողնելու, ինքս հեռանամ:
Առայժմ չկա այդ մեկը, բայց և առայժմ ամեն ինչ օքեյ է նրա համար, ճակատագիրն առայժմ շրջանցում է նրան - Նախագահը կանխում է եղբայրասպան ու ինքնասպան պատերազմները, Կաթողիկոսը դադարեցնում է պատգամավորների քաղաքական հացադուլը և այլն, ազգն ասես թե ունի բաց ասպարեզներից քաշված այն շրջահայաց ծերունին, որ խորհրդարանի վարիչներին զսպորեն շոյելով կամ թեթևակի կշտամբելով՝ եկող օրվա դասեր է տալիս:
- 1990-ը պատմական տարեթիվ է մեր ժողովրդի կյանքում: Հայոց խորհրդարան կազմվեց, Հայաստանի անկախության հռչակագիր ընդունվեց, Հայաստանը բռնել է անկախության ուղին: Ի՞նչ կասես այս ամենի մասին և ինչպես ես պատկերացնում մեր ժողովրդի ճամփաբաժանը կայսրության ընթացքից:
- Անկախության հռչակագրի (և՛ երգերի, և՛ հնարավորինս անկողմնակալ պատմության, և՛ նվիրական անունների) հրճվանքը՝ ուրախացողներին, հոգսը՝ դարձյալ մեզ, ինչպես որ ճորտաթափման հոգսն էր մերը: Զինվորի այն պատրաստակամությունը, որ ուներ, ասենք, Արուտյունովը Ստալինի առաջ, այդ պատասխանատվությունը Լևոն Տեր-Պետրոսյանը հիմա ունենալու է ինքը իր առաջ: Հնարավո՞ր է: Այդ ժամանակները ժողովրդի մեջ մնացել են մի բառով՝ կարգ կար: Չիջնենք խրուշչովյան ժամանակներ, Երևանը վերջին անգամ մաքուր եղել է մի հինգ տարի առաջ, Եգոր Լիգաչովի համար էինք մաքրել: Մեզ համար, մեր առաջ մաքրելո՞ւ ենք: Փեշքեշի, քիրվայության, սպառնանքի առաջ հանրապետության տարածքը կծկվում էր՝ հանրապետության կառավարիչների վերին ատյանը Կենտրոնն էր, այստեղ կարող էին ընկրկել, Կենտրոն՝ արդեն գրոհել կամ գանգատվել: Կենտրոնը հիմա չկա ու չի լինելու, մենք կարողանալո՞ւ ենք չընկրկել՝ այստեղ, մաքուր լինել՝ մեր առաջ, վախենալ՝ հանրապետության դատախազից, զգուշանալ հայ ընթերցողից, հանդիսականից, և ամենակարևորը՝ անկախանալով, զուտ այս հողուջրի մարդը դառնալով՝ չկորցնել կայսրության քաղաքացու մեր վաղանցուկ վեհությունը:
Մի քանի անգամ ինձ եմ բռնել այն փաստի վրա, որ Կենտրոնի համար արվող տեքստերիս նկատմամբ ավելի եմ ուշադիր, քան իմ հայերենի համար գրվող տեքստերիս: Բռնել եմ ի՛նձ, ում առջև ազատության ու անկախության մեր եզակի կուռքը Հովհ. Թու֊մանյանն է, որովհետև ռուս ու համաշխարհային մշակութաքաղա֊քական մտքի հետ սրա՛ զրույցն է հավասարների զրույց - մնացյալը երախտավորների և երախտագետների, տերերի և հպատակների, տերերի և գանգատավորների, տերերի և ապստամբների հարաբերության վկայություն է: (Մեղա արևային Սարյանին, Սարոյանին, Խաչատրյանին... և Չարենցին մեղա՝ ազգային մեր ցավի նրա վիշապային գալարներին):
Կարողանալո՞ւ ենք մենք՝ թերիներս, ես՝ թերիս, նրա օրինակով, մեր անցյալն ու ապագան մեզ առագաստ անել և դառնալ և մնալ հայոց մեր կայսրության քաղաքացիները, ինչպես որ շատ մերայիններ բարձր քաղաքացիներն էին օտարի ծառայության, ինչպես որ մեծից փոքր անխտիր մենք բոլորս էինք իսկապես մեծ երկրի բարձր քաղաքացիները - նրա պատիվները հպարտությամբ կրում էինք, տիրական նրա խոսքը հնչեցնում էինք... Իրեն չհամակեցինք մեր ցավով - խռովեցինք մի կողմ կացանք: Տա Աստված՝ կորցրած լինենք միայն իրեն, տա Աստված՝ իր հետ չկորցնենք նաև արքայական խոսքի, արքայավայել գործի մեր զորությունը, տա Աստված՝ չդառնանք արդեն ինքնին գանգատավոր, ինքնին ապստամբ, ինքնին ստրուկ:
Ամբողջ երկրով մեկ 300-միլիոնանոց ամբոխը տրոհելու ենք 300 միլիոն անհատի, անհատներին քշելու ենք հրապարակներից իրենց մենատները, և ոչ մի մարգարե չի կարողանալու նրանց ժողովել նորից, հառնել նրանց զանգվածի վրա և դեռ պարզել ձեռքը՝ ժողովո՜ւրդ: Եվ այդ ժամանակ արդեն (վաղը՝ երկու տարի հետո) կայսրության ընթացքից մեր ճամփաբաժանի հարցը բոլորովին այլ ու տարօրինակ տեսք կունենա, որովհետև այլ կլինի իմպերիայի բովանդակությունը: Գաղափարախոսական կայսրության մարգարեներն ու ասպետները միայն իմ վրա էին տերեր՝ ուզբեկիս, հայիս, ռուսիս,- նիդեռլանդցի խանութպանի առաջ արդեն աշկերտ ու մուրացկան էին:
- Պատգամավորներդ կոչված եք ժողովրդական կամքի արտահայտիչները լինելու, ի՞նչ ես կարծում՝ անմիջակա՞ն է կապը ժողովրդի և խորհրդարանի միջև:
- Պատգամավորներս, այո, ժողովրդի կամքը՝ որպես օրենք, իրեն՝ ժողովրդին ենք դարձնելու, ժողովրդին ենք դարձնելու օրենք դարձրած: Եղան և լինելու են ժողովրդի առաջ քծնանքի և ուրեմն խորհրդարանի ամբոխավարության պահեր, ինչի համազգային վնասները դեռ հետո ենք հաշվելու, և եղան ու լինելու են բռնության պահեր, և այդ դեպքերում Արևմուտքը և Կենտրոնը հաջողելու են մեզանից ժողովուրդ խլել:
Խորհրդարանի ժողովրդական կազմի վերաբերյալ կասկած լինել չի կարող, բոլորը կամ գրեթե բոլորը կոճակները հացի հերթերում թողած տղաներ են: Ցավը ժողովրդի հետ կապի բացակայությունը չէ, ցավ է՝ որ աղետի-Արցախի-Բեյրութի-բռնագաղթի-անհող-կողոպտված երկիրը խորհրդարան է ղրկում իր հիվանդ մարմնի բոլոր ծալքերի տրոփը և ստանում է պատասխաններ (մեր որոշումներն ու օրենքները), որ ամենևին էլ իր հարցերինը չեն, որ պատասխանն են ասես բոլորովին այլ հարցերի:
Խորհրդարանն իսկապես երկու իրականության մեջ է ապրում - լուռ սպասող, լուռ համբերող, իրեն՝ խորհրդարանին ու բոլոր տեսակի կառավարություններին վստահող-չվստահող, լուռ մաքա֊ռող իր ժողովրդի իրականության և համաշխարհային, իմա՝ Արևմուտքի, ժողովրդավարության կանչերի իրականության: Այդ կանչերի աշխարհում որևէ խոստում կամ ուղերձ մի փնտրիր - դա լավ կյանքի մասին մեր իսկ հյուսած հեքիաթն է, մեզ թևեր է տալիս, ուզում ենք սլանալ, ուզում ենք թռչել... բայց հասած տղերք ենք, իրավունք չունենք վերանալ այս զառանցական իրականությունից:
Ուրիշ անգամներ, հազարիցս, մտածել եմ, թե մենք մեր խաղը չենք խաղում, մեր կյանքով չենք ապրում, մեր ճանապարհով չենք գնում, թե մեր այս շքերթանման թափորի կամ թափորանման շքերթի գլխին բռնել ենք ոչ մեր աստծու պատկերը, և այլն, բայց ահա այս է իրականությունը, ուրիշ իրականություն չկա: Մենք կարո՞ղ էինք չխաղալ այս խաղը, կարո՞ղ էինք այլ կյանքով ապրել, այլ ճանապարհով գնալ, այլ աստծու պատկերով առաջնորդվել... Այս է:
- Դեմոկրատիայի արտահայտություն է մեր այսօրվա խորհրդա֊րանը, իսկ ինչպե՞ս է արտահայտվում դեմոկրատիան խորհրդարանում:
- Ցավալիորեն՝ դեռևս ոչ լիաձայն, հետո գուցե թե խոսի ամբողջ ձայնով, բայց գուցե նաև իմ ցանկությունն է այս:
Ոչ լիաձայն, որովհետև...
Կոմունիստների պարտությամբ՝ կաթվածը դահլիճը կիսեց, կաթվածահար մասի «ժողովրդից» ոմանք հիմա կամաց ուշքի են գալիս, առարկում, առաջարկում, մերժվում, վիրավորվում ու գործի վրայից քաշվում, տիրոջ իրավունքով նորից վրա են գալիս... և, ի դեպ, պարզվում է, որ ասպարեզից հեռացել է բավական սրտացավ, բանիմաց, բավական լրջմիտ «ժողովուրդ»: Այդ կաթվածից ահա խորհրդարանի ընդհանրական զորությունը նվազեց:
Հակառակ պարագայում, կարծում եմ, կորուստը այդքան մեծ չէր լինելու, կոմունիստները չէին տորպեդահարելու նոր ուժերը - ընդառաջելու, նրանց եռանդով թարմանալու, իրենք բանելու և նրանց բանեցնելու էին: Ինչ որ է, արդեն կարևոր չէ: Հիմա կարևոր է, որ պարտնյորները չդառնան ընդդիմադիր ուժ, «հագարացվոց բանակով» չգրոհեն երեկվա իրենց «հորենական կալվածքները», որ իրենց և մեր բոլորիս վերջին հանգրվանն է, այլև, իրենց բառերով, «այս խոպանը բարձրացնենք միասին»:
- Քո պահվածքով ասես պաշտպանության տակ ես առնում կոմկուսը: Հայկոմկուսի դերի քո պատկերացո՞ւմն է ուրիշ, թե՞ դա արձագանք է հասարակական զանազան գոյակցությունների նկատմամբ որոշ պատգամավորների անհանդուրժողական վերաբեր֊մունքի:
- Ֆրանսիական մեծ հեղափոխությունից մի խոսք է մնացել. «Նրան (գահընկեց արքային) բարևողին մի՛ բարևիր, նրան քարկոծողին սպանիր»: Ես մեր գահընկեցներին բարևում եմ, նրանք մեր սալի և մոսկովյան մուրճի արանքում միշտ ծեծվում, բայց այն էին անում, ինչի համար Կենտրոնից օրհնանք և մեզնից անեծք չէին ստանա: Հայկոմկուսը հիմա մեր «ազգային փոքրամասնությունն» է, եթե մենք նրան խեթենք՝ Կենտրոնը նրան է հովանավորելու և ոչ թե մեզ: Իրականում ոչ նրան է պաշտպանելու, ոչ էլ մեզ - իրականում ապահովելու է դատախազի իր ներկայությունը այստեղ: Այդպես Արցախն է պաշտպանվում, այդպես Աբխազիան ու գագաուզներն են պաշտպանվում... և՝ ոչ առանց արդարամտության: Բարի եղիր ինքդ, Մոլդովա, քո այլազգիներին չճնշել՝ ես ականջս այդ կողմ դարձնողը չեմ:
Հանրապետության համար խելացի էր լինելու ձեռք չբարձրաց֊նել իր գահընկեց իշխանների վրա, Հայկոմկուսի համար՝ հանուն իր հանրապետության և ոչ թե կուսակցական նեղ շահերի՝ «չճնշվել»: Մանավանդ որ չգիտենք ու չենք էլ կռահում, թե Կենտրոնի և ծայրամասի (կենտրոնների և ծայրամասերի) կենաց-մահու գոյապայքարի մեջ վաղվա օրով ո՛ր կուսակցությունը կամ մարդկանց ինչ խումբ, կամ ինչ երևույթ է լինելու Կենտրոնի պլացդարմն այստեղ, գուցե Հայկոմկո՛ւսը չի լինելու, գուցե արդեն չի՛, գուցե արդեն ծայրամասն ենք ո՛չ Մոսկվայի:
Այս հայրենիքը բոլորինս է, և բոլորս ենք նրա պաշտպանը, և բոլորս գիտենք, որ նրա անկումը անկումն է բոլորիս՝ հարուստներիս և աղքատներիս, ձրիակերներիս և մշակներիս... և նրա կյանքը մեր հավերժությունն է:
- Մտքի, խղճի ազատությունն ու դեմոկրատիան հաց էին դառնալու ժողովրդի սեղանին, բայց առայժմ չեն դառնում: Օբյեկտիվորեն պատճառաբանված ընթացքի արտահայտությո՞ւն է փաստական այս սովը, ինչպե՞ս է վերականգնվելու տիրոջ զգացողությունը, ինչպե՞ս է հաղթահարվելու հողի ու մարդու խորթությունը:
- Մեր իրականությունը դեռ այնքան սև չէ, ինչքան խոսքի երկինքը: Սև մի երախ, արդեն քանի տարի, իր անցյալից բացվել ու զուտ ճշմարտություններ է զառանցում մեր օրերի վրա: Ինչո՞ւ ես ինձ նույն սև գործին հրավիրում:
Ոչ պարտությունը և ոչ էլ մահն ինքը սարսափելի չեն, սարսափելին ցնորվելն է: Խելագար՝ սահում ես վիճակների ու մարդկանց միջով, որ երբևէ քո կյանքն են եղել, քիչ է մնում դարձյալ ընկալես ու կապվես, բայց չի լինում, չի լինում, իմացության սայթաքուն լանջերից վիժում ես ներքև՝ խելագարի քո ստորոտները, հարբեցողության, զազրախոսության, վախի ու գողության:
Ինչո՞ւ ես ինձ զազրախոսության հրապուրում: Հարցերիդ պատասխանը չգիտեմ, գիտեմ՝ չեմ տալիս:
Պատասխանելուց առաջ երդվել էի՝ նույնիսկ քո առաջ լիովին անկեղծ չլինել, որովհետև խոստովանանքը խոստովանանք և գրականությունը խոստովանանք է, բայց ինչ անես, երբ ասված խոսքը մարմին է առնում, և ուրեմն պարտավոր ես սանձել քեզ, զսպել խոսքդ, կալանել ջինը, չմիանալ ուրիշ ձայների, քո վհուկները չարձակել այս վալպուրգյան գիշեր՝ որ ուրիշ քեզնից առաջ եղածների չարախոսության ոստայնն է: Երդվել էի՝ գոնե լռել, քանի դեռ երես֊պաշտությունը, «թատրոնը», «եղբայրությունը», հանդուրժելը, յոլա տանելը և մյուս ու մյուս աններելի մեղքերը ինձ համար իրական թշնամու և անկեղծությունը՝ իրական բարեկամի կերպարներ չեն առել: Բայց չեն առնում, չեն դառնում: Եվ երևի թե երբեք էլ չեն դառնա, եթե երեկվա օրը, որ հյուսված էր այդ երեսպաշտությունից, «քաղաքագիտությունից» ու մյուս խաբեություններից և, այնուամենայնիվ, մարդկային, գոնե տանելի մի կյանք էր, և բազում անկեղծությունների այսօրը շատ է տգեղ - անասնությունը, ատելությունը, սպանությունը, կողոպուտը բացճակատ շրջում են հրապարակներում:
Չեմ ուզում ահա իմ սև խոսքով աղտոտել բացվող օրվա երեսը:
Մնացած հարցերիդ պատասխանները հետո կտամ:
«Գրական թերթ», 01.01.1991 թ.

Յատուկ Երաժշտություն
Դիմակահանդես - Վալս
Արամ Խաչատրյան

Դիմակահանդես - Վալս

Պատերազմի աղետը
Պատերազմի աղետը
Խաղա առցանց