Հովհաննես Թումանյան
Խրիմյան Հայրիկի օրերից մինը
Խրիմյան Հայրիկը Թիֆլիս գտնված ժամանակ մի օր կանչել էր սովորականի նման զրույց անելու, թե իր գրած ոտանավորները կարդալու։ Պետք է ասեմ, որ շատ էր սիրում ոտ<անավոր> գրելը և իրեն նշանավոր բանաստեղծ էր համարում։
Գիշերները քունս չի տաներ, ասում էր, սենյակում կշրջեմ, կծխեմ ու կգրեմ։
Մի պայծառ, գեղեցիկ առավոտ էր։ Մտա Թիֆլիսի առաջնորդարանը։ Նախասենյակում մի խումբ խնդրատուներ էին կանգնած։ Նրանց միջից մի ծերունի տիրացու, որ ճանաչում էր ինձ, առաջս կտրեց, խնդրեց, որ միջնորդեմ կաթողիկոսին իրեն օգնելու։ Խոստացա․ ներս գնացի։ Արևը լցվել էր սենյակը, ու Հայրիկը Աստվածաշունչի նահապետներից մեկի նման գահավորակին թիկնած ծխում էր։ Քեֆը լավ էր, ու դեմքն էլ պայծառ՝ օրվա նման։ Չգիտեմ ինչու քեֆի լավ ժամանակները նա սիրում էր ետ դառնալ, խոսել իր երիտասարդ ժամանակից, անցած օրերից, Վարագա կյանքից։ Սիրուն, սրտաշարժ պատմություններ էր անում զանազան մարդկանցից, որոնցից ոչ մեկից ես ոչ մի տեղեկություն չունեի։ Ես ինչքան ձանձրույթով էի լսում նրա ոտանավորները, այնքան և ավելի հետաքրքրությամբ լսում էի նրա տաղանդավոր զրույցները։
Պատմում էր, պատմում ու վերջը տխրությամբ ավելացնում․ «Ո՜վ գիտի, հիմա մեռեր են ամենքը…»։ Բայց ավելի շատ ծիծաղաշարժ բաներ էր պատմում ու այնպես դուրեկան, այնպես սրտալի ծիծաղում, որ միայն Հայրիկին էր հատուկ։
Այն օրը, որ ասում եմ, շատ զվարթ տրամադրություն ուներ։ Նա առհասարակ շատ էր բաց պահում իր դուռը։ Քիչ կպատահեր, որ մարդու մերժեր՝ ներս չթողներ։ Պատվիրել էր, որ խնդրատուներին ներս թողնեին առանց արգելքի։ Խոսելու ժամանակ մին էլ տեսանք՝ մի փոքրիկ, այսպես 10-11 տարեկան գիմնազիստ ներս մտավ, գլուխն արագ տմբացրեց, չարաճճի գլուխ տվեց ու դիք կանգնեց դռան տակին։
Հայրիկի քեֆն ավելի բացվեց։
Օ՜հ, բարով եկար, ասավ, ի՞նչ կուզես։
Հայրի՛կ, ինձ ուսումնարանից դուրս են անում։
Քեզի, ուսումնարանեն դուրս կանե՞ն։
Այո՛, Հայրի՛կ։
Ինչպե՞ս կարելի է, որ քեզի դուրս անեն։
Դուրս են անում, Հայրի՛կ։
Ո՞վ է դուրս անում։
Դիրեկտորը։
Ինչու՞։
Ասում է՝ փողը բեր։
Է՛հ, դու ալ չունի՞ս։
Չէ՛, Հայրիկ, իմ հայրը մեռած է, մայրս․․․ երեխան սկսեց իր պատմությունը։
Մոտ եկ, տեսնեմ։
Երեխան մոտեցավ։
Է՛հ, հետո լավ կսովորի՞ս դասերդ։
Լավ եմ սովորում, Հայրիկ, և երեխան նորից սկսեց մի պատմություն, թե ինքն ինչ առարկայից ինչ է ստացել և այլն։
Լա՛վ, լա՛վ, դու ալ Հայրիկի պես շատախոս եղեր ես։ Հապա չըսի՞ր, որ կերթամ Հայրիկին կըսեմ։
Ասեցի, Հայրիկ։
Լավ ըրեր ես։ Ինչքա՞ն կուզեն։
Չեմ հիշում ինչքան ասավ երեխան, Հայրիկը ձեռքը տարավ կողքին դրած բանի տակը, փողը հանեց, տվեց իրեն ու զանգահարեց։ Ներս մտավ վարդապետը։
Ծո՛, տարեք նշանակեցեք, որ ասոր ուսման վճարը Հայրիկը պիտի տա, որ դիրեկտոր ալ չարձակի ուսումնարանեն․․․ Սրան տարան։ Ներս մտավ մի գաղթական կին, սևերում փաթաթված։
Հայրի՛կ, ամուսինս սպանվեց կոտորածին, հինգ երեխայով մնացեր եմ դռները․․․
Հա՛, խեղճ կին, այնպես ժամանակներ են, որ տղամարդիկ ալ հազիվ իրենց տունը կպահեն, դու մի խեղճ կնիկ, ինչպե՞ս պիտի պահես ատքան երեխաները։
Կրկին ձեռքը տարավ <կողքին դրած> բանի տակը, հանեց սրան էլ փող տվեց․ ճամփա դրավ։
Ներս մտավ իմ ծանոթ ծերունի տիրացուն։
Հայրիկ, 40 տարի Ս․ Մինասի եկեղեցում, սուրբ տաճարում ծառայել եմ աստծուն, այժմ քաղցած եմ․․․
Անխելք մարդ, ընդհատեց Հայրիկը, քեզի ո՞վ ըսավ 40 տ<արի> աստծուն ծառայես, որ այսօր քաղցած մնաս, 40 տ<արի> եթե մի վաճ<առականի> ծառայեիր, այսօր կուշտ պիտի ըլլայիր․․․ ու սկսեց ծիծաղել։ Է՛հ, աղեկ, կհոգանք։
Կրկին ձեռքը տարավ կողքի բանի տակից փող հանեց, տվեց իրեն ու զանգահարեց։ Եկան։
Ծո՛, տարեք, ըսեք ասոր թոշակ կապեն։
Եվ այսպես ամբողջ օրը։