Հովհաննես Թումանյան
Սուտասանը
Լինում է, չի լինում՝ մի թագավոր։ Էս թագավորը իր երկրում հայտնում է․
Ով էնպես սուտ ասի, որ ես ասեմ՝ սուտ է, իմ թագավորության կեսը կտամ նրան։
Գալիս է մի հովիվ։ Ասում է․
Թագավորն ապրած կենա, իմ հերը մի դագանակ ուներ, որ էստեղից մեկնում էր, երկնքում աստղերը խառնում։
Կպատահի՛, պատասխանում է թագավորը։ Իմ պապն էլ մի չիբուխ ուներ, մի ծերը բերանին էր դնում, մյուս ծերը մեկնում, արեգակիցը վառում։
Ստախոսը գլուխը քորելով դուրս է գնում։
Գալիս է մի դերձակ։ Ասում է․
Ներողությո՛ւն, թագավո՛ր, ես վաղ պիտի գայի, ուշացա։ Երեկ շատ անձրև եկավ, կայծակները տրաքեցին, երկինքը պատռվեց, գնացել էի կարկատելու։
Հա՛, լավ ես արել, ասում է թագավորը, բայց լավ չէիր կարկատել, էս առավոտ էլ մի քիչ անձրև թափվեց։
Սա էլ է դուրս գնում։
Ներս է մտնում մի աղքատ գյուղացի, կոտը կռնատակին։
Դո՞ւ ինչ ես ուզում, ա՛յ մարդ,– հարցնում է թագավորը։ Ինձ մի կոտ ոսկի ես պարտ, եկել եմ տանեմ։
Մի կոտ ոսկի՞– զարմանում է թագավորը։ Սո՛ւտ ես ասում, ես քեզ ոսկի չեմ պարտ։
Թե որ սուտ եմ ասում, թագավորությանդ կեսը տուր։
Չէ՛, չէ՛, ճշմարիտ ես ասում,― խոսքը փոխում է թագավորը։
Ճշմարիտ եմ ասում՝ մի կոտ ոսկին տուր։