Հովհաննես Թումանյան
Օրորոցագող
Կես գիշերին մութ խրճիթում
Մայրը լսեց մի խորդյուն,
Եվ վեր թռավ ահը սըրտում,
Նայեց քնած յուր որդուն։
Մի արարած սև ու խավար
Նա նըկատեց սըրտադող,
Եվ ճանաչեց սարսափահար՝
Օրորոցի մի չար գող,
Որ զավակի բուկը բռնած
Խեղդում էր սև ճանկերում,
Եվ երեխան աչքերը բաց
Չարչարվում էր ու հևում։
Խելակորույս իսկույն ևեթ
Վրա թռավ կատաղի,
Եվ բռնվեցան իրարու հետ
Օրրանի մոտ երեխի։
Կես գիշերին մութ խըրճիթում
Կիսակենդան մանուկին
Իրարից խլել են աշխատում
Ծնող մայրն ու չար ոգին։
Կռիվ են տալիս, նախատում են,
Եվ կըրծում են և թըքում,
Իրար սեղմում և խեղդում են,
Ճանկռում, ծեծում, ապտակում։
Եվ մայրական անհուն սերը
Ուժ էր տալիս գերբնական...
Եվ ուժասպառ, հաղթված չարը
Թողեց օրրանը մանկան։
1893
Հավանել
Պահպանել
Ուզում եմ կարդալ
Դարձիր առաջին մեկնաբանողը
Յատուկ Երաժշտություն
Առնո Բաբաջանյան
Թավջութակի կոնցերտ
Թորոս Ռոսլինի ծնունդը
Խաղա առցանց