Հովհաննես Թումանյան

Մեր նախորդներին

Երանի՜ էր ձեզ, գովված երգիչներ,
Դուք երգում էիք վաղ առավոտյան,
Երբոր երազներն ապրում էին դեռ,
Ոսկի երազներն հայի փըրկության։

Ձեր թարմ երգերում կար մի հայրենիք,
Խրո՜խտ, վեհապա՜նծ, թեպետև գերի,
Եվ ձեր քընարի ձայներն երջանիկ՝
Լիքը հըրճվանքով գալոց օրերի։

Ա՜խ, նա հոշոտվեց մեր աչքի առջև

Եվ մեր ըզգայուն սըրտերն իրեն հետ,
Ոսկի երազներ՝ միրաժի նըման՝
Մեր անապատում չըքացան անհետ։

Եվ մենք խորտակված մեր կյանքի ծեգից,
Անհույս ու դալուկ, ճակատներըս ցած,

Ընկնում է քընար մեր մատաղ ձեռքից,
Ընկնում են սըրտից և՛ երգ, և՛ աստված։

1902

Յատուկ Երաժշտություն
Անուրջներ
Առնո Բաբաջանյան

Անուրջներ

Զաբել թագուհու վերադարձը
Զաբել թագուհու վերադարձը
Խաղա առցանց

Աջակցեք մեզ։ Գնեք արվեստի գործերի հիմքով ստեղծված ապրանքները մեր օնլայն խանութից