Հովհաննես Թումանյան
Դու քո ճամփե՛ն գընա, քույրի՛կ...
Դու քո ճամփե՛ն գընա, քույրի՛կ,
Եվ թող լինի նա պայծառ։
Ինձ մի՛ ժըպտա, ինձ մի՛ սիրիր,
Ես ընկեր չեմ քեզ համար։
Ելած կյանքի ամեն ճամփից,
Կարոտներով անմեկին,
Ագահ, անվերջ ու անհանգիստ
Թափառում է իմ հոգին։
Մի ձեռք չըկա, մի գիրկ չըկա՝
Պահի նըրան իրեն մեջ,
Խենթ, խելագար գընում է նա
Ձըգտումներովն իր անվերջ։
Եվ ո՜վ գիտի՝ դեռևս անմեղ
Քանի հոգի կըտանջի,
Եվ ո՜վ գիտի՝ ինչ մո՜ւթ, ահե՜ղ
Անապատում կըհանգչի...
Դու քո ճամփե՛ն գընա, քույրի՛կ,
Եվ երբ լինենք մենք հեռու,
Աղոթք արա, որ մյուս անգամ
Չըհանդիպենք իրարու։
1902
 
                
                Հավանել
         Պահպանել
         Ուզում եմ կարդալ
    
Դարձիր առաջին մեկնաբանողը
Յատուկ Երաժշտություն
          Առնո Բաբաջանյան
Անուրջներ
 
      Ֆիրդուսին կարդում է «Շահ-Նամե» պոեմը Շահ Մահմուդ Ղազնևիին
        
          Խաղա առցանց