Համո Սահյան
Ինչու հիշեցրի
Քամին սարերից
Առաջին ձյունի
Փոշին է բերում
Եվ շաղ է տալիս
Բոբիկ ոտներիս
Ու փշաքաղված
Մազերիս վրա:
Շապիկիս փեշքից
Ու թևքից կախված
Մաշված, գույնզգույն,
Խաշամանման
Կարկատանները
Պոկում է քամին,
Խառնում ծառերից
Թափվող խաշամին…
Խաշամ, ի՜նչ խաշամ,
Թեժաթուխ լավաշ,
Տավարն ուտում է,
Ու չի կշտանում:
Ես լուռ նստել եմ
Կապույտ մի քարի,
Կապտել եմ ես էլ,
Եվ կապույտ քարից
Տարբերվում եմ ես
Այնքանով միայն,
Որ ես դողում եմ,
Քարը չի դողում:
Գյուղ տանող ճամփով
Անցնում է հայրս,
Ցախը շալակին:
-Ցո՞ւրտ է, - հարցնում է:
-Տաք է, - ասում եմ:
-Քարին մի նստիր,
Վեր կաց, - ասում է:
-Տավարն, - ասում է, -
Լույսով չբերես:
Ասում է, գնում…
Անցել է ուղիղ
Հիշեցրի երեկ,
Հայրս լաց եղավ:
Ինչո՞ւ հիշեցրի:
Հավանել
Պահպանել
Ուզում եմ կարդալ
Դարձիր առաջին մեկնաբանողը
Յատուկ Երաժշտություն
Դավիթ Բալասանյան
Ճոճվող Բախ
Գարուն
Խաղա առցանց