Գրիգ

Պուճուր մարդը

Նոյեմբերի հինգն էր՝ առաջին անգամ հանդիպեցի Պուճուր մարդուն: Օրը խոնավ էր, տերևները թափվել էին, խառնվել ցեխին՝ գետինը դարձնելով սայթաքուն: Դուրս եկա համալսարանից ու որոշեցի գնալ վերնիսաժ՝ գիրք գնելու (հաճախ էի այդտեղից օգտվում. համեմատաբար էժան էր): Մտքերով տարված՝ անշտապ քայլում էի, գրեթե հասել էի վերնիսաժին, երբ մայթից քիչ հեռու՝ ծառերի տակ, շարված երեք-չորս փոքր կտավ տեսա: Մոտեցա, նայեցի՝ բոլոր նկարներում ամպեր էին: Սովորական, շարքային, ինչ-որ տեղ նույնիսկ թույլ գործեր էին, բայց ինչ-որ ձգող բան կար ամպերի մեջ: Այդպես կանգնած նայում էի, երբ մոտեցավ մի ցածրահասակ, ոչ այնքան լավ հագնված մարդ և քաղաքավարի բարևելով՝ հարցրեց, թե արդյոք չե՞մ ցանկանում նկար գնել: Շփոթվեցի, կարծում էի՝ սովորական անօթևան է, որը պետք է դրամ խնդրի, բայց պարզվեց՝ նկարների հեղինակն է:

– Ձե՞ր գործերն են,– հարցրի:

– Այո, իմն են,– իմիջիայլոց ասաց Պուճուր մարդը և մոտենալով կտավներին՝ ոտքով մի կողմ հրեց մոտիկ ընկած տերևները: Նորից հայացք գցեցի տղամարդու վրա, ավելի ուշադիր նայեցի՝ ասես փորձելով ճշտել ասածը: Հիսունն անց, ցածրահասակ տղամարդ էր, հագուստի ու ձեռքերի վրա ներկերի հետքեր կային:

– Ինչքանո՞վ եք ծախում,– հենց այնպես հարցրի, գիտեի, որ չեմ կարողանալու գնել, որովհետև ընդամենը երկու հազար դրամ ունեի և մի քանի մանրադրամ:

– Քսան հազարով կտամ,– պատասխանեց Պուճուր մարդը:

– Ա..., դուք վա՞ղն էլ եք էստեղ լինելու,– ձայնիս ակնհայտ ափսոսանքի երանգ տալով՝ հարցրի,– հիմա մոտս փող չկա:

– Հա, էստեղ եմ լինելու,– մի փոքր տխրած՝ պատասխանեց,– բայց եթե ուզում եք, կարող եք վերցնել ձեր հավանած նկարը, իսկ փողը վաղը կբերեք կամ մի ուրիշ օր:

Ինձ զարմացնում էր նրա կիրթ, գրագետ խոսքը, ես էլ հնարավորինս գրագետ խոսեցի.

– Չէ, վաղը հաստատ կգամ,– ժպտալով պատասխանեցի, բայց գիտեի՝ անհնար է, որ մեկ օրում քսան հազար դրամ կարողանամ ճարել: Պուճուր մարդը լուռ մոտեցավ նկարներին, տեղաշարժեց դրանք, հետո գնաց քիչ այն կողմ ու նստելով մի քարի՝ ծխեց: Դարձյալ նայեցի կտավներին և շարունակեցի ճանապարհս: Ես, իհարկե, խոստումս չպահեցի՝ չգնացի նկարը գնելու, մոռացել էի Պուճուր մարդուն, մինչև որ ինքը կրկին հիշեցրեց իր մասին:

Զարմանալի արևոտ օր էր, թեև ցուրտ էր, դասից տուն էի գալիս, սովորությանս համաձայն ճանապարհս երկարացրի, որ փոքրիկ այգու միջով անցնեմ (Կոմիտասում՝ հենց շենքերի արանքում, մի այգի կամ պուրակ կա, սովորություն էի դարձրել այդտեղով անցնելը) և երբ մոտեցա այգուն, տեսա, որ Պուճուր մարդն այնտեղ է: Մտածեցի՝ ինձ չի հիշի, որոշեցի անցնել, մի անգամ էլ նայել կտավներին: Ծանոթ նկարներ էին, ծանոթ ամպեր, մի հայացք գցելով՝ արագ անցա, պատրաստվում էի նրա կողքով էլ անցնել, սակայն, ի զարմանս ինձ, Պուճուր մարդը բարևեց: Շփոթվեցի այն աստիճան, ասես ինձ մերկացրել՝ կանգնեցրել էին ամբոխի առջև, ամոթս բազմապատկվեց, երբ պատասխան բարևիցս հետո ոչ մի բառ չասաց նկարը գնելու մասին, ուղղակի բարևեց և վերջ:

– Հիմա գալիս եմ,– շփոթված ասացի տհաճ դադարից հետո,– չգնաք, լա՞վ:

Շտապեցի տուն: Որոշել էի՝ ինչ գնով էլ լինի, կատարել խոստումս, իրավիճակը, որում հայտնվել էի, սպանում էր ինձ, նրա պահվածքն ինձ ստիպում էր սեփական աչքերով տեսնել փոքրությունս. անտանելի էր: Եթե հիշեցներ նկարը գնելու մասին, այդքան վատ չէի զգա, բայց լռությունն անտանելի էր: Ծննդյանս օրվա կապակցությամբ տատիկիս տված տասը հազարանոցը դեռ դրված էր պահարանիս մեջ, որոշեցի, որ դա հիմա կտամ, մնացած գումարն էլ՝ ժամանակի ընթացքում: Այդպես էլ արեցի, Պուճուր մարդը չառարկեց, վերցրեց դրամն ու հարցրեց, թե որ նկարն եմ ուզում:

– Ինչի՞, բոլորն էլ նույնը չե՞ն,– ծիծաղելով հարցրի և մոտեցա նկարներին:

– Ինչպե՞ս թե...,– շփոթվեց,– տեսե՛ք, այս ամպերը տխուր մարդու ամպեր են, իսկ այս մեկը՝ սոված մարդու…

Նա բոլոր կտավներին այդպիսի անհեթեթ բնորոշումներ տվեց, չնայած բոլոր կտավներին էլ պատկերված էին միևնույն ամպերը՝ սովորական, ամառային երկնքում պատահող ջինջ ու լուսավոր ամպեր:

– Չեմ հասկանում,– ժպտալով ասացի,– բոլոր կտավներին պարզ ու ջինջ ամպեր են նկարված, բայց տխուր անուններ եք դնում, գոնե մի քիչ սև, այ էսօրվա ամպերի նման լինեին, ասեի՝ հա:

– Բայց այսօրվա ամպերը ուրախ են,– նայելով սև ու մռայլ երկնքին՝ ժպտաց Պուճուր մարդը:

Այդ ժամանակ միայն նկատեցի, որ տղամարդու առջևի ատամը չկա:

– Լավ, կվերցնեմ «Մենակ մարդու ամպերը»,– ծիծաղելով ասացի,– բայց չեմ հիշում՝ դա ո՞ր մեկն էր:

Ինձ տվեց կտավը, և պայմանավորվեցինք, որ ժամանակի ընթացքում քիչ-քիչ կտամ նաև գումարի մյուս կեսը, իսկ երբ հեռախոսահամարը խնդրեցի, նա ասաց, որ դրա կարիքը չկա, որ այսուհետև ինքը այգում է լինելու, որովհետև տեղը հարմար է, մարդկանց անցուդարձը՝ շատ: Խիղճս հանգիստ՝ գնացի տուն: Նկարը թեև այնքան էլ չէի հավանում, բայց կարողանում էի ժամերով նայել, թվում էր՝ ամպերն ուր որ է կշարժվեն: Կտավը շուռումուռ տվեցի՝ հույս ունենալով, որ մի տեղ կհանդիպեմ ստորագրությանը, բայց իզուր: Չկախեցի պատին, չէի ուզում, որ տնեցիները տեսնեն: Գիտեի՝ պիտի նախատեն: Մայրս ամեն օր համալսարան գնալուց առաջ ինձ հազար դրամանոց ու մանրադրամներ էր տալիս, մեկ-մեկ էլ՝ ավելին: Եվ ես այդ հազարանոցները ամեն օր տուն վերադառնալիս տալիս էի Պուճուր մարդուն, ուզում էի հնարավորինս շուտ ազատվել պարտքից, չնայած նա չէր շտապեցնում, կարծես իր համար ընդհանրապես միևնույն էր՝ կտամ պարտքը, թե չէ: Այդպես սկսվեց մտերմությունս Պուճուր մարդու հետ, հաճախ կանգնում էի մոտը, և զրուցում էինք տարբեր թեմաների շուրջ, հիմնականում ես էի խոսում: Նկատել էի, որ նա այն մարդկանցից է, որոնց խոսքը սկզբից աննշան, հասարակ է թվում, սակայն ժամանակի ընթացքում ներսումդ հասունանում, մտածելու առիթ է տալիս: Մի օր, չեմ հիշում ինչի մասին էինք խոսում, հարցրի, թե հավատո՞ւմ է Աստծուն:

– Ես Աստծու կամքով աթեիստ եմ,– պատասխանեց:

– Դե ես Աստծու գոյությանը չեմ հավատում,– ասաց, երբ խնդրեցի բացատրել իր տարօրինակ միտքը,– բայց հավատում եմ, որ Աստծու կամքով է իմ անհավատ լինելը:

Բավական երկար ժամանակ է, ինչ շարունակվում էին մեր զրույցները, բայց Պուճուր մարդու մասին գրեթե ոչինչ չգիտեի՝ բացի նրանից, որ ավարտել է Թերլեմեզյանի անվան նկարչական ուսումնարանը: Մոտ երկու շաբաթ կլիներ, որ նա այգում փորձում էր վաճառել նկարները, սակայն ընդամենը մի քանի կտավ էր վաճառել: Պարտքս գրեթե տվել էի, հազար կամ երկու հազար դրամ էր մնացել: Մի օր, երբ դասից տուն էի վերադառնում, աչքովս ընկավ մի նկար, որն առաջին հայացքից ոչնչով չէր տարբերվում մյուսներից. նույն ամպերն էին, սակայն այս նկարը կարծես ավելի լուսավոր էր, գույները փայլում էին:

– Նո՞ր կտավ է,– հարցրի ու տեսնելով Պուճուր մարդու գլխի դրական շարժումը՝ կատակի համար ավելացրի,– էստեղ էլ երևի թախծոտ մարդու ամպեր են նկարված, չէ՞:

– Չէ՛, ուրախ մարդու ամպեր են,– ոգևորված պատասխանեց,– երեք օր առաջ եմ նկարել:

Առաջին անգամ էր, որ կտավի անվանումը կապված չէր տխրության կամ թախծի հետ:

– Որովհետև երբ նկարում էի, ուրախ էի,– ժպտալով վրա բերեց:

Դա իմ ու Պուճուր մարդու վերջին խոսակցությունն էր, հաջորդ օրը նրան չտեսա այգում. մտածում էի, որ կգա, որովհետև պարտքից դեռ չէի պրծել, բայց չեկավ:

Դեկտեմբերի տասնինն էր, երբ ձյան առաջին փաթիլները սկսեցին թափվել քաղաքի վրա: Քննաշրջանն ավարտվել էր, ոչինչ չունեի անելու, աննպատակ քայլում էի քաղաքով: Տերյան փողոցով իջնում էի Օպերա, որտեղից էլ պատրաստվում էի գնալ Կասկադ և արագ տուն հասնել, որովհետև ձյան փաթիլները խոշորանում էին, բավական ցուրտ էր: Նոր էի անցել Օպերայի շենքի մոտով, երբ տեսա մի տարեց տղամարդ՝ ձեռքին կտավ, ցանկանում է անցնել փողոցը: Կտավը ծածկված չէր ծածկոցով, տղամարդը նույնիսկ չէր էլ շտապում այն թաքցնել փաթիլներից: Մտածեցի, որ երևի անպետք նկար է կամ էլ՝ մաքուր. ամեն դեպքում տարօրինակ էր: Անցա փողոցը, դեռ մի քանի քայլ էի արել, նկատեցի՝ մի կին է քայլում երեխայի հետ, և դարձյալ ձեռքին կտավ էր: Մինչև հասա Կասկադ, ձյունը նստել էր: Ուշադրությունս գրավեց հեռվում կանգնած մարդկանց խումբը, որը շրջան էր կազմել և գնալով մեծանում էր: Քայլերս ուղղեցի այդ կողմը: Դեռ չէի հասել, երբ տեսա, թե ինչպես մի ակնթարթում ամբոխը ետ քաշվեց, ու մեջտեղում երևաց Պուճուր մարդը: Ես չհասցրի ոչինչ հասկանալ, ամեն ինչ այնքան արագ կատարվեց. նա ձեռքերը տարօրինակ շարժումներով թափահարում էր օդում, կարծես ցանկանում էր չթողնել, որ փաթիլներն ընկնեն գետնին, կարծես ետ, դեպի երկինք էր փորձում հրել, գետնից վերցնում էր ձյունն ու նետում վեր՝ ամբողջ ընթացքում բղավելով.

– Մի՛ արի, կկեղտոտվես, ասում եմ՝ մի՛ արի:

Արտասվում էր, բղավում, հետո գրպանից հանեց ինչ-որ բան ու նետեց հավաքված մարդկանց վրա, կոպեկներն ընկան ձյան մեջ:

– Բոլորը ձե՛զ,– բղավեց ու հիմա էլ վերնաշապիկը հանելով՝ նետեց ամբոխի վրա. մարդիկ ընկրկեցին, շատերը զգուշանալով հեռու կանգնեցին, մի քանիսն էլ ընդհանրապես հեռացան: Մի պահ ուզում էի մոտենալ, հանգստացնել նրան, բայց վարանեցի: Պուճուր մարդը արտասվում էր, հայհոյում, արդեն հանել էր ամբողջ հագուստը և մերկ էր, բայց համառորեն փորձում էր չթողնել, որ ձյունը գա: Ես էլ միացա հեռվում կանգնածներին: Շուտով եկան ոստիկաններն ու ոստիկանական մեքենան նստեցնելով՝ տարան նրան: Այդ դեպքից հետո իմացա, որ Պուճուր մարդը ծայրահեղ աղքատության մեջ է եղել, ապրել է Լամբադա կամրջի տակ, իսկ այն օրը, երբ իրեն տեսա Կասկադում, ասում էին՝ իբր իր բոլոր կտավները նվիրել է պատահած մարդկանց ու հետո խելագարվել: Ոմանք էլ ասում էին՝ ոչ թե նվիրել, այլ հինգ հարյուր դրամով վաճառել է, և այլն: Բայց շուտով բոլոր խոսակցությունները լռեցին, բոլորը մոռացան Պուճուր մարդուն:

Կտավը, որ գնել էի ու որի ամբողջական գումարը այդպես էլ չկարողացա տալ, հիմա կախված է մեր հյուրասենյակի պատին՝ ամենաերևացող տեղում: Բոլոր հյուրերը հիանում են Պուճուր մարդու նկարով, երկար նայում, բայց ո՛չ ոք, ո՛չ ոք չի տեսնում, որ լուսավոր ու վառ ամպերի ետևում ձյուն է գալիս:

Յատուկ Երաժշտություն
Արի
Դավիթ Բալասանյան

Արի

Հմուտ ձկնորսը, 2016թ
Հմուտ ձկնորսը, 2016թ
Խաղա առցանց