Գևորգ Էմին

Երգ կռունկի մասին

Կռո՛ւնկ, Հայոց մոխիրը կար քո թեւերին,
Երբ չըւեցիր.
Թրջուա՜ծ էր քո աչքը Հայոց արցունքներից,
Երբ չըւեցիր.
Ասիր. “Չե՜մ գայ էլ Հայաստան. մա՛հ է այնտեղ,
Եղեռն, աւա՜ր...”
Մեր երկրի պէս աւեր բոյնդ անտէր թողիր
Ու չըւեցիր:

Ո՜ւր չըւեցիր` Հայոց վշտի անծայր բանտից
Դու դուրս չեկար.
Ամէն ջրում, ամէն հողում` վտարանդի
Հայի տեսար.
Ականջ դրիր մէկի հարցին, մէկին թողիր
Անպատասխան
Եւ աշխարհում, ինչպէս նրանք, քո բնի պէս
Բոյն չտեսար:

Ո՜ւր գնացիր` մոխիր դարձաւ բոյնդ նորից,
Թռար եկար.
Հազար հրի միջով անցար, հազար սրից
Փրկուած եկար.
Ասիր. “Թէ մահ կայ աշխարհում, լաւ է մեռնեմ
Իմ հին բնում...”
Աչքըդ յառած Արարատի սէգ կատարին`
Թռար, եկար:

Եկար, տեսար անապատում` նոր ջրանցքի
Հուն է բացուել,
Վարդ է բացուել քարի վրայ, քարը կրկին
Տուն է դարձել
Եւ նախանձից Մասիսն անգամ թեքուել է, որ
Արազն անցնէ,
Ծուխ է ելնում ամէն տնից. հաւքն իր նախկին
Բոյնն է դարձել:

Եկար մեզ մօտ, քո թեւերին պանդուխտների
Վի՜շտը բերիր.
Նրանց կարօտն հայրենիքի ու դարերի
Ի՜ղձը բերիր.
Եկար, նորոգ բոյնըդ գտար ու չըւում ես
Ափերն օտար,
Որ ազատե՜ս Սեւ զուլումից ու ձուլումից
Քո ձագերին:

Գնա՜ , կռո՜ւնկ, Հայոց արտից ծի՜լ տար կանաչ`
Պանդուխտների՛ն,
Մի նշխար ձի՜ւն` Արարատից, ջո՜ւր Սեւանայ`
Պանդուխտներին.
Ականջիդ մէջ` մեր երգն ուրախ, աչքերիդ մէջ`
Մեր լոյսը նոր`
Մի բուռ հող տար` մահից փրկող սուրբ մանանայ`
Պանդուխտներին:

Գնա՜, շրջիր երկրէ երկիր ու ե՛տ դարձիր,
Բարո՜վ դառնաս.
Կանչիր բոլոր պանդուխտներին ու ե՛տ դարձիր,
Բարով դառնաս.
Դարձիր այնպէ՛ս, որ ոչ մի տեղ, ոչ մի պանդուխտ
Քեզ չսպասի,
“Կռունկ, ուստի՞ կու գաս” չասի՛ ու չլացի՛...
Բարո՛վ դառնաս:

Համերգից Հետո

Ինչ ուզում էի քեզ խոստովանել
Եվ գաղտնի՜ էի պահում իմ հոգում,
Այնքան հարազա’տ ու այնպես անե՜ղծ,
Դու լսում էիր երեկ… համերգում:

Դու’ էլ նույնն էիր ուզում ինձ ասել,
Ինչ ես լսեցի երեկ համերգում…

Բայց որտեղի՞ց էր ջութակն իմացել,
Անբառ գաղտնիքը իմ ու քո հոգու…

1
Ինչքան չքնա՜ղ ես դառնում ավելի,
Այնքան հպա’րտ է սիրտն իմ առնացի, -
Իմ սիրո’վ ես դու չքնաղ, սիրելի’ս,
Եվ իմ սիրու՜ց ես դառնում գեղեցիկ:

Չէ՞ որ շուրթերըդ շիկնու’մ են, վառվու՜մ,
Իմ շշուկների’ց ու համբույրների’ց.
Եվ քո աչքերը հմայի՜չ դառնում`
Երբ սե’ր են հայցում իմ խերթ աչքերից:

Եվ ե’րգն այս , որ դու երգում ես հնչեղ,
Մի՞թե սիրու’ց չի ծնվում շուրթերիդ,
Մի՞թե քո սիրո անտես թելին չեն
Շարվում հակինթնե՜րն իմ սիրերգերի.

Եվ ինչու՞, ինչու՞ մեկեն ու հանկարծ,
Հրաշքի՜ փոխվեց աշխարհը արար.
Ուրիշ գաղտնիք ու հանելուկ չկա`
Աշխարհը նու’յնն է` Սիրու՜մ ենք իրար…

2
Դու վախենու՜մ ես ինձ սիրել, անգին.
Դու նախատում ես, թե սիրտըս մերկ է, -
Ասում ես` սիրույդ գաղտնիքն անմեկին
Կասի աշխարհին իմ գրած երգը.

Մեր սիրո աստղը կխամրի՜ լույսից,
Ոճի՜ր կդառնա քո վսեմ մեղքը,
Որիշ սիրահար սրտե’ր կհուզի,
Սին փառքի փոխած սիրո վայելքը…

Օ՜, դու չգիտե՜ս բախտը պոետի,
Չգիտես նրան մորմոքող վերքը. -
Ի՜նչ ցավ էլ նրա սիրտը կտրատի`
Աշխարհի համար դա միայն… ե՜րգ է.

Այդպե’ս է եղել դարերում բոլոր -
Մարդիկ չե՜ն տեսնում ամենից մերկը…
Ոչ ոք չի զգա քո գաղտնիքը խոր`
Չէ՞ որ ուրիշի համար նա … ե’րգ է:

2
Եթե երա՜զ էր տեսնում քո հոգին,
Բիրտ արթնացումի համար այս, ների՜ր,

Թե սրբությու’ն էր որոնում, անգին,
Ների՜ր այս մեղքը, որ հոգուդ բերի.

Թե ցնորք - սե’ր էր տենչում, լուսածին,
Ների՜ր սիրո մահ բերող խոսքերիս.

Ների՜ր այս բոցը, որից այրվեցին
Թիթեռնե’րը քո լուսե տենչերի…

Ների՜ր
որ ինձ սիրի’ր, ոչ ատիր.-
Անե՜ղծ կա սրտին բանաստեղծների,

Սիրո ձևերից հազարապատիկ,
Ես խե՜նթն եմ սիրում…
Ներիր, օ՜, ների՜ր…
2
Դու խռովեցի՜ր, դու գնացի՜ր
Եվ արցունքները քո աչքերի,
Անձր ի նման ցա՜ծ մաղվեցին
Եվ բու’յր տվեցին ծաղիկներին:

Դու արցունքների մեջ ժպտացիր
Եվ քո ժպիտի հուր ցոլքերից,
Ծիածա՜ն իջավ աղեղնածիր
Ու գույնե’ր բերեց ծաղիկներին…

Լեռներով պատած այս ձորը խոր
Զամբյու՜ղ է կարծես` ծաղկով լցված,
Եվ ծիածանը` կո’թը կլոր -
Սուզված երկընքում կապույտ ու թաց…

Ուզու՞մ ես` բռնած ծիածանից,
Ծաղկաձորը քեզ նվե՜ր բերեմ,
Միայն չգնա’ս դու ինձանից,
Միայն թե այսօր դու ինձ ներե՜ս…

Յատուկ Երաժշտություն
Հողուշող
Էլեն Յոլչյան

Հողուշող