Դանիել Վարուժան
Ո՜ Տալիթա
Կարմրաշառայլ լույսերուն մեջ կը վառի
Կապելադ, ո՛ Տալիթա:
Բե՛ր գարեջուրն, և թող փրփուրն հոսանուտ
Մատերդ ի վար պըղպըջա:
Ի՛նչ փույթ թե ես ազնըվական կը թվիմ,
Ունիմ ձեռքեր քընքշենի.
Եվ ի՛նչ փույթ թե դուն աղջիկ մ'ես ջըլեբաց`
Որ բանվորներ կ'ընդունի:
Կ'ատեմ կիներն` որոնք դիմացն հայլիին
Դիմաներկեր կը շաղվեն.
Կը ծըցընեն Ծերակույտի անդամներ
Տըռփանքներով տարորեն:
Դահլիճներուն փարթամ կիները կ'ատեմ.
Իրենց կավատն է` ոսկին.
Զիրենք սիրողը կը սպառեն, և իրենք
Տան շընիկեն կը սպառին:
Բե՛ր, Տալիթա՜, բե՛ր գարեջուրն, ու նըստե
Ծունկիս վրա` թույլ տալով
Որ աղախնի կարճ քըղանցքեդ երևնան
Բումբերըդ` սև գուլպայով:
Թող ճըրագներդ հյուծին մինչև առավոտ,
Եվ թող շեմին վրա երգե
Գինով աշուղն` հառած բիբերը մեզի,
Բիբերը զուրկ կըրակե:
Թող մազերուդ ոսկի հյուսկերը քակես
Գավաթին մեջ բյուրեղյա,
Եվ ծունկերես վար սըրունքներդ օրորես`
Մինչև որ սերս հասուննա:
Ինծի ի՛նչ փույթ թե շրթունքներդ են խածեր
Նավաստիները կոպիտ,
Եվ հոսեր են քըրտինքն իրենց տըռփանքին
Աչքերուդ մեջ` ու ծոցիդ:
Այսօ կ'ուզեմ կուրծքիդ վըրա գինովնալ
Ինչպես զինվոր մը արբուն.
Կ'ուզեմ պարպել գավաթդ, և դուն ալ պարպես
Սիրտըս` նուռի պես հասուն:
Այսօր կ'ուզեմ դահլիճին մեջ ծաղըրված
Սերըս առջևըդ պղծել,
Խաբված հոգիս բերել ռամիկ աղջըկան
Գարեջուրով մը ծախել: