Դանիել Վարուժան
Ձոն
Եղեգնյա գըրչով երգեցի փառքեր.
  Քեզի ընծա՜, իմ հայրենիք  
Սոսյաց անտառեն էի զայն կըտրեր…
  Քեզի ընծա՜, հին հայրենիք  
Եղեգնյա գըրչով երգեցի քուրմեր.
Ընդ եղեգան փող լու’յս ելաներ:
Եղեգնյա գըրչով երգեցի կարոտ.
  Ձեզի ընծա՜, հայ պանդուխտներ  
Ան տարաշխարհիկ բույսի մ’էր ծըղոտ…
  Ձեզի ընծա՜, հեգ պանդուխտներ  
Եղեգնյա գըրչով երգեցի հարսեր.
Ընդ եղեգան փող ո՛ղբ ելաներ:
Եղեգնյա գըրչով երգեցի արյուն.
  Ձեզի ընծա՜, սուրի զոհեր  
Ան ծլած էր մոխրի մեջ իբրև կընյուն…
  Ձեզի ընծա՜, կրակի զոհեր  
Եղեգնյա գըրչով երգեցի վերքեր.
Ընդ եղեգան փող սի՛րտս ելաներ:
Եղեգնյա գըրչով որբ տունս երգեցի.
- Քեզի ընծա՜, հայր ալեհեր –
Ցամքած աղբյուրեն մեր զայն հոտեցի…
- Քեզի ընծա՜, մայր կարեվեր -
Եղեգնյա գըրչով օջախս երգեցի.
Ընդ եղեգան փող ծու՛խ ելաներ:
Ու պայքա՜ր, պայքա՜ր, պայքա՜ր երգեցի.
- Ձեզի ընծա՜, հայ մարտիկներ -
Գրիչս եղավ անթրոց սըրտերու հնոցի…
- Ձեզի ընծա՜, քաջ մարտիկներ -
Եղեգնյա գըրչով վըրեժ երգեցի.
Ընդ եղեգան փող բո՛ց ելաներ: