Ավետիք Իսահակյան

Ում սիրտն է հեծում մըռայլ գիշերին

Ո՞ւմ սիրտն է հեծում մըռայլ գիշերին
Ձըմռան հողմերից ծեծվա՛ծ, տառապա՛ծ. –
Այս գայլն է թըշվառ` լեռան լանջերին
Դառն հեծեծում ցըրտահա˜ր, քաղցա˜ծ…

Մենավո՛ր, խըղճո՛ւկ, դու վիրավոր սի՛րտ,
Ես է՛լ քեզ նման մենակ եմ ու խեզճ,
Մարդն էլ քեզ պես է, ո՛վ խոշտանգած սի՛րտ,
Այս ցավի, մահի սև աշխարհի մեջ:

Այս ցավի, մահի դաժան աշխարհում
Մեր բախտը մեկ է` անհույս ու թըշվառ,
Իմ սիրտն էլ քեզ հետ կյանքն է անիծում,
Արի՛, լանք մեկտեղ, իմ խե՛ղճ գայլ-եղբայր…

1907
Երևան

Յատուկ Երաժշտություն
Թավջութակի կոնցերտ
Առնո Բաբաջանյան

Թավջութակի կոնցերտ