Ավետիք Իսահակյան
Մեղքի և զղջման երգեր
I
Արևի ոսկին ծով – մազերիդ մեջ,
Գարունը ծաղկած` այտերիդ վրա,
Ժպտուն աստղերը` աչերումդ անշեջ:
Վարդի ճոխ բուրմունքը շրթունքիդ ցայտուն,
Թավիշ դեղձերը վառ կրծքիդ վրա,
Աշխույժ - թռչնի պես` սիրտդ թռվռուն:
Դո՛ւ, անուշաբույր, կախարդիչ մարմին,
Դո՛ւ, պուրպուր գինի` շքեղ, դյութական,
Թո՛ղ քեզնով հարբիմ ու գրկիդ մեռնիմ. –
Վայելքը անմահ կմնա միայն …
II
Բարվոք է գուցե, թեկո՛ւզ և իրավ
Զսպել կրքերը, տիրել կըրքերին.
Սակայն ավելի գեղեցիկ է, լա՛վ, -
Ազա˜տ, սանձարձա˜կ թողնել կըրքերին:
Արա՛, ի՛նչ կուզես, ի՛նչ որ կարող ես,
Պարտքն ու բարին սո՛ւտ են ու պատիր. –
Սիրի՛ր այն, ինչ որ կյանք է տալիս քեզ.
Ինչ որ վիշտ ու մահ – հեռացի՛ր, ատի՛ր:
Կյանքից դուրս չըկա՛ ոչ մի դըրություն.
Ոչի՛նչ էիր դուն, ոչի՛նչ պիտ դառնաս. –
- Կընոջով, երգով, գինով արբի՛ր դուն,
Արբի՛ր, որ մահն ու ու աշխարհը մոռնաս …
III
Ա˜խ, երազ – սիրո հոգիս ծարավուտ`
Ծըծեցի սակայն շրթունքը մեղքի.
Հոգիս տենչացողգեղեցկին անսուտ,
Բայց թաթախվեցի գարշ ճահճում կյանքի:
Չըգտա մի տեղ անմարմին մի կին,
Սերըս կորցրի պագշոտ գրկի մեջ.
Ինչ որ ունեի - և վսեմ, անգին,
Ողջը աղտոտվեց անհուն կրքի մեջ …
IV
Բարձր լեռների արծիվը մեկ – մեկ
Ագահ ագռավից ցածր կըթռնի,
Սակայն դաշտերի ագռավը երբեք
Հզոր թռիչքին նրա չի հասնի:
Ինչքան թաթախվիմ գարշ ճահճում կյանքի,
Հոգիս չի զարթնի վսեմ երազից.
Չի կորչում մթնում շողն արեգակի,
Բարձունքն ես գիտեմ, կըճախրեմ նորից:
V
Ջինջ ծովակի մեջ կա մի լուռ կղզի,
Մենավոր, անդորր ժայռեղեն մի գահ,
Ուր քաղցր է հնչում ղողանջը զանգի,
Եվ փռվում մեղսոտ աշխարհի վրա:
Եվ լուռ կղզու մեջ կա նվիրական
Հինավուրց քարայր, մի վեհ սրբավայր.
Այնտեղ պիտ գնամ, լամ, քավեմ, ողբամ
Հոգիս մեղավոր և բազմաչարչար:
Եվ պիտի ծեծեմ կուրծքս քարերին,
Եվ պիտի հեծեմ ցնորքս անբիծ,
Եվ պիտի գտնեմ սերը երկնային,
Որ հոգիս այրե և մաքրե նորից …
1907
Թիֆլիս