Ավետիք Իսահակյան

Հարևանիս որդին մեռավ

Հարևանիս որդին մեռավ,
Քսան տարու տղա.
Նոր էր ինձնից գիրք փոխ առավ,
Առո՛ւյգ, առո՛ղջ տղա:

Բիլ գիշեր է գարնանային`
Լուսնով, բույրով օծուն.
Կռթնել եմ ես պատշգամբին`
Միտքս ցավով խոցուն:

Աչքս եմ հառել պատուհանին
Մահով մթնած խուցի.
Մոմն է վառվում լուռ սնարին,
Դալուկ, առանց բոցի:

Եվ դիտում եմ, անհագ դիտում`
Շուրջս լցված մահով.
Զարհուրանքն է հոգիս պատում
Անէության ահով:

Եվ աշխարհն է մեռել դառնում`
Ընկած սրտիս վըրա.
Եվ լուսինը – դալուկ մի մոմ`
Լուռ սնարին նրա …

1921
Վենետիկ

Յատուկ Երաժշտություն
Շրջանաձև
Դավիթ Բալասանյան

Շրջանաձև

Միդի, 1984 թ
Միդի, 1984 թ
Խաղա առցանց