Ավետիք Իսահակյան

Հայրենի՛ հողի վրա եմ նորից

Հայրենի՛ հողի վրա եմ նորից,
Նորից մանկական աչքով տեսնում եմ`
Հավերժից դիտող աստղերն հրեղեն,
Հրաշք է դառնում աշխարհն ինձ նորից:

Ուրախ քրքիջով վազում է կայտառ
Իմ հին խաղընկեր գետակը փայլուն,
Տեսնում եմ նրա զմրուխտ հայելում
Ծաղկի պես ցնծուն` պատկերս պայծառ:

Կապույտ երեկոն ա˜յնքան է խաղաղ,
Երգում է ծառից մի հավք սրտագոհ,
Տեսնում եմ` հայրս բարի, մտախոհ,
Ծանոթ շավիղով քայլում է դանդաղ:

Ինձ տուն է կանչում ձայնը մայրենի,
Խաղըս թողնում եմ. երեկո է ուշ.
Գգվում է մայրս, ժպտում է քնքուշ,
Մի արևի պես, որ նման չունի:

Վառվել է նորից օջախն հինավուրց,
Ելնում է ծուխը անուշ խընկի պես,
Խոսում են մերոնք … բայց ննջում եմ ես,
Հոգիս պարուրած հեքիաթ ու անուրջ:

Ոչինչ չեմ տենչում այս ծխից ավել,
Ոչինչ, դատարկված այս մերկ աշխարհում.
Ո՛չ կին երազած, պանծալի անուն,
Ո՛չ գանձ աշխարհի – այս ծուխից ավել:

Կուզեի նստել այս սուրբ ծխի տակ
Ու տեսնել նորից հոգով մանկական
Հարազատներս, որ հիմա չկան,
Եվ հրաշք նորից – աշխարհ բովանդակ …

1926
Երևան

Յատուկ Երաժշտություն
Սուրբ Հաստատում, Սուրբ Հերքում, Սուրբ Հաշտություն
Գեորգի Գյուրջիև

Սուրբ Հաստատում, Սուրբ Հերքում, Սուրբ Հաշտություն

Ասպետ կինը
Ասպետ կինը
Խաղա առցանց

Աջակցեք մեզ։ Գնեք արվեստի գործերի հիմքով ստեղծված ապրանքները մեր օնլայն խանութից