Ավետիք Իսահակյան

Ցորենի ծըփուն արտերի եզրին

Ցորենի ծըփուն արտերի եզրին
Կանգնել խորհում եմ սրտիս մեջ լռին. –

Մի՞թե դու չէիր, հայրենի՛ք իմ հեգ,
Որ տայգաներից, մթին յուրդերից,
Հորդացող – եկող ելուզակների
Բյուր նիզակ ու տեգ
Սրտիդ մեջ մխված` ընկել էիր խեղճ
Քառուղու վրա բախվող ազգերի,
Դաժան դարերի մղձավանջի մեջ,
Սմբակների տակ խոլ նժույգների.
Եվ սրում էին ճիչով խնդագին
Անգղներն իրենց կտուցները վես
Քո արևակեզ ժայռերի վրա`
Հոշոտելու քեզ …
Եվ սակայն հիմա
Դու նորից ծաղկել, ցնծում ես նորից,
Ելնում է ծուխը խրճիթներից հին,
Ուր մայրըս անուշ օրորել է ինձ,
Իմաստավորել մանուկ իմ հոգին
Քո հզոր լեզվով, երկի՛ր կաթոգին:
Այնքա՛ն ժամանակ, որ պիտի հերկե
Սևահողըդ հին` քո կտրիճ որդին,
Եվ գուսանըդ վառ` սերըդ պիտ երգե,
Դու պիտի ծաղկի՛ս, երկի՛ր հայրական,
Քո ոգով, ոճով և բարձրագլուխ,
Դու պիտի հնչե՛ս, հնչես հաղթական,
Իմ հին հայ լեզու` քա՛ղցր ու սրտաբուխ:

1929
Լենինական

Յատուկ Երաժշտություն
Լարային քառյակ – Քամի
Էլեն Յոլչյան

Լարային քառյակ – Քամի

Հին Թբիլիսի
Հին Թբիլիսի
Խաղա առցանց