Ավետիք Իսահակյան

Անհուն վրեժի և ատելության

Անհուն վրեժի և ատելության
Դըժոխքն է այրում թունոտ իմ հոգին.
Եվ ես չեմ բերում խոսքը հաշտության,
Որ ծանր է նստում զրկվածի ուսին:

Անհուն վրեժի և ատելության
Պատգամն եմ վառում ես ձեր սըրտերում.
Եվ ձեզ ասում եմ` ո՛վ դու ցնցոտի,
Դու՛, որ թշվառ ես, անտուն, անոթի,
Դու՛, որ քո ձեռքին կռել ես շղթա,
Դու՛, որ քրտինքդ` դառն ծովացած
Նզովք ես շինել, և լուծ քո վրա –
Ես քո ժանիքը սրում եմ հիմա;

Կանգնեցընում եմ բազուկդ ահա,
Ինչպես ոխակալ օձն անապատի,
Եվ քո քարացած բըռունցքում հիմա
Ես սուրն եմ դնում ահեղ ճըշմարտի:

Եվ քո սրտի մեջ վառում եմ ահա
Հուրն ազատության և իրավունքի.-
Կանգեցընում եմ բազուկըդ ահա՛,
Ինչպես ոխակալ օձն անապատի…

1905
Ղազարապատ

Յատուկ Երաժշտություն
Շուշիկի
Կոմիտաս

Շուշիկի

Նատալյա Թեումյանի դիմանկարը
Նատալյա Թեումյանի դիմանկարը
Խաղա առցանց

Աջակցեք մեզ։ Գնեք արվեստի գործերի հիմքով ստեղծված ապրանքները մեր օնլայն խանութից