Աննա Սարգսյան

Փախուստ դիմակահանդեսից

Երբ աճուրդի են հանվում անգամ բարություն ու սեր,
հարգանքի խոսքեր՝ չմոռանալով մակագրել ներքո,
քեզ պարտատեր ես զգում ակամա,
թեւ ոչինչ էլ չես գնել ու չես մուրացել բնավ,
սոսկ եղել ես կեղծիքը հերքող։
Երբ ժպիտն անգամ դարձել արժեթուղթ,
շրջանառվում է ըստ պայմանների՝
շահով սահմանված, առաջադրված,
անժպիտ դեմքն է թվում գրավիչ.
այն, գոնե, կեղծ չէ, չունի ոչ մի խայծ։
Երբ խոսքերն ասես կրում են կեղծամ,
լռության գինը արժեւորում ես բյո՜ւր-հազար անգամ.
այդ լռության մեջ ճոխ ընտրություն կա...
Երբ բարեւում են սոսկ այն պատճառով,
որ «վերից» մեկը բարեւել է քեզ, կամ «գլխով արել» իր բարձրությունից,
կամքդ լոկ մեկն է՝ քեզ բարեւողը միայն դու լինես,
որ հարկադրաբար չնվաստանաս՝
քծնանքից սերված տաղտուկ ողջույնին
պատասխան հղես՝ ինքդ քեզ «նեղես»...
Երբ աճուրդի են հանվում անգամ բարություն ու սեր,
ավելի լավ է հոգուդ դարպասներն փակի տակ պահես,
քո սրտի ծովում մենակ նավարկես, սիրես, արարես...
20.05.2025թ.
Դիլիջան

Յատուկ Երաժշտություն
Երևանյան էտյուդներ
Ալեքսանդր Սպենդիարյան

Երևանյան էտյուդներ

Քնքշություն
Քնքշություն
Խաղա առցանց