Աննա Սարգսյան
Անավարտ մայրամուտ
Այնտեղ մայրամուտն այլ երանգ ունի, բուրմունքն էլ այլ է. չհագեցնող, կիսաքաղց զգացողություն ապահովող, երանելի՜: Երբ չես շտապում լիովին վայելել, այլ` պատառներով, քիչ-քիչ, որ չդառնա սովորական: Պահպանել ես ցանկանում թարմությունը, անավարտությունը, փորձում հավերժացնել, ավելին քաղել՝ քան նա իրապես կարող է տալ:
Հիմա , երբ բացակա եմ, առավել շոշափելի է զգացածս, հիմա են առավել հասանելի թվում հույզերը, որ տիրում էին այդ պահերին, քանզի գիտակցությունս խանգարում էր, երբեմն, զգալ եթերայինը, իսկ երեւակայությունս՝ հակառակն, խթանում : Հիմա հասկանու՞մ ես ,թե ինչով էր պայմանավորված փախուստս: Հրաշքի կորստի վախից էր, ներդաշնակը սովորականի վերածվելու նաեւ:
Այնտեղ կա մի այնպիսի հանդարտություն, որ երկրային գիտակցությունից դուրս է թվում, եւ երբ հետեւում ես նրան, տարվում նրանով՝ այնուհետ ետ գալը, որ անխուսափելի է, շատ ցավոտ է հոգու համար, ինչն ավելի վառ է արտացոլվում զգայուն ոգիներում, եւ ինչը բացակայում է լիովին՝ երկրայինների մոտ: Ա՚յ, թե համոզվածություն լիներ մերթընդմերթ վերադարձի՝ միգուցե կորստի այդ ավերող վախն անէանար: Բայց այն չկար, համոզվածությունը. լիարժեք չէր ամեն դեպքում:
Նոր եմ կարծես հասկանում, թե ինչու՞ է իմ սիրելի կետադրական նշանը բազմակետը… Երբ ետ հայացք եմ գցում, հասկանում եմ, որ կյանքիս բոլոր կարեւոր դրվագները լիիրավ ավարտ չեն ունեցել, ամենուր բազմակետեր են, ամենուր անավարտություն…
Սիրում եմ, երբ թախիծը ժամանում է երեկոյին զուգընթաց, եւ երբ երջանկության սպասումի կարոտից է այն հառնում: Այդ զգացումն անմեկնելի է, այնքա՜ն համահունչ, այնքա՜ն ներդաշնակ, այնքա՜ն սեր կա դրա մեջ ամփոփված. վերապրած սեր, սեր՝ անփոխադարձ, համբարձված սեր, նաեւ՝ փոխադարձ, հորդառատ, երբեմն էլ զեփյուռի նման՝ մեղմ ու խաղաղված: Այդպիսին էր նաեւ մեր այդ օրը, մեր այդքան սպասված մայրամուտը, որը լուսաբացի էր վերածվելու այնքա՜ն սահուն ու աննկատ, որ անցումը վրիպելու էր մեր անզեն աչքից:
-Լսու՞մ ես լռությունը,- հարցրեցիր դու:
-Լսում եմ…Իմ սիրելի սիմֆոնիան…ծղրիդների. մի լյա,մի լյա…
-Նախանձում եմ քեզ, -ասացիր,- դու կարող ես մեղեդի որսալ այնտեղ, ուր ինձ համար՝ լոկ, գիշերվա լռությունը խաթարող ծղրիդների ճռռոց է: Նախանձում եմ ինձ, որ ես եմ քո մուսան, ոգեշնչողը, թեեւ մասամբ, բայց ԵՄ…
ՈՒ լռեցինք: Ինչքա՜ն լի էր լռությունն այդ՝ հագեցած ամենադյութիչ բուրմունքով. նորածին երիցուկների, դեռ երեկ ջրված խոնավ հողի, չհասունացած սալորի, որ այդքան շատ եմ սիրում, եւ մեր հասուն սիրո, որ սիրում ենք երկուսս էլ: Երեւի թե այս տեսքն ունի ներդաշնակությունը, այն, որ նկարիչներն ու քանդակագործները սիրում են հավերժացնել: Մայրամուտ Է, մեր անավարտ մայրամուտը…
-Լսու՞մ ես լռությունը,- հարցրեցիր դու:
-Լսում եմ…Իմ սիրելի սիմֆոնիան…ծղրիդների. մի լա,մի լա…
Չեմ սիրում հրաժեշտը: Երբ հեռանում ես առանց հրաժեշտի՝ մնացյալը թվում է շարունակություն, թեեւ առանց համատեղ ֆիզիկական գոյության, բայց առավել զգալի. կարոտով համեմված կյանքի բաղադրատոմսն ամենից նախընտրելին է, ամենից նրբահամը:
Մինչ նոր մայրամուտ...
Դիլիջան
02.08.2022թ.