Ալեքսանդր Ծատուրյան

Կյանք

Ո՛չ, ատելի չես, դու, կյա՛նք վշտալից,
Երբ քո խռովահույզ, բազմահոգ գրկում
Տանջելով մարդուն նաև կարեկից,
Անկեղծ ընկեր ես նորան պարգևում։

Ծանր չէ՛ քո խաչն, երբ մենք կորացած
Այդ խաչի տակին՝ խուլ հառաչելիս,
Ունենք մտերիմ, որ մեզ համազգաց,
Մեզ հետ խնդում է և մեզ հետ լալիս…

Երբ գիտենք, որ կա գոյության կռվում
Մեզ սիրող մի սիրտ անձնուրաց ընկեր,
Որ միշտ պատրաստ է տանջանքի ժամում
Յուր սիրով սրբել մեր արտասուքներ։

Եվ որպե՜ս անհագ, որպե՜ս համարձակ
Հառա՜ջ, միշտ հառա՜ջ ձգտում է հոգին,
Երբ կյանքում, որպես հուսատու հրեշտակ,
Ընկերն ընկերին սեղմում է կրծքին։

Այնտեղ, մըտերիմ սիրառատ գրկում
Եվ փուշն է ծաղիկ, և՛ լացը ծիծաղ.
Այնտեղ ձըմեռն է գարնան պես ժպտում,
Այնտեղ և մահվան համբույրն է խաղաղ…

Ո՛չ. ատելի չես, ո՛վ կյա՛նք վշտալից,
Երբ քո խռովահույզ, անվերջ փոթորկում
Տանջելով մարդուն դու և կարեկից,
Անկեղծ ընկեր ես նորան պարգևում։
1892

Յատուկ Երաժշտություն
Գայանե - Օրորոցային
Արամ Խաչատրյան

Գայանե - Օրորոցային

Սեն Մալո
Սեն Մալո
Խաղա առցանց