Ալեքսանդր Ծատուրյան

Հասարակաց մշակին

Թե քո կրծքում բաբախում է
Հոգի անկեղծ, անկաշառ.
Եվ քո սիրտը միշտ ձգտում է
Դեպի բարին ու արդար
Զո՛ւր է հուսալ, գործի՛չ ազնիվ,
Այս աշխարհից անկեղծ վարձ.
Դու չես գտնիլ հարգանք, պատիվ
Եվ ոչ հանգիստ քո խնդրած։

Թե կոչված ես դու կյանքի մեջ
Մի նոր շավիղ հարթելու
Շավիղ դեպի լույսը անշեջ,
Դեպի արև կենսատու
Դու մի՛ հուսալ, չարքաշ մշա՛կ,
Սուրբ վաստակիդ հատուցում.
Մարդկանց աչքում ծաղր է ծանակ
Ամեն մի վեհ զգացմունք...

Բայց թե քո մեջ չըկա անկեղծ
Սեր դեպի մի վսեմ գործ.
Ավերիչ ես, որպես մի ցեց.
Թունավորող որպես օձ։
Թե պատրաստ ես դու նենգ խոսքով
Պաշտպան կանգնել բըռնության.
Մերձավորիդ փոս փորելով՝
Մատնել նորան դառն անկման…

Հուսա՛, ո՛վ մարդ, և լիահույս
Դու քեզ խնդրիր դափնիներ.
Դարուս ոգին անտարակույս
Կարդարացնե քո հույսեր…
Կը վայելես դու փառք, հռչակ,
Սև գործերիդ դըրվատում.
Եվ իբր հաղթող կը կրես պսակ
Դու այս խարդախ աշխարհում…
1887, 6 օգոստոսի

Յատուկ Երաժշտություն
Ճոճվող Բախ
Դավիթ Բալասանյան

Ճոճվող Բախ

Էլեկտրականություն Մալիշկա գյուղում, 1969 թ
Էլեկտրականություն Մալիշկա գյուղում, 1969 թ
Խաղա առցանց