Ալեքսանդր Շիրվանզադե

Գերեգմանատանը

Զատիկը անցավ, նրան հետևեց մեռելոցը։ Վերջինը ես ավելի եմ սիրում, քան առաջինը։ Երկուշաբթի վաղ առավոտից ես սկսեցի թափառել Թիֆլիսի գերեզմանատանը, որ տեսնեմ ո՛վ ինչ ցավ ունե, ով ինչ անցյալ է հիշում և ով ում համար է հոգեհանգիստ կատարում։

Հաղորդում եմ ընթերցողներիս իմ տեսածները, «ֆոտոգրաֆիական ճշտությամբ արձանագրելով» բոլորը։

Առաջին գերեզմանատանը ես հանդիպեցի աշխույժ երիտասարդ Պետրոս Սիմոնյանցին, որ մի խումբ սևազգեստների հետ կանգնած էր մի գերեզմանի մոտ։ Արժանապատիվ հայր Գեղամյանը հոգեհանգիստ էր կատարում երջանկահիշատակ «Մեղվի» հիշատակին։ Տեսարանը սրտաշարժ էր։ Տիրացու Գևո Գևոյիչը կրծքին ծեծում էր և գլխին հող ածում, աղաղակելով. «Վա՛յ ինձ, վա՛յ ինձ»։ Ինքը պարոն Պետրոսը, այնքան վշտահար էր, որ նույնիսկ ուշադրություն չդարձրեց իր մոտ կանգնած հեռագիրներ ցրող հրեայի վրա, որ ձեռում բռնած էր Ղարսից մի սգալից հեռագիր։ Մի փոքր հեռու Միքել Անջելլոյի հանճարեղ աշակերտ Ջովանի Բաբայանի Պալատնյանոն, մի հնադարյան ասպետական շինել ուսերին գցած, նկարում էր հանդիսավոր տեսարանը։ Նրա մոտ բացված էր մի քելեխի սեղան, որից Ջովանի Բաբայանի Պալատնյանոն երբեմն հոտ էր քաշում։ Թողի տեսարանը և հեռացա սրտամորմոք: Մի քանի քայլ չանցած՝ տեսա մի այլ խումբ, որ շրջապատած էր մի գերեզմանաքար: Վերջինի վրա գրված էր.«Ասա հանգչին ոսկերք անձնասպան «Փորձի»»: Տրտում դեմքով կանգնած էր հանգուցյալի մարդը, տիկին Մոմ բազոնի հետ թև-թևի տված։ Տիրացու Փիլիպոսը շարական էր կարդում։ Հետո տիրացու Կոստոն մի երկար դամբանական ասաց, հիշելով, ի միջի այլոց, և իր հանգուցյալ ամուսնուն և աղաղակելով.«Վե՛ստիկ, Վե՛ստնիկ, ինչո՞ւ ես քեզ սպանեցի»։ Կոստոյի խոսքը ընդհատեց տիրացու Փիլիպոսը, որը առաջ գալով ապլոմբով մի ճառ արտասանեց «Հաղագս ազատության մամուլի»՝ Այսմավուրքից և Մաշտոցից ցիտատներ բերելով։ Վերջը նա հայտնեց, թե հոգեհանգստից հետո էդեն թատրոնում մի ներկայացում կտրվի, ուր նախկին «Փորձի» այժմյան ղեկավարը փորձեր պետք է անե միսս Աբբոտին հաղթելու։ Իսկ տիրացու Կոստոն կներկայացնե «Եկեղեցական ծուխ և օպերետի կրթական ազդեցությունը» վերնագրով վոդևիլը, թարգմանություն Արդար Հովհաննիսյանի։ Թողի այս տեսարանն էլ ու հեռացա և ի՛նչ տեսնեմ։ Մի սևերես մարդ, մի մեծ գերեզմանաքարի վրա բարձրացած, ճառ էր ասում, բացատրելով, թե մեծ պասի օրերին ինչպես ինքը ձիթենու հատիկներ (զեյթուն) ուտելիս փորացավ է զգացել և ինչպես այդ փորացավից բարկացած նա ապտակել է իր ընկերակիցներից մեկին։ «Պարոննե՛ր, պարոննե՛ր, երբեք չուտեք ձիթենու հատիկներ, եթե ոչ, մի օր դուք էլ ստիպված կլինեք ձեր ամենաթանկագին բանը թաղել հողում, ինչպես ես թաղեցի այս գերեզմանում»։

Ես չհետաքրքրվեցի իմանալ արդյոք ի՞նչ է թաղել այդ սևերեսը գերեզմանում։ Ինձ համար ավելի հետաքրքրական էր մի ուրիշ տեսարան, որի հերոսն էր Կովկասյան հրապարակախոս, հանճարեղ ռազմագետ և հմուտ խոլերագետ Նիկոլայ Նիկոլաձեն։ Նա վշտահար երեսը դեպի հյուսիս դարձրած էր և ձեռով ցույց էր տալիս մի գերեզմանաքար, որի վրա գրված էր ռուսերեն տառերով «Տեսություն» (Աբզոր)։ Նա աղոթում էր՝ գերեզմանի մեջ ամփոփվածի հոգու փրկության համար, նրա անչափ մեղքերին թողություն հայցելով և աղաղակելով. «Տեր, ներիր երիտասարդությանս սխալները»։

Այդ միջոցին ականջիս հասավ մի ձայն, որ գոչում էր, «Վրա՛լման, Վրա՛լման»։ Ետ նայեցի և տեսա մի չաղ մորուքավոր մարդու, որ կանչում էր Վրալման ազգանունով մի սև մորուքավոր մարդու։ Ծանոթ դեմքեր էին։ Մոտեցա և ինչ տեսնեմ։ «Լիստոկի» ամբողջ խմբագրությունը մաղթանք է կատարել տալիս, փոխանակ հոգեհանգստի: Հետաքրքրվեցի պատճառը իմանալ։

«Իսկույն կիմանաք, պատասխանեց մեկը, ցույց տալով Վրալմանին։ Վերջինս մի ծառի վրա բարձրացած սկսեց խոսել. «Պարոններ, մենք այսօր փոխանակ հոգեհանգստի՝ մաղթանք ենք կատարելու, որովհետև «հոգի» չունենք, որին «հանգիստ» ցանկանանք, իսկ մաղթելու շատ բան ունենք։ Մաղթենք, որ մեր բազմաչարչար Իովանեի մարմինը հանգիստ լինի»։ Այդ միջոցին ներքևից մի ձայն լսվեց, որ աղաղակում էր.

«Երբե՛ք, երբե՛ք, վասնզի Իովանեի ջանը միայն գերեզմանում կհանգստանա»։

Ես Հեռացա։ Այնուհետև ուրիշ շատ տեսարանների հանդիպեցի։ Շարունակությունը եկող տարի:

Յատուկ Երաժշտություն
Էքսպրոմտ
Առնո Բաբաջանյան

Էքսպրոմտ

Որդիները չեն վերադարձել։ 1968 թ
Որդիները չեն վերադարձել։ 1968 թ
Խաղա առցանց