Ակսել Բակունց
Այու սարի լանջին
Առաջին աքլորականչի հետ զարթնում էր Պետին, տրեխները հագնում, տան առաջ հոսող առվակի ջրից մի երկու կից անում, երեսը լվանում, փափախով սրբում ու գեղի ծայրին կանգնում, որ կովերը դուրս անեն, ինքը սարը տանի պահելու։ − Զառի աքիր, շատ ես կթել, հեյվանը մեղք ա, ջան չունի,− ասում էր Պետին պառավ կնոջը, որ մի տուն լիքը մանուկներ ուներ և մի կով։
− Ճար չունեմ, Պետի,− ու տնքում էր Զառի բիբին, պառավ կովն առաջ արած։
Խնամողի աչքով էր Պետին նախիրին նայում։ Մի նայելուց իսկույն հասկանում էր, թե որ կովն է գիշերն անհանգիստ եղել, որն է շատ քաղցած։
Եվ երբ վերջի կովերը բերեին, մահակը ճոճում էր օդում ու զիլ կանչում.
− Հո՜, մարալ...
Պետին հնուց նախրապան էր։ Նա աչքը տավարի մեջ էր բացել։ Երբ երեխա էր, հորթերն էր պահում, իսկ հետո գեղի նախիրն էին տվել։
Ոչ ոք չուներ։ Դեռ հորթարած էր, երբ մայրը մեռավ, և Պետին մնաց կատարյալ որբ։ Գյուղն էր նրան պահում. մի օր մեկի տանը, մյուս օր մյուսի գոմում կամ մարագում քնում էր մինչև լուսաբաց և էլի վեր կենում նախիրը քշում։
Իր հայրական հին տունը խանգարվել էր, կտուրը խոնարհվել, գերանները օջախի ծխից սևացած կախվել էին, կտուրի հողն ու քարը թափել ներսում։ Վայրի կանեփը փարթամորեն աճում էր տան ավերակների վրա, և հարևանի հավերը քուջուջ անելուց հետո պառկում էին կանեփի շվաքում։
− Պետի՛, ա՛յ անժառանգ, բա ե՞րբ պիտի հորդ ամարաթը շինես,− հարցնում էին նրան։
Պետու ծաղկատար դեմքը ժպտում էր, հատ ընկած աչքը ծռում էր ու բերանը ձգում, ուսերը վեր քաշում։
− Սաղ գեղն իմ տունն ա,−կասեր, և մահակը էլի կճոճար օդում։
Երբ չուխան պատռում էր կամ տրեխի թելն էր կտրում, շալե շալվարի հին կարկատանները մաշվում ու մազոտ ազդրերը բաց անում,− Զառի աքիրն էր միշտ հանդիմանում, թե ինչու կնիկ չի առնում, հոր հանգած օջախը շենացնում։
− Պետի, փուչ մնացած, կարողությունդ ո՞վ ա ուտելու...
Հանդիմանում էր Զառի աքիրը և չորացած աղբյուրի ակունքի պես աչքերը կկոցում, բրդի թելը, ոսկրոտ մատները դողացնելով, ասեղի ականջով անցնում և կարկատում Պետոլ շալվարը շալի։
Գեղի հարսներն էլ էին ծիծաղում Պետու վրա, բայց նա նեղանալ չուներ։ Ժպտում էր, և ճերմակ ատամների շարքը փայլում էր մսոտ շուրթերի միջև։ Մի կաղ, ձեռքի մեկը չորացած, պառավ աղջիկ կար գեղում, որ սրա-նրա փռած ցորենն էր պահում կամ կտուրի վրա մեկնած չորաթանը։ Աղջիկները նրան «Պետու հարս» էին ասում և ծիծաղում, իսկ պառավ աղջիկը, կաղ և ձեռքը չորացած, ունքերը կիտում էր, զայրանում, հայհոյում և հետո էլ ժպտում ամոթխած։
Մի միտք, որպես ամպի ճերմակ քուլա ամառվա լազուր երկնի վրա, ցանկալի մի միտք լողում էր հանդարտ պառավ աղջկա ուղեղում.
− Եթե այդպես լիներ, Պետին իրեն ուզեր...
Մարագում, դարմանի վրա պառկած, գիշերով հանկարծ Պետու միտն էր գալիս աղջիկների ծիծաղը, Զառի աքոր խոսքը, թե՝
− Կնիկ ա՛ռ, այ փուչ մնացած։
Միտքը ման էր ածում գյուղի ծանոթ տներում, աղջիկներին վերհիշում։ Մի պահ թվում էր իրեն, որ լավ կլինի, եթե կնիկ ունենա, իրիկունը տուն գա, մեկը լինի, որ տաք ապուր եփի և տեղաշորը փռի։ Բայց հարմար աղջիկ չէր գտնում։ Չէին տա, գեղում իրենից լավ և ունևոր մարդ շատ կար։
Մարմինը եռում էր, քոր էր զգում և քնաթաթախ երկար եղունգներով քորում էր մարմինը, ինչպես եզն էր քորում վիզը՝ մի հաստ քարի կամ սյունի քսելով։ Միտն էր բերում և կաղ աղջիկը պառավ, և հետո միտքը մեղրաճանճի պես թռնում էր ուրիշ ծաղկի վրա, շնչում նոր բույր։
Եվ այդպես էլ մնաց։
Տարիներ անցան, տարիների հետ ջահելությունն էլ անցավ, և աշնան խոտի պես չորացավ տուն դնելու, կնիկ առնելու միտքը թաքուն։
Բացվում էր գարունը, հալոցքն էր սկսվում, և առվակներով ձյունաջուրը կչկչալով հոսում էր։ Գարնանը արևը մեղմ տաքացնում էր գետինը, և ձմռան երկար գիշերներից բեզարած գյուղացիք արևկող էին անում, նստում պատի տակ, մի չոր գերանի վրա և զրուցում։
Բացվում էր գարունը, և գոմերում տավարը տաքից նեղվում էր, անհանգստության նշաններ էր ցույց տայիս, շուտ-շուտ դռան կողմը նայում և բառաչում լիաթոք։ Մոզիները գիժ և արջառները խամ ջրի տանելիս թռչկոտում էին ձյունի վրա, պոզահարում իրար։ Բուղաները չաղ, մսոտ ազդրերով, իրենց թաց ռունգերով գարնան տաք օդում դուրեկան հոտ էին որսում, բառաչում և ոտքերով ջլապինդ, կիսահալ գետինը փորում։ Անհանգիստ էր և Պետին։
Տաքը նրան էլ էր նեղում, ավելի շատ էր քորում մարմինը և շուտ-շուտ նայում Այու սարին։ Սարը նրա նշանն էր։ Գարնան արևը հալեցնում էր ձյունը Այու սարի, և կողերը քարոտ սևին էին տալիս։
Երբեմն գյուղի մոտակա հանդն էր գնում, ոտով ձյունը դես ու դեն հրում և տեսնամ, որ նոր ծլող բեղի պես կանաչ խոտը ցրվել է ձյունի տակ։
Կենդանական մի հաճույք էր ապրում Պետին գարնան սկզբին։ Ձյունաջրի առվակների պես նրա երակներում արյունն ավելի էր եռում և ծիծաղում էր, կոկորդային ձայներ հանում։ Այդպես ախորժով վրնջում է ձին, երբ ախոռը ոսկեհատ գարի են լցնում։
Պետին գարնան պատրաստություն էր տեսնում, տրեխներն էր կարկատում, պարկի քուղերն էր ամրացնում, ուսին գցելու հնամաշ կարպետն էր փռում արևի տակ։
− Պետին կարպետն արևին է տվել,−ասում էին գյուղացիք, և այդ նշան էր, որ մի քանի օր հետո տավարը հանդ է գնալու։
Հոգատար մոր պես Պետին գոմից գոմ էր գնում, դիտողություն անում կովատիրոջ, որ այս կովին շատ կեր տա կամ գոմը տաք պահի։ Եթե մեկը կովի ծնելու ժամանակն էր ուզում իմանալ, Պետուն էր հարցնում, թե կովը երբ է բուղով եկել։
Պետին գիտեր, թե այս հորթը որ բուղից է, կամ այս կովը դժվար է ծնում։ Կովը ծնելիս նա անպատճառ պիտի գլխավերևը կանգներ, օգներ կովատիրոջը։
Եվ երբ լորձունքոտ հորթը թաց կոպերը հազիվ էր կարողանում շարժել, Պետին էր մաժում քիթն ու պռունգը կամ կովին շոյում։
− Ջան, հեյվանը շատ տանջանք ա քաշել... Համա տես է, էս էն ալա բուղի հորթն ա հա՜։
Կովը ծնելուց տան տերը մի բան պիտի տար Պետուն, մի հին արխալուղ, մի աման կաթնով, կամ խոստանում էր կալին մի կոտ ցորեն։ Պատահում էր, որ կովը հանդին էր ծնում։ Նախիրը բերելիս Պետին հորթը ուսին էր դնում և նախիրն առաջ արած գյուղ մտնում։ Այսպիսի օրերին ժպիտն անպակաս էր նրա դեմքին։ Գիտեր, որ բարիք է շալակին տանում և ուրախություն կովատիրոջ համար։ Նախիրը հանդ տանելուց մի քանի օր առաջ նա իմաց էր տալիս, որ պատրաստվեն։ Եվ ինչքան շատ նորություններ էր պատմում առաջին օրերին, երբ գյուղ էր վերադառնում։ Ձյունը հալվել էր, և ձյունի տակ մի կմախք կար ցցված։ Պետին մոտենում էր, նայում և որոշում, թե այդ այն ոչխարն էր, որ ձմեռը գայլը գյուղից տարավ։
Օրերն ավելի էին տաքանում, կանաչը բոյ էր քաշում, բացվում էին ծաղիկները՝ կապույտ, դեղին, կարմիր, հազար բզեզ ու թիթեռ էին թռչում, մասուրի թփերի վրա ծիտն էր բույն հյուսում, և նախիրը փնչոցով արածում էր խոտը համեղ։
Պետու համար գարունը երջանիկ օրեր էր բերում։ Տարիներ շարունակ նույն հանդում ու սարում տավար պահելով նա այնքան էր վարժ խոտին ու ծաղկին, որ անսխալ կարող էր ասել, թե որ ծաղիկն է կանուխ բացվում, որ խոտն է ցավի դեղ։
Երբեմն երբ նրա աչքին էր ընկնում մի շքեղ բզեզ կամ թիթեռ գունավոր թևերով, կամ դիտում էր, թե ինչպես են մրջյունները աշխատում հերվա բույնը սարքելու,− Պետին գլուխը երերում էր և ինքն իրեն խոսում.
− Փառքդ շա՜տ, ա՛յ աստված, որ էսպես հրաշք բաներ ես ստեղծել...
Մի ամառ էլ տավարի մեջ ցավ երևաց։ Ագին ծաղիկ մի կով առավոտ նախիրը քշելիս միշտ ետանում էր մյուսներից, կանգնում ճամփի կիսին, թնչում։ Պետին զայրացավ, մահակով մի անգամ խփեց, բայց մինչև սարի տակը կովը չկարողացավ գնալ։
Պետին տեսավ, թե ինչպես կովի ոտքերը դողացին, չոքեց փնչոցով և էլ վեր չկացավ։ Քթածակերից արնախառն թարախ էր գալիս, փորն ուռել էր, և հիվանդ կովը, որի ջուխտ աչքերում մի կսկիծ կար, նայում էր Պետուն։
Պետին շիվարել էր։
− Ի՞նչ եղավ սրան, յոնջա տված չլինե՞ն...
Դանակը հանեց, որ արյուն առնի, ականջի ծայրերից պատռեց մի քիչ։ Կովը ցավից գլուխը ձգեց, փորձեց կանգնել, բայց ոտքերը դողացին։ Տաք արյան շիթերը ցալքուն տվին կանաչի վրա, բայց հետո արյունը լերդացավ, իսկ կովը չլավացավ։
Պետին գնաց, որ ջուր խմի մոտակա աղբյուրից, ցրված նախիրը հավաքի ձորի մոտ։ Եվ երբ վերադարձավ, կովն արդեն սատկել էր։ Արնախառն թարախը քթից թափվել էր, լեզուն կապտել, սառել ատամների արանքում, փորն էլ ուռել էր՝ ձգված թմբուկի պես։ Պետին նոր գլխի ընկավ, որ «սև ցավ» է։ Երեկոյան գյուղում էլ ուրիշ խոսելիք չկար։ Բոլորի դեմքին էլ տխրություն կար. հարցնում էին իրար, թե որտեղից կարող էր ցավը պատահած լինի, շուտ-շուտ նավթի ճրագներով գոմ էին գնում, նայում ապրանքին։
Ասես սառը ջուր էին մաղել Պետու գլխին։ Իրեն կորցրել էր, շիվարել։ Մտքով հազար ու մի բան էր անցնում, թե ինչու համար ցավը պատահեց։
Զառի աքիրն էլ մի կողմից էր կրակին յուղ ածում.
− Պետի, ցավը տվովի ա, փորձանք ա լինելու գեղում։
Եվ Պետին ավելի էր մտածում «փորձանքի» համար, բայց ավելի շուտ վախենում էր բժշկից, որ տարիներ առաջ մի անգամ էլ էր եկել գյուղը, տավարի ցավի ժամանակ։
Մյուս օրը երկու կով էլ սատկեց։ Լուր եկավ, թե հարևան գյուղում էլ է կով սատկել։ Իսկ երեկոյան դեմ գզիրը կտուրներից ձեն էր տալիս, որ վաղը քաղաքից տավարի բժիշկ է գալու։
Պետին մեջքը դեմ էր արել գոմի դռան, հենվել մահակին, գզիրին էր լսում։ Միտն ընկավ Զառի աքոր խոսքը, թե՝
− Պետի, գեղի վրա փորձանք ա գալու։
Այդ իրիկուն նա բերանը մի պատառ էլ չդրավ։ Կոլոլվեց կարպետի մեջ և պառկեց հերվա չոր խոտի վրա։
Առավոտյան Պետին մոլորվածի պես էր։ Նրա կյանքի սովորական ընթացքը խանգարել էր հանկարծակի երևացած ցավը։ Օրվա այդ ժամին նա շատ քիչ էր գյուղում եղել և անվարժ էր իրեն զգում, ման էր գալիս գոմից գոմ, ապրանքին էր նայում։ Իսկ ապրանքը գոմերի առաջ կապոտած բառաչում էր սարի կանաչ խոտի համար։ Եվ տավարի ամեն մի բառաչը ցավ էր ազդում Պետու սրտին։
Օրը ճաշ էր դարձել, երբ երկու պահակի հետ բժիշկը գյուղ եկավ։ Պետին տեսավ նրան ձիու վրա, պսպղան ակնոցն աչքին, փայլուն կոկարդը ճերմակ գլխարկի վրա։
Պետին տեսավ և ճանաչեց նրան։
Տավարը հանեցին գյուղի վերև, մի ընդարձակ կալ, կապոտեցին առաջուց պատրաստած բիհերից։ Տավարը նեղվում էր շոգից, բառաչում էր սարի կանաչի համար, իսկ տավարատերերը գլուխները կախ, ձեռները ծոցին կանգնել էին, ամենքն իրենց տավարի մոտ։
Եկավ և բժիշկը, պահակներին ուղարկեց, որ գոմերում փնտրեն, թե չկա՞ թաքցրած ապրանք։ Եվ պահակները որսի շան հոտառությամբ գոմերն ընկան։ Նրանցից մեկը, որ կես արշին բերան ուներ, մեկի գոմի դուռը բաց անելիս աչքին ընկավ չաղ աքլորը−աղբում քուջուջ անելիս։ Տեսավ աքլորին, կես արշինանոց բերանը ջրակալեց ե թրով աքլորի մի թևը պոկեց, արնակոլոլ աքլորը խուրջինի մեջ կոխեց։
Տան տերը կանչեց, աղաչեց, բայց նա սպառնաց, թե բժշկին կասի, որ ապրանքը փախցրել է ուրիշ գյուղ, սպառնաց և ահարկու բռունցքը մոտեցրեց գյուղացու քթին։
Մի գոմում գտան թաքցրած մի կով, դարմանով լի քթոցների հետև։ Աղքատ մի տան միակ կովն էր, թաքցրել էին գոմի մութում բժշկի վախից։
Ամբողջ գյուղը հավաքվել էր գյուղի վերև, տավարի մոտ։ Երբ պահակները վերադարձան գոմից հանած կովը առաջ արած, բժիշկը ակնոցի հետևից հերսոտ աչքերով նայեց գյուղացիներին և ինչ-որ բան ասաց, մատն էլ թափ տվավ։
− Չարանում ա, որ ապրանք են թաքցրել,− ասաց մեկը։
Հետո սկսեց քննությունը, որին սրտատրոփ սպասում էին գյուղացիք։ Նրանցից յուրաքանչյուրի սրտում ահ կար և կասկած, թե իր կովը կարող է հիվանդ դուրս գալ։ Էլ պրծնում չկար այն ժամանակ։
Բժիշկն սկսեց ծայրից։ Մոտենում էր ամեն մի տավարի, նայում լեզվին, աչքերին, պոչի տակին, ձեռքերով նշան էր անում պահակին, առողջը հիվանդից ջոկելու։
Պետին էլ էր այնտեղ։ Կանգնել էր հեռուն, նայում էր բժշկին, կովերին, գյուղացոց։ Ժխորի մեջ ոչ ոք ուշք չէր դարձնում նրա վրա, ոչ ոքի մտքով չէր անցնում, որ Պետու սիրտը թրթռում էր, հենց որ բժիշկը մոտենում էր մի կովի և ավելի երկար սկսում զննել։
Իրիկնադեմին քննությունը վերջացավ։ Տասներկու կով հիվանդ էին։ Վառելուց բացի փրկության ուրիշ միջոց չկար։
Եվ պահակները շտապեցնում էին գյուղացոց, որոնք փոսեր էին փորում հիվանդ տավարը վառելու։
Շատերը լալիս էին։ Հորթերը բակերում բառաչում էին, բառաչում էին և կովերը, ցավ կար և նրանց սրտում, որոնք բահ ու քլունգով արագ փորում էին խոր փոսեր։
Բժիշկն էր մենակ խաղաղ, սովորական բան էր նրա համար։
Երբ փոսերը պատրաստվեցին, հիվանդ կովերին քշեցին փոսերի մոտ։ Պահակներից նա, որ կես արշինանոց բերան ուներ, կացնի բութ ծայրով խփում էր կենդանու ճակատին, շշմում էր կենդանին անասելի ցավից, բառաչում և գլորվում փոսի մեջ։ Հետո սև նավթ թափեցին և խոտի խուրձեր, վառեցին նավթն էլ, խոտն էլ։ Մութի մեջ վառվում էին խարույկները, ճենճերահոտ էր բարձրանում, իսկ քամին նավթի ու խանձված մսի հոտը փչում էր հեռու, դեպի սարերը, ուր կանաչի վրա գիշերվա ցողն էր կաթում։
Բակում բառաչում էին հորթերը մինչև ուշ գիշեր, սուգ էր իջել գյուղի վրա։
Պետին անխոս, ցավը սրտում, կանգնել էր վառվող խարույկների առաջ, միտն էր բերում սև կովը, որ կուրծը կախ էր միշտ, և հանդից գալիս յուղոտ կաթը ծլլում էր։
Երբ խարույկները հանգան, Պետին շիվար ետ դարձավ, կոլոլվեց կարպետի մեջ, պառկեց հերվա չոր խոտի վրա։
Որբ մնացած հորթերը բառաչում էին, և հերվա խուրձը գլխի տակ, հնացած կարպետի տակ Պետին լալիս էր անօգ մնացած մանկան պես։
Մյուս առավոտ տավարը տանելիս Պետին սիրտ չարավ կալերի կողմը նայելու, գլուխը կախ անցավ։ Աղբյուրի մոտ Զառի աքիրն էր, որ կովը բերել էր նախիրին խառնելու։ Եվ Պետին առաջվա պես նրան չասաց, թե՝
− Հեյվանը մեղք ա, քիչ կթի։
Բայց Զառի աքիրը տնքալով իր խոսքն ասաց, որ՝
− Փորձանք ա գալու գեղի գլխին։
Առաջին օրերը շատ ծանր անցան։ Պետին չէր կարողանում մտահան անի կրակով վառած տավարը։ Սիրտը մղկտում էր, նեղանում էր իրենից, երբ մտաբերում էր, թե ինչպես ինքը հիվանդ կովին սարի տակ մահակով մի անգամ խփեց։
Ժամանակն անցավ, ժամանակի հետ էլ գյուղը մոռացավ կորուստն իր։ Ձմեռը եկավ։ Էլի առաջվա պես Պետին գոմերումն էր, ծանրած կովերին էր նայում, պարապությունից նեղվում և ձմռան վերջին նայում, թե երբ են երևալու Այու սարի դուրս ցցված կողերը։
Ձմեռն անցնում էր, հալոցքի հետ խոտ էր կանաչում, կանաչի հետ ջահելանում էր Պետին, եռում էր արյունը։ Բայց մտքից հանել էր կաղլիկ, մի ձեռքը չորացած պառավ աղջկան։
Զառի աքիրն էլ մեռել էր, և էլ ոչ ոք նրան չէր ասում, թև՝
− Կնիկ առ, այ փուչ մնացած, հորդ ամարաթը շինիր։ Պետին մերվել էր նախիրին, ընտելացել։ Նախիրից դուրս ուրիշ գործ չուներ նա, մտքերը նախիրից չէին հեռանում, սարերից դենը չէին գնում։
Միայն երբեմն, ամռան պարզկա լուսաբացին, երբ օդը մաքուր է, ապակու պես թափանցիկ, երբ հեռավոր սարերի գագաթները պարզ երևում են կապույտ հորիզոնում, նախիրն Այու սարի փեշերին արածացնելիս Պետին նստում էր մի բարձր քարի վրա և դիտում հեռուն, դաշտն անծայր, որի մեջտեղ կանաչ այգիների մեջ թաղված էր քաղաքը հեռավոր։
Մի անգամ էր եղել այնտեղ, երազի պես էր հիշում քաղաքը հեռու, ասես չէր էլ տեսել, լսել էր հեքիաթի հետ, ձմռան երկար գիշերներին։
Նախիրը տուն քշելիս մի իրիկուն էլ նա գյուղում անսովոր իրարանցում տեսավ։ Ամռան իրիկուն էր, հնձից, հարից տուն դարձած գյուղացիք խոսում էին խումբ-խումբ։
Փողոցով անցնելիս Պետին լսեց, որ մեկն ասեց, թե՝
− Այ անդարդ մարդ, սալդաթ էլ չի գնալու։
Պատերազմ էր հայտարարված, գյուղը զինվոր պիտի տար։
Աշխատանքի խաղաղ օրերին այնպես էր երևում, թե սարերի հետև ընկած այդ գյուղի մասին քաղաքում ոչ ոք չգիտե։ Բայց այդ օր գյուղն անտես թելով կապված զգաց իրեն, և մի բռունցք, զինված բռունցք հարված էր պատրաստում գյուղի համար։
Գյուղից զինվոր տարան։
Առաջին ամիսներում ասես ուրախություն կար։ Զինվորների առաջին խումբը դհոլ-զուռնով ճամփա ընկավ, բայց հետո գարնան ծիծեռնակի պես երևացին կռնատ տղերք, փայտե ոտքեր։ Գերությունից նամակներ եկան, օտար և անսովոր խոսքեր եկան հեռու քաղաքներից զինվորների նամակների հետ, և գյուղը կերպարանքը փոխեց։ Դհոլ-զուռնով էլ զինվոր չէին ճամփու դնում, լաց եղող շատ կար, գյուղում այրի մնացած հարսերի համարքը ավելանում էր։
Ամեն ինչ գյուղում տակնուվրա էր եղել։ Օրերը տարի էին դարձել, աղքատությունը ավելանում, հացի գինը բարձրանում, շաքարը դառնում հիվանդի դեղ։
Եվ ասես վերջ չէր լինելու։ Պետին գլուխը քաշ իր գործին էր։ Գյուղում ասես նրան չէին էլ նկատում, առաջվա հանաքները չկային, սարում ծնած հորթը տուն բերելիս տան տերն առաջվա պես չէր ուրախանում։
− Պետի՛, մի խաբար բեր է՜, էդպես մի խեր խաբար բեր գերմանու պլենից։ Պետին ուսերը թոթվում էր, անխոս հեռանում։ Վարձն էլ քչացել, առաջվա չափ հաց չէին տալիս, շատերն էին փող տալիս հացի տեղ, թղթի փողեր, որի համարքը Պետին չգիտեր։
Հին շոր ոչ ոք չէր տալիս, շատերն էին հնացած շորեր հագնում։ Պետին ինքն էր գոմում, ճրագի լուսի տակ ասեղը թելում, չուխի հերվա կարկատանը բրդի թելով նորից կարում։ Հնացել էր ուսի կարպետը, և ոչ ոք չէր մտածում Պետուն մի նոր կարպետ տալու։ Պաշարի մեջ շատ անգամ էր միայն չոր հաց լինում, յուղն ու պանիրը գյուղը ոսկու հաշվով էր ծախում։ Առաջվա առատ ու լի օրերը չքացել էին։
Եվ երր Պետին նախիրի հետ բարձրանում էր Այու սարի փեշերը, միտն էր բերում Զառի աքոր խոսքը.
− Փորձանք ա գալու, Պետի...
Միտն էր բերում, նայում քաղաքին, միտքը դանդաղաշարժ ծայրը ծայրին չէր հասցնում, մի ափի չէր հանգում։
Ձմեռը եկավ։ Նախիրը գոմերում էր, րայց առաջվա պես չէր։ Օրեր էր պատահում, որ սոված էր մնում, աշխատում էր գոմերում, բայց հացի չէին կանչում։ Ինքն էլ ամաչում էր հաց ուզի։
Նստում էր գոմի տաք անկյունում, լսում, թե ինչպես են որոճում կովերը, ուտելու պահանջ զգում։
Եվ մի հին միտք, որպես մանուկ օրերի հիշողություն, ելնում էր գլխի մեջ, շարժվում կանաչ թրթուրի պես։ Այդ հին օրերի ծածուկ միտքն էր, տուն ունենալու, օջախ շինելու ցանկությունը զուսպ, որ ծնվում էր առաջ, երբ կուշտ էր, և երակների մեջ եռում էր արյունը։
Ժպտում էր ինքն իրեն։ Ծաղկատար դեմքի վրա ժպիտը փայլում էր մի պահ, հետո լուծվում, անէանում։ Կռանում էր գլուխը, հառում էր աչքերը մի կետի, միտք անում երկար, մինչև քունը հաղթեր։
Գյուղում մի օր էլ լուր տարածվեց, թե ազատություն է ընկել, զորքը տուն է գալու, թագավոր չկա, կռիվ չկա։
Տեսակ-տեսակ մարդիկ եկան գյուղ, հազար ու մի խոսք ասացինք Ժողովներ արին։ Բայց այդ բոլորից գյուղը միայն հասկացավ այն, որ դրությունը ծանրանում է, նոր փորձանքներ են պահված օրերում գալիք։
Զինվորները վերադառնում էին գիշերով, զենքով, առանց հրացանի ծածկվում էին ցերեկով մարագներում, մոտակա սարն էին փախչում, երբ լսում էին, թե մարդ է գալու գյուղ ժողովի, նոր զորքի։
Աշուն էր, երբ լուր բերին, թե մոտակա շրջանում հայ, թուրք խառնվել են իրար, գյուղեր են կրակում, երկուստեք խմբերը դարձել են հրձիգներ վայրագ, արյունն են ոթում արանքում գյուղերի։
Գյուղում զենքը մահակից շատացավ։ Գնդացիրներ կային, խոսում էին թնդանոթի մասին։ Երեխաները զենքից էին խոսում, հատ ու կենտ կրակոցները սովորական էին դարձել։
Զենքի հետ կողոպուտն էլ շատացավ։ Գյուղում ապահով չէր։ Քնելուց առաջ տան դռների կապերը ավելի էին պնդացնում։ Գողություն կար այգիներում, գյուղը հին հաշիվներ էր մաքրում և հրկիզում հարևանի արտը, տասը տարի սրտում պահած վրեժը հանում։
Համարյա ամեն իրիկուն դիրքապահներ էին շրջում գյուղի չորս կողմ։ Նոր մարդիկ էին եկել խմբապետ, վաշտապետ, որոնք լավ սենյակներում էին ապրում, յուղ ու հավ պահանջում, հեռանում գյուղից մի քանի օրով և թալանով վերադառնում։
Գյուղը կծկվել էր, վախից կուչ եկել։ Բայց և կերուխում կար հարուստ տներում, ուր հրամանատարը հարբած կրակում էր տասնոցից պատուհանից դուրս, օդի մեջ։ Սոսկում էին ազդում գյուղի վրա գնդակները՝ թեժ արճիճ, որ վզզում էին ձմռան ցուրտ օդում։ Կես քուն, կես արթուն գյուղը հսկումի մեջ էր, մինչև լուսաբաց ականջը ահազանգի պատրաստ։
Տավարն էր, որ տաք գոմերում փնչոցով որոճում էր առաջվա պես, ծծկեր մանուկներն էին, որոնք անգետ, անբան մուշ-մուշ քնում էին օրորոցի տաք բարուրների մեջ։
Պետին գյուղի գործերին չէր խառնվում։ Ժողով չէր գնում, հարցնող չկար, մարդատեղ չէին դնում։ Առաջվա պես գոմերում էր գիշերում, տավարի հետ, կամ մարագի դարմանի մեջ։
Շնչագրում էին գյուղը, ցուցակներ կազմում, տասնյակների բաժանում։ Եվ ամեն անգամ, երբ գյուղացիք հարցնում էին, թե էլ ով մնաց ցուցակ մտցնելու, մեկը հանաքով պիտի ասեր.
− Բա Պետին։
Մյուսները պիտի ծիծաղեին, ջահելները սրախոսեին, թե Պետին լավ թնդանոթ կնետի կամ հրաման կտա, և մեկն ու մեկն էլ հանկարծ, խոսքի մեջ պիտի ասեր.
− Հանաքը դեն, Պետին աչքիս շատ ա այլակերպ։
Պետին այլակերպ էր դարձել։ Նա քաշվել էր, կծկվել, շատ քիչ էր խոսում, շատ քիչ էր երևում մարդամեջ։ Ասես ծերացել էր, աչքերը փոս էին ընկել։ Ճակատի կնճիռները շատացել։ Քայլելիս գլուխը կախ էր պահում, մի բան փնտրողի պես։
Երբ խոսքը Պետու վրա գար, առաջարկ էր լինում Պետուն մի չուխա տալ կամ կարպետ։
− Էն ի՞նչ ա հալը, գաղթականը նրանից լավ ա։
Բայց գյուղն իր ցավերն ուներ, Պետու մասին հոգալու ժամանակ չկար։
Ձմեռն անցավ, հալոցքի հետ Այու սարի կողերն էլ բացվեցին, Պետին էլ ժիրացավ։
Կանաչը հերվա չոր խոտի տակ ծլել էր արդեն, գետինը ձմռան ամբարած խոնավությունն էր գոլորշիացնում։ Կաթում էին կտուրները, ցեխ էլ փողոցներում, դուրեկան էր ջերմությունը գարնան արևի։
Պետին նախիրը հանդ տարավ։ Այս անգամ մահակի հետ նա հրացան էլ ուներ։
Իր օրում հրացանից չէր կրակել, նա իսկի ձեռք էլ չէր տվել։ Պետին շատ ուզեց հրացան չառնի, բայց ստիպեցին։ Վաշտապետը հերսոտեց, ոտը գետնին խփեց, Պետին էլ վախից տապ արավ, համաձայնեց։ Գյուղը վախ ուներ, թե կարող էին տավարը սարից փախցնել։
Ծիծաղում էին, երբ մի քանի ջահել սովորեցնում էին Պետուն հրացան բանեցնել։ Պետին վախվխելով ձեռք տվավ հրացանին, ձեռքը ետ քաշեց, կարծես կրակ էր, այրեց։ Եվ հրացանը մահակի պես ձեռքն առած ամեն օր նախիրը սարն էր տանում։
Իր մտքում նա ավելորդ էր համարում հրացան առնել։ Սարում նրան բոլորն էլ գիտեին, քանի ուրիշ հովիվ է եկել, միասին աղբյուրի մոտ հաց են կերել։ Պետին խոր համոզում ուներ, թե իր ճանաչը երբեք չի կրակի, տավարի չի մոտենա։
Շատ անգամ էլ, երբ հրացանի ծանրությունը նեղացնում էր նրան, գյուղից հեռանալուց հետո մի քարի տակ պահում էր հրացանը և գյուղ դառնալիս էլի հանում, ձեռքին բռնում։
Երեխաները ծիծաղում էին նրա վրա.
− Պետի, քանի՞ մարդ ես սպանել։
− Պետի, բա զորքդ ո՞ւր ա...
Երբեմն Պետուն թվում էր, թե վաշտապետը դիտմամբ է զենք տվել, որ ծաղր անեն, ծիծաղեն։ Այդ մտքից նեղանում էր, կոտրվում և քաշվամ գոմի մի անկյուն, որ մարդ չտեսնի։
Լուսաբացին, երբ Պետին աղբյուրի մոտ երեսն էր լվանամ, իսկ կովերը հավաքվում էին աղբյուրի մոտ, Պետուն ասացին, որ ինքը սարում պիտի դիրքեր փորի։ Նախիրն այդ օրը գյուղում պիտի մնար։
Պետին շփոթմունքից մոռացավ երեսը փափախով սրբել։ Ջուրը մլլում էր դեմքից։ Մի պահ մտածեց, ուզեց հրաժարվի, բայց հիշեց, որ վաշտապետը ոտը էլի գետնով կտա։
Եվ մյուսների հետ ինքն էլ գնաց Այու սարի լանջին դիրքեր փորելու։
Գարնան ամպոտ օր էր։ Անձրևը մաղում էր մեղմ, խոնավության մեջ կար գարնան ծաղիկների, կանաչ խոտի բուրմունք։
Պետին հացը մի քարի տակ դրեց և տասնապետի ցույց տված տեղը սկսեց փորել։ Բավական հեռու մի ուրիշն էր փորում, նրա կողքին երրորդը, և այսպես գարնան ամպոտ մի օր Այու սարի ծաղկոտ լանջի վրա երևացին խրամատի գոտիներ։
Փորում էր Պետին անվարժ շարժումներով, և քրտինքը սնդիկի հատիկների պես գլորվում էր նրա ծաղկատար ճակատից։
Ամպերը մեկ էլ ետ քաշվեցին, գարնան արևը երևաց ամպի տակից, և բուրմունքն ավելի շատացավ։ Պետին թիկն տվեց մի քարի, նստեց հանգստանալու։
Հեռվում, այգիների մեջ թաղված քաղաքը դաշտի վրա օազիսի նման էր երևում։
Պետու ականջին հասավ կովի բառաչի ձայն, որ գյուղի կողմից էր գալիս։ Նա նայեց, բառաչի ձայնը մեկ էլ լսվեց։
− Ջա՜ն, մարալ, սոված ես մնացել,−ասեց ինքն իրեն և մտքում դրեց տավարն առավոտ կանուխ Այու սարի կողմը քշելու, ուր խոտը համեղ էր և առատ։
Թիկնել էր քարին, նայում էր դիմացի բլուրներին։ Արևի շողերի տակ ինչ-որ վեհություն կար Պետու չարքաշ, պղնձագույն դեմքին, փոս ընկած աչքերում անհուն բարություն կար և միամիտ սեր դեպի խոտը, կովը, ծաղկած սարերը։
....Դիմացի բլուրի հետևից լսվեց հատ ու կենտ կրակոցի ձայն, Պետին ձգվեց հասակով մի, լսողությանը լարեց։
Եվ հանկարծ ընկավ խրամատի մեջ, ընկավ երեսնիվայր, թաց հողի վրա։ Այդպես ընկնում է խոտը կիսաչոր, երբ գերանդին սլլալով կտրում է ներքևից։
Պատահական գնդակ էր, թե դարանակալի խելագար ցանկսւթյուն, որ շիկացած արճճի հետ թռավ հեռվից, շաղ տվավ Պետու գանգը կանաչ խոտերի վրա։ Երբ տասնապետը եկավ խրամատին նայելու, տեսավ Պետուն՝ ընկած երեսնիվայր։ Նոր փորած հողը ծծել էր արյունը կարմիր։
Խրամատի մի անկյունում էլ թաղեցին նրան։
Գյուղը հոգս շատ ուներ, լաց չեղավ Պետու համար։ Տավարն էր, որ առավոտյան բառաչում էր գոմում, սարի կանաչին կարոտ։
Իսկ գիշերվա անձրևը սրբեց, լվաց խոտերից կաթիլները Պետու արյան...
Այու սարի լանջին հիմա մի կտոր տեղ կա, ուր կանաչն ավելի փարթամ է, ավելի մուգ։ Փարթամ կանաչի տակ փտում են ոսկիները Պետու։