Խաչատուր Ավետիքի Աբովյանը ծնվել է Երևանի մոտ գտնվող Քանաքեռ գյուղում 1809 թվականին։ Զավակն է եղել նահապետական նշանավոր մի ընտանիքի։ Նրա պապի՝ Աբովի հռչակը երկար է ապրել համագյուղացիների մեջ, իսկ նրա առատաձեռնության մասին հպարտությամբ է խոսել ինքը՝ Խաչատուր Աբովյանը։ Գրողի օրոք, սակայն, Աբովենց տան նախկին հարստության հետքն անգամ մնացած չի եղել։ Նախնիները հարկադրաբար գաղթել են ներկայիս Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի քարվաճառյան հատվածից՝ Խութից։

Աբովյանը մինչև տասը տարեկանն ապրել է գյուղում, որից հետո ծնողները նրան 1819 թվականին տանում են էջմիածին և հանձնում իրենց ընտանիքի բարեկամ Եփրեմ Ա Ձորագեղցուն։ 1819-1822 թվականներին հաճախել է Էջմիածնի վանական դպրոցը։ Էջմիածնում Անտոն եպիսկոպոսի մոտ սովորելուց հետո գնում է Թիֆլիս՝ ուսումը շարունակելու հայտնի հայկաբան Պողոս վարդապետի մոտ։ 1824 թվին մտնում է Ներսիսյան դպրոց, որտեղ ուսանել է հայկաբանություն, ճարտասանություն, ռուսերեն, պարսկերեն։ Ստեփանոս Նազարյանի և մի քանի ուրիշների հետ եղել է այդ նորաբաց դպրոցի առաջին շրջանավարտներից մեկը։ 1826 թվականի հուլիսին բռնկված ռուս-պարսկական պատերազմն Աբովյանին խանգարել է իրագործել Եվրոպայում կամ Ռուսաստանում ուսումը շարունակելու իղձը։ Երեք տարի Ներսիսյան դպրոցում հայտնի բանաստեղծ Հարություն Ալամդարյանի (դպրոցի տեսուչը) շնչի տակ սովորելուց հետո՝ 1826 թվականին, վերադառնում է հայրենիք։ Նույն թվականին նա անցնում է Էջմիածին։ Կես տարի (1827-1828 թվականների միջև) դասավանդել է Սանահինի վանական դպրոցում։

Արարատի նվաճում

Խաչատուր Աբովյանը Էջմիածնում կարգվում է սարկավագ և թարգման՝ կարևոր դեպքերում ռուս և եվրոպացի ճանապարհորդների համար, որոնք գալիս էին գիտական զանազան ուսումնասիրություններ անելու։

1829 թ. Էջմիածին է գալիս Դորպատի (քաղաք Էստոնիայում) համալսարանի պրոֆեսոր Ֆրիդրիխ Պարրոտը՝ մի խումբ գիտնականներով Արարատի գագաթը բարձրանալու համար։ Պրոֆեսորի խնդրանքով կաթողիկոսն Աբովյանին՝ որպես տեղական հանգամանքներին ծանոթ անձնավորության, թույլ է տալիս մասնակցել այդ գիտական արշավախմբին։ Արշավախումբն ստացել է Նիկոլայ I կայսեր հավանությունը, ով նաև զինվորական ուղեկցող էր տրամադրել։ Անցնելով Արաքսը՝ նրանք գնացին Ակոռի, որ տեղակայված է Արարատի հյուսիսային լանջին՝ ծովի մակարդակից 1200 մ բարձրության վրա։ Արշավախումբը, հետևելով Հարություն Ալամդարյանի խորհրդին, ճամբար է հիմնում Սուրբ Հակոբ վանքի մոտ (ծովի մակարդակից 2400մ բարձրության վրա)։ Հյուսիսային լանջով Արարատի գագաթը մագլցելու նրանց առաջին փորձը ձախողվեց տաք հագուստի բացակայության պատճառով։

6 օր անց, հետևելով Ակոռիի գյուղապետ Ստեփան Խոջիյանցի խորհրդին, արշավախումբը վերելքն սկսեց հյուսիսարևմտյան լանջով։ Հասնելով 4885 մ բարձրության` նրանք ստիպված էին վերադառնալ, քանզի մինչև մայրամուտը չէին հասցնի գագաթ բարձրանալ։ Արշավախումբն Արարատի գագաթը բարձրացավ երրորդ փորձից 1829 թ. սեպտեմբերի 27 (հոկտեմբերի 9)-ին՝ 15: Աբովյանը սառույցի վրա փոս արեց ու տեղադրեց փայտե խաչ՝ ուղղված դեպի հյուսիս։ Նա նաև սառույցի կտոր դրեց շշի մեջ ու իջեցրեց որպես սուրբ ջուր։ Հետագայում Արարատի գագաթը բարձրանալը հայտարարվել է «սրբապղծություն», և Աբովյանը հալածվել է հոգևորականների կողմից։

Նույն տարվա նոյեմբերի 8-ին Աբովյանն ու Պարրոտը բարձրացան Փոքր Արարատի՝ Սիսի գագաթը։

Տարիներ անց՝ 1845 թվականին, Աբովյանը գերմանացի բնագետ Օտտո Վիլհելմ Հերման ֆոն Աբիխի հետ կրկին բարձրացավ Արարատի գագաթը։ Երրորդ և վերջին անգամ Աբովյանն Արարատի գագաթը բարձրացավ 1846 թվականին անգլիացի Հենրի Դանբի Սեյմուրի հետ։

Ուսումը Դորպատում

Պարրոտի աջակցությամբ Աբովյանը 1830-1835 թվականներին պետական թոշակով ուսանել է Դորպատի համալսարանում, հատուկ ծրագրով նախապատրաստվել ուսուցչական գործունեության։ Ուսումնասիրել է բնական և հասարակական գիտություններ, լեզուներ (գերմաներեն, ֆրանսերեն, անգլերեն, լատիներեն), եվրոպական գրականություն ու փիլիսոփայություն (Գյոթե, Շիլլեր, Հերդեր, Կանտ, Ռուսո և ուրիշներ), երաժշտություն, արհեստներ։ Սերտ կապեր է հաստատել եվրոպացի և ռուս մտավորականների հետ։ Ապրել է հոգևոր վերածնունդ։

1836-1848 թվականներ

1836 թ. վերադարձել է հայրենիք, նպատակադրվել լուսավորական գործունեություն ծավալել, սակայն հոգևորականությունն անվստահությամբ է վերաբերվել «այլադավանների» միջավայրում կրթված Աբովյանին։ Չհամակերպվելով ներազգային խնդիրներում էջմիածնի դիրքորոշմանը՝ Աբովյանը հրաժարվել է հոգևոր կոչումից։ 1837-1843 թթ. Թիֆլիսի գավառական դպրոցի տեսուչ էր։ Ժողովրդական դպրոցների ուսուցիչներ պատրաստելու նպատակով հիմնադրել է նաև մասնավոր դպրոց։

Ցարական պաշտոնեությունը, հայ հետադեմ մտավորականների գործակցությամբ, անվերջ խոչընդոտներ է հարուցել Աբովյանի լուսավորական գործունեության ճանապարհին։ Այդ ծանր պայմաններում Աբովյանը կարողացել է ստեղծել իր ամենանշանակալից երկերը՝ «Նախաշավիղ կրթության» (2 մաս, 1837-1840, հրտ. 1862), «Պարապ վախտի խաղալիք» (1838-1841, հրտ. 1864), «Հազարփեշեն» (1840), «Վերք Հայաստանի» (1841, հրտ. 1858) և այլն։

1843–1848 թվականներին աշխատել է Երևանի գավառական դպրոցներում։ Նա ստեղծագործել է երեք լեզվով՝ հայերեն, ռուսերեն և գերմաներեն։ Գրել է չափածո («Զգացմունք ցավալի սրտիս», «Գարուն», «Սեր առ հայրենիս») և արձակ («Պարապ վախտի խաղալիք», «Թուրքի աղջիկը», «Առաջին սեր») գործեր, հեղինակ է նաև ուսումնասիրությունների, դպրոցական ձեռնարկների («Նախաշավիղ կրթության»)։ 1841 թվականին Աբովյանի «Վերք Հայաստանի, ողբ հայրենասերի» պատմավեպով սկզբնավորվել է հայ նոր գրականությունը։

Մահվան առեղծված

1828-1829 թթ. ռուս-թուրքական պատերազմի հետևանքով սկսվեց հայերի զանգվածային արտագաղթ, և շուրջ 90 000 հայեր հարկադրված լքեցին իրենց հայրենիքը։ Ժամանակի ցարական չինովնիկության հակահայկական քաղաքականությունը չէր կարող ազատամիտ Աբովյանի վրա իր բացասական ազդեցությունը չունենալ։ Շատ կարևոր է, թե պատմական այդ ժամանակաշրջանում ինչպես էին ձևավորվում Աբովյանի հասարակական-քաղաքական հայացքները։ Ռուսաստանի նկատմամբ խանդավառ վերաբերմունք ունեցող Աբովյանի մոտ («Օրհնվի էն սհաթը...») առաջացան գաղափարական շրջադարձի բոլոր նախադրյալները՝ ձախողվեցին դպրոց ստեղծելու իր ծրագրերը և, ընդհանրապես, չիրականացան սեփական պետականությունը վերականգնելու հայ ժողովրդի բոլոր ձգտումները։ Այս ամենի արդյունքը մեծ լուսավորականի առեղծվածային անհայտացումն էր, որի ստույգ մանրամասները առ այսօր թաղված են թանձր խավարի մեջ։

1848թ. ապրիլի 2-ին, առավոտյան մի վաղ ժամի, Աբովյանը դուրս ելավ տնից ու այլևս չվերադարձավ։

Ա. Բակունցի տեսակետով, Աբովյանը գնացել է 1848 թ. Եվրոպական հեղափոխություններին մասնակցելու։ Ակադեմիկոս Աշոտ Հովհաննիսյանը կարծում էր, որ նա ինքնասպանություն է գործել։ Պատմական գիտությունների թեկնածու Վ. Ավետյանը համոզում է, որ Աբովյանը սպանվել է իր պարտապան թուրքերի ձեռքով։

Այս բազմաթիվ տարբերակներից մեկն էլ Աբովյանի Սիբիր աքսորվելու վարկածն է, որը պնդում էր պատմաբան Վ. Ղազարյանը։ Առկա է նաև մի փաստաթուղթ լուսավորականի աքսորված լինելու վերաբերյալ՝ հիշեցնելով, որ նման վկայություն կա նաև մեծ բանաստեղծ Ավ. Իսահակյանի մոտ։

1927 թ. Վիեննայի «Հանդես ամսօրյա»-ում տպված «Խաչատուր Աբովյանի գերեզմանը Ախոտսկում» հոդվածում Ռուբեն վարդապետ Մանասյանը պատմում է, որ կովկասահայ Սարգիս Գրձիլյանը, որը հայ համայնքներում ճանաչված և երևելի անձ էր, Խ. Աբովյանի գերեզմանի մասին վկայել է հետևյալը. իբր Ծերուն անունով մի մարդ, որը աքսորված է եղել Սախալին և տիրապետել է լուսանկարչական արվեստին, իրեն է նվիրել մի շարք լուսանկարներ, որոնց մեջ եղել է նաև Աբովյանի գերեզմանի լուսանկարը։ Այդ մասին նրան հայտնել է մի ռուս՝ ասելով. «Դու հա՞յ ես, ահա այստեղ է թաղված հայ Խաչատուր Աբովյանը, որը աքսորված էր այստեղ»։

Խ. Աբովյանի Սիբիր աքսորվելու հավանականության մասին մի այլ փաստարկ է բերում Սբ. Էջմիածնի ճեմարանի վաստակավոր ուսուցիչ Ստեփան Կանայանցը։ Նա պատմում է, որ Գերմանիայում, իր ուսումնառության տարիներին, Աստրախանի իր ընկերոջից 1883 թ. ստացել է մի նամակ, որը հայտնում էր, որ ռուս նշանավոր գրող և հրապարակախոս Ն. Չերնիշևսկին Աստրախանում պատմել է հայերին, թե ինքը Սիբիրում աքսորված ժամանակ տեսել է Խաչատուր Աբովյանին։