Եղիշե Չարենց
Նրբակիրթ Լ.-ին
Ձեր հոգին նուրբ, օսլայած,
Ձեր սիրտը գուրգուրած շնիկ:
Իսկ ես սովորել եմ, գիտե՞ք,
Որ հոգիս փողոցում քնի:
Ձեր հոգին նուրբ, օսլայած:
Ներեցեք... բայց կարող է նա
Հետևի ոտքերին նստած
Մինչև լույս կարոտից ոռնալ:
Կարո՞ղ է արդյոք փողոցում,
Ուր անգամ արգելվում է ծեծվել,
Առաջին հանդիպած շան հետ
Միանալ, այսինքն կցվել:
Ախ, օրիո՜րդ, ներեցե՜ք: Դե, ես
Որքան էլ բանաստեղծ լինեմ,
Բայց ձեզ պես բարեկիրթ, ձեզ պես...
Իմ հույզերը զսպել չգիտեմ:
Ես առանց քաշվելու, գիտե՞ք,
Վաղը, երբ գարուն բացվի,
Կթողնեմ, որ հոգիս շրջիկ
Ամենքի հետ միանա կցվի:
Թեկուզ ես գիտեմ, որ նա
Երբ հետո հագեցած երգե
Իմ հոգու լնդերքի վրա
Կբացվեն կապո՛ւյտ վերքեր:
Բայց էլի, մայթերի վրա
Փնտրելով փշրանքներ հացի
Կվատնեմ իմ հոգին շռայլ,
Կտամ շներին փողոցի:
Պոռնիկները ինձ քույր կդառնան,
Շները եղբայրներ անգին,
Բայց ափսո՛ս որ օտար կմնա
Ձեր մաքուր, օսլայած հոգին...