Վանո Սիրադեղյան

Ականջդ բեր, ասեմ, Սանչո

Ընթերցողս կհիշի, որ միառժամանակ առաջ Հայաստանի պատկերն էի գծել միջազգային դիվանագիտության սառույցին՝ այսպես, գետի սառույցի վրա ճղատվող անգլուխ մի հայվան: Եւ միայն իշու ոտքերն էին անձնավորված՝ զույգ ղարաբաղցիներով ու եւ զույգ ախպարներով (Օսկանյան-Հրանտ, որ չմոռանանք) ետեւի քացի տվող ոտքեր եւ առջեւի՝ «ուղենշող» ոտքեր: Իշու գլխին չանդրադառնալը պատճառաբանված էր նրանով, թե իշու համար դրա եղած-չեղածը մի հաշիվ է: Պարզվում է, խեղճ կենդանու գլխի տեղին հավակնելու լուրջ պայքար է գնում:

«Գյադաների ժամանակը» այդ հոդվածում ես մտահան էի արել գլուխ կոչվող մասի մի կարեւոր առանձնահատկություն՝ գլխի վրա է տեղադրված բերանը՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով: Ահա այդ ուտող բերանը հանդես է գալիս որպես ամբողջական գլուխ՝ նաեւ մտածելու հավակնությամբ: Եւ այսպես, նախագահականի օրգան «Ազգ» թերթի հեղինակը, անդրադառնալով Ավետիս Հարությունյանիս «Ի՞նչ են ստացել Հորադիզի դիմաց» հոդվածին, որպեսզի բուն խոսակցությունը կտուրը գցի, սկսում է Ադրբեջանի շրջանների վիճակագրական տվյալների մի շարքից... Ֆիզուլու տարածությունը՝ 14 հազար 671 հեկտար է, Ասկերանինը՝ 12 հազար 481 հեկտար, 26 գյուղ ունի... Այս թվերը մի փնտրեք Ադրբեջանի որեւէ տեղեկագրում, չկան այդպիսի թվեր: Պարզապես դրանք գրել եմ նույն նկատառումով, ինչ նկատառումով անիմաստ թվեր է գրել «Ազգը» սովետական ժուռնալիստիկայի ընդունված պրիոմով՝ ուզենալով պատկառանք ներշնչել ընթերցողին, իբր, բանիմաց ենք: Ինչ ասել կուզի, որ թվերը դեռ մոգական ազդեցություն թողնում են 2/3-ով դեռ սովետական՝ մեր կարդացող հեզ հասարակության վրա: Բայց իշի գլուխ աշխատող կոմպյուտերը անգամ մի տեղ պիտի լռի եւ էկրանին տա բուն միտքը, թե «գրող Վանո Սիրադեղյանը կասեր՝ էշություն է»: Ի՞նչն է էշություն՝ Ֆիզուլու շրջանը հանձնելու փաստի մասին խոսե՞լը: Իհարկե, էշություն է ընդամենը մի շրջան հանձնելը պատմություն սարքելը, եթե մի ողջ ժողովուրդ շունչը պահած սպասում է, թե երբ պիտի ամբողջը հանձնեն - պրծնենք... Եւ ընդհանրապես, հեղինակը էշ չլիներ, կպաշտպանե՞ր նրանց (նախկիններին), ովքեր Լաչինի շլյուզը բացեցին ու Հայաստանը ողողեցին Ադրբեջանի կեղտով: Բայց խոսքը հիմա դրա մասին չէ: Եւ հեղինակիս խոսքի մեջ կշտամբանք չկա Ֆիզուլին հանձնելու համար: Կարող են Ստեփանակերտն էլ հանձնել: Խնդիրն այն է, թե ինչքա՞ն են դրա դիմաց ստացել եւ ինչո՞ւ չեն կիսվում Ղարաբաղի ու Հայաստանի ժողովրդի հետ: Ինչո՞ւ մի ապրանքատար գնացք ավել չի մտնում Հայաստան, մի գնացք ավել դուրս չի գալիս Հայաստանից: Ինչո՞ւ 100 դրամով չի լավանում հայի կյանքը, եթե մի ամբողջ շրջան են ետ տվել: Եւ գլխավոր հարցը՝ որոշել են բոլոր հողերը տալուց հետո՞ գնալ Հայաստանից, թե՞, այնուամենայնիվ, մի քանի շրջան էլ կթողնեն, որ հաջորդ իշխանությունը հանձնի, որպեսզի դրանից մի օգուտ էլ Հայաստանին մնա: Ես էլ պակաս չեմ շնացել սովետական ժուռնալիստիկայում եւ առանց թաքցնելու կմեջբերեի թվեր, քառակուսի կիլոմետրեր ու գյուղերի անուններ Ֆիզուլուց, բայց այդ տվյալները Մինսկի խմբի համանախագահները գաղտնի են պահում:

Թե քանի գյուղ են տվել, Ֆիզուլու 2/3-ն տվել, թե 4/5-րդ մասը, այդ բաները գիտի Քոչարյանը: Բայց կասի՞: Բայց Հայ Դատին «հետամուտները» կհարցնե՞ն: Կգնան Ֆիզուլի՝ կստուգե՞ն: Ճիշտ է, չեն թողնի, բայց կփորձե՞ն: Քոչարյանի շրջապատը դա հռչակել է պետական գաղտնիք: Մենք դա համարում ենք շարքային պետական դավաճանություն: Հակասություն չկա, որովհետեւ բոլոր պետական դավաճանությունները իրագործվում են պետական գաղտնիքի քողի տակ: Այնպես որ, թող դատարանը որոշի: Կարիք կա՞, որ մամուլի աշխատողները որպես վկա անցնելու փոխարեն, ապագա պրոցեսում գնան որպես հանցակից: Ի՞նչ կարիք կա: Իսկ ո՞վ պիտի զբաղվի ապագայում... Հայ Դատով: Ճիշտն ասած, բավականին զվարճալի է տեսնել, թե ինչպես ամեն ոք փորձում է իր տեղը գտնել սառույցի վրա ճղատվող խեղճ իշուկի պատկերի վրա: Այսօր մեկը փորձում է գլուխը ներկայացնել, վաղը մեջտեղ կգա պոչի թեկնածու... Բայց (սատանի ականջը՝ խուլ) էշը նաեւ սիտուատիվ օրգան ունի, բա որ մեկն էլ վաղը այդ կերպով գլուխ բարձրացնի, ի՞նչ է լինելու մեր ազգային իդենտիֆիկացիայի վերջը:

7.06.2002

Յատուկ Երաժշտություն
Կարս
Տիգրան Համասյան

Կարս

Հմուտ ձկնորսը, 2016թ
Հմուտ ձկնորսը, 2016թ
Խաղա առցանց