Ստեփան Զորյան

Վճռական մարդը

Բավական է այլևս։ Գնամ պիտի և ասեմ. «Պարոն, տվեք իմ հասանելիքը»... Այո, այդպես էլ կանեմ. Թող նեղանա։ Սառը ջուր շատ կա... Անամոթ, ամեն օր «էսօր-էգուց, էսօր-էգուց», և վերջը չկա «էսօր-էգուցին»... Խաբեբա՛։ Փող ես պարտ՝ տո՛ւր, չես տալու՝ ասա՝ չե՛մ տալիս... Այն ժամանակ անելիքս կիմանամ։ Թե չէ՝ տանել-բերել ու խաբե՜լ... Ինքդ լավ գիտես, միջոցներից զուրկ ուսանող եմ և միակ եկամուտս դասագինն է... Պարարտ խոզ է ինքը, կարծում է՝ ես էլ իրեն պես ապահով եմ և ամեն օր կակաո եմ խմում։ Ոնց չէ, բո՛ւթ արարած... Հետո էլ վիճում է, թե ինչո՞ւ են հեղափոխություն անում։ Հեղափոխությո՜ւն... Քեզ պես տխմարներին հեղափոխությունը քիչ է...

Խոսում էր ուսանող Արշամը իր փոքրիկ, մի լուսամուտով սենյակի երկայնքը չափելով և, ինչպես դերը սերտող դերասան անդադար կրկնում միևնույն խոսքերը։ Զայրույթից նրա դեմքը ծամածռվում էր շուտ-շուտ, իսկ ձեռները ծալվում էին բռունցքի։ Նա վրդովված, զայրացած էր վաճառական Թևոսի դեմ, որ ամսից ավելի ձգձգում էր իրեն հասանելիք դասագինը։ Երեք ամիս անընդհատ նա պատրաստել էր վաճառականի որդուն և ամսից ավելի էր ահա տղան քննություն տալով՝ ընդունվել էր չորրորդ դասարանը, բայց հայրը, հայտնի չէ ինչո՛ւ, ձգձգում էր դասավարձը։ Այնինչ Արշամի հույսը այդ ստանալիքն էր. պիտի գներ մի շարք բաներ՝ սպիտակեղեն, գլխարկ, կոշիկ, մանավանդ կոշիկ, կոշիկ... Հագինը կարկատանների տակ կորցրել էին արդեն իրենց իսկական երեսը։ Դա բավական չէր մեկի տակն ու երեսը քթի մոտ բաժանվել էին իրարից և քայլելիս շարունակ բաց ու խուփ էին լինում ցամաք ձգված ճենառի երախի նման։ Եվ մի քանի օր ահա նա տակն ու երեսը թելով կապում էր իրար ու այնպես ելնում փողոց։

«Սա խայտառակությո՛ւն է», ասում էր Արշամն ինքն իրեն, կոշիկներին նայելով։ Լա՜վ է. ինքը բոբիկ ման գա, վաճառական Թևոս Պողոսյանը իր փողը բանեցնի՜։ Ցնծա՛, ուսանող Արշամ... Բայց հերիք է, ինչ էլ լինի, այսօր պիտի վերջացնել։ Այո՛... պիտի վերջացնել... Մի քանի րոպեում կոշկի թաթը կանեփի թելով կապելուց արագ դուրս եկավ փողոց և քայլերն ուղղեց դեպի վաճառական Թևոսի տունը։ Օրը կիրակի էր։ Ամենայն հավանականությամբ վաճառականը տանը պիտի լիներ։ Ժամը տասն է... Երևի թեյ է խմում հիմա, մտածում էր Արշամը փողոցում ու շուտ-շուտ կոշկի թաթին նայում։ Թվում էր նրան, թե բոլոր անցորդները, ամբողջ քաղաքը նայում է իր թելով կապած կոշկին.. Ու, չնկատվելու համար, ոտը երկար ժամանակ ետ էր պահում և մեկեն առաջ գցում, աշխատելով որքան կարելի է արագ քայլել. արա՛գ, արա՛գ... Նա դիտել էր, որ արագ քայլողի ոտնամանի արատները չեն նկատվում. բայց արագ քայլելիս էլ թելի հանգույցը ոտի տակից շարունակ ընկնում էր երեսը... Էհ, գոնե ամպած լիներ... Բայց հակառակի պես պայծառ արև էր. փոշու հատիկն անգամ երևում էր մարդկանց շորերի վրա... Եվ չկար մեկն անցորդների մեջ, որ իրեն՝ Արշամի նման անճոռնի, այլանդակ կոշիկ ունենար, այն էլ թելով կապած... Այո, մեծ համբերություն է իր կողմից փողը թողնել ուրիշի ձեռի և շրջել այսպես... Ո՛չ, ներողություն կանես, պարոն Թևոս, այսօր իսկ ամեն ինչ պիտի վերջացնես...

Այո, մինչև որ հաշիվս չվերջացնի, տանից դուրս չեմ գալու, վճռեց նա։

Պե՛տք էր այդ միջոցին դիմել, որովհետև ձեռին մնացել էր ընդամենը մեկ ռուբլի հիսուն կոպեկ։ Հազիվ եըեք-չորս օրվա ապրուստ... Ստանալիքը, սակայն, կարող է միառժամանակ ապահովել իրեն։ Մտքում հաշիվ անելով՝ նա շարունակ կրկնում էր.

«Այդպես՝ այսօր կամ երբե՛ք»։

Պատշգամում նրա առջևն ելավ իր աշակերտը, ուռած այտերով մի տղա, արդեն դպրոցական շորերով։ Ուսուցչին տեսնելով՝ նա ամաչկոտ ժպտաց, որով ասես ներողություն էր խնդրում, որ հայրը այսքան ժամանակ փողը չի տվել, և նա ստիպված եկել է նորից... Այդպես թվաց Արշամին, որ իր հերթին ժպտալով բարևեց աշակերտին և, կապած կոշիկը ետ դնելով, հարցրեց. «Հը, գործերը ո՞նց են»։ Տղան նորից ժպտաց, և Արշամին կրկին թվաց, որ նա ամաչում է հոր արարքից։

Տա՞նն է հայրիկդ։

Այո, համեցեք։

Արշամը հոնքերը կիտած, կռվի պատրաստվողի տրամադրությամբ, մտավ ներս։ Վաճառականն ու կինն զբաղված էին մի գեղջկուհու հետ հաշիվ տեսնելով։ Գյուղացի կինը, մատները ծալելով՝ հաշվում էր, թե ի՛նչ է անում մի փութ յուղը և երկու փութ պանիրը։ Թևոսը սև թավ հոնքերի տակից նայում էր գեղջկուհու փայտի նման չոր մատներին և միաժամանակ համրիչի հատիկները գումարում։ Արշամին տեսնելով՝ նա գլխով արավ «խնդրե՛մ» և ձեռի շարժումով հրավիրեց նստել։

«Լավ ժամանակ եկա», մտածեց Արշամը, նստելով, «վճարումների օր է է՛լ մերժել չի կարող»։ Եվ գոհ, որ այսպիսի պատեհ ժամանակ եկավ, ականջը նրանց զրույցին՝ սկսեց նայել տան կահերը։ Թեև մի քանի անգամ եղել էր այդ սենյակում. բայց նրան թվում էր, որ ամեն բան չի տեսել։ Սենյակը լիքն էր իրերով, և ամեն ինչ մաքուր էր, կոկ ու իր վիճակից, կարծես, գոհ։ «Իրենց ոչ մի բանը պակաս չեն անում, բայց ուրիշի վարձը ինչպես են ձգձգում», մտածում էր նա շուրջը նայելով, և նրան թվում էր, որ բոլոր այդ իրերը՝ բազկաթոռները, առիքից կախված ջահը, պատկերները, բոլորը, բոլորն ավելորդ են, և նրա համար են միայն, որովհետև մյուս վաճառականների տներում էլ կան դրանցից։

Հաշիվը պարզ ա, ասաց գեղացի կինը մատները ծալելով, և հայտնեց որքա՛ն է հասնում իրեն։

Հիմա ես ուզո՞ւմ, հարցրեց վաճառական։

Գեղջկուհին զարմացավ, ի՜նչպես թե. իհարկե՛։ Հապա ինչո՛ւ է եկել...

Վաճառականը ծոցագրպանից հանեց թղթադրամները և մի քանի րոպե լուռ, ինքնամփոփ հաշվելուց հետո, գլուխը բարձրացրեց հանկարծ։

Պարոն Արշամ, մի երեք ռուբլի չեք ունենա՞։

Ուսանողը, ուսերը վեր քաշեց և ժպտաց։ Երեք ռուբլի՜... Ուզեց հասկացնել, որ եթե երեք ռուբլի ունենար՝ էլ ինչո՞ւ պիտի գար այստեղ, բայց նայելով իրեն ուղղված դեմքերին, մանավանդ Թևոսի կնոջը, մտածեց, որ դրանք՝ բոլորը կարող են կարծել, թե ինքը դիտմամբ է անփող ձևանում, ավելացրեց.

Երեք չունեմ, մոտս կա միայն մեկուկես...

Ոչինչ. տվեք խնդրեմ, ասաց վաճառականը, շարունակելով հաշիվը։

Արշամը ելավ, վարտիքի գրպանից հանեց դրամները, դրեց Թևոսի առջև, աշխատելով կապած կոշիկը թաքցնել վաճառականի կնոջից, որը շարունակում էր անհանգիստ, շուրթերը սեղմած նայել իրեն։

«Երևի սա էլ է ամաչում, որ վարձս ուշացրել են», մտածեց Արշամը և, որպեսզի տիկնոջն ավելի ամոթ չպատճառի, նայվածքն ուղղեց «Ռուս-ճապոնական պատերազմին»։

Երբ գյուղացի կինը, ստացած դրամը շրջազգեստի գրպանը դնելով՝ ուրախ-ուրախ գնաց դեպի դուռը, վաճառականը դարձավ ուսանողին.

Ի՞եչ կհրամայեք, պարոն Արշամ... երևի դասագնի համար, հա՞։

«Դե որ հասկանում ես՝ էլ ի՜նչ ես հարցնում», ասաց Արշամը մտքում, և նորից տանտիրուհուն նայելով, ժպտաց.

Իհարկե...

Եվ ուզեց շարունակել, բայց վաճառականը կանխեց.

Ափսոս, էլի անփող ժամանակ եկաք, գլուխը շարժեց նա։ Այ, եթե այդ կնկանից մի քիչ շուտ գայի՜ք... Ափսո՛ս. եղածը ձեզ կտայի... Նեղություն չլինի, խնդրեմ, վաղը երեկոյան շնորհ բերեք խանութ կամ այստեղ։ Իսկ եթե ո՛չ այստեղ լինեմ, ո՛չ խանութում, Գասպարյանի գրասենյակը գիտե՞ք, Ազատության փողոցի վրա, այնտեղ կլինեմ։ Խնդրե՛մ... Այդ մեկուկեսն էլ, իհարկե, միասին կստանաք...

Այդ ոչինչ... Բայց դուք... ժպտաց Արշամը, գիտե՞ք...

Եվ ուզում էր ցույց տալ թելերով կապած կոշիկը, նկարագրել իր նեղ վիճակը, սակայն, նայելով տանտիկնոջ, որ աչքերը խոնարհել էր գետնին (երևի ամոթից, ինչպես թվաց Արշամին), նա անհարմար համարեց այդ՝ տիկնոջն ավելի չամաչացնելու համար, և ասաց.

Բայց և այնպես... իհարկե...

Այո, իհարկե, հույս ունեմ, չեք մոռանա...

Ես այդ չէի ուզում ասել, ընդհատեց նրան Արշամը, այնպիսի բաներ կան, գիտե՞ք...

Այո, գիտեմ, իհարկե, կարիքի մեջ եք. բայց տեսաք էլի՛, ձեռիս գումարը գնաց... Վաղը խնդրեմ։

Արշամը դարձյալ ժպտաց, և որպեսզի իր մասին վատ կարծիք չկազմեն, որպես անքաղաքավարի մեկը, լռեց մի րոպե և ապա հարցրեց.

Իսկ ժամը քանիսի՞ն, եթե կարելի է իմանալ...

Ժա՞մը։ Այսպես՝ յոթից մինչև ինը։ Ես այդ ժամանակ ազատ եմ լինելու։ Խնդրեմ... Այսօրվա մեկուկեսն էլ, իհարկե...

Արշամը, աչքը տանտիկնոջ երեսին, վեր կացավ և, կապած կոշիկը նրա աչքից թաքցնելով, ելավ սենյակից։

Երբ փողոց դուրս եկավ, նա մի րոպե կանգնեց վաճառականի տան առջև ու զայրույթով նայեց վերի հարկին։

Ա՛խ, եթե կինն այնտեղ չէր լինի՜...

1917

Յատուկ Երաժշտություն
Oրորոցային
Ալեքսանդր Սպենդիարյան

Oրորոցային

Ռուբիկի դիմանկարը
Ռուբիկի դիմանկարը
Խաղա առցանց