Ստեփան Զորյան

Վերակացուն

...Ութ ամիս է ինչ թեմական դպրոցի վերակացու եմ։

Այս պաշտոնն ինձ համար գլուխ բերեց հոգաբարձու Ալայանի կինը, որ մի պատվական ու բարի տիկին է և, մի քիչ կարճատես լինելու պատճառով, ակնոց է կրում, եթե տեսել եք։

Երբ անցյալ տարի նա մեր գյուղն ամառանոց էր եկել, ես այնտեղ ծանոթացա նրան, մի քանի անգամ մեր այգուց խնձորներ ընծա ուղարկեցի, աշակերտներիս մոռ բերել տվի անտառից, որ մուրաբա եփեն (իհարկե այս բոլորը ես արի առանց որևէ ակնկալության, դրդված լոկ հարգանքի զգացմունքից), և մի օր էլ, երբ խոսք ընկավ իմ պաշտոնի մասին, ես ցանկություն հայտնեցի վերակացու լինել որևէ քաղաքի միջնակարգ դպրոցում, քան թե ուսուցիչ մնալ գյուղում։

Կուզեք, ես գլուխ բերեմ, ասաց։

Խնդրեմ. երախտապարտ կլինեմ։

Ու նա իր խոստումը, շնորհակալ եմ, կատարեց։ Եվ ես իմ պաշտոնից, պետք է ասած, գոհ եմ. ռոճիկս էլ, փառք աստուծու, վատ չէ։

Թե որքան եմ սիրում պաշտոնս, այդ երևում է նրանից, որ չի պատահել մի օր, որ ես ետ մնամ կամ ուշանամ դասից... Ես միշտ բոլորից առաջ եմ գնում։ Երբեմն նույնիսկ գնում եմ-տեսնում ծառաները նոր են վեր կացել... Պետք է այս էլ ասեմ, որ չի եղել նույնիսկ մի դեպք, որ ես կռվեմ ընկերներիս կամ դպրոցի ծառաների հետ... Այդպիսի բան երբեք չի եղել։ Աշակերտների բանը ուրիշ է, իհարկե... նրանց հետ անհամություններ պատահում են երբեմն, ինչ որ անխուսափելի է... Բոլոր աշակերտները միատեսակ չեն, իհարկե։ Դրանց մեջ կան մի քանի ղլդուր տղաներ՝ բարձր դասարաններից, որ քթներն այնքան բարձր են բռնում, կարծես ամեն մեկը մի փիլիսոփայության դոկտոր է՝ Լայպցիգից եկած... Դրանք ամեն օր, դասերը թողած, խոսում են ինչ-որ Լոմբրոզոյի, Շոպենհաուերի և Կարլ Մարքսի մասին... Աշակերտներ և Մա՜րքս... Երբ բանվորները կամ սոցիալիստներն են խոսում Մարքսի մասին, հասկանալի է. բայց աշակերտները... Ի՜նչ կապ ունի... Դեռ Պռոշյան չեն կարդացել, Մարքսի մասին են խոսում...

Տասը տարի գյուղում ուսուցիչ եմ եղել և մի անգամ գոնե իմ աշակերտների բերանից «Մարքս» խոսքը չեմ լսել։ Իսկ այստե՜ղ... մարդ չի հասկանում... Երբ ես դրանց ասում եմ. «Պարոններ, փոխանակ Կարլ Մարքսի և Լոմբրոզոյի մասին խոսելու, վերցրեք մեր մատենագիրները կարդացեք», ծիծաղում են հիմարի պես։

Տգետ, խակ տղաներ են, իհարկե։

Անցյալ օրը դրանցից մի երկուսը մոտենում են ինձ.

Պարոն Քելեկյան, ասում է մեկը, վեցերորդ դասարանցի մի ղլդուր, ասացեք խնդրեմ՝ Մոնբլա՞նն է բարձր, թե Արարատը։

Ես ասում եմ.

Մոնբլանը։

Մի՞թե։

Իհարկե։

Նրանք աչքի տակով նայում են իրար և խնդում այնպես, կարծես թե ես չեմ նկատում։

Ինքնահավան տղաներ են, իհարկե... Շատ ժամանակ խոսում են նույնիսկ կանանց հարցի մասին։

Մի օր էլ այդ նույն տղաները դարձյալ մոտենում են ինձ։

Պարոն Քելեկյան, ասում է նորից նույն տղան, ասացեք խնդրեմ՝ ջաղացի քարը իր ամեն մի պտույտի ժամանակ ցորենի քանի՞ հատիկ կարող է աղալ...

Ես մտածում եմ մի փոքր, որպես բարեխիղճ մարդ, և ասում.

Դա ճիշտ չի կարելի որոշել... Ջաղաց կա, որ կարող է ավելի աղալ, ջաղաց էլ կա, որ կարող է պակաս աղալ...

Բայց նրանք, նկատում եմ, հեռանալով դարձյալ ծիծաղում են։

Դա, իհարկե, ինձ ամենևին չի վիրավորում, քանի որ գիտեմ տգետ, խակ տղաներ են՝ հովերով տարված։

Բացի սրանից, երբ այդ աշակերտներին հանդիմանում ես չարության համար կամ մի բան հասկացնելու բարի դիտավորությամբ ապտակում ես մեկին, ամրողջ դասարանը բողոքում է այսպե՜ս-այնպե՜ս, ինչպես կարելի է...

Ափսո՜ս գյուղի երեխաներ...

Աշակերտների մասին խոսելով՝ ես մի կողմ թողի գլխավորն ու կարևորը։

Անցյալներում մեր դպրոցում կար մի հանդես։ Տոնում էին պատմության ուսուցիչ Օթյանի ուսուցչության 30-ամյա հոբելյանը։ Հանդեսը կատարվեց շատ լավ. ամեն տեղից շնորհավորել էին։ Շնորհավորական գրություն էր ուղարկել նույնիսկ կույսերի մայրապետը... Հանդեսից հետո, ինչպես կարգն է, եղավ ճաշկերույթ։ Շատ մարդ կար ճաշին մեր հոգաբարձուները, նրանց կանայք (այդ օրը, դժբախտաբար, չէր եկել տիկին Ալանյանը, կարծեմ հարբուխի պատճառով) և ուրիշ պատվավոր հյուրեր։ Այստեղ էր, ի միջի այլոց, և հոգաբարձու Կաչանյանի աղջիկը՝ մի ինքնահավան պառաված ղալդի, որ հայերեն խոսում է գերմաներենի ձևով՝ «Խայրս վախեր մախից»... Իբրև ուզում է ասել «Հայրս վախենում էր մահից»...

Ճաշի ժամանակ այդ պառավ ղալդին նստած էր իմ դեմուդեմ։ Նկատում եմ, որ դա շարունակ ինձ է նայում։ Մտածում եմ. «Սա ինչո՞ւ է նայում ինձ. չլինի՞ մտքում մի բան կա»... «ինչ էլ ուզում է լինի, ասում եմ ինքս ինձ, ես կին, երեխաներ ունեմ...»։ Բայց տեսնում եմ, որ՝ չէ՜. հայացքի մեջ բարի դիտավորությունը պակասում է... Ես շարունակում եմ ուտել և՛ խաղողից, և՛ խնձորից, իսկ նա աչքերը չորս արած նայում է ինձ։ «Էհ, ինչքան ուզում է նայի», ասում եմ մտքումս և շարունակում ուտել։ Ուրիշները խոսում են, ճառ են ասում. իսկ ես համեստորեն լռում եմ և երբեմն՝ միայն ճաշակում մրգերից... բայց նա էլ, այդ ապուշ աղջիկը, աչքերը չի հեռացնում. նայում է ինձ, նայում անդադար...

«Ինչ-որ մի բան կա սրանում»... մտածեցի։

Եվ իսկապես։ Ճաշկերույթից չանցավ երկու օր, մի առավոտ իմ ընկեր վերակացուներից մեկը դպրոցի միջանցքում կանգնեցնում է ինձ և խոսքերը ծամելով ասում, թե ես ճաշկերույթի օրը իբր մի քիչ անվայել եմ պահել ինձ հյուրերի մոտ։

Այսինքն ինչպե՞ս, հարցնում եմ զարմացած, և մտածում, թե անվայել ի՞նչ բան եմ արել։

Ընկերս իսկույն չպատասխանեց։

Այնպես, ասում է տատանվելով, կարծեմ օրիորդ Կաչանյանը անցյալ օրը մի քիչ դժգոհ էր քեզանից։

Ինչպե՞ս. չի՞ կարելի իմանալ ինչի՛ համար։

Ընկերս նորից տատանվեց. թե՝ «այնպե՜ս», և պատմեց, որ ես, իբր թե, օրիորդ Կաչանյանի ասելով, սովատնից դուրս եկածի նման, ճաշին մրգի ամանը ուրիշների առաջից քաշել եմ իմ միրուքի տակ (այսպես էլ ասել է՝ «միրուքի տակ») և արագ-արագ կերել մեջը եղած մրգերը. և իբր թե՝ կատարյա՛լ սուտ շտապելուց խնձորը կերել եմ առանց կլպելու։

Այդ լսելով՝ ես չկարողացա պահել ինձ և ասացի.

Դա բացարձակ սո՛ւտ է... Այսպիսի ստախոս օրիորդի մազերից պետք է բռնել և փողոցում քարշ տալ... Օրիորդ Կաչանյանը լավ կանի իր մասին մտածի, որ արդեն պառավել է և...

Ես էլի ինչ-որ խոսքեր ասացի, որ կարծեմ, լսեցին մեր մոտով անցնող ուսուցիչներն ու աշակերտները... Շա՛տ հարկավոր է, որ լսեցին. ես ճշմարտությունն ամեն տեղ էլ կասեմ...

Ընկերս, նկատելով իմ հուզմունքը, աշխատեց հանգստացնել ինձ։ Բայց զրպարտված մարդը կարո՞ղ է հանգստանալ... Ես թեև լսեցի, բայց հանգստանալ չկարողացա։

«Այդպես ուրեմն. օրիորդ Կաչանյանը դրա համար էր նայում ինձ, մտածում եմ։ Անզգա՛մ»։

Եվ ամբողջ գիշեր քունս չտարավ. ո՜նց թե նա կասի՝ այսպես... Անզգա՜մ...

Այս խոսակցությունից մի շաբաթ անցնելուց հետո, մեր տեսուչը, որ մի բթամիտ ու կամակոր մարդ է, մի օր կանչում է ինձ իր մոտ։

Գնում եմ։ Գրասեղանի առաջ նստած ինչ-որ գրում է, աջ թևի մանժետը սեղանի վրա դրած։ Երբ ներս մտա, չնայեց էլ, թե ո՛վ մտավ։ Դրանով կարծես ուզում էր ցույց տալ, թե՝ տեսեք-տեսեք շատ եմ զբաղված... Բթամի՛տ արարած։

Նա գրում է, իսկ ես նայում եմ նրան ու մտածում, թե ինչի համար է կանչել ինձ։ Գրում է կամաց-կամաց և չի էլ ասում, թե՝ «նստի՛ր»... Այնքա՜ն անքաղաքավարի է։

Վերջապես, գլուխը բարձրացնում է և, փոխանակ ինձ նայելու, աչքերը լուսամուտին, խոսում է իր անախորժ ձայնով ու հայտնում, որ ես, «հակառակ իր կամքի», արձակվում եմ իմ պաշտոնից։

Մանկավարժական և հոգաբարձական խառը ժողովը, ասում է նա, լուսամուտին նայելով, այդպես որոշեց։ Այժմ հայտնում եմ ձեզ ժողովի որոշումը...

Այս խոսքերի վրա իմ աչքերը մթնում են։ Ինչպե՜ս թե այդպես։ Ես ինձ հավաքում եմ և ասում.

Ներեցեք, չի՞ կարելի իմանալ արդյոք ինչի՛ համար եմ արձակվում պաշտոնիցս։

Տեսուչը, այդ տարօրինակ մարդը, լռում է մի փոքր, մտածում և ասում.

Մի՞թե դա այնքան ցանկալի է։

Ապո՛ւշ հարց. իհարկե ցանկալի է։

Այո՛. ես կուզեի իմանալ...

Նա նորից մտածում է, մի բան, որ նրան չի սազում։

Դուք, իսկապես, ցանկանո՞ւմ եք իմանալ պատճառը, կրկնում է նա, եղունգներն իրար քսելով։

Այո՛, այո՛։

Այս անգամ արդեն նա երեսը դարձրեց ինձ և ասաց.

Խառը ժողովը գտավ, որ դուք ձեզ առհասարակ անվայել եք պահում թե դպրոցի պատերի մեջ և թե դուրսը...

Եթե մի ուրիշը լիներ իմ տեղը, այս խոսքերը լսելով՝ խելքը կթոցներ. բայց ես մնացի բոլորովին սառնասիրտ և իսկույն գլխի ընկա, թե զնգոցը ո՛րտեղից է գալիս։ «Պառավ ղալդին այստեղ մատն է խառնել», մտածեցի։

Դուք երևի նկատի ունեք օրիորդ Կաչանյանին, ասում եմ ես։ Բայց իմացեք, որ ես ուրիշ կերպ չէի կարող վարվել...

Ես ոչ մի բան նկատի չունեմ, պատասխանում է նա, առանց ինձ նայելու, մանժետը հագնելով։ Դա ժողովի որոշումն է։

Հասկանում եմ, ասում եմ, բայց ես գիտեմ, թե ժողովը ի՛նչ է նկատի ունեցել։ Այդ ցանցառ օրիորդը զրպարտել էր ինձ, ես էլ ասացի՝ նրա մազերից պետք է բռնել և... Այստեղ ի՞նչ անվայել բան կա... Այդպիսի ստախոս օրիորդի մազերր քաշելը քի՜չ է...

Տեսնո՜ւմ եք, դարձավ ինձ տեսուչը, դուք այստեղ էլ, ասում է, ձեզ անվայել եք պահում։

Ասացեք խնդրեմ, այստեղ ի՛նչ անվայել բան կա։

Ես խոսում էի առանց հուզմունքի, առանց աղմուկի և առանց որևէ բացականչության։ Եվ նա ասում է, թե անվայել է։

Անվայել ոչինչ չկա, ասում եմ հանգիստ. եթե մի այդպիսի պառաված օրիորդ ձեզ զրպարտեր, դուք, կարծում եմ, ուրիշ կերպ չէիք կարող վարվել... Շատ էլ նա հոգաբարձուի աղջիկ է, հայրը վաճառական, բայց ստախոս է։ Փոխանակ ինձ բամբասելու, ասում եմ, ավելի լավ կանի մարդու գնա...

Իմ այս խոսքերի վրա տեսուչ կոչվածը դեմքը թթվացրեց.

Դուք իզուր մի բարկանաք, ասում է, օտար օրիորդի վրա։ Ոչ մի օրիորդ այստեղ գործ չունի, և խնդրում եմ մի աղմկեք...

Ու, այս ասելով, նա դուրս գնաց, թողնելով ինձ իր կաբինետում։

Զարմանալի տգետ մարդիկ կան կյանքում Որքա՜ն ուզում ես քաղաքավարի եղիր, որքան ուզում ես զսպված խոսիր, դարձյալ ասում են անվայել ես պահում քեզ։

Մի՞թե ասածներիս մեջ անվայել մի բան կա։

Կամ ո՛րտեղ է տեսնված, որ մի անպիտան օրիորդի պատճառով (թեկուզ նա լինի հոգաբարձուի աղջիկ) ուսուցչին արձակեն պաշտոնից։

Թեև մեր ուսուցիչներն ասում են, թե ինձ արձակելու պատճառը օրիորդը չէ, բայց չեմ հավատում։ Ես շատ լավ գիտեմ, որ խառը ժողովն իր որոշումն արել է օրիորդի ցուցումով։

Եվ ինձ հիմա արձակում են մի աղջկա պատճառով... Այսպես էլ անարդարությո՜ւն... Հետո ասում են, թե ինչո՛ւ են մարդիկ ինքնասպանություն գործում...

Մեր ուսուցիչները և տիկին Ալանյանը խորհուրդ են տալիս՝ նորից գնալ գյուղերը... Բայց՝ ո՛չ. ես չեմ գնա և չեմ թույլ տա, որ անարդար կերպով հեռացնեն ինձ, այն էլ մի աղջկա պատճառով։ Ես թույլ չեմ տա... Եթե տեսուչն իր պատիվն ունի, ես էլ իմ պատիվն ունեմ։ Ես գուցե ավելի լավ հոր որդի եմ, քան նա։ Իմ հայրը, համենայն դեպս, եղել է վաճառական, եկեղեցու երեսփոխ և տանուտերի օգնական, իսկ նրա հայրը, ասում են, մի հասարակ դերձակ է։

Ինչևէ. դա պարծենալու բան չէ, իհարկե, բայց ես այսպես չեմ թողնի։

Զոքանչս շատ ճիշտ է ասում, խնդիրը պետք է մամուլի նյութ դարձնել։

Այո, պետք է լրագրերում գրել, որ ամենքն իմանան, թե ինչն ինչո՛ց է...


1916

Յատուկ Երաժշտություն
Առանց քեզ ինչ կոնիմ
Սայաթ Նովա

Առանց քեզ ինչ կոնիմ