Ստեփան Զորյան
Փորձանք
Գյուղաքաղաքի հիվանդանոցի նախասենյակը լիքն է ամեն հասակի և ամեն տեսակի այցելուներով կին, մարդ, աղջիկ, երեխա... Շատերը, տեղ չլինելու պատճառով, կանգնած են. իսկ ոմանք անհամբեր հերթի են սպասում բժշկի ընդունարանի դռների առջև։
Զգացվում է քրտինքի, տրեխի և յոդոֆորմի հոտւ Անկյունում երկու մարդ խոսում են կարմիր նստարանին նստած։ Սրանցից մեկի (որ ունի սև մազերով հաստ դեմք, խիտ հոնքեր և չինացու քիթ) աջ ձեռքը կապած է կրծքին։ Իսկ մյուսը (որն ունի ալեխառն փոքրիկ միրուք, հարաշարժ աչքեր և մեջքին արծաթե բարակ գոտի) գլուխը կապել էր սպիտակ փաթաթանով։
Ես զարմանում եմ, Պետրոս աղա, ասում է չինացու քթով, ձեռքը կապած մարդը իր հասակավոր հարևանին, երկու օր առաջ տեսա քեզ ողջ-առողջ, այսօր գլուխդ փաթաթած։ Ի՞նչ է պատահել...
Էլ մի հարցնի, Ավետիս, ասում է Պետրոս աղան՝ գլխի փաթաթանը շոշափելով։
Կռի՞վ է պատահել, ի՞նչ...
Ի՜նչ կռիվ, ի՜նչ բան։
Հապա ինչի՞ց եղավ էդ։
Մի փուչ բանից։
Ո՜նց թե։ Վեր ես ընկե՞լ...
Ի՜նչ վեր ընկել, ախպեր. իմ պարոն ծառան է խփել, պարզերես կենա...
Ծառա՞՜ն, էն Մին ա՞սը, թե՞ Դավիթը։
Դավիթ է, ինչ անասուն է, ասում է Պետրոս աղան նեղացած և նորից շոշափում է գլխի փաթաթանը։
Էն որ այգին պահո՞ւմ է։ Ինչո՞ւ խփեց ախր...
Երեկ իրիկուն գնացի այգի, փետը վերկալավ ու տուր թե կտաս գլխիս մեջտեղը։
Վա՜հ, զարմանում է Ավետիսը, առանց դես ու դենի՞... Չե՛մ հասկանում...
Իհարկե, չես հասկանա։ Եթե բանը գլխից չասես, թարս դուրս կգա, ասում է Պեարոս աղան աչքի պոչով նայեյով մյուս նստողներին։ Դու գիտես, որ էդ Դավիթ է, ինչ փուչ կենդանի է, մեր այգին պահում է, ու դրա համար ամսական հինգ մանեթ եմ տալի, հացն էլ ինձանից, իսկ ամսական, ամենաքիչը, նա կուտի տասնհինգ մանեթ, դեռ հացն էլ առանց պանիր չի ուտում։ Հինգ մանեթն էլ էդ տասնհինգ մանեթի վրա քսան մանեթ, իսկ քսան մանեթը քիչ փող չի. դրանով կարելի է մի կով առնել։ Հլա տրեխներ էլ էր ուզում՝ չտվի... Հա՛, ախպերս որ դու ես, էդ լիրբ լրբի որդին իբր թե այգի է պահում։ Ամեն օր գնում եմ տեսնում՝ ծառերի խնձորները, տանձերը պակաս։ Ասում եմ.
Ա՛յ տղա, Դավիթ, էս ծառերի խնձորներն ո՞ւր են։
Ես ինչ գիտեմ, աղա։
Ո՞նց թե, ասում եմ, բա որ դու չգիտես, ո՞վ պիտի իմանա։
Ձեն չի հանում։
Դեռ էդ ոչինչ, որ մեծ ծառերի խնձորներն էին պակասում, ավելի վատ եղա, երբ մի օր էլ տեսա՝ Ռուսեթի մի թեթև ծառ կա, նրա խնձորներն էլ պակասեցին։ Էդ ծառը առել եմ Վարդանի տղից։ Մի օր դա եկավ, թե՝ «Պետրոս աղա, մի խորոմ խոտ տուր, խոտ չունեմ»։ Ասի՝ «տար, համա քու այգու պատրուսներից մեկը կտաս»։ Մարդը խոստացավ ու տվեց։ Էս տարի էդ ծառը բո՜լ բռնել էր։ Ինքը կարճ, թեթև բան է, բայց լավ բռնել էր։ Կարկուտը շատ մասը թափեց, բայց մի քիչ էլի մնաց, էդ քիչը համբարեցի, դուրս եկավ հիսուն-հիսուներկու հատ։ Էս քանի օրը որ գնացի այգի, ասենք, ամեն օր եմ գնում, համա էս վերջին անգամը որ գնացի, տեսա էդ ծառի խնձորը պակաս, համբարեցի՝ դուրս եկավ 48 հատ։ Կանչեցի էդ անիծած Դավթին։
Արի էստեղ, ասում եմ։
Վազեվազ եկավ ու դիք դագանակի պես առաջիս տնկվեց։
Ի՞նչ է, աղա։
Աղեն աչքդ հանի։ Ա՛յ տղա, ասում եմ, էս ծառի խնձորներն ո՞ւր են։
Վրեն է, ո՛ւր են, ասում է, աղա։
Ո՜նց թե վրեն են, ասում եմ, էստեղ հիսուն, հիսուներկու խնձոր կար, հիմի 48 հատ է, ո՞ր ջհանդամն են գնացել։
Ես ինչ գիտեմ, աղա։
Ասում է ու ծառին է մտիկ անում, մթամ թե ն՛որ է տեսնում։
Բա որ դու չգիտես, էլ ո՞վ գիտի, ասում եմ, էլ ի՞նչ՞ այգի պահող ես, որ չգիտես։
Չգիտեմ, ասում է, աղա։
Ասում է ու էլի ծառին է մտիկ անում, որ աչքերս չտեսնի։
Ամո՛թ է, ասում եմ, ա՛յ տղա, հոգուդ մեղք մի անի. թե ուտում ես, ասա ուտում եմ. հո ես բան չեմ ասում դրա համար։
Չէ, ասում է, աղա, ուտում չեմ։
Որ ուտում չես, ասում եմ, բա ո՞ւր են գնում։ Կա՛մ գողանում են, կա՛մ ուտում ես, ուրիշ էլ ի՞նչ կա, հո երկինք չեն թռչում։
Չէ, ասում է, աղա, ո՛չ ուտում եմ, ո՛չ գողանում են։
Էդ ո՞նց կլինի, ասում եմ։ Երկուսից մեկը՝ կա՛մ ուտում ես, կա՛մ գողանում են՝ դու չես տեսնում։
Չէ որ չէ՜։
Ո՛չ ուտում եմ, ո՛չ էլ գողանում են։
Թ՛ող էդպես լինի, ասի մտքումս, ու մտածում եմ գուցե չի ուտում, բայց ծախում է. կամ, շատ կարելի է, գողանում են, ինքը քնում է՝ չի տեսնում... Վերջապես, ասում եմ, պետք է իմանամ՝ այգիս գող է մտնո՞ւմ, թե չէ...
Էսպես մտածելով հասա տեղ ու եղածը պատմեցի սանամորդ։ Նա էլ ասավ, որ ծառան ուտիլ չի, բայց շատ կարելի է՝ գողանում են, ինքը քնած է լինում։ Էդ էլ որ նա ասավ, մտածեցի՝ լավ մութը մթնելուց հետո թաքուն մտնեմ այգի, խնձոր քաղեմ, տեսնեմ էդ անիծածը ինձ նկատում է, թե չէ. եթե նկատի էն է՝ լավ է մտիկ տալի այգուն, թե չէ հո՝ այգիս անտեր է, գողերը թալանում են։
Մտածեցի ու արի։
Հիմի, քավոր Ավետիս, դու կասես թե ես մի քանի խնձորի համար դարդ եմ անում։ Սկի էլ չէ։ Իմ դարդը խնձորները չէին, թքած խնձորների վրա։ Ես ուզում էի իմանալ՝ այգիս գո՞ղ է մտնում, թե ոչ։
Հենց էդպես, երբ մութը լավ մթնեց, մի փետ վերկալա, դուրս եկա տանից ու ճամփա ընկա դեպի այգի։
Մութ, շա՛տ մութ գիշեր էր. էնպես մութ, որ աչք աչքի չի տեսնում։
Երբ այգուն մոտեցա՝ սիրտս տրպպաց. մի տեսակ վատ բան զգացի։ Լավ կլիներ հենց էդ ժամանակ էլ ետ դառնայի, էլ ես բանը չէր պատահի։ Բայց կարծես սատանան բոթեց թե՝ գնա՛, գնա՛, գնա՛...
Ես էլ մտածեցի. քանի որ եկել եմ, մտնեմ մի փորձեմ էդ անիծածին, տեսնեմ նկատո՞ւմ է, թե չէ։ Եթե չնկատի, վա՛յն եկել է իրեն տարել, պոչը կկտրեմ. թող ուր ուզում է գնա։
Էսպես մտածելով՝ մոտեցա այգու պատին։ Մոտեցա ու լոք տվի վրովը, ու հենց լոք տվի թե չէ, երկու քար, վատ էին դրվա՞ծ, ինչ էր իրար հետ ընկան պատից... Ես մտա այգի ու կանգնած ականջ դրի։ Ասում եմ՝ տեսնեմ մարդու ձեն_ձան, ոտի ձեն լսվո՞ւմ է, թե չէ։
Հենց մտել ու մտածում էի, մեկ էլ տեսնեմ ոտի ձեն լսվեց։ Մինը դեպի ինձ էր գալիս։ Ասի ով գիտի հենց գող է։ Բայց չէ։ Եկավ մթի մեջ մի քիչ հեռու կանգնեց ու ձեն տվեց։
Ո՞վ է։
Ասողն էդ լիրբ լրբի որդին էր. ձենից էն րոպեին ճանաչեցի, բայց ձեն չհանեցի։ Ասում եմ՝ ով գիտի հենց էնպես հավարի է գոռում, առանց բան տեսնելու։
Ո՞վ ես, ձեն տվեց նորից։
Ես էլի ձեն չեմ հանում։
Նա փնթփնթաց, հայհոյեց, հեր ու մեր քաշեց ու նորից.
Ո՞վ ես, ասում է, դո՛ւրս արի։
Ես թարսվել, կողքի եմ ընկել ու ձեն չեմ հանում։ Ասում եմ իրանից դուրս է գոռում, քարերի ձենը լսել է՝ դրա համար։
Դո՛ւրս ես գալի, թե չէ, մին էլ գոռաց նա։
Ու հենց էդ գռռալը տեսա... Մեկ էլ ֆռռալով մի բան եկավ ու տրաքեց գլխիս։
Վա՛յ, անիծվես դու, ասի ու գլուխս բռնեցի։ Գյադեն ձենիցս ճանաչեց ու մնաց սառած, էլ ձեն չհանեց։ Քիչ հետո տեսնեմ՝ գլխիցս արուն է գալի։
Վա՛յ, ասի, ես քու... էս ինչ փորձանք բերիր գլխիս։
Գյադի լեզուն կապ է ընկել, բան չի խոսում։ Վերջը կմկմաց.
Աղա, ասում է, ես ի՜նչ գիտեի դու ես...
Աղեն աչքդ հանի, ասում եմ, լիրբ լրբի զավակ... Շատ էլ քեզ ասել եմ այգուն մտիկ անես, պետք է, ուրեմն, փետը քաշես մարդ սպանե՞՜ս...
Ի՜նչ ես ասում, զարմանում է Ավետիսը կապած ձեռով իր չինական քիթը տրորելով։
Հապա՜, հառաչում է Պետրոս աղան՝ գլխի փաթաթանը ուղղելով,– էսենց փորձանք բերեց իմ գլխին էն լիրբ լբրի գյադեն...
Պետրոս Միրզոյան, կարդում է հիվանդների ցուցակը սպիտակ շոր հագած երիտասարդ ֆելդշերը և նայում է Պետրոս աղայի կողմը։ Հերթը ձերն է։
Պետրոս աղեն գլխաըկը վերցնելով՝ դնում է կռնատակը և մտնում բժշկի մոտ...
1913